Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՊՆ


Ազգային բանակից դեպի «Ազգ–բանակ»

Զինուժը Հայաստանի ամենամեծ եւ ամենալավ գործատուն է

Նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձել է մի շարք թեմաների։ Մասնավորապես ներկայացնելով «ազգ—բանակ» կոնցեպցիայի հիմնական դրույթները, ասաց, որ ազգ—բանակ գաղափարի հիմքում ընկած է աշխարհի լավագույն փորձը, սակայն այն Հայաստանի մոդելն է, հարմարեցված է Հայաստանի առանձնահատկություններին եւ մարտահրավերներին։
«Հաճախ լսել ենք, որ սա Իսրայելի, Շվեյցարիայի կամ Սինգապուրի մոդելն է, սակայն սա Հայաստանի մոդելն է՝ իր բոլոր առանձնահատկություններով, մարտահրավերներով եւ այլն։ Մենք պետք է, սովորելով լավագույն փորձից, շարժվենք մեր ուղով»,–նշել է նախարարը։
Արդյո՞ք բանակի զարգացման նոր մոտեցումն առաջ քաշելով՝ Վիգեն Սարգսյանը համարում է, թե նախկինում ՀՀ զինված ուժերի զարգացումն ընթանում էր սխալ ուղիով. հարցի պատասխանը նախարարի համար միանշանակ է՝ ոչ։ «Պաշտպանության նախարար նշանակվելու առաջին օրերից առաջ եմ քաշել «ազգ—բանակ» կոնցեպցիան, որը բավականին լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ։ Մեր անկախության վերականգնումից 25 տարի անց, մեր բանակի գոյության 25—րդ տարում մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է փորձենք բանակաշինության մեջ ազգային բանակ կառուցելուց քայլ կատարել դեպի ազգ—բանակի կառուցում։ Ես համարում եմ, որ 25 տարի անցել ենք շատ լուրջ ճանապարհ. պետական համակարգում ամենակայացած համակարգերից մեկը մեր զինված ուժերն են, ՊՆ—ն իր բոլոր կառույցներով։ Վստահ եմ, որ «ազգ—բանակ» կարելի է կառուցել միայն գոյություն ունեցող հիմքի վրա։ Համարելով, որ այդ հիմքը բավականաչափ ուժեղ է՝ այդ տեսակետից եմ առաջարկել այս մոտեցումը»,– ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը թե՛ մարդկային ռեսուրսի, թե՛ պետության տարածքի համեմատ անհամաչափ մեծ զինված ուժեր ունի եւ ունենալու է դեռ երկար ժամանակ՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանա ղարաբաղյան գործընթացը, ինչքան շուտ այն կգտնի իր լուծումը, ինչպիսին կլինի այդ լուծման կիրառման ճանապարհային քարտեզը։ Այնուամենայնիվ, տարածաշրջանային մարտահրավերների բնույթը եւ Հայաստանի հարեւաններն այնպիսին են, որ երկիրը դեռ երկար պահելու է մեծ զինված ուժեր։ «Շատ հնարավոր է, որ լինեն այնպիսի զարգացումներ, որ ժամանակի մեջ, օրինակ՝ տասնամյակ անց, մտածենք ժամկետային ծառայության ժամանակը կրճատելու կամ պարտադիր ժամկետայինն ուսուցման ծրագրերով եւ զորահավաքային կարողությունն ուժեղացնելով փոխարինելու մասին։ Ակնհայտ է, որ մենք երկար ժամանակ ունենալու ենք մի վիճակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանական համակարգի հետ առնչություն է ունենալու։ Մենք շարունակելու ենք բանակի վրա կենտրոնացնել մեր հանրային ռեսուրսի մի զգալի մասը։ Հետեւաբար, պետք է ընտրություն կատարենք՝ արդյո՞ք մենք ուզում ենք հնարավորն անել բանակի համար՝ ֆինանսավորել զինված ուժերը, սպառազինության ծրագրերը եւ այլն, ու համարել, որ դա մի բեռ է, մի խաչ է, որը պարտավոր ենք տանել, թե՞ հասկանում ենք, որ սա իրականություն է, որը պետք է դարձնենք առավելություն եւ դրա վրա կառուցենք մեր առաջընթացի գոնե մի մասը՝ լինի դա տնտեսության, գիտության, հասարակության դաստիարակության մեջ»,–ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես փոքր եւ սահմանափակ ռեսուրսով պետությունները կարողացել են այս գաղափարը դարձնել իրենց առաջընթացի հիմնական շարժիչ։
«Ազգ—բանակ» կոնցեպցիայի շրջանակներում առաջնային խնդիրներից մեկը կապված է ռազմական կրթության հետ։
Նախարարի խոսքով՝ Հայաստանն ունի երկու ռազմական համալսարան՝ ռազմական ավիացիոն համալսարանն ու Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, բացի այդ, առկա է հետազոտական համալսարան, որն ունի նաեւ ռազմական ակադեմիական կրթության գործառույթ, գոյություն ունի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան եւ բազմաթիվ ծրագրեր, որոնցով պատրաստվում է սպայական անձնակազմ բանակի համար, որտեղ նաեւ հետագայում անցկացվում են վերապատրաստումներ։ «Իրականում մենք ունենք մեծ բաց այս համակարգում. այն չափից շատ մեկուսացած է մեր ընդհանուր կրթական համակարգից։ Տպավորություն կա, որ մենք ստեղծել ենք որոշակի փակ տարածք, որտեղ ուսուցանում ենք կադրեր եւ հետո զարմանում ենք, որ սպայական անձնակազմը բավականաչափ ինտեգրված չէ հասարակության մեջ, բավականաչափ հայտնի չէ հասարակությանը»,–շեշտել է նախարարը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ հասարակության մեջ մեծ խնդիր կա սպայի կերպարի ձեւավորման եւ նրա աշխատանքի նկատմամբ հարգանքի հարցում։ «Այս օրերին Ազգային ժողովում լսել եմ շատ գնահատականներ, որոնք վերաբերում են մեր սպայական անձնակազմին, հատկապես գեներալիտետին։ Դրանք, ցավոք սրտի, հիմնականում բացասական եւ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված գնահատականներն են, քանի որ երբ ես դա ասող մարդկանց խնդրում եմ անուններ թվարկել, ապա թվարկվողների ցուցակը գործող սպաների ու գեներալների մեջ չի կազմում անգամ 1 տոկոս։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ—որ ուժեր ստվերում են այսօր ծառայություն կրող անձնակազմի պատիվը հասարակության մեջ»,–նշել է նախարարը։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի մեծ սպայական անձնակազմ, որը, բացի նրանից, որ ամեն օր շատ ծանր եւ պատասխանատու ծառայություն է կրում, բարդագույն սոցիալական խնդիրների առաջ է կանգնած։ Տարիների մեջ այդ խնդիրների էությունը փոխվել է։ «Շատ լավ հիշում եմ, թե ինչ խնդիրներ էինք փորձում լուծել սպայական անձնակազմի համար 15 տարի առաջ՝ համադրելու եզր անգամ չկա, թե ինչ խնդիրներ էին երեկ եւ ինչ խնդիրներ են այսօր։ Դրանք շատ բարդ խնդիրներ են»,–նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ այդ խնդիրները մեծապես ազդում են ռազմական կրթության վրա։
Նախարարի տեղեկացմամբ՝ 15 տարի առաջ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվում էին յուրաքանչյուր տարի շուրջ 330 կուրսանտներ, նրանցից ավարտում էին 250—260—ը։ Ընդունվում էին բավականին բարդ քննություններ հանձնելով, իսկ ուսումը բավականին ծանր էր։ Վերջին մի քանի տարին ընդունվում են 71—75—76 կուրսանտներ, նրանց մեջ այս տարի իգական սեռի 11 ներկայացուցիչներ կան, ինչը նախարարը շատ է կարեւորում։ «Կարծում եմ, որ կանայք բանակում, հատկապես սպայական պաշտոնների վրա կարող են ունենալ բավականին լուրջ դերակատարում, եւ սխալ կլիներ թերի օգտագործել այդ ներուժը։ Միեւնույն ժամանակ, հասկանում ենք, որ առաջնագծում մարտական հերթապահության պարագայում հազիվ թե կարողանանք մեր հույսը դնել կին սպաների վրա, որոնք ավարտում են Վ. Սարգսյանի ռազմական համալսարանը, ուստի մնում է 60 սպա, որոնք պետք է համալրեն մեր զորքերը, որոնք գալիս են առաջնագիծ։ Մենք ունենք խնդիր, պետք է ցույց տանք, որ այդ կրթությունը ոչ միայն մրցունակ է, այլեւ մեծ հնարավորություններ է բացում»,–ընդգծել է Վիգեն Սարգսյանը։
Նախարարը համեմատական է անցկացրել նաեւ քաղաքացիական եւ ռազմական կրթության խնդիրների միջեւ։ Ցանկացած բուհ ընդունված քաղաքացին պետք է ապահովի իր ուսման վարձը, կեցության ծախսերը, եթե երեւանաբնակ չէ եւ այլն, հետո փորձի գտնել աշխատանք։ «Եթե համարենք, որ նա սկսելու է աշխատանքը պետական համակարգում որպես կրտսեր մասնագետ, ապա նրա առաջին աշխատավարձը լինելու է մոտավորապես 70 հազար դրամի չափ, եթե հանձնի որակավորման քննությունը, եւ դեռ երկար տարիներ իր աշխատավարձը տատանվելու է 70—150 հազար դրամի շրջանակներում»,–նշել է ՊՆ ղեկավարը։
Մինչդեռ Վ. Սարգսյանի անվան համալսարանն ավարտողը համարվում է ժամկետային զինծառայությունն անցած եւ իր առաջին նշանակումն է ստանում առավել մեծ հավանականությամբ առաջնագծում։ «Նա կստանա հանրապետական միջին աշխատավարձից կրկնակի բարձր աշխատավարձ՝ հանրապետական միջինը շուրջ 180 հազարի շրջանակներում է, սպայի առաջին աշխատավարձը կարող է լինել 340 հազար՝ կախված մարտական հերթապահությունն անցկացնելու վայրից եւ այլն։ Մենք սպային առաջարկում ենք ծանր, դժվար, բայց մասնագիտական աճի հստակ ուղին։ Եթե ինքը որոշում է իր ողջ կյանքը կապել սպայական գործի հետ, ապա նա գիտի, որ որոշ ժամանակը մեկ վերապատրաստվելու է, ստանալու է կոչումի բարձրացում, նշանակվելու է նոր պաշտոնի՝ դրա հետ կապված բոլոր հնարավորություններով, եւ զորացրվելու է զինվորական թոշակով՝ հնարավորություն ունենալով ինչ—որ այլ տեղ աշխատելու»,–նշել է Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բանակը ոչ միայն Հայաստանի ամենամեծ, այլեւ ամենալավ գործատուն է։ «Արդյո՞ք մեր հասարակությունը բավականաչափ այս մասին տեղյակ է, արդյո՞ք այդ հնարավորությունները հայտնի են մեր երիտասարդներին. կարծում եմ՝ ոչ։ Մեր նախնական զինվորական պատրաստության գրքերում Վ. Սարգսյանի անվան համալսարանի մասին անգամ խոսք չկա։ Այս ոլորտում կա բավականին մեծ ներուժ, եւ առաջիկայում մենք փորձելու ենք այն օգտագործել»,–ամփոփել է նախարարը։
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Վիգեն Սարգսյանն ասել է. «Այն, ինչ պաշտպանական համակարգում տեսնում եք այս օրերին ու կտեսնեք առաջիկայում, կապված է իմ վճռականության հետ։ Պետք է ասեմ, որ որպես կառավարման մասնագետ չեմ հավատում ձեռքը բռնելու եւ կտրելու արդյունավետությանը՝ որպես կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհ։ Դա կարող է լինել զսպվածություն ապահովելու, կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու կամ այն առավել խորամանկ դարձնելու միջոց»։
Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիան քաղցկեղ է, եւ այն նվազեցնելով՝ չես վերացնում, ընդամենը կրճատում ես նոր օջախներ ստեղծելու հեռանկարը։ «Պայքարն արդյունավետ է, երբ ստեղծում ես համակարգեր, որոնք վերացնում են կոռուպցիայի գայթակղությունը, որտեղ փոխադարձ վերահսկողությունն այնքան խորքային է, որ կոռուպցիոն ռիսկերն ավտոմատ չեզոքացվում են։ Զրոյի հասցնել աշխարհում ոչ մի տեղ չի հաջողվում, բայց բերել մի մակարդակի, որ դա լինի ակնհայտ բացառություն, ոչ թե օրինաչափություն, պարտադիր պայման է»,–մասնավորապես ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

17-11-2016





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO