Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Սկրինինգները՝ հիվանդությունների կանխարգելման միջոց

Ծրագիրը կմեկնարկի այս տարվա ամռանից

Բնակչության հաշմանդամության եւ մահացության հիմնական պատճառներից են ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդությունները։ Ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մասնավորապես տարածված են սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը եւ չարորակ նորագոյացությունները։ Մասնագիտական գնահատականների համաձայն, դրանց ժամանակին եւ ճիշտ գնահատումը շատ կարեւոր է բուժման եղանակների ընտրության համար։ Ի դեպ, աշխարհում չարորակ նորագոյացություններով հիվանդացության եւ նրանցից մահացության ցուցանիշները կայուն աճում են բնապահպանական անբարենպաստ իրավիճակով եւ այլ գործոններով պայմանավորված։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2020թ. երկրագնդում կարձանագրվեն 20 մլն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 մլն։
Արգանդի պարանոցի քաղցկեղը (ԱՊՔ) թեեւ կանանց շրջանում ամենատարածվածներից է, մահացու ելքից կարելի է խուսափել այն կանխարգելելու եւ վաղ հայտնաբերելու պարագայում։ Ինչպիսի՞ն է վիճակագրությունը մեր երկրում։ Հայաստանում հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ թե վարակիչ, այլ ոչ վարակիչ հիվանդությունների վրա, որոնցից մահվան ելքերն առավելապես պայմանավորված են արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ Ընդ որում՝ ակնառու է ոչ վարակիչ հիվանդությունների հետեւանքով մահացության աճը այնպիսի վարակիչ հիվանդությունների համեմատ, ինչպիսիք են ՁԻԱՀ—ը, տուբերկուլյոզը, մալարիան։ Նման միտումը, ըստ կանխատեսումների, շարունակվելու է մոտակա 20 տարիների ընթացքում։ ՈՎՀ ամենատարածված եւ առավել հաշմանդամության հանգեցնող հիվանդություններն են, որոնք ռիսկային են հատկապես աշխատունակ տարիքի բնակչության շրջանում։
Հայաստանում մահացության կառուցվածքը բավական մոտ է եվրոպական երկրների ցուցանիշներին։ Բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում ՈՎՀ մահացության բեռը կազմում է մոտ 80%։ Ընդ որում, առաջին տեղում սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացությունն է (48%), երկրորդ տեղում՝ չարորակ նորագոյացությունները (19,8%), երրորդում՝ շաքարային դիաբետը (4,9%) եւ չորրորդում՝ վնասվածքներն ու թունավորումները (4,8%)։
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների բերած տվյալներով, վերջին տասնամյակի ընթացքում հիվանդացության եւ մահացության ցուցանիշների մեծ աճ է արձանագրվել։ Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշն աճել է 23%—ով, շաքարային դիաբետի տարածվածությունը՝ 74%—ով, իսկ մահացության ցուցանիշը՝ շուրջ 2,7 անգամ։ Չարորակ նորագոյացությունների տարածվածությունն աճել է 52%–ով, իսկ մահացության ցուցանիշը՝ 61%—ով։

Գործողություններ՝  ըստ ժամանակացույցի

Առավել տարածված ՈՎՀ կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող գործողությունների ցանկը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռեւս 2010թ.։ Այսինքն, մեր երկիրը եւս ունի մշակված ռազմավարություն՝ կանխարգելելու ոչ վարակիչ հիվանդությունների տարածումն ու նպաստելու դրանց վաղ հայտնաբերմանը։ Հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույց, եւ ՀՀ կառավարության որոշմամբ 2011թ. հաստատվել են առավել բարձր մահացության բերող երեք հիվանդության՝ արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը։ Վերոնշյալ փաստաթղթերը ենթադրում են մի քանի գործողություններ, մասնավորապես՝ բնակչության հանրային իրազեկում ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ, սկրինինգային հետազոտությունների իրականացում բնակչության ռիսկային խմբերում, ինչպես նաեւ ազգային ուղեցույցների մշակում եւ համապատասխան կադրերի վերապատրաստում ու կրթում։
Նշված միջոցառումների իրականացման նպատակով 2013 թ. մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» վարկային ծրագիրը։ Ինչպես զրույցում մանրամասնեց ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար Նելսոն Զուլոյանը, ծրագրի նպատակն է բարելավել մոր եւ մանկան առողջության պահպանման ծառայությունները եւ ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաեւ ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի եւ արդյունավետության ապահովումը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետության բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ՈՎՀ (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգներ, որոնք ուղղված կլինեն այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ վերահսկմանը։ Նշենք, որ ծրագրի նախապատրաստական փուլում առողջապահական ԾԻԳ—ը ծավալուն աշխատանք է կատարել։ Իրականացվել է ԱԱՊ օղակի կարողությունների՝ մարդկային ռեսուրսների եւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածության գնահատում։ Մշակվել են ՈՎՀ եւ ԱՊՔ վաղ հայտնաբերման եւ բուժման գործնական ուղեցույցներ, ինչպես նաեւ հանրային իրազեկման ռազմավարություն։

Հանրային իրազեկումը՝  առաջնային խնդիր

ՈՎՀ կանխարգելման, վաղ հայտնաբերման համար առաջնային է հանրային իրազեկվածությունը։ «Մենք նախատեսում ենք իրականացնել լայնածավալ աշխատանքներ՝ քարոզարշավ ներզանգվածային լրատվամիջոցներով, գովազդային հոլովակներ, կրթական նյութերի, բուկլետների, գրքերի, պաստառների տարածում, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու բնակչության իրազեկվածությունն իրականացվող սկրինինգային հետազոտությունների վերաբերյալ։ Բացի այդ, շատ կարեւորում ենք նաեւ ԱԱՊ օղակի բուժաշխատողների դերը հանրային իրազեկման, տեղեկատվության տարածման եւ մասնավորապես թիրախային խմբի կանանց եւ տղամարդկանց բարձր ընդգրկվածություն ապահովելու հարցում։ Նախատեսում ենք նաեւ համագործակցել առողջապահական ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմնակերպությունների հետ՝ բնակչության ներգրավվածության, ակտիվ մասնակցության եւ տեղեկատվության տարածման գործում։ Գյուղական համայնքներում մեծ դեր կարող են ունենալ նաեւ համայնքային ակտիվ խմբերը։ Մշտապես համագործակցում ենք նաեւ ԱՆ առողջության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) հետ։ Այսինքն՝ ծրագրի արդյունավետ կազմակերպման համար մեզ անհրաժեշտ է հասարակության տարբեր խմբերի ակտիվ ընդգրկվածությունն ու մասնակցությունը»,–նշեց առողջապահական ԾԻԳ—ի ղեկավարը։

Վերապատրաստված  բուժանձնակազմ

ԱՆ ԱԱԻ աջակցությամբ մշակվել են ոչ վարակիչ հիվանդությունների եւ արգանդի պարանոցի քաղցկեղի կառավարման եւ բուժման գործնական ուղեցույցներ։ Դրանք հիմնված են ապացուցողական բժշկության նորագույն տվյալների վրա եւ նախատեսված են ԱԱՊ օղակի բուժաշխատողների համար։ Այցելուների համար մշակվել են նաեւ կրթական նյութեր ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելման վերաբերյալ։ Ինչպես նշեց Նելսոն Զուլոյանը, հանրային իրազեկման ռազմավարությունն ուղղված է առողջ ապրելակերպի խթանմանը, ՈՎՀ հիմնական ռիսկային գործոնների կանխարգելմանը եւ սկրինինգային ծրագրին մասնակցությանը։
Մոտակա ամիսներին կիրականացվեն բուժաշխատողների կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ՝ նոր ուղեցույցներով։ Ընտանեկան բժիշկները եւ թերապեւտները ՈՎՀ եւ ԱՊՔ կառավարման եւ բուժման ուղղությամբ լիարժեքորեն կվերապատրաստվեն։ Դասընթացների ընթացքում ընտանեկան բժիշկները նաեւ ՊԱՊ քսուկի վերցման եւ ֆիքսման փորձառություն կստանան։ Վերապատրաստման դասընթացներ կանցնեն նաեւ բջջաբանները՝ ՊԱՊ թեստի ներկման եւ մանրադիտակային հետազոտման ուղղությամբ։

Սկրինինգները հասանելի կլինեն նաեւ մարզային բնակչությանը

Սկրինինգային հետազոտություններն իրականացվելու են առողջության առաջնային պահպանման օղակներում ընտանեկան բժիշկների, թերապեւտների, ինչպես նաեւ մանկաբարձ—գինեկոլոգների կողմից։ Բժշկական ամբուլատորիաներում եւ առողջության կենտրոններում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգը կիրականացվի ընտանեկան բժիշկների մասնակցությամբ, իսկ պոլիկլինիկաներում եւ բժշկական կենտրոններում, որտեղ գործում են կանանց կոնսուլտացիաներ՝ մանկաբարձ—գինեկոլոգների կողմից։ Գյուղական այն համայնքերում, որտեղ սկրինինգի իրականացումն ինչ—որ պատճառներով հնարավոր չէ, այն կկազմակերպվի տարածաշրջանային սկզբունքով՝ կանանց կոնսուլտացիայի կողմից կցագրված մանկաբարձ—գինեկոլոգի մասնակցությամբ։ «ԱՊՔ բջջաբանական հետազոտությունները նախատեսում ենք իրականացնել կենտրոնացված մեխանիզմով, այսինքն՝ յուրաքանչյուր մարզում դրանք կկատարվեն մի քանի լաբորատորիաներում՝ առաջնորդվելով ծախս—արդյունավետության սկզբունքներով»,—տեղեկացրեց առողջապահական ԾԻԳ—ի ղեկավարը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

17-04-2014





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO