Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Նախիջեւանի վերջին ամրոցը

Տարագիր ազնաբերդցիներից  շատերը համոզված են, որ մի օր վերադառնալու են բնօրրան

Բնիկ հայկական տարածք Նախիջեւանը Ադրբեջանին բռնակցվելուց հետո այդ հանրապետության վարած հայտնի հայատյաց քաղաքականության հետեւանքով իսպառ հայաթափվեց հայոց պատմական հայրենիքի այդ նշանավոր հատվածը։
Դեռեւս 20—ական թվականներին՝ այսպես կոչված Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ստեղծման առաջին տարիներին, պետական մակարդակով արգելվեց տարածքից 1918—20թթ. բռնագաղթած հատկապես խոշոր հայկական բնակավայրերի բնակիչների վերադարձը իրենց հայրենի օջախները։ Արդյունքում դարասկզբին Նախիջեւանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող հայության թիվը զգալիորեն նվազեց՝ կազմելով ընդամենը 20—25 տոկոս։ Այնուհետեւ նույն հատուկ քաղաքականության հետեւանքով հայերի թիվը տարիների ընթացքում ավելի ու ավելի նվազեց, իսկ 1988թ. նոյեմբերյան դեպքերի նախօրյակին կազմում էր ընդամենը 1,5 տոկոս։ Կես տոկոսը կազմում էին Նախիջեւան, Ջուլֆա քաղաքներում եւ պատմական Գողթն գավառի տարածքի շուրջ մեկ տասնյակ գյուղերում պահպանված հայության բեկորները (շուրջ 1200 մարդ), իսկ մոտ մեկ տոկոսը (մոտ 2000 մարդ՝ շուրջ 450 ընտանիք) բնակվում էր պահպանված միակ հայաբնակ խոշոր բնակավայրում՝ Ազնաբերդ գյուղում։
Ազնաբերդը (բարբառով՝ Ըզնաբերդ, սխալ գրությամբ՝ Զնաբերդ, օտար անվանմամբ՝ Ազնաբյուրդ) տեղադրված էր Վայքի լեռնաշղթայի հարավային ստորոտին, պատմական Վասպուրական աշխարհի Նախճավան գավառի հյուսիսային մասում՝ Նախիջեւան քաղաքից 35 կիլոմետր հյուսիս—արեւմուտք։ Գյուղի տարածքը գտնվում էր պատմական Վասպուրական, Սյունիք, Այրարատ աշխարհների մի յուրօրինակ հանգույցում։
Ազնաբերդցիներն ավանդաբար զբաղվում էին այգեգործությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակմամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ եւ տարբեր արհեստներով։ Գյուղն ուներ գինեգործական կոմբինատ, գործում էին միջնակարգ դպրոցը, հիվանդանոցը, ակումբը, գրադարանը, մանկապարտեզը։
Ազնաբերդի դպրոցը հիմնադրվել է 1903թ. սեպտեմբերի 23—ին (ՀՀ պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ.101, ց.1, գ.52, թ.10)։ Սկզբնական շրջանում գործելով որպես տարրական դպրոց՝ հետագա տարիներին դարձել է միջնակարգ կրթության ծաղկուն մի օջախ (աշակերտների թիվը հասնում էր 500—700—ի, ուսուցիչներինը՝ 25—30—ի), որի շրջանավարտներից շատերը, հետագայում ստանալով բարձրագույն կրթություն, գիտության, կրթության, պաշտպանության, սպորտի, առողջապահության եւ այլ ոլորտների բարձրորակ մասնագետներ էին դառնում։ Նրանց թվում են Հայրենական մեծ պատերազմում զոհված բանաստեղծ Թեւան Խաչյանը եւ Խորհրդային Միության հերոս Աբիսակ Բալասանյանը, պատմական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանուկյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժորա Ամիրջանյանը, երկրաբանական գիտությունների դոկտորներ Վանիկ եւ Էդուարդ Բարսեղյանները, բժշկական գիտությունների դոկտոր Ռոլանդ Մեհրաբյանը, Հայաստանի եւ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Ռաֆայել Մեհրաբյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, թառահար Ռաֆայել Վարդանյանը եւ այլք։ Արմատներով ազնաբերդցիներ են նաեւ հայկական ֆուտբոլի աստղ Արկադի Անդրեասյանը, վաղամեռիկ շնորհաշատ երգչուհի Վարդուհի Վարդանյանը։
Գյուղի անունը ստուգաբանվում է հին հայերենի «ազն» (ցեղ, ազգ, տոհմ, սերունդ) եւ «բերդ» արմատներով, բառացի նշանակում է «ազգի բերդ», «ցեղի բերդ», «տոհմաբերդ»։ Այս ստուգաբանությունը այնքան միանշանակ է, որ միանգամայն անիմաստ են դառնում ստուգաբանությունների այլ փորձերը (օրինակ՝ Ընծաբերդ, Ձնաբերդ եւ այլ ձեւերից բխեցնելը)։ Ի դեպ, բնիկ հայկական Ազնաբերդ անունը կրող աշխարհագրական այլ անուններ էլ են եղել պատմական Հայաստանի տարբեր գավառներում (օրինակ՝ բերդ եւ գյուղ Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառում, հնավայր Տարոն աշխարհի Սասուն գավառում, լեռ Սյունիք աշխարհի Արեւիք գավառում)։
Բնակավայրի անվանումը անցյալի պատմաաշխարհագրական, ազգագրական, տեղագրական բնույթի բոլոր հեղինակավոր ուսումնասիրողների (Ղեւոնդ Ալիշանի, Երվանդ Լալայանի եւ այլոց) երկերում, պատմաբան Արգամ Այվազյանի՝ Նախիջեւանի պատմությանն ու հուշարձաններին նվիրված աշխատանքներում, հայկական հանրագիտարաններում, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների քառահատոր բառարանում բացառապես հիշատակվում է Ազնաբերդ ձեւով։ Սակայն քսաներորդ դարի սկզբներից, հավանաբար դպրոցի ոչ տեղացի ուսուցիչների եւ հոգեւորականների կողմից, շրջանառության մեջ է դրվել Զնաբերդ սխալ ձեւը (ըստ երեւույթին նրանք շփոթել են գրաբարի «զ» նախդիրով ձեւերի գրության եւ արտասանության հետ՝ զգինի—ըզգինի, զհաց—ըզհաց եւ այլն)։
Ազնաբերդի պահպանված պատմաճարտարապետական հուշարձաններից կանգուն էին Սուրբ Գրիգոր եկեղեցին (Ժամ), Սուրբ Հովհաննես (Սռվանես) եւ Սուրբ Հակոբ (Սրգագոփ) մատուռները, իսկ Սուրբ Թովմա Առաքյալի վանքը (Վանք, Թոփառաքել) եւ Սուրբ Հռիփսիմե մատուռը ավերված էին։ Կային նաեւ մի քանի հնավայրեր եւ գյուղատեղիներ, երկու գերեզմանատներ, բրոնզի դարի չորս բերդեր, որոնցից ամենամեծն ու նշանավորը Ճահուկ (Չալխանի) բերդն էր՝ Ճահուկ (Քամարավոր) լեռան վրա։ Սուրբ Գրիգոր եկեղուցում պահպանվել էին Հարություն եւ Հակոբ Հովնաթանյանների որմնանկարներից, որոնք ստեղծվել են 17—րդ դարի կեսերին, երբ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթից (1604թ.) տասնամյակներ հետո գյուղը կրկին վերականգնվել է։ Տարածքում կային նաեւ վաղ շրջանի (9—10—րդ դարերի) խաչքարեր։
Ազնաբերդի պատմական հուշարձանների տարածքում պահպանվել էին վիմագիր եւ որմնագիր արձանագրություններ (Ա. Այվազյան, Զնաբերդի Ս. Գրիգոր եկեղեցու որմնանկարները, Բանբեր Երեւանի համալսարանի, թիվ 1, 1977, էջ 246—252. Ա. Այվազյան, Ազնաբերդ, Երեւանի համալսարան, թիվ 3, 1978, էջ 23—27), որոնք թվագրվում են 13—20—րդ դարերին։ Դրանք հիմնականում Ս. Գրիգոր եկեղեցու, մատուռների տարածքներում, որմերում եւ որմնախորշերում տեղադրված խաչքարերի, տապանաքարերի վիմագրություններն են, ինչպես նաեւ եկեղեցու՝ 1867 թվականի ամռանը վերականգնված որմնանկարների մակագրությունները։ Արժանահիշատակ է, որ Ս. Հովհաննես մատուռի մուտքի կամարի վրա պահպանվել էր նաեւ մատուռի (ըստ արձանագրության՝ եկեղեցու) շինարարության մասին արձանագրություն (1651)։
Հետաքրքիր է, որ վիմագրերում պահպանվել են Ազնաբերդի խոսվածքի հետքերը (Ըռըստակէս, Ավուն(իս), (Ա)միր(ի)ճան, Ըզնաբերդ, քվօրն, անօրն, ուստայ)։
Ազնաբերդի ողջ պատմության ընթացքում, ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում, նրա վիմագիր արձանագրությունները անխնա ոչնչացվել են, իսկ խորհրդային իշխանության առաջին տարիներին գյուղի նոր դպրոցը կառուցվել է Արեւմտյան գերեզմանատանը պահպանված քաղկեդոնական (հունադավան) հայերի հունատառ արձանագրություններ ունեցող տապանաքարերով։
Ազնաբերդցիներն ավանդապահ էին եւ նախնյաց սովորույթների հանդեպ խիստ հարգալից վերաբերմունք ունեին։ Թեեւ խորհրդային շրջանում հավատքը պահպանվում էր հիմնականում կանանց շրջանում, ազգային—հոգեւոր կարեւոր տոներն ու ծիսակատարությունները, այնուամենայնիվ, մեծ խանդավառությամբ եւ բազմամարդ հավաքույթներով էին նշվում։ Ժողովրդական տոնացույցի սիրված տոներն էին Սուրբ Ծնունդը, Նոր տարին, Սուրբ Սարգիսը, Տյառնընդառաջը, Ծառզարդարը, Զատիկը, Համբարձումը, Վարդավառը, Սուրբ Աստվածածինը, Խաչվերացը, Գյուտ խաչը, ինչպես նաեւ Աշխատավորների միջազգային օրը եւ Հաղթանակի օրը։
Տոները նշվում էին ծիսական հնամյա ուտեստներով եւ Ազնաբերդի հայտնի կարմիր գինով։ Թեեւ վաղուց չէր գործում եկեղեցին՝ ավանդաբար գոյատեւում էին նաեւ հարսանեկան, հուղարկավորության, կնունքի եւ կենցաղային մյուս ծեսերը։
Հատկապես մեծ հանդիսավորությամբ եւ ավանդական բազմամարդ ուխտագնացությամբ էր նշվում Հայ առաքելական եկեղեցու Գյուտ խաչի տոնը։
Ազնաբերդցիներն իրենց հող ու ջրին ամուր կառչած մարդիկ էին, նրանց չէին ընկճել ո՛չ անցյալ դարերի բռնագաղթերն ու հարստահարումները, ո՛չ թուրքերի դարասկզբի ավերիչ ներխուժումները, ո՛չ էլ խորհրդային շրջանում Ադրբեջանի վարած սպիտակ ցեղասպանության բացահայտ քաղաքականությունը, որին զոհ գնացին Նախիջեւանի շուրջ յոթ տասնյակ հայ բնակավայրերը։
Ահա ինչ է գրում 1905 թ. մայիսի 10—15—ի դեպքերի մասին ժամանակակիցներից մեկը՝ պատմաբան Հովհաննես Տեր—Մարտիրոսյանը.
«Եւ Զնաբերդը, մի մեծ ու քաջ գիւղ, որը մինչեւ վերջն էլ կանգուն մնաց, չը նայած այն բանի, որ այդտեղ եղող 20 տան չափ թուրքերը դեռեւս մայիսի 10—ին իրենց իրերով տեղափոխւելով շրջակա Կարաբաղլար եւ Խոկ գիւղերը, կազմակերպեցին մի շարք յարձակումներ Զնաբերդի դէմ։
Ճիշտ է, թուրքերը Զնաբերդի վրայ գործած յարձակումների ժամանակ կարողացան գիւղի հանդից քշել 300–ի չափ ոչխար, 140—ի չափ տաւար եւ սպանեցին երկու մարդ, բայց գիւղին մօտենալ անկարող եղան, եւ քաջ զնաբերդցին իր մեկուսութեան մեջ մինչեւ վերջն էլ մնաց անընկճելի» (Ա—Դո, Հայ—թուրքական ընդհարումը Կովկասում (1905—1906թթ.), Երեւան, 1907, էջ 83—84)։
1918—20թթ., թեեւ գյուղի բնակչությունը երկու անգամ գաղթել է, այնուամենայնիվ Ազնաբերդի ինքնապաշտպանության կազմակերպված ջոկատները օրեր շարունակ դիմադրել են թուրքական հրոսակներին՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելով անխնա կոտորածից եւ թալանից (Հ. Սիմոնյան, Անդրանիկի ժամանակը, Երեւան, 1996, էջ 208, 276)։
1988թ. ողջ ամռանն ու աշնանը, գյուղի երիտասարդներից կազմված ինքնապաշտպանության ջոկատները կրկին գիշեր—ցերեկ հսկում էին տարածքը։ Իսկ նոյեմբերի 22—ի մայրամուտին, երբ մերձակա ադրբեջանական գյուղերից հավաքված զինված ելուզակները հայտնվեցին գյուղի մատույցներում, արժանի հակահարված ստացան. սպանվեց 3 եւ վիրավորվեց 7 ադրբեջանցի։
Հայաստանից սպասվող կազմակերպված օգնության բացակայությունը, խորհրդային բանակի ադրբեջանամետ կեցվածքը, ինչպես նաեւ մայր Հայաստանին հասած անսպասելի մեծ արհավիրքը հուսալքեցին ազնաբերդցիներին։ 1988—ի դեկտեմբերին նրանք թողեցին հայրենի եզերքը՝ երբեւէ այնտեղ վերադառնալու անմար հույսը սրտներում...
Տեղահանությունից հետո ազնաբերդցիներն ամբողջությամբ բնակություն հաստատեցին իրենց բնօրրանից ոչ հեռու գտնվող Վայոց ձորի Գյուլստան (Վերին Ազնաբերդ), մասամբ՝ նույն մարզի Զեյթա (Զեդեա), Ալայազ (Եղեգիս) եւ Արարատի Շիդլու (Եղեգնավան) նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, փոքրաթիվ խմբերով հաստատվեցին նաեւ հիշյալ մարզերի եւ Կոտայքի որոշ բնակավայրերում, ինչպես նաեւ Երեւանում։
Ներկայիս այսպես կոչված Նախիջեւանի Հանրապետության քարտեզներում այլեւս չկա Ազնաբերդ անունը կրող բնակավայր։ Ադրբեջանցի պատմահենները, արդեն չհավատալով իրենց իսկ աղավաղած «Ազնաբյուրդ» տեղանվան մեջ «ադրբեջանական արմատներ» հայտնաբերելու երբեմնի հորինվածքներին, գյուղը վերանվանել են... Չալխանկալա...
Հայոց Նախիջեւանն իր մայրամուտն ապրեց Ազնաբերդի անկմամբ, սակայն, ինչպես իրենց բնօրրանը կորցրած տարագիր ազնաբերդցիներից շատերն են համոզված, պայծառ մի օր Ազնաբերդից էլ կծագի նախիջեւանահայության նոր արշալույսը...
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

21-11-2013





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO