Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մակրոտնտեսական ցուցանիշները լավագույնն են

Հայաստանը թե՛ ԵԱՏՄ—ում, թե՛ ԱՊՀ—ում եւ թե՛ տարածաշրջանում չի զիջում ոչ ոքի

Երեկ խորհրդարանում, ԱԺ կանոնակարգ—օրենքի համաձայն, հերթական քառօրյայի վերջին նիստում ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանին հետաքրքրում էր, թե ինչու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելություններ գրեթե չի կատարում արեւմտյան երկրներ։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ ցանկացած այց ինքնանպատակ չի լինում. «Եթե մենք չենք այցելում, դեռ չի նշանակում, որ մենք արեւմտյան երկրների եւ այնտեղի ներդրողների հետ օրակարգ չունենք կամ չենք քննարկում այդ թեմաները։ Մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, որոնք, բնականաբար, տեղի կունենան այն ժամանակ, երբ մենք կունենանք այցի համար օրակարգ եւ առարկայական խոսելու թեմա, որպեսզի այցը չվերածվի զբոսաշրջության»։
Կ. Կարապետյանը շեշտեց. ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերում. «Ավելին, եվրոպական երկրներ արտահանման աճի տեմպը գերազանցել է ԵԱՏՄ երկրների աճի տեմպերին։ Լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մենք սպեցիֆիկ շուկաների հետ եւս առնչվում ենք, օրինակ՝ լավ ծրագիր ունենք Թուրքմենստանի եւ Իրանի հետ։ Արեւմտյան երկրների հետ եւս ունենք շատ ինտենսիվ հարաբերություններ, ուղղակի այց կատարելու անհրաժեշտություն, օրակարգ, այս պահին չունենք»։
Պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հարցին՝ Կ. Կարապետյանը փաստեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են. «Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք այսօր, թող անհամեստ չհնչի, թե՛ ԵԱՏՄ—ում, թե՛ ԱՊՀ—ում եւ թե՛ տարածաշրջանում լավագույնն են։ Դա նշանակում է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծե՞լ ենք. իհարկե, ոչ, որովհետեւ մենք չունենք քաղաքացի, ով չի ցանկանում իր կյանքի որակը բարելավել, իսկ մեկ տարվա մեջ մենք չենք կարող լուծել բոլորի խնդիրները»։
Գործադիրի ղեկավարը շեշտեց՝ այն ուղղությունը, որ ընտրել է կառավարությունն այս պահին, որոշ չափով բավարար է՝ հավելելով, որ կան ծրագրեր, որոնց կատարման ընթացքից իրենք դժգոհ են եւ կցանկանային, որ արդյունքներն ավելի լավը լինեին։
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը տուժել է՝ զրկվելով այլ շուկաներում ներկայացված լինելուց։
ՀՀ վարչապետը նկատեց, որ չկան այնպիսի շուկաներ, որտեղ Հայաստանն ինչ—որ բան կորցրել է՝ ԵԱՏՄ անդամ լինելով. «Եթե կարող եք հուշել, խնդրեմ։ Մենք հինգ երկրների ակումբի անդամ ենք, որտեղ պայմանավորվում ենք որոշակի կանոններով ներքին դաշտում աշխատել։ Ես չգիտեմ շուկաներ, որոնց նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք՝ ելնելով մեր այսօրվա ներուժից, եւ որտեղ ջանք չենք կիրառում։ Երբ գործընկերներին Հայաստան ենք հրավիրում, մենք ասում ենք, որ իրենց համար Հայաստանը ոչ թե 3 միլիոնանոց շուկա է, այլ հարթակ ԵԱՏՄ մտնելու համար, եթե հետաքրքրությունները ԵԱՏՄ—ում են, ԵՄ մտնելու համար՝ GSP+—ից օգտվելով, կամ ազատ տնտեսական գոտու միջոցով Իրան մտնելու համար։ Եթե մենք կարողանում ենք կապիտալի, սեփականության անվտանգությունը, բիզնես անելու հնարավորությունը ընդլայնել, բոլոր այս հարթակները մեզ համար լրացուցիչ դրական հանգամանք են»։

Գյումրին՝ գործադիրի ուշադրության կենտրոնում

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հարցադրումը վերաբերում էր Գյումրիի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ զբոսաշրջային ներուժի օգտագործման հեռանկարներին։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու Գյումրիում, ինչպես նաեւ մյուս համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացմանը. «Մենք չենք կարծում, թե հարկային արտոնություններով է, որ պետք է զարգացնենք Գյումրին։ Հատկապես այն պարագայում, երբ ներմուծման ժամանակ ունենք հատուկ գործիքակազմ, երբ ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի հետաձգում ենք նախատեսում։ Հայաստանի զարգացման հիմնադրամը ստացել է հանձնարարություն՝ զբաղվել Գյումրիի զարգացման ծրագրով։ Համաձայն եմ, որ Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ կա։ Դրա համար մենք նախաձեռնել ենք «Կումայրի» ծրագիրը, որն իր բնույթով կորպորատիվ նոր մշակույթ է բերում իր հետ։ Ես համոզված եմ, որ Գյումրիի զբոսաշրջային գրավչության ներուժը մենք լիարժեք չենք օգտագործում, սակայն լինելու է համալիր ծրագիր։ Դուք գիտեք, որ մենք աշխուժացրել ենք Գյումրիի օդանավակայանի աշխատանքը։ Երկու ավիաընկերություն արդեն աշխատում է այդ օդանավակայանում, իսկ հոկտեմբերից ավելանալու է թռիչքների քանակը։ Գյումրիի օդանավակայանում աշխատող ավիաընկերությունների առջեւ հստակ խնդիր ենք դրել՝ մեծացնել թռիչքների աշխարհագրությունը»։
«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր էներգակիրների գներին, Կ. Կարապետյանը եւս մեկ անգամ հայտնեց, որ էներգակիրների գինը Հայաստանի համար տարածաշրջանում արտոնյալ է բոլոր մատակարարներից, որոնց հետ այսօր մեր երկիրն աշխատում է. «Մենք նաեւ այդ ուղղությամբ դիվերսիֆիկացման աշխատանքներ ենք իրականացնում, ավելին՝ մենք բաց ենք առաջարկների համար, եթե առաջարկ ներկայացնողները կարող են ասել, որ ի վիճակի են Հայաստանի սահման գազ բերել այսօրվա գործող սակագնից էժան գնով։ Այդ պարագայում որեւիցե խոչընդոտ չկա։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացմանը, ապա դա մեզ համար եւս խիստ կարեւոր է, որպեսզի մենք արտաքին էներգակիրներից կախվածությունը պակասեցնենք, ավելին, իրատեսական է, որ մենք կարող ենք որոշակի առումով լինել նաեւ էլեկտրաէներգետիկ շուկայի տարածաշրջանային հաբ»։

Ռազմարդյունաբերական համալիրը վերելք է ապրում

ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու իրենց առջեւ դրված ու առաջադրանքային փաստաթղթերով սահմանված մարտական խնդիրները։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը։
Նախարարի խոսքով՝ նաեւ պարբերական զորավարժությունների, վարժանքների եւ ընթացիկ ստուգումներով հատուկ ուշադրության տակ են պահվում մատակարարվող վառելիքա—քսուքային նյութերի որակը եւ սպառազինության հագեցվածությունն ըստ լրակազմերի։ Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն այսօր վերելք է ապրում, եւ եթե կիսամյակով կամ եռամսյակով պլանավորած միջոցները չեն իրացվել, դա կարող է միայն մեկ պատճառ ունենալ. այն, որ լրացուցիչ խստացված պայմաններ են սահմանված ներկայացվող ծրագրերի հաստատման, ֆինանսավորման առումով։
«Ի տարբերություն երկար տարիներ գոյություն ունեցող պրակտիկայի, հետազոտական հիմնարկների հետ այլեւս կանխավճարային սկզբունքով չենք աշխատում եւ պահանջում ենք իրենցից հստակ արդյունք մինչեւ առաջին վճարումների կամ ծրագրային ֆինանսավորման բացումը։ Որպես ձեռքբերման օրինակ՝ վերջերս Ռուսաստանում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի համալիրը բավականին պատկառելի ներկայացված էր, ավելին՝ մեր տաղավարը ստացել է լավագույն տաղավարի պատվաբեր պարգեւը»,–հավելեց Վ. Սարգսյանը։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանի հարցադրումը վերաբերում էր վերջերս Վրաստանում անցկացված ՆԱՏՕ—ի զորավարժությանը Հայաստանի չմասնակցելու պատճառներին։
ՀՀ պաշտպանության նախարարը ի պատասխան նշեց, որ այս հանգամանքի քննարկումը հասցված է զավեշտի. «ՀՀ զինված ուժերը երկար տարիներ է՝ յուրաքանչյուր տարի մասնակցում է հարյուրավոր երկկողմ եւ բազմակողմ միջոցառումների՝ ՀԱՊԿ—ի շրջանակից, որը մեր դաշնակցային կառույցն է, մինչեւ Հյուսիսատլանտյան դաշինք, որտեղ մենք ունենք գործընկերոջ կարգավիճակ, եւ բազմաթիվ այլ նման կառույցներ։ Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր եւ չենք մասնակցում հազարավոր միջոցառումների, ինչպես դա անում են բոլոր երկրները, որոնք անդամակցում կամ փոխգործակցում են այդ կառույցների շրջանակներում։ Կոնկրետ Վրաստանում անցկացվող զորավարժությանն ի սկզբանե հայկական կողմը մասնակցելու որոշում չի ունեցել, եւ դեռեւս մարտին պաշտոնապես տեղեկացրել գործընկերներին, որ այդ զորավարժությանը մենք չենք մասնակցելու՝ ելնելով նրանից, որ կոնկրետ այդ զորավարժությունն ուղիղ չէր անդրադառնում մեր օրակարգային հարցերին»։
Վ. Սարգսյանը հիշեցրեց՝ ընդամենը շաբաթներ առաջ Հայաստանը եղել է տարածաշրջանի միակ երկիրը, որը նույն Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ—ի մեկ այլ զորավարժության, որտեղ ՀՀ ԶՈւ—ն ունեցել է լուծելու խնդիր՝ հումանիտար երկրորդ մակարդակի ռազմական հոսպիտալի բացազատումը, որը համընկել է հայկական զինված ուժերի օրակարգի հետ. «Դրանից հետո պարբերաբար տեղի են ունենում խորհրդակցություններ, զորավարժությունների նախապատրաստման կոնֆերանսներ, եւ մենք ստացել ենք մասնակցության եւս մեկ լրացուցիչ հրավեր։ Մեր սպաները մասնակցել են քննարկմանը, եւ պաշտոնապես հայտնել ենք, որ ոչ, այդ զորավարժութանը չենք մասնակցելու։ Դա նորմալ աշխատանքային փոխհարաբերություն է, որեւիցե արտառոց բան չկա»։

Բլոգերների այցերը Արցախ շարունակվում են

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ինչից հետո վերջինս շնորհակալական նամակ էր գրել Ալիեւին։
Ի պատասխան դիտարկմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այն, թե ինչպես է Ադրբեջանի իշխանություններին հաջողվում նման նամակներ կորզել, ավելի լավ կիմանան այդ երկրում առկա քաղաքական բանտարկյալները եւ նրանք, ովքեր, հետապնդումներից փախչելով, գտնվում են արտասահմանում։
Անդրադառնալով մտահոգություններին, թե Ա. Լապշինի հետ կատարվածից հետո ճանապարհորդություններ իրականացնող բլոգերներն այլեւս Արցախ չեն այցելի, կնվազի Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը, նախարարն ասաց. «Մենք լրիվ հակառակ պատկերն ունեցանք։ Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո շուրջ 10 երկրներից բլոգերներ այցելեցին Արցախ, զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է։ Ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ վաղը բլոգերների նոր խումբ է այցելելու Արցախ՝ գինու փառատոնին մասնակցելու համար։ Երեք բլոգերներ պատրաստվում են նկարահանումներ իրականացնել եւ ներկայացնել Արցախի զբոսաշրջային գրավչությունը»։
ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի հարցադրումը վերաբերում էր «Հյուսիս—հարավ» ավտոճանապարհային միջանցքի առաջին տրանշի աշխատանքներին։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն այն դեռեւս շահագործման հանձնված չէ։
«Այն դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, եւ դեռեւս չի վճարվել 3 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի գումար։ Առկա թերություններն այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է։ Երկրորդ եւ երրորդ տրանշների աշխատանքները շարունակվում են Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով։ Երկրորդ եւ երրորդ տրանշների աշխատանքները պայմանագրով նախատեսվում է ավարտել 2019թ.»,–տեղեկացրեց նախարարը։
Խաղողի բերքի մթերման վերաբերյալ հարցը բարձրացրեց ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը։
Ի պատասխան՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրեց, որ Հայաստանում այս տարվա խաղողի բերքը չի գերազանցի նախորդ տարվա ցուցանիշը, որը կազմել է 178 հազար տոննա։ Հնարավոր է, որ այս տարի անգամ 10—15 տոկոսով նվազի՝ հաշվի առնելով, որ այս տարվա ձմեռը ցրտաշունչ էր։
«Խաղողագործությունը տնտեսական առումով Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, որովհետեւ հայկական գինին եւ կոնյակը արտահանման մեջ մեծ ծավալ են կազմում։ Մենք հանդիպել ենք բոլոր մթերողների հետ, որի ընթացքում քննարկվել է խաղողի մթերման գործընթացը։ Կառավարության դիրքորոշումը հետեւյալն է՝ գնագոյացմանը կառավարությունը չի միջամտելու, սակայն եթե մթերում են եւ չեն վճարում, խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,–շեշտեց նախարարը։
Ի. Առաքելյանի խոսքով՝ կառավարությունը նախատեսում է ստեղծել խաղաղագործների ռեեստր, որպեսզի հասկանալի դառնա, թե ո՛ր գյուղում ո՛ր գյուղացին ի՛նչ տեսակի եւ որքա՛ն խաղող է արտադրում. «Դրանից հետո մենք նախատեսում ենք, որ խաղող արտադրողները եւ մթերողները իրենց տվյալները ընդհանուր բազայում մուտքագրեն։ Այսինքն՝ գյուղացիները ներկայացնեն, թե որքան խաղող են արտադրել եւ որքան մթերել, իսկ մթերողները կներկայացնեն իրենց կողմից մթերված խաղողի քանակը, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի հստակ իմանալ, թե տարվա ընթացքում խաղողի որքան բերք ենք ունեցել, եւ որքան խաղող է մթերվել մթերող կազմակերպությունների կողմից»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

14-09-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO