Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ՆԱԽԱԳԱՀ


Սպառողական շուկաները՝ հսկողության ներքո

Նախագահը հանձնարարականներ է տվել գնաճի եւ դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել՝ հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով։
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Ընդգծելով, որ խորհրդակցությանը ներկա որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաեւ պատասխանատվություն են կրում տնտեսավարողների ազատ եւ արդար մրցակցության ապահովման համար՝ հանրապետության նախագահը նշել է, թե պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով այդ մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները։ Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ՝ ուղղված գների բարձրացման հետեւանքների մեղմմանը եւ հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին։
«Հարգելի՛ գործընկերներ,
Ես հուսով եմ, որ ամանորյա տոնակատարություններին զուգահեռ շարունակել եք կատարել ձեր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ շարունակել եք մշտադիտարկել սպառողական շուկան եւ այդ շուկայում տեղի ունեցող գործընթացները։ Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների եւ անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները։ Հենց այդ պատճառով դեկտեմբերի 12—ին իմ հարցազրույցում ես անդրադարձա այդ խնդրին, եւ ձեզնից ստացած արձագանքները խոսում էին այն մասին, որ այդ տատանումներն առաջին հերթին եւ հիմնականում պայմանավորված են միջազգային շուկաներում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով։ Բայց դեկտեմբերի 12—ից մինչեւ այսօր գրեթե մեկ ամիս է անցել, եւ դուք հնարավորություն եք ունեցել մանրամասն ուսումնասիրելու այդ գործընթացը։ Հիմա ես ուշադիր կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի վերլուծությունը։ Պատճառները կճշտենք, բայց մինչ այդ ուզում եմ ուշադրություն հրավիրել երեք հանգամանքի վրա։
Առաջին հանգամանքը հետեւյալն է. ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, եւ պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձեւավորելու՝ մրցակցային միջավայր, որը երեւի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում։ Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու։ Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ։
Հաջորդ հանգամանքը հետեւյալն է, որ մենք պարտավոր ենք, ուղղակի պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին՝ մշտապես։ Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը։ Բոլորս՝ այստեղ նստած բոլորս, պարտավոր ենք մշտապես հանրությանը տեղեկացնել այդ պրոցեսների մասին։ Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն։ Ընդ որում՝ այս բացատրությունները ներկայացնելուն զուգահեռ մշտապես պետք է կանխատեսումներ անել, եւ մեզնից յուրաքանչյուրն իր կանխատեսումների համար էլ պատասխանատու է։ Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն եւ հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է։ Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները։ Եվ շատ շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ—որ կերպ իրավիճակը լարել։ Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու։
Հաջորդը՝ եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետեւանքները։ Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից։ Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, եւ պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ։ Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետեւանքները։ Եվ մյուսը, որ այս կետի մեջ է մտնում՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաեւ գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են։ Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաեւ ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա։ Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք, վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,–խորհրդակցության սկզբում ասել է հանրապետության նախագահը։
Քննարկման մասնակիցներին ԿԲ նախագահը տեղեկատվություն է ներկայացրել սպառողական ապրանքների շուկայում 2017 թվականի վերջին եւ 2018 թվականի առաջին տասնօրյակներում գրանցված գնաճի վերաբերյալ։
Փոխվարչապետը ներկայացրել է սպառողական շուկաներում էական գնաճ ունեցող ապրանքների գնաճի պատճառների վերլուծությունը եւ դրա հետեւանքների մեղմման ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ առաջարկություններ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է հիմնական սպառողական կամ մեծ սոցիալական նշանակության ապրանքների գների մոնիտորինգի արդյունքները՝ հատկապես բարձր կենտրոնացվածություն եւ մեծ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում։
Խորհրդակցության արդյունքներով՝ հանրապետության նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին։
Մասնավորապես, կառավարությանը հանձնարարել է կազմել սոցիալապես կարեւոր ապրանքների ցանկ։ Շարունակաբար ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը եւ առաջարկել միջոցառումներ թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով։ Արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը։
Հանձնարարվել է նաեւ առաջարկել գնաճի հետեւանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարեւոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են։ Առաջին հերթին սոցիալապես կարեւոր գյուղատնտեսական ապրանքների համար կմշակվի եւ կներկայացվի տեղական արտադրության զարգացման եւ ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել գների հնարավորինս մատչելի մակարդակ՝ միեւնույն ժամանակ խրախուսելով տեղական արտադրությունը։
Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելիս, որոնց արդյունքում հնարավոր են սոցիալապես կարեւոր ապրանքների գների էական փոփոխություններ, կառավարությունը պետք է զուգահեռ մշակի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ գնաճի հետեւանքների մեղմմանը։ Կառավարությանը հանձնարարվել է նաեւ մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում եւ հայտնաբերված խնդիրները ներկայացնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի եւ ալյուրի շուկաներում գնագոյացումը եւ խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

12-01-2018





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO