Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2017
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ եւ գրագետ»

Վարչապետը հանդիպել է ԵՊՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ

«Երեւանի պետական համալսարանը շարունակում է նշանակալից դեր կատարել թե՛ գիտակրթական, թե՛ հասարակական գիտակցության ձեւավորման առումով, եւ պետք է քննարկել, թե ինչպես կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնել»,–ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսվող միջոցառումները եւ բարեփոխումները՝ նշելով. «Ինչ էլ որ անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա, պետք է անենք խելացի, հաշվարկված, ուրիշ տարբերակ չունենք։ Սա մեր առջեւ դրված հրամայականն է։ Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ եւ գրագետ»։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշ թվային տվյալներ է ներկայացրել. բուհն ունի շուրջ 19000 ուսանող, 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, որից 2–ը գիտակրթական են, 15 ուսումնական ու գիտական կենտրոն, շուրջ 50 լաբորատորիա եւ 3 նորաստեղծ ուսանողական «Start up» լաբորատորիա։ Նրա խոսքով՝ ԵՊՀ–ն գնում է գերազանցության կենտրոններ ստեղծելու ճանապարհով, որտեղ կենտրոնացվում է բուհի նորարարական եւ գիտական լավագույն ներուժը։ Արամ Սիմոնյանն անդրադարձել է նաեւ միջազգային համագործակցությանը, ուսանողական կառավարման մարմինների գործունեությանը, խոսել ընթացիկ եւ հետագա ծրագրերի մասին։
Վարչապետն ընդգծել է, որ բուհական համակարգը, դասավանդումն ու գիտահետազոտական աշխատանքը պետք է սերտ փոխկապակցված լինեն, ինչը կապահովի գիտական արդյունքի եւ կիրառական պրոդուկտի ավելի բարձր մակարդակ։ Գործադիրի ղեկավարը հետաքրքրվել է բուհի գիտական կառույցների աշխատանքի գնահատման չափորոշիչների, ներդրումների ծավալի, ակնկալվող եւ փաստացի արդյունքի, պետություն–բուհ–մասնավոր հատված համագործակցության մասին։ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում բարձրակարգ մասնագետների պահանջարկի խնդրին՝ կարեւորելով ոլորտի ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը։ «Եթե ցանկացած կառույց ուզում է հաջողակ լինել, պետք է համապատասխանի շուկայի տենդենցներին։ Այսօր ՏՏ ոլորտը տարեկան նվազագույնը 2000 որակյալ մասնագետի պահանջարկ ունի, եւ պետք է կանոնավոր աշխատել բիզնես–համալսարան կապն ակտիվացնելու, առկա պահանջարկը բավարարելու ուղղությամբ»,–ասել է վարչապետը։
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային եւ ընդերքի ռեսուրսների կառավարման, դեղարդյունաբերության եւ այլ ոլորտներում գիտական ներուժի հասցեական կիրառման, նորարարական գաղափարների ու տեխնոլոգիաների ներդրման, գիտական արդյունքի ձեւավորման եւ հարակից այլ հարցեր։ Կարեւորելով գիտական ներուժի առեւտրայնացումը՝ վարչապետն առաջարկել է կառավարություն ներկայացնել կիրառական ծրագրեր, որոնք կուսումնասիրվեն, կգնահատվեն համապատասխան գերատեսչությունների կողմից եւ արձագանք կստանան։

«Ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք»

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը կարեւորել է հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիական ակտիվությունը եւ կառավարության գործունեության վերաբերյալ պարբերական ազդակները։ «Ձեզ հետ հանդիպումը մեր թիմի համար չափազանց կարեւոր է, որովհետեւ նույնիսկ Խորհրդային Միության տարիներին ԵՊՀ դասախոսները, ուսանողները տարբերվել են շատ ազատամիտ լինելով, լավ իմաստով՝ ըմբոստ եւ չհարմարվող լինելով»,–ասել է Կարեն Կարապետյանը։
Վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների ախտորոշում, զարգացման տեսլականի մշակում, կառավարման համակարգի խնդիրների վերլուծություն, կառավարման սուբյեկտների մաքսիմալ թվայնացում, ներդրումային ծրագրերի ամփոփում եւ հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացում։ Գյուղատնտեսության, առողջապահության, ՏՏ, տարածքային կառավարման ոլորտների օրինակով Կարեն Կարապետյանն առարկայորեն խոսել է նախատեսվող բարեփոխումների մասին։ Անդրադառնալով ակնկալվող ներդրումների ծավալին՝ վարչապետն ասել է, որ կառավարության կողմից հավաքագրվել եւ վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից եւ ճյուղային նախարարություններից։ «Մենք ուսումնասիրել ենք 471 ծրագիր, որից 345–ն իրատեսական է, որի ընդհանուր փաթեթը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որից 2017 թ. համար իրատեսական ենք համարում 830–840 միլիոնը։ Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր եւ գործընկեր. ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից եւ մասնավոր հատվածից։ Դա չի նշանակում, որ եթե տարեվերջին 830 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք՝ թերացել ենք, բայց դա այն ներուժն է, այն հորիզոնը, որը մեր առջեւ դնում ենք։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այդ 3,2 միլիարդից, այս պահին կառավարությունում քննարկում ենք եւս 79 ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս հարցին, որովհետեւ տպավորություն կա, որ Հայաստանում փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է։ Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս, եւ դուք կարող եք մեր կայքէջում տեսնել»,–նշել է կառավարության ղեկավարը։
Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը միտված է անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ երկիր ունենալուն։ «Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, յուրաքանչյուր մարդ, ով ներուժ ունի, իրեն բավարարված եւ հանգիստ զգա։ Մենք խելացի չլինելու հնարավորություն կամ շքեղություն չունենք։ Ինչ անենք, պետք է խելացի անենք։ Տարածաշրջանը, հարեւանությունը, տրանսպորտային լոգիստիկան՝ ամեն ինչ պարտադրում է, որ մենք լինենք խելացի եւ կիրթ։ Մեր հիմնական կապիտալը մարդն է, եւ նա պետք է լինի գրագետ, խելացի, հաշվարկելու ունակություն ունեցող։ Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարեւոր է, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, եւ երբ եք դուք մեզ միանալու»,–ասել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետն ուսանողներին տեղեկացրել է, որ այսօր տրվում է «Start up»–երի համար նախաձեռնության մեկնարկը։ «Մենք մրցույթ ենք հայտարարելու եւ պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան։ Նաեւ թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից։ Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար»,–նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։
Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, պետական համակարգում երիտասարդների ներգրավվածության ավելացմանը, ուսանողական ակտիվության խթանմանը, բուհ–աշխատաշուկա կապի ձեւավորմանը, առաջադիմությամբ պայմանավորված զեղչային համակարգի կիրառմանը, բուհական համակարգի սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետներով համալրմանը եւ որակական բարեփոխմանը, գիտության ֆինանսավորմանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաեւ ներքաղաքական եւ հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր։
Պատասխանելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ։ Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետեւ կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում։ Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, եւ այդ իրավունքը «Հանրապետականը» ձեռք բերի, որպեսզի ինքը ձեւավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետականն» այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»։
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերին վերաբերող եւ, մասնավորապես, ապրիլյան պատերազմի համատեքստում հնչած հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների համար գոյություն ունի ծրագիր, որն իրականացնում է պաշտպանության նախարարությունը՝ հստակ բյուջեով եւ ձեւակերպված անելիքներով։ Ե՛վ պետությունը, ե՛ւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բարոյական պարտավորություններ ունի այդ ընտանիքների նկատմամբ, եւ մենք պետք է հետեւողական լինենք այդ հարցում»։
Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն՝ վարչապետն ասել է. «Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ–մեկ մեկնաբանել, մեկ–մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել։ Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք պարբերաբար էմոցիոնալ փորձենք օրենքները մեկնաբանել, լավ բանի չենք հասնի»։
Ամփոփելով հարցուպատասխանը՝ վարչապետը կոչ է արել ուսանողներին գրավոր ներկայացնել իրենց առաջարկությունները եւ մասնակցել կառավարություն–հասարակություն արդյունավետ հետադարձ կապի ձեւավորմանը։ «Ես բազմիցս եմ ասել՝ ակտի՛վ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի՛ եղեք։ Ակտիվ մասնակցեք մեր նախաձեռնություններին կամ դուք էլ նախագծեր ներկայացրեք»,–ասել է Կարեն Կարապետյանը։
Կառավարության ղեկավարը նաեւ շրջայց է կատարել ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում, «Start up» լաբորատորիաներում, ինչպես նաեւ վերջերս վերանորոգված մարզահամալիրում, ծանոթացել աշխատանքներին եւ ծրագրերին։


16-02-2017





25-03-2017
Միասնական ՏՀՏ համակարգ
ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են թվայնացման տարբերակը

Տեղեկատվայնացման ...


25-03-2017
Առջեւում վճռորոշ շաբաթն է
Քաղաքական ուժերը կրկնապատկում են նախընտրական քարոզչության ջանքերը

Գիտելիքահենք արդյունաբերություն



25-03-2017
Վարչապե՛տ, ժողովուրդը սիրում է քեզ...
«Որ վարչապետ էի դառնում՝ գիտեի, որ միեւնույն է, չարածներս ...


25-03-2017
Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
Հայաստանն աշխարհի հետ այսօր կնշի «Մոլորակի ժամը»

Երեկ ...


25-03-2017
Վարչապետն ընդունել է ԵՆԲ—ի փոխնախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ ...


 
25-03-2017
Հիվանդացությունը կրճատվել է
Նպաստել է տուբերկուլոզի կառավարման 2016—2020թթ. ազգային ծրագիրը

Տուբերկուլոզի ...


 
25-03-2017
«Առողջ աչքերը» կուրության «աչքը կհանի»
Կատարակտի անվճար վիրահատություն՝ տնտեսած գումարների հաշվին

«Աչքներդ լույս»,–ասում ...



 
25-03-2017
Առաջին եռյակը՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» դաշինքներ
«Gallup International Association»—ը ներկայացրեց ...

25-03-2017
«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը»
«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ...

25-03-2017
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին
Երեկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ...

 
25-03-2017
Կիրականանա՞ Էրդողանի երազանքը
Թուրքիայում ընթացիկ տարվա ապրիլի 16—ին տեղի կունենա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO