Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արտահանման խթանման նոր նախադրյալներ

Հայաստանում կգործի ապահովագրության նոր տեսակ

Մեր երկրում արտահանումը սովորաբար իր ծավալներով բավական զիջում է ներկրման ծավալներին։ Արտահանողներն այս տեսանկյունից տարբեր խնդիրներ են բացահայտում, մասնավորապես իրացման շուկաների սահմանափակ լինելը, ոչ մրցունակ արտադրանքը, արտադրության ոչ բավարար քանակը, ինչպես նաեւ արտահանման դիմաց ետվճարային ռիսկը եւ այլն։
Եթե խոսենք պաշտոնական թվերով, ապա երկրի ամենամեծ առեւտրային գործընկերը ՌԴ—ն է, դեպի ուր արտահանման ծավալները նվազել են։ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա հունվար—սեպտեմբեր ամիսներին ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 6.7 տոկոսով։ Այդ թվում՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 6.2 տոկոսով։ ԵՄ երկրների նախորդ տարվա ինն ամիսների կտրվածքով Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 8.8 տոկոսով։ Փոխարենը, սակայն, նույն ժամանակահատվածում աճել է արտահանումը դեպի Իսրայել՝ 52.0 տոկոսով, դեպի ԱՄԷ՝ 46.5 տոկոսով, դեպի Չինաստան՝ 2.3 անգամ, դեպի Ճապոնիա՝ 44.3 տոկոսով, դեպի Կանադա՝ 6.1 տոկոսով։
Ընդհանուր առմամբ արտահանման ոլորտում հայ գործարարների հնարավորություններն ավելի մեծ են։ Ուստի ՀՀ կառավարությունը, աջակցելով փոքր եւ միջին ձեռնարկություններին, նպատակադրված է որոշակի աջակցման գործիքներով խթանել արտահանումը։ Արդեն շուրջ 1,5 տարի ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում ապահովագրության եւս մեկ տեսակ ներմուծելու ուղղությամբ։ Խոսքը արտահանման ապահովագրության տեսակի կիրառման մասին է, որ մեզանում նորամուծություն է։
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. հոկտեմբերի 23–ին հիմնադրվել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը՝ ԱՓԲԸ—ն, որն իր առաջին ծառայությունը շուկայում մատուցելու է այս տարվանից սկսած։ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն այսուհետեւ ապահովագրական ծառայություններ կմատուցի հայրենական արտադրողներին, ինչը հնարավորություն կտա նրանց կառավարելու արտահանման ռիսկերը եւ առավել վստահ մուտք գործելու նոր շուկաներ։
Գործակալության գործունեության հիմնական ուղղվածությունը ՀՀ ռեզիդենտ փոքր եւ միջին ձեռնարկություններ հանդիսացող արտահանողների ֆինանսական վնասի (կորստի) ապահովագրությունն է՝ կապված օտարերկրյա գնորդների՝ արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետի խախտման, չվճարման եւ նմանատիպ այլ ռիսկերով ապահովագրության հետ։
Ինչպե՞ս եւ ի՞նչ մեխանիզմով է գործելու ապահովագրության այս տեսակը եւ ի՞նչ հեռանկարներ է ստեղծելու հայ գործարարների համար արտահանման ոլորտում, մանրամասնում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Տաթեւիկ Մուրադյանը։
Արտահանող ընկերություններն, ըստ անհրաժեշտության, կարող են օտարերկրյա գնորդների հետ կնքել այնպիսի գործարքներ, որոնց դեպքում գումարը վճարվում է միայն ապրանքը մատակարարելուց կամ ծառայությունը մատուցելուց որոշ ժամանակ անց։
Նման գործարքներ իրականացնելիս արտահանող ընկերությունները չեն կարող վստահել վճարման հետաձգված ժամկետի ավարտին օտարերկրյա գնորդի վճարունակությանը։ Այս պարագայում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը պատրաստ է տրամադրել օտարերկրյա գնորդին մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացվելիք գումարների կարճաժամկետ ապահովագրություն՝ առեւտրային եւ քաղաքական ռիսկերից։ «Արտահանման դեպքում, երբ հայ արտադրողը արտահանում է ապրանք օտարերկրյա գնորդին, սովորաբար լինում են վճարման տարբեր պայմաններ։ Ամենապարզ ոչ ռիսկային պայմանը կանխավճարն է, սակայն հնարավոր են նաեւ մաս–մաս վճարման պայմանավորվածություններ։ Հետաձգված վճարման ժամկետի ընթացքում, օրինակ՝ 3 ամսվա ընթացքում, գնորդ ընկերությունը ենթարկվում է մի շարք ռիսկերի, սկսած իր ներքին գործառական առեւտրային ռիսկերից, մինչեւ գլոբալ բնույթի մակրոտնտեսական քաղաքական եւ այլ ռիսկերը։ Այսինքն՝ երեք ամիսների ընթացքում հնարավոր է, որ ընկերության բիզնես գործընթացներում տեղի ունենան փոփոխություններ, որոնց արդյունքում ընկերությունը չկարողանա կատարել իր վճարման պարտավորությունները։ Այս պարագայում մենք ապահովագրում ենք ռիսկը»,–նշեց Տ. Մուրադյանը։
Եթե ապրանքների առաքման պահից սկսած, նշված օրինակում 90 օրվա ընթացքում գնորդ ընկերության կողմից վճարում չի իրականացվում, գումարը փոխհատուցվում է ապահովագրական գործակալության կողմից։ Արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետը 1—6 ամիս է, իսկ ծածկույթի սահմանաչափը՝ մինչեւ 85—90 տոկոս։ Գնորդ ընկերությունների շրջանում գումարի մարման ռիսկեր կարող են առաջանալ պայմանավորված մի շարք գործոններով, մասնավորապես՝ քաղաքական իրադարձություններով, վճարումների փոխանցման կամ փոխանակման հնարավորությամբ, պատերազմական գործողություններով, բնական աղետներով, որոնք հանգեցրել են վճարման կատարման սահմանափակման եւ այլն։ «Քանի որ ներմուծման ծավալները Հայաստանում շուրջ երկու անգամ գերազանցում են արտահանումը, ապա, ուսումնասիրելով միջազգային փորձը, կհասկանանք՝ ինչ մեխանիզմներ կարող ենք կիրառել՝ ավելացնելու արտահանման ծավալները։ Ուսումնասիրվել են նաեւ ընկերությունների խնդիրները, որոնց ցույց են տվել, որ վերջիններս հիմնականում ունեն իրենց միջոցները ֆինանսավորելու խնդիր, հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունները։ Այս ապահովագրական մեխանիզմը օժանդակելու է նրանց ֆինանսավորում ստանալու հարցում»,–նշեց Տաթեւիկ Մուրադյանը։
Որքանո՞վ է գործակալությունը պատրաստ արտահանողներին մատուցել ապահովագրական ծառայություններ, ինչքանո՞վ է պահանջարկը շուկայում լինելու բավարարված, ընկերության գործադիր տնօրենն ասում է. «Ժամանակ էր անհրաժեշտ ուսումնասիրելու պահանջվող ծառայությունների բնույթը, միջազգային փորձը, ներքին ընթացակարգերը, վերլուծության մոդելների ներդրման, ինչպես նաեւ ռիսկերի զսպման նոր մեխանիզմները։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ՝ ծառայությունների մշակում, կառավարման համակարգերի ներդրում, միջազգային կապերի հաստատում։ Վերապատրաստվել է 12 հոգանոց աշխատակազմը»։ Զրուցակիցս նկատեց, որ բանկային համակարգում կան համարժեք ծառայություններ ակրեդիտիվներ կամ վճարման երաշխիքներ, սակայն տվյալ պարագայում դրանք ձեռք են բերվում գնորդ կողմից։ Այսինքն՝ գնորդը բանկից ձեռք է բերում երաշխիք՝ իր վարկային երաշխիքները կատարելու դիմաց։ Իսկ գործակալությունը իր ծառայություններն առաջարկում է անմիջապես արտահանողին։
Արդյոք կառավարության աջակցությամբ առաջին ապահովագրական գործակալության հիմնումը եւ կայացումը կնպաստի՞ նաեւ մասնավոր ընկերությունների կողմից նույնատեսակ ծառայությունների մատուցմանը։ Տաթեւիկ Մուրադյանի վստահեցմամբ, իրենք նման գործընթաց, բնականաբար, ակնկալում են. «Սովորաբար միջազգային փորձը ցույց է տալիս, որ սկզբում ընկերությունների մասնակցության մեջ դեր է խաղում պետությունը, այնուհետեւ, երբ կայանում է շուկան, ստեղծվում է ծավալ, պորտֆել, ռիսկերի զսպման մեխանիզմներ, ապահովագրության այս տեսակը սկսում են կիրառել նաեւ մասնավոր ընկերությունները, եւ դա նորմալ երեւույթ է»։
Արտահանողները, ովքեր կապահովագրվեն գործակալության կողմից, հետագայում առեւտրային բանկերի կողմից ֆինանսավորվելու պարագայում կօգտվեն որոշ արտոնություններից։ Այսինքն՝ արտահանման ապահովագրությունից բացի, փոքր ու միջին ձեռնարկատերերը կկարողանան ավելի պարզեցված ընթացակարգերով վարկավորվել, ընդ որում՝ ավելի ցածր տոկոսադրույքով։
Գործակալությունը հնարավորություն է տալիս արտահանողներին ապահովագրական պայմանագրի ներքո ստանալու արտոնյալ պայմաններով ֆինանսավորում, մասնավորապես՝ տարաժամկետ վճարման պայմանների տրամադրում գնորդին, շրջանառու միջոցների համալրման համար կարճաժամկետ վարկավորման բանկային ծառայությունների մատուցում եւ այլն. «Արտահանողները կարճաժամկետ ֆինանսավորման համար դիմելով բանկ եւ ունենալով մեզ հետ կնքած պայմանագիրը, կկարողանան պարզեցված ընթացակարգերով ստանալ ֆինանսավորում։ Քանի որ նրանց ռիսկերը զսպված են, բանկերը հավելյալ գրավի միջոցներ չեն պահանջելու։ Ավելին, այժմ բանակցություններ են տարվում որոշ բանկերի հետ, որպեսզի շուկայականից ավելի մատչելի պայմաններով վարկեր տրամադրեն ընկերություններին։ Սկզբնական շրջանում մենք ակնկալում ենք առնվազն 2 տոկոսի տարբերություն»։
2014թ. կատարված նախապատրաստական աշխատանքների գործընթացն այսօր կարելի է արդյունավետ համարել, քանի որ գործակալությունը առաջիկա օրերին պատրաստվում է արտահանողների հետ կնքել առաջին պայմանագիրը։ «Առաջին հերթին գնահատվում է գնորդի վճարունակությունը, վարկունակությունը, ապա ռիսկային մակարդակը, որը, բնականաբար, ավելի ցածր է։ Մենք անխտիր աշխատելու ենք պահանջարկ ունեցող արտահանող ընկերությունների հետ, սահմանափակումներ չեն լինելու»,–հավելեց գործակալության գործադիր տնօրենը։
Նկատենք, որ ապահովագրության այս տեսակը կարող է մեծ աջակցություն լինել հայ արտահանողներին հատկապես այն պարագայում, երբ ՌԴ շուկայում վճարումներն ուշանում են արժույթի արժեզրկմամբ պայմանավորված։ Այդ գործոնը բնականաբար խոչընդոտում է ռուսաստանաբնակ գործարարներին՝ նոր գործընկերների հետ պայմանագրեր կնքելու՝ քաջ գիտակցելով առկա ռիսկերը։ «Այս պահին կարծում ենք, որ մեր կարիքը շուկայում շատ ավելի մեծ է, եւ, այս ծառայությունից օգտվելով, գործարարները կկարողանան իրենց արտահանման գործարքներն իրականացնել»,–ասում է Տ. Մուրադյանը։
Այս ծառայության ներկրման արդյունքում որքանով կաճի արտահանումը, ընկերության աշխատակիցները դեռ վաղ են համարում կանխատեսումներ անելը, հատկապես արժույթի տատանման այս ժամանակահատվածում։ Կպահանջվի շուրջ 1 տարի՝ հասկանալու ծառայության իրականացման արդյունավետությունը։
Արտահանման ապահովագրությունը հնարավորություններ կստեղծի արտահանողների շրջանում ավելացնելու վաճառքի ծավալները, նպաստելու մրցունակության բարձրացմանը, բարելավելու եւ պաշտպանելու դրամական միջոցների հոսքերը եւ այլն։
Հավելենք, որ Եվրասիական տնտեսական միության երկրներում վաղուց գործում են արտահանման ապահովագրական ընկերություններ։ Բելառուսում, օրինակ, արդեն շուրջ 10 տարի ծառայությունը գործում է, Ղազախստանում, նույնպես։ Իսկ ռուսական ընկերությունը հիմնադրվել է համեմատաբար վերջերս։
Աշխատանքներ են տարվում նաեւ այդ երկրների հետ համատեղ ապահովագրական ծրագրեր մշակելու եւ փորձի փոխանակում իրականացնելու ուղղությամբ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

27-03-2015





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO