Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ամուր հիմքեր՝ ապագա զարգացումների համար

Վերսկսվել է ՀՀ 2018 թ. պետբյուջեի մասին լրամշակված օրենքի նախագծի քննարկումը

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ խորհրդարանը վերսկսել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագծի քննարկումը։ Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 111 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է։ Ընդհանուր առմամբ՝ նախագծի ծախսային մասը փոփոխվել է մոտ 15 մլրդ դրամով։ Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ խորհրդարանականների ներկայացրած առաջարկները վերաբերել են տարբեր ոլորտների, սակայն հիմնականում չեն նշվել այն ծրագրերը, որոնք առաջարկվում է լրացուցիչ ֆինանսավորել։ Պետական բյուջեի ծախսային մասը խորհրդարանականներն առաջարկել են ավելացնել 16,4 մլրդ դրամով։
Առաջարկներ է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարությունը։ Փոփոխությունների արդյունքում ընդունվել է առաջարկների մի մասը։ Մասնավորապես՝ լրացուցիչ 4 մլրդ դրամ ուղղվելու է առողջապահության ոլորտին, որի շնորհիվ կավելացվի հիվանդանոցային, արտահիվանդանոցային որոշ ծրագրերի ֆինանսավորումը։ 1 մլրդ—ով կավելացվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվող ֆինանսավորումը, 1,5 մլրդ դրամ նախատեսված է տարադրամի փոխարժեքների փոփոխությամբ պայմանավորված։ Նախարարի խոսքով՝ սեպտեմբերից ի վեր փոփոխվել են դոլարի եւ եվրոյի փոխարժեքները, իսկ որոշ գնումներ կատարվում են հենց այդ տարադրամներով։ 4 մլրդ դրամով ավելացվել է պետական բյուջեի պահուստային ֆոնդը, որը մասամբ պայմանավորված է 2018 թվականին նախատեսված 3 կարեւոր միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտությամբ։ 1 մլրդ դրամով կավելացվի «Հայաստան» զորախմբի ֆինանսավորումը։
Փոփոխված նախագծի արդյունքում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 284 հազ. դրամ, հարկային եկամուտներից ու պետական տուրքերից ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն 248 մլրդ դրամ։ Ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 307 մլրդ դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156 մլրդ դրամ։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության դրական կարծիքը ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Իր ելույթում նա դրական է գնահատել նախագիծը եւ համոզմունք հայտնել, որ այն տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող նախագիծ է։ Ըստ բանախոսի՝ այն նաեւ երկիրը որակական նոր զարգացման կբարձրացնի։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է սպասվող թանկացումներին, խոսել փաստացի թանկացումներից, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ՀՀ հարկային նոր օրենսգրքով եւ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի՝ առաջիկա հունվարից ուժի մեջ մտնելով։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը։ Նա անդրադարձել է մեր երկրում կոռուպցիոն դրսեւորումներին, քննադատել կառավարության կողմից իրականացվող քայլերը, խոսել պետական պարտքի ավելացող ծավալներից, աղքատության վիճակագրական տվյալներից, գնաճի տեմպերից։ Խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում հատկացումներին, ներդրումների նկատմամբ վերահսկողության իրականացման հարցին։ Պարոն Բաղդասարյանի խոսքով՝ կառավարությունը հեռանկարային ծրագիր է ներկայացրել, բյուջետային փաստաթուղթը նպատակային է, իրատեսական։ Այն կայունացման բյուջե է՝ միտված ապագային. կառավարությունը պահի խնդիր չի լուծում։ ՀՀԿ խմբակցությունը կողմ է նախագծին։
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ առողջապահության ոլորտի ծախսերի կրճատման հարցը կառավարության հետ քննարկվել է, արդյունքում՝ պետական բյուջեի նախագծում ներդրվել են 2017 թվականի չափորոշիչները, ծախսերը գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Պարոն Հակոբյանը կարեւորել է էլեկտրոնային առողջապահության համակարգի, ոլորտում անկախ առաջնային օղակի ներդրումը, խոսել աղքատության կրճատմանն ուղղված արդյունավետ քայլերի մասին։
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ բնակչության կյանքի ու կենցաղի մակարդակի իրական գնահատականից կտրված բյուջե է ներկայացված։ Նրա խոսքով՝ բյուջեն պետք է համարժեքորեն արձագանքի երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Պարոն Գրիգորյանը խոսել է նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ սննդի հնարավոր թանկացումների մասին։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադարձել է իրավիճակի քաղաքական գնահատականներին ու տնտեսական քաղաքականության իրականացմանը։ Պարոն Հարությունյանի գնահատմամբ՝ բարեփոխումները, իհարկե, բավարար չեն, բայց կառավարության որդեգրած ուղղությունը, հիմնական դինամիկան արդարացված է եւ ժամանակի պահանջներին համահունչ։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ կառավարությունը 2018 թվականին տնտեսական զարգացման համար իրական հատվածը զարգացնելու նախադրյալներ է ստեղծում։
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ բյուջեի նախագիծն արտացոլում է մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության գերակայությունները, այն հնարավորություն է տալու լուծել ՀՀ զինված ուժերի առջեւ դրված առանցքային խնդիրները, էապես բարձրացնելու է ՀՀ զինված ուժերի կարողությունները։ Պարոն Նահապետյանը հավելել է, որ մեր բանակի պատրաստականության կատարելագործմանն ուղղված ծրագրերը նպաստելու են բանակի արդիականացման նոր փուլի իրականացմանը։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում դրվել է հարկաբյուջետային եւ պետական պարտքի կայունության, երկարաժամկետ, կայուն տնտեսական աճի համար բարենպաստ միջավայրի ձեւավորման, ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալների ընդլայնման տեսլականը։ ՀՀ ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների կողմից կառավարությանը ներկայացվել է 111 առաջարկ, որոնց ընդունման ժամանակ գործադիրն առաջնորդվել է տրամադրվելիք միջոցների արդյունավետության եւ նպատակայնության ապահովման սկզբունքով։ «2018 թվականի բյուջեի նախագիծը կազմված է՝ հաշվի առնելով պետության առջեւ ծառացած առաջնային խնդիրների լուծման հրամայականը, այն հավասարակշռված է, իրատեսական եւ նպատակ ունի ամուր հիմքեր ստեղծել ապագա զարգացումների համար։ Հանձնաժողովը կոչ է անում կողմ քվեարկել»,—ասել է պարոն Մինասյանը։
Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգարժան անդամներ,
Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական փաստաթուղթ է։ Եվ դրա շուրջ ծավալվող դժվարին ու պատասխանատու քննարկումները, որոնք վերաբերում են մեր երկրի զարգացման հեռանկարին, բնականաբար, տնտեսականից ու սոցիալականից բացի, նաեւ քաղաքական են։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ շահագրգիռ քննարկման ու ակտիվ դիրքորոշումների համար։
Շնորհակալ եմ նաեւ կառավարության ներկայացուցիչներին՝ վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության եւ ներդաշնակ աշխատանքի համար։
Երկրի հերթական բյուջեի հերթական քննարկումը եւս մեկ հնարավորություն ու առիթ է խոսելու առկա խնդիրների, մարտահրավերների, դրանց հաղթահարման ու լուծումների մասին։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ դանդաղելու ժամանակ չունենք, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետեւողական ու սկզբունքային։ Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու, մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլեւս հետեւում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետեւանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է եւ այլն։
Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար։
Հարգելի գործընկերներ,
Իհարկե, անհնար է ելույթի համար հատկացված ժամանակի շրջանակում ամբողջությամբ անդրադառնալ 2018 թվականի պետական բյուջեի մասնագիտական բազմաթիվ նրբություններին։ Բայց միանշանակ կարող եմ նշել, որ, մեծ հաշվով, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է. եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջեւ եւ ընդունենք, որ այս պահին այսքա՛նն է մեր հնարավորությունների սահմանը։
Բայց այն նաեւ ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմանները ինքներս ենք մեծացրել։
Անկեղծորեն պիտի ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ եւ ոգեւորում է, եւ ինչ–որ չափով անհանգստացնում։
Ոգեւորում է, քանի որ տեսնում եմ տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման անթաքույց կամք եւ, վերջապես, տեսնում եմ իրերն իրենց անունով կոչելու եւ վարդագույն ակնոցներին չապավինելու ձեռագիր։
Սրանք ես տեսնում եմ շատ հստակ, եւ դա ինձ ոգեւորում է։
Բայց ես տեսնում եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես կրթության ու առողջապահության հանդեպ։ Ու թեեւ ես շատ լավ հասկանում եմ, որ այն, ինչ հիմա մենք անում ենք, մեծացնելու է վաղվա մեր հնարավորությունները նույն սոցիալական, կրթության ու առողջապահության ոլորտներում թռիչք ունենալու համար, միեւնույն է, կարծում եմ, որ մենք հետագայում ավելի լրջորեն պետք է աշխատենք՝ այս ոլորտների ֆինանսավորումն առնվազն չնվազեցնելու, այլ ավելացնելու ուղղությամբ։
Այո, պետբյուջեի նախագծով որոշակիորեն կրճատվում է առողջապահության ֆինանսավորումը։ Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կամ գրեթե անհնար է վերականգնել։ Այս ոլորտում բարեփոխումները, օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելը, համակարգն ավելի արդիական ու ճկուն դարձնելն է, չպետք է անցանկալի ազդեցություն ունենան բնակչությանը մատուցվող ծառայությունների վրա։ Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ թե՛ քաղաքացու առողջության եւ թե՛ առողջապահության համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրը կարգավորելու ճանապարհներ։ Արդյունքում, 2018 թվականի պետբյուջեի ներկայացված վերջնական տարբերակում, նախագծի առաջին տարբերակի համեմատ, էականորեն՝ 4 մլրդ դրամով, ավելացվել է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը։
Հարգելի գործընկերներ, պարզ է, որ 2018 թվականի պետական բյուջեն, բնականաբար, չի կարող իր մեջ տեղավորել բոլոր ցանկությունները։ Այստեղ է, որ տարակարծություններ, տեսակետների ու դիրքորոշումների բախում են առաջանում քաղաքական ուժերի, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների միջեւ։ Սակայն հասկանալի է, որ բոլոր հարցերը միանգամից լուծելը, մեղմ ասած, դժվար է, շատ անգամ՝ անհնար։ Հետեւաբար, պոպուլիզմը որեւէ կերպ ընդունելի չէ, որովհետեւ այն կարող է հանգեցնել նաեւ սոցիալական աղետի։ Պետք է գնալ իրատեսության, գերակայություններին նախապատվություն տալու ճանապարհով։
Հուսով եմ՝ մենք կկարողանանք, հեռատեսություն ու սթափություն դրսեւորելով, ընդունել պետական բյուջեի առավել օպտիմալ տարբերակ։ Դրանով իսկ կառավարությանը հնարավորություն կտանք իրագործել նախատեսված ծրագրերը, հասնել տնտեսության կայուն աճի, որպեսզի խոսքը վերածվի գործի, գործն էլ իր հերթին դառնա արդյունք։
Կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին»։
Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին ու քննադատություններին, ներկայացրել հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հիմնական հենասյուները՝ վստահեցնելով, որ կառավարությունը ճշգրիտ քաղաքականություն է իրականացնում։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Բույսերի սորտերի պահպանության մասին» եւ դրանց կից օրենքների նախագծերի փաթեթները։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Oրենքի նախագիծը կանոնակարգում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնություն հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները։
Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Փոխնախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունն իր մեջ ամփոփում է ոլորտի բնութագրական կարգավորումները, եւ հաջողվել է ստանալ այնպիսի նախագիծ, որն ի զորու է փարատել հանրության շրջանում առկա մտահոգությունները։
Արտահերթ ելույթ է ունեցել Էդուարդ Շարմազանովը։ Նա անդրադարձել է հասարակական մեծ հնչեղություն ստացած նախագծին եւ նշել, որ առաջին տարբերակում առկա խնդրահարույց դրույթները հիմնականում հանվել են քննարկվող նախագծից։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նախագծում դեռեւս կան այնպիսի դրույթներ, որոնք ենթակա են քննարկման։
Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է նախագծի տերմինաբանությանն ու շարադրանքին, ներկայացրել որոշ դրույթների վերաբերյալ իր մտահոգությունները։ Ըստ նրա՝ նախագիծը չի նպաստելու ընտանիքներում բռնությունների թվի նվազեցմանը։ Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել է նախագծի խնդրահարույց դրույթներին, մատնանշել նախագծում առկա թերությունները։ Աղվան Վարդանյանը կարեւորել է լրամշակված փաթեթի ընդունումը, ներկայացրել հայկական ավանդական ընտանիքի տեսլականը՝ ափսոսանք հայտնելով, որ այն երբեմն խաթարված է ներկայանում։ Սերգեյ Բագրատյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնությունը, սակայն անհրաժեշտ համարել դրա որոշ դրույթների լրամշակումը։ Նա մասնավորապես անհրաժեշտ է համարել ոստիկանության կողմից ընտանիքի գործերին անհարկի միջամտության կանխարգելումը։ Հրայր Թովմասյանը կարեւորել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Նաիրա Զոհրաբյանը խոսել է ընտանեկան բռնությունների մասին՝ նշելով, որ դրա մեկ դեպքն անգամ մտահոգիչ պետք է լինի։ Տիկին Զոհրաբյանը կողմ է նախագծին։ Հայկ Բաբուխանյանն ընդգծել է, որ ընտանիքում համերաշխությունը վերականգնելու խնդիր չկա, կա համերաշխության ապահովման խնդիր։ Գեւորգ Գորգիսյանն անդրադարձել է մասնավորապես բռնության դեպքի մասին ահազանգմանը, բռնարարից զենքի առգրավմանը, ոստիկանի որոշմամբ անհետաձգելի միջամտությունների դադարեցմանը վերաբերող դրույթներին եւ առաջարկներ ներկայացրել։ Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ օրենքի նախագծի ընդունումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ։ Տիկին Աճեմյանը եւս կողմ է օրենքի նախագծի ընդունմանը։ Ալիկ Սարգսյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, նշել է, որ քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերով արդեն իսկ կարգավորված են այս փաստաթղթով լուծվող մի շարք խնդիրներ։ Նա օրենքի նախագծի վերաբերյալ տարակարծությունները պայմանավորել է հանրության ոչ լիարժեք իրազեկմամբ եւ հավելել, որ նախագիծն ավանդական ընտանիքների համար վտանգավոր դրույթներ չի պարունակում։ Արմենուհի Կյուրեղյանի կարծիքով՝ պետք է հասարակությունում առկա կարծրատիպերը փոխել։ Նա նշել է, որ չկանխելով բռնությունը՝ նպաստում ենք ապագայում նոր բռնությունների իրականացմանը։ Լենա Նազարյանը խոսել է բռնության դեմ իրական պայքարի կարեւորության մասին։ Միհրան Հակոբյանի խոսքով՝ օրենքը պետք է բռնությունը կանխարգելող լինի։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ հանրային քննարկումների որակի խնդրին։ Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ օրենքն անհրաժեշտ է, եթե անգամ այն մի կնոջ կյանք կարող է փրկել։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընտանեկան ու ազգային ավանդույթների մասին, ընդգծել է, որ այս օրենքը մեր երկրի համար է։ «Եթե չեք ցանկանում, որ ձեր ընտանեկան խնդիրներին որեւէ մեկը միջամտի, ուրեմն մի արեք այնպես, որ ձեր ընտանեկան խնդիրը դառնա ձեր հարեւանների, շենքի, թաղի, երկրի, պետության հարցը, ուրեմն մտահոգվեք ձեր ընտանիքի ներսում հարաբերությունների մասին այնպես, որ դա լինի բացառապես ձեր ընտանեկան գործը։ Ով ուզում է, որ այս օրենքն իր ընտանիքին չվերաբերի, դա կարող է անել իր ընտանիքում համապատասխան պահվածք ձեւավորելով եւ համապատասխան մթնոլորտ հաստատելով»,—ասել է պարոն Փաշինյանը։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը մեր հասարակությունում առկա կեղծ մտածողությունն ու տրամադրությունը շտկելու սկիզբն է։ Նրա խոսքով՝ օրենքի դրույթների իրականացմանն սպասարկող համակարգերը՝ ոստիկանություն, սոցիալական աշխատողներ, բուժաշխատողներ եւ այլն, պետք է վերապատրաստվեն. նրանց համագործակցված աշխատանքը եւս կարող է նպաստել հասարակության առողջացմանը։ Բռնության կանխարգելման աշխատանքներ պետք է իրականացվեն դեռեւս վաղ տարիքից։
Արտահերթ ելույթ է ունեցել Արփինե Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ ընտանեկան հարաբերությունները կարգավորված չեն օրենսդրությամբ եւ չեն էլ կարգավորվելու, ինչը, ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով, հիմնական թեզն է, որը պետք է հնչի օրինագծի քննարկման ժամանակ։ Անդրադառնալով պատգամավորների ելույթներին ու առաջարկներին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ընտանիքում համերաշխությունն օրենքով չի կարգավորվում, այդ թվում նաեւ համերաշխության վերականգնումը։ «Խնդիրը կեղծ օրակարգ ստեղծելը չէ, պետք է ազդակ ուղղել հանրությանը, որ որեւէ մեկը չի միջամտում ձեր ընտանեկան կյանքին»,– ասել է Արփինե Հովհաննիսյանն ու հավելել, որ խնդրի դեպքում հնարավոր է որոշակի գործիքակազմով այն լուծել՝ նպաստելով համերաշխության վերականգնմանը։
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ պետությունը չի միջամտելու ընտանեկան խնդիրներին, քանի դեռ այդ ընտանիքում որոշակի կարգավիճակ ունեցող որեւէ մեկը չի բարձրաձայնի իրական խնդրի գոյության մասին։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է նաեւ ոստիկանության ունեցած դերի, ավանդական ընտանեկան արժեքների մասին։
Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։

07-12-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO