Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.08.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կիրականացվեն 1,5 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր

Երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ներդրումային հանձնախմբի հերթական նիստը, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը, հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախարարության պատասխանատուները եւ ենթակայության տակ գործող պետական ընկերությունների ղեկավարները զեկուցել են 2017—2019թթ. իրականացվող ներդրումային ծրագրերի կատարման ընթացքի, 2017թ. անելիքների ու խնդիրների մասին։ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանի հաղորդմամբ, Հայաստան—Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Շուրջ 76 մլն եվրո գումարով ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել 672 հողակտոր եւ հենարանների կառուցման շինարարության թույլտվություններ 60 համայնքներում։ Ներկրվել եւ պահեստավորվել են 1965 տոննա ընդհանուր քաշով հենարանների մետաղական կոնստրուկցիաներ, կառուցվել են շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհներ, ավարտվել են բոլոր 706 հենարանների նշահարման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում շուրջ 33 մլն եվրո արժողությամբ «Նորավան» ենթակայանի համար ձեռք է բերվել անհրաժեշտ 12 հա տարածքը։ Կառուցվել է 620 գծամետր պարիսպ, փորվել է ղեկավարման շենքի հիմքը։
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ գնահատման փուլում են Հայաստան—Վրաստան օդային գծի եւ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը։ 188 մլն եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019թ.։
Ընթանում են «Հաղթանակ», «Չարենցավան—3», «Վանաձոր—1», «Ագարակ—2», «Շինուհայր» եւ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքները, որոնց ներդրումային գումարը կազմում է 50,5 մլն դոլար։ «Հրազդան—Շինուհայր» 220 կՎ օդային գծի կառուցման 26,5 մլն դոլար ծրագրի շրջանակներում հնդկական «Կալպատառու» ընկերությունը շարունակում է շինարարությունը։ Ծրագրի տնտեսումների հաշվին կկառուցվի նաեւ «Նոյեմբերյան—Լալվար» օդային գիծը, որի շինարարությունը կսկսվի գարնանը։
Նիստում «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ՋԷԿ—ի ենթակայանի վերակառուցման եւ վերազինման 18 մլն դոլար արժողությամբ ծրագրի կատարման ընթացքը։ Տեղեկացվել է նաեւ, որ ավարտին են մոտենում իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ «Երեւանի ՋԷԿ»—ի համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ էներգաբլոկի կառուցման բանակցությունները։ Ծրագրի նախնական արժեքը կազմում է 230 մլն դոլար։ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի զեկուցմամբ՝ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կավարտեն 2019թ.։ Ծրագրի իրականացման համար նախատեսված է 300 մլն դոլար։
2017թ. կշարունակվեն «Երկրաջերմային հետախուզական հորատման» եւ «Էներգախնայողության» ծրագրերը՝ 126 մլն դոլար ընդհանուր գումարով։ Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի ներկայացմամբ առաջիկա երեք տարիներին միջազգային եւ դոնոր կազմակերպությունների միջոցներով նախատեսվում է իրականացնել եւս շուրջ 190 մլն դոլարի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր։ «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նախատեսվում է շուրջ 80 մլն դոլարի ներդրում՝ Որոտանի ՀԷԿ—երի համալիրի վերազինման եւ վերանորոգման համար։
Ներկայացնելով Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշել է, որ ջրամբարի շինարարությունը կմեկնարկի գարնանը 95 մլն դոլար արժողությամբ ծրագիրը կիրականացնի իրանական եւ հայաստանյան ընկերությունների կոնսորցիումը։ Ըստ նրա, 2017—18թթ. կկառուցվեն նաեւ Գետալիճ—Քաղցրաշեն, Մեղրու աջ թեւ, Բաղրամյան—Նորակերտ ջրագծերը։ Այդ նպատակով իրականացվող ներդրումների ծավալը կկազմի 20 մլն դոլար։
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերին՝ փոխնախարար Վարդան Գեւորգյանը տեղեկացրել է, որ «Լիդիան Արմենիա», «Թեղուտ» եւ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերություններն առաջիկա տարիներին կիրականացնեն շուրջ 250 մլն դոլարի ներդրումներ։
Բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի հաղորդմամբ, ավելի քան 40 մլն դոլար կներդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Ըստ նրա, համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր։
—Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ էներգետիկայի ոլորտում իրականացվող նշված ծրագրերը փոխկապակցված են։ Դրանց իրականացման ընդհանուր ծավալից է կախված յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին նպաստելու է երկրի էներգահամակարգի հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանը։ Ուստի չափազանց կարեւոր է հաստատված ժամանակացույցերի հստակ պահպանումն ու աշխատանքների կատարման որակը։ Այս ծրագրերի իրականացմամբ կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր,–ամփոփելով նիստը՝ ասել է Աշոտ Մանուկյանը։
Նիստի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի եւ սահմանված ժամանակացույցի պահմանման վերահսկողության իրականացման վերաբերյալ։

15-02-2017





17-08-2017
Քննարկել են տնտեսական օրակարգը
Եվ ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը

ՀՀ տնտեսական զարգացման ...


17-08-2017
Ապրիլյան պատերազմը խաթարեց կողմերի փոխվստահությունը
Արցախի արտգործնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցների հետ

«Հակամարտության ...


17-08-2017
Համապատասխան հանձնարարականներ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ...


17-08-2017
Պատշաճ ուշադրություն
Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը

ՀՀ միջպետական ...


17-08-2017
ԱՄՆ–Հյուսիսային Կորեա
Հակամարտության սրությունը կարծես թե նվազում է

ԱՄՆ—ը նախագահ ...



17-08-2017
Ավարտին է մոտենում «Ասպետի» 2—րդ փուլը
Ռազմամարզական ճամբարում դրվում է ...

 
17-08-2017
Կարեւոր բացահայտումներ
Օձաբերդի պեղումներն ի հայտ են բերել նոր ...

17-08-2017
Իրավիճակը վերահսկելու հանձնարարական
Խորհրդակցություն հրդեհների պատճառով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO