|
ՊԵԿ—ն ամփոփում է 2012թ. 1—ին կիսամյակը
Հայտնաբերվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 125 դեպք
2012թ. 1—ին կիսամյակի ընթացքում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 125 դեպք՝ մոտ 422 մլն դրամ գումարի չափով, որից 140 մլն դրամի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 125 դեպքերից 14—ը հայտնաբերվել են մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության, 38—ը՝ հետբացթողումային հսկողության վարչության, 68—ը՝ ՊԵԿ այլ ստորաբաժանումների, իսկ 5 ը՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը տեղեկացրել է, որ 15—օրյա ժամկետում հետաքննության մարմինների կողմից վերականգնվել է մոտ 35 մլն դրամ, գանձվել են մոտ 110 մլն դրամի մաքսային վճարներ։ Կանխվել է սահմանված 5 մլն դրամը գերազանցող մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի եւ 2 կգ ոսկյա իրերի անօրինական արտահանումը։ 2012—ի առաջին կիսամյակում ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է 26 քրեական գործ, որոնցից 8—ը եղել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ։ «Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 28 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը Հայաստանի Հանրապետություն (համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի Հավելված 1—ի՝ մետամֆետամինի 1,5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ)։ Օրերս կանխվել է նաեւ ավելի քան 25 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ներկրումը հանրապետություն։ Ի դեպ, նկատվում է փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության աճ, սակայն օրինախախտները հաշվի չեն առնում, որ Հայաստանի մաքսային մարմինները վերազինված են արգելված ապրանքներ հայտնաբերող ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաեւ այդ ապրանքները հայտնաբերող մասնագիտացված շներով»,—ընդգծել է Սամվել Սանամյանը։ Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու կարեւոր ուղղություններից մեկն էլ միջազգային համագործակցությունն է ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական պետությունների հետ. «Այս տարվա ընթացքում, մասնավորապես, սահմանների համալիր կառավարման գործում փորձի փոխանակման եւ ուսուցողական մի շարք այցեր են կազմակերպվել Խորվաթիա եւ Ռուսաստան։ ՊԵԿ մասնագետներն Ուկրաինայում մասնակցել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։ Իսկ «EXBS» ծրագրով ՊԵԿ—ի 6 աշխատակից ԱՄՆ—ում մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների»,—տեղեկացրել է մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետը։ Մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտումների հայտնաբերման գործում վարչությունը համագործակցում է նաեւ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների հետ՝ այդ թվում Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ՄԱԿ—ի «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի, «Ինտերպոլ—Հայաստան»—ի եւ այլն։ Միաժամանակ շարունակվում է ակտիվ համագործակցությունը եվրոպական եւ ԱՊՀ անդամ—երկրների մաքսային ծառայությունների հետ. ուղարկվել եւ ստացվել են բազմաթիվ հարցումներ, ինչը եւս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման եւ մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը։ ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՌԴ մաքսային ակադեմիայի իրավապահ գործունեության ինստիտուտի հետ, համաձայն որի՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն նշված բուհում։ 28-07-2012
|