Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայերի ցեղասպանությունը Բաքվում

Դեռ հայտնի չէ, թե ով է իսկական զոհը.
սպանված հայը, թե՞ մարդասպան ադրբեջանցին։
Ակադեմիկոս Ա.Դ.ՍԱԽԱՐՈՎ

Մարդատյացը ատում է նրանց, ում չարիք է պատճառում։
Նա ավելի քիչ էր ատում ուրիշին, քան ինքն իրեն։
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Անցած 2017 թվականի մոտավորապես երկրորդ կեսին ժողովրդի միջավայրում շարունակ հիշեցնում էին միմյանց այն մասին, որ 2018 թվականը հարուստ է լինելու պատմական հոբելյաններով։ Բնավ զարմանալի չէ, որ անկյունաքար էր դարձվում Ղարաբաղյան շարժման երեսունամյակը՝ 1988 թվականի փետրվարի 20—ը։ Եվ, պահպանելով օրացուցային սկզբունքը, անհրաժեշտ է, որ առաջին հրապարակումները նվիրենք Բաքվի ողբերգությանը, որը սկսվեց 1989 թվականի վերջին եւ շարունակվեց մինչեւ 1990 թվականի հունվարի 21—ը։
Սկսեմ նրանից, որ միայն 1990 թվականի հունվարի 10—ին պետության ղեկավարը ստորագրեց ընդամենը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումը «Նախիջեւանի ԻԽՍՀ տարածքում պետական սահմանի վերաբերյալ օրենքի կոպիտ խախտումների մասին»։ Եվ ոչ մի խոսք Բաքվի մասին։ Հիշեցնենք, որ այդ որոշումն ընդունվել էր արդեն այն բանից հետո, երբ մի ամբողջ ամիս Իրանի հետ սահմանագծի ողջ 700 կիլոմետրերի վրա տեղի էին ունենում ավերածություններ, ապամոնտաժումներ (հիշենք Ստալինի կողմից կազմակերպված Կարսի պայմանագիրը՝ Նախիջեւանը Ադրբեջանական ԽՍՀ—ի կազմում ներառելու մասին, «առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի»)։ Մի խոսքով, այն օրը, երբ Գորբաչովը իր համար արդեն ավանդական դարձած աններելի ուշացումով արձագանքեց Նախիջեւանի վանդալիզմին, հայկական տներ էի վառվում ոչ միայն Բաքվում, այլեւ Ադրբեջանի ողջ տարածքում։ Այդ նույն օրը թերթերում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման կողքին տեղադրված էր ՏԱՍՍ—ի տեղեկատվությունը. «Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում հակաիրավական գործողությունների կասեցման ժամանակ ադրբեջանական միլիցիայի աշխատակիցների կողմից վիրավորվել են լեյտենանտ Ի.Ցիմբալյուկը եւ կրտսեր սերժանտ Է.Սապիլովը։ Այսօր լեյտենանտ Ցիմբալյուկը մահացավ Թբիլիսիի ռազմական հոսպիտալում… Զինված հարձակումներ են կատարվել հայկական Վերիշեն, Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ եւ Շահումյանի շրջանի Հայկական Բորիսներ գյուղերի վրա»։
Սակայն զանգվածային լրատվության խորհրդային միջոցները դեռ երկար ժամանակ չէին արձագանքում Բաքվում կատարվող իրադարձություններին։ Այսպես ասած, կողմնորոշվում էին։ Սպասում էին ցուցումների։ Ճիշտ է, «Բակինսկի ռաբոչի»—ն տպագրեց երկու տողանոց համեստ տեղեկատվություն այն մասին, որ հունվարի 14—ին Բաքու են ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, Միությունների խորհրդի նախագահ Ե. Մ. Պրիմակովը եւ ԽՄԿԿ Կենտկոմի (ազգությունների հարցերով զբաղվող) քարտուղար Ա. Ն. Գիրենկոն։ Իսկ հայկական «Կոմունիստ» թերթը հաղորդեց այն մասին, որ Երեւան են ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ն. Ն. Սլյունկովը եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ի. Ս. Սիլաեւը։ Նրանց վայրէջքից բառացիորեն մեկ ժամ անց Երեւան հասցվեցին Բաքվի առաջին հայ փախստականները։ Մոսկովյան թերթերը տպագրեցին առաջին ժլատ տեղեկատվությունը Բաքվի ջարդերի մասին։
Հենց այդ օրը, հունվարի 16—ին, հրապարակվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ արտակարգ իրավիճակ մտցնելու ոչ թե Բաքվում, այլ… Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում եւ հայկական մի քանի այլ շրջաններում, որոնց համաձայն պետք էր «արգելել ժողովների, հավաքների, փողոցային երթերի, ցույցերի անցկացումը, վերահսկել զանգվածային լրատվամիջոցները (եւ դարձյալ այդ ամենը ոչ թե Բաքվում, որտեղ հեղվում էր հայերի արյունը, այլ Ստեփանակերտում, ողբերգության վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու (!), «պարտավորեցնել տվյալ տեղանքի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիներին հեռանալ… (եւ այս ամենը ոչ թե Բաքվի մասին է, որտեղ մոլեգնում էին բարբարոսները, այլ Ղարաբաղի, որն արդեն ընդունում էր Սումգայիթի հայ փախստականներին)։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը դարձավ յուրօրինակ փորձադաշտ արտակարգ իրավիճակի ինստիտուտի համար, քանզի երկրում գոյություն չուներ այդ «ծայրահեղ քայլի» գործնական կիրառումը կարգավորող որեւէ իրավական նորմ։ Քանի որ ԼՂԻՄ—ի օրինական իշխանությունը լուծարված էր, ենթադրվում էր ոչ թե արտակարգ, այլ ռազմական դրության սահմանում։ Եվ հավանաբար, հնարավոր ապօրինություններն ինչ—որ կերպ կանխելու նպատակով, հրամանագիրը պարունակում էր 10—րդ խորամանկ կետը. «Անհրաժեշտ համարել ԽՍՀՄ Գերագույն խորհրդում արագացնելու արտակարգ դրության իրավական ռեժիմի վերաբերյալ օրենքի նախագիծը, որը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնարարությամբ մշակել է ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը» (շուտով մենք՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներս, ընդունեցինք այդպիսի օրենք)։ Իսկ առայժմ Ղարաբաղում փաստորեն հաստատեցին իրավազրկության ռեժիմ՝ բնակչության համար, եւ ամենաթողության ռեժիմ՝ պաշտոնական (իմա՝ ադրբեջանական) իշխանությունների համար։
Ջարդերի առաջին իսկ օրը Բաքվում եւ այլ քաղաքներում ամբողջովին շարքից հանվեց ողջ հեռուստատեսային տեխնիկան։ Բայց փոխարենը Լեռնային Ղարաբաղի կենտրոնից՝ Շուշի քաղաքից օր ու գիշեր եթեր էին արձակվում հակահայկական քարոզչությունն ու փողոցային հայհոյանքները։ Պարետությունն անկարող էր որեւէ բան անել, քանզի Շուշիում, որտեղ այդ ժամանակ հայեր չէին մնացել, պարետային ժամը փաստորեն չէր գործում։ Շուշիի այդ կամայականությունների մասին գրեց «Սովետական Ղարաբաղ» թերթը։ Արտակարգ իրավիճակի մասին նորաթուխ հրամանագրի երկրորդ կետի հիման վրա հոդվածի հեղինակին ձերբակալեցին եւ ուղարկեցին Ռուսաստան։ Մեկ օր անց «Պրավդա»—ում հայտնվեց տեղեկատվություն. «Ազգամիջյան խժդժություններ բորբոքելու համար Ստեփանակերտում վարչական կարգով ձերբակալվել է «Սովետական Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ա. Ա. Ղուկասյանը» (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագա նախագահը—Զ. Բ.)։ Նույն թղթակցությունը հաստատում էր, որ Ադրբեջանի Ժողովրդական ճակատը իրագործում է ոչ միայն հայերի, այլեւ ուրիշ ազգերի ու ազգությունների ներկայացուցիչների ցեղասպանություն. «Ժողովրդական ճակատը շարունակում է հանդես գալ սուր արտահայտված ազգայնամոլական դիրքերից։ Այսպես, այն սպառնում է լիովին ոչնչացնել ուդիների ցեղախումբը, որը 6000 մարդ քանակով բնակվում է Ադրբեջանի Կուտկաշենի շրջանի Նիջ գյուղում» (այդ հինավուրց ազգությունը դավանում է ուղղափառություն)։
Արտակարգ դրության շրջանի առաջին (արդեն օրինական) պարետ նշանակվեց գեներալ—մայոր Յու. Ա. Կոսոլապովը։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ Վաչագան Գրիգորյանի եւ Բորիս Դադամյանի հետ այցելեցինք նորաթուխ պարետին եւ անհանգստություն արտահայտեցինք այն կապակցությամբ, որ ադրբեջանական իշխանությունները, շահարկելով հրամանագրով իրենց տրված հնարավորությունները, շարունակում են իրարանցումից օգտվելով «օրինական» հիմքերով տարհանել հայկական բնակչությանը։ Սակայն պարետի հետ զրույցից մենք հասկացանք, որ նա մեզ մոտ ժամանակավոր մարդ էր։ Եվ չէինք սխալվել։ Բառացիորեն մեկ—երկու օր անց Կոսոլապովին փոխարինեց ներքին զորքերի տխրահռչակ գեներալ Վ. Սաֆոնովը, որն առաջին իսկ օրերից իրեն դրսեւորեց որպես հակահայկական գործողությունների սադրիչ, ինչպես բուն Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում։ Մի քանի ամիս էլ չէր անցել, երբ արդեն սկսեցին խոսակցություններ շրջել, որ նա ընտրվել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի անդամ Մութալիբովի ձեռքից ստանալով «մարտական» պարգեւներ, թանկարժեք նվերներ։ Շուտով Բաքվից նրան օգնության հասավ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Պոլյանիչկոն, որը հանրապետության ղեկավարության կողմից նշանակված էր Լեռնային Ղարաբաղի գծով կազմկոմիտեի նախագահ։ Դա նենգ մտահղացում էր. ռուսների ձեռքով անօրինություններ գործելով՝ հակառուսական տրամադրություններ բորբոքել հայերի մոտ։ Ի դեպ, գորբաչովյան հրամանագրից էլ առաջ Ստեփանակերտում գործում էր պարետային ժամ։ Իսկ հիմա այն երկարաձգեցին օրական եւս երկու ժամով։ Ղարաբաղը սուզվեց ամենաիսկական դժոխքի մեջ։ Միակ բանը, որ մեզ մնում էր անել՝ Ադրբեջանի իշխանությունների դեմ քաղաքացիական անհնազանդություն ծավալելն էր։ Հրամանագրով պայմանավորված պարետային ժամի եւ դաժան ռեժիմի տակ քողարկված, վստահ իրենց անպատժելիության մեջ, ադրբեջանցի օմոնականները ամեն օր քշում—տանում էին անասուններին, հրկիզում խոտի դեզերը։ Պայթեցրին Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը, անջատեցին գազն ու էլեկտրական հոսանքը։ Իսկ դիմադրողներին այսպես ասած՝ «ֆիլտրում» էին եւ ծեծից կիսամեռ արված ուղարկում Շուշիի բանտ, որտեղից կենդանի կարելի էր ելնել միայն ահռելի գումարների գնով։
Իսկ այդ ժամանակ Բաքվում չէին էլ մտածում ոչ միայն արտակարգ դրություն, այլեւ նույնիսկ պարետային ժամ մտցնել։ Թեեւ ադրբեջանական մայրաքաղաքում վառվում էին հայերի տներն ու բնակարանները, սեփական կացարաններից դուրս էին քշվում եւ ողջակիզվում մարդիկ։ Ճիշտ է, ՏԱՍՍ—ի առաջին հաղորդագրություններում այդ ամենը մատուցվում էր ավելի քան մեղմացված. «Երեկոյան խուլիգանական տարրերի կողմից Բաքվում սադրվել են անկարգություններ եւ անօրինություններ։ Տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, կան մարդկային զոհեր»։
Ներկայիս սերունդը քիչ բան գիտի այն ժամանակվա տեքստերի լրագրային ոճի մասին։ Ներկայացնեմ ՏԱՍՍ—ի վերոնշյալ հաղորդագրության շարունակությունը. «Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմը, Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը եւ հանրապետության Մինիստրների խորհուրդը վճռականորեն եւ զայրագին դատապարտում են խուլիգանական տարրերի հանցավոր գործողությունները եւ կոչ անում Բաքու քաղաքի բնակիչներին, ողջ հանրապետության աշխատավորությանը հանդես բերել բարձր պատասխանատվություն, առավելագույն զսպվածություն եւ կազմակերպվածություն՝ ամենայն աջակցություն մատուցելով իրավապահ մարմիններին»։ Այդ փարիսեցիական դեմագոգիայի էությունը հեշտորեն պարզաբանել է, մասնավորապես, Ժողովրդական ճակատի վարչության անդամ, մամլո կենտրոնի ղեկավար Լ. Յունուսովան, որն անկեղծորեն հայտարարեց ՍԻԱ գործակալությանը. «Այդ գործողությունները սատարված էին պաշտոնական ղեկավարության կողմից, որը դեռ անցած աշնանը Ժողովրդական ճակատն անվանում էր ծայրահեղականներ, հանցագործներ, իսկ հիմա դադարեցրել է հարձակումները, քանի որ ճակատի աջ թեւի գաղափարները նրան հարազատ են։ Հանրապետության ղեկավարությունը աչք է փակում նաեւ ճակատի աջ թեւի՝ Հայաստանի հետ առճակատումը շարունակելու ձգտման վրա։ Օրինակների համար պետք չէ հեռու գնալ. Բաքվում հրկիզեցին հայկական եկեղեցին։ Ի դեպ, միլիցիան չարձագանքեց այդ վանդալիստական գործողությանը…»։
Հունվարի 13—ից հետո, երբ տեղեկատվական վեկտորն ուղղված էր հիմնականում Բաքվի վրա, թվում էր, թե Նախիջեւանի եւ Ադրբեջանի այլ շրջանների իրադարձությունները մոռացված են։ Հունվարի 16—ին «Իզվեստիա» թերթը գրել է. «Յուրաքանչյուրն, ով հետեւում է Անդրկովկասի իրավիճակին, չի կարող չնկատել, որ Բաքվում տեղի ունեցած ողբերգությունը կապված է իրանա—ադրբեջանական սահմանագծին դրան նախորդած իրադարձությունների հետ»։ Հենց հունվարի 16—ին՝ Բաքվի ջարդերի յուրօրինակ բարձրակետի օրը, Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց Խատինի, Սոնգմիի վերածել Շահումյանի շրջանի հայկական Մանաշիդ փոքրիկ գյուղը։ Ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցին հայտնել է փոխգնդապետ Վ. Վ. Խարիչկինը, «գյուղի վրա տեղում է հրետանակոծությունը։ Զինյալներն ունեն հակագրադային կայանքների զենիթային մարտկոց եւ եւս մեկը՝ ադրբեջանական Աջենդ գյուղի շրջանում։ Դրանցով գնդակոծվում են Ազատ, Գետաշեն եւ այլ հայկական բնակավայրեր։ Կրակում են նաեւ ռազմական ուղղաթիռների վրա»։ Եվ այդ ամենը թվում է, թե տեղի էր ունենում գործող խորհրդային իշխանության օրոք։
Ես կարծում եմ, ներկայիս սերունդը, առանձնապես երիտասարդությունը պետք է իմանա, որ բացարձակապես տարբեր կերպ արձագանքեցին հայկական ջարդերին Թուրքիան եւ Իրանը։ Եթե Իրանի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, թե «իսլամը սահմաններ չի ճանաչում, երբ խոսքը մարդկանց հոգիների մասին է, բայց նա վճռականորեն մերժում է նույնիսկ բուն միտքը պետական սահմանը խախտելու մասին», ապա Թուրքիան, հայերի նկատմամբ մշակված ավանդույթների շրջանակներում, 1990—ի հունվարյան այդ համարյա բոլոր սեւ օրերին շռայլորեն մեկնաբանում էր Ադրբեջանական ԽՍՀ—ի Մինխորհի նախագահ Ա. Մութալիբովի այցը Անկարա։ Բաքվում հայկական ջարդերի մանրազնին նախապատրաստման ամենաեռուն պահին՝ հունվարի 5—ից 10—ը Մութալիբովը ուղեւորություն կատարեց Թուրքիա, որտեղ հրահանգավորում ստացավ թուրքական փորձառու մասնագետներից, թե ինչպես կազմակերպել կոտորածը ջրից չոր դուրս գալու եւ զոհին մեղադրելու համար։ Եվ Ա. Մութալիբովը, որ մոտալուտ ապագայում զբաղեցնելու էր Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպես կգնահատի այն փաստը, որ հայերն աղմուկ են բարձրացնում Բաքվում արդեն սկսված ջարդերի առիթով, լկտիաբար նետեց. «Շունը հաչում է, քարավանը՝ գնում»։ Այդ կեղտոտ ցինիզմի մասին մենք տեղեկացրեցինք ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի ամբիոնից։ Մութալիբովը վախկոտաբար չքմեղացավ. «Ինձ այնպես չեն հասկացել»։
Հատկանշական է, որ Մութալիբովի՝ Թուրքիա կատարած ուղեւորության մասին ռեպորտաժը «Բակինսկի ռաբոչի» թերթում հրապարակվեց հենց հունվարի 13—ին։ Միտինգի ժամանակ հռետորներից մեկը, կոչ անելով հանրապետությունում արգելել ռուսաց լեզուն, որպես փաստարկ մեջբերեց թերթից Մութալիբովի խոսքերը՝ «թուրքաբանական հետազոտությունների գծով Թուրքիայի հետ գիտական հատազոտությունների փոխանակման անհրաժեշտության, թուրքագիտության հարցերով գիտահավաքների կազմակերպման, Ադրբեջանում թուրքերեն լեզվի հետագա զարգացման մասին»։ Ինչ—որ մեկն էլ բավական անկեղծորեն ասաց. «Եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք թուրքեր ենք, ոչ թե շիաներ, այլ սուննիներ»։ Ի դեպ, դա շատ սկզբունքային հարց է։ Հակառուսական հիստերիայի խորապատկերին ինչ—որ մեկը միտք զարգացրեց, թե նախքան Խորհրդային Միությունից դուրս գալը պետք է վերջնականապես հաշիվները մաքրել հայերի հետ։
Բաքվում սպանում էին ոչ միայն հայերին, ռուսներին, հրեաներին, այլ ազգությունների ներկայացուցիչներին, այլեւ այն ադրբեջանցիներին, որոնք փորձում էին օգնել հայերին։ Բարձրահարկ շենքերի պատուհաններից ու պատշգամբներից վառվող ջահերի պես ցած էին թափվում ոչ միայն իրեր եւ գրքեր, այլեւ կենդանի մարդիկ։ Իսկ այդ ժամանակ Կրեմլում բանավիճում էին՝ զորքեր մտցնե՞լ քաղաք, թե՞ ոչ։ Միայն հունվարի 19—ին Մ. Ս. Գորբաչովը ստորագրեց հրամանագիր «Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին», որը «Պրավդա»—ում տպագրվեց միայն 48 ժամ անց, կիրակի օրը, հունվարի 21—ին, երբ գործնականում Բաքվում չէին մնացել հայեր եւ շատ ռուսներ։
Հրամանի կատարումը հանձնարարվել էր օդադեսանտային զորքերին, ավելի ճիշտ՝ Տուլայի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ա. Ի. Լեբեդին, որը տարիներ անց իր «Տերության համար եմ ցավում» գրքում գրելու էր. «Թերթերը, հեռուստատեսությունը մի ինչ—որ սովորական, գորշ, առօրեական ձեւով պատմում էին այն մասին, որ Բաքվում նորից կոտորած է։ Նշվում էր զոհերի քանակը։ Համաշխարհային եւ միութենական հասարակայնությունը բողոքում էր մի տեսակ ծուլորեն ու «հերթապահ» դարձվածքներով։ Սպաներն ամեն օր զարմանում էին. «Ախր ո՞նց կլինի, Բաքվում կոտորած է, իսկ մենք դեռեւս Տուլայում ենք»։ Ես չգիտեմ, թե մի շաբաթ շարունակ ինչ ջանքեր էր գործադրել արյունալի ազգամիջյան բախումները դադարեցնելու համար, բայց հավանաբար, սպառելով բոլոր փաստարկները, մտաբերեցին այն բանաձեւը, թե «Օդադեսանտային զորքեր գումարած ռազմատրանսպորտային ավիացիա՝ հավասար է խորհրդային իշխանության Անդրկովկասում»։ Միայն հունվարի 18—ին դիվիզիան օդ բարձրացավ տագնապի ազդանշանով»։
Հունվարի 19—ի լույս 20—ի գիշերը Ժողովրդական ճակատի զինյալները տեղատարափ կրակ բացեցին այն զինծառայողների վրա, որոնք մարտերով օդանավակայանից քաղաք էին հասնում մի քանի ժամ շարունակ։ Լեբեդը պատմում է, որ յուրաքանչյուր երկու—երկուսուկես կիլոմետրը մեկ ստիպված էին հաղթահարել հիմնավոր բարձրացված բարիկադներ։ «Երկու անգամ հակազդող կողմը,— գրում է «Տերության համար եմ ցավում» գրքի հեղինակը,— կիրառեց այսպիսի հնարք. ավտոճանապարհով, որով պետք է անցներ գունդը, սլանում է տասնհինգ տոննա տարողությամբ ջրցանը, փականը բացվում է, եւ բենզինը հորդում է ասֆալտի վրա։ Վառելիքը դատարկված է, ցիստեռնը անջատվում է, իսկ հարակից խաղողի այգիներից ասֆալտի վրա են թռչում ջահեր։ Շարասյանը դիմավորում է կրակի համատարած ծով։ Այդ երեսուն կիլոմետրերի վրա ռյազանցիներն ունեցան հրազենային վնասվածքներով յոթ վիրավորներ եւ էլի երեք տասնյակ հոգի, որոնց վնասվածքներ էին հասցվել աղյուսներով, ամրանային ձողերով, խողովակներով եւ ցցերով …»։
Այդ հետո էին պնդելու թե խորհրդային զորքերը Բաքվում գնդակահարեցին «երազանքը անկախ Ադրբեջանի մասին» եւ արդեն «մոռանալու» էին, որ այդ գիշերվա նախօրեին՝ հունվարի 19—ի ցերեկը Ժողովրդական ճակատի մի խումբը ոչնչացնում էր փողոց նետված հայերին, մյուսը դիակապտությամբ էր զբաղվում, երրորդը՝ բռնաբարում կանանց, չորրորդը՝ հարձակումներ գործում սպաների ընտանիքների վրա (ՏԱՍՍ)։ Ստեփանակերտում միութենական ռադիոյով մենք լսեցինք մամուլի տեսությունը. «Շարունակվում է զինծառայողների կանանց եւ երեխաների էվակուացումը քաղաքից» («Իզվեստիա»)։ Նույն տեղում բերված էր Ժողովրդական ճակատի վերջնագրի տեքստը. «Եթե բանակը դուրս չկորչի Բաքվից, ապա հունվարի 21—ի առավոտյան կսկսենք կոտորել ռուս ռուսալեզու բնակչությանը»։ Իսկ մեկ օր անց մամուլի տեսությամբ հնչեցվեց «Կոմսոմոլկա»–ում տպագրված տեքստը. «Մոսկվայում Ադրբեջանական ԽՍՀ—ի մշտական ներկայացուցչությունը լուրեր է տարածել հազարավոր զոհվածների մասին, այն մասին, որ իբր մեկուկես հազար դիակներ թաքցվել են «Ղազախստան» լաստանավում։ Դա լկտի սուտ է»։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում ջարդերի ողջ ընթացքում ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ գազանաբար սպանվել են հարյուրավոր հայեր եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Աստվա՜ծ իմ։ Եվ ախր այս ամենը մոռացված է։ Հիրավի հիշողության հրեշավոր կորուստ,։
Հունվարի 22—ի երեկոյան կենտրոնական հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ Մ. Ս. Գորբաչովը։ Ստեփանակերտում նրա ելույթի տեքստը հեռարձակում էին ԲՄՊ—ների վրա տեղադրված բարձրախոսներից. «Ռազմատենչ ազգայնական—կարիերիստները (?—Զ. Բ.) շարունակում են շիկացնել իրավիճակը, կազմավորել զինյալ ջոկատներ, սկսել են շրջափակել ճանապարհները, օդանավակայանները։ Հաճախակի են դարձել հարձակումները զինծառայողների, զինապահեստների, իրավապահ մարմինների վրա»։ Արցախի մայրաքաղաքում արդեն գտնվում էին Բաքվից հազարավոր փախստականներ։ Նրանք ուշի ուշով ականջ էին դնում տեքստին եւ սպասում, թե Գորբաչովը իրենց էլ կհիշի։ Բայց տեքստը անհասցե էր. «Ջարդեր, սպանություններ, իրենց բնակարաններից հանրապետության սահմաններից դուրս քշված բացարձակ անմեղ մարդիկ… ինչ—որ մեկի տունը դժբախտություն մտավ»։ Իսկ Բաքվում ծայրահեղականների բուն գործողությունները, պարզվում է, կրել էին բոլորովին էլ ոչ թե հակահայկական, այլ «հակապետական, հակասահմանադրական, հակաժողովրդական բնույթ»։
Պատահականության բերումով Մ. Ս. Գորբաչովի ելույթի տեքստը եւ արտակարգ իրավիճակի հայկական հանրապետական խորհրդի հերթական նիստի մասին ծավալուն տեղեկատվությունը հայտնվեցին «Կոմունիստ» թերթի նույն էջում։ Իրավիճակը Հայաստանում իրոք արտակարգ էր։ Մեկ տարուց քիչ ավելի էր անցել աղետալի երկրաշարժից, որը խլեց 27 հազար կյանք եւ անօթեւան թողեց մոտ մեկ միլիոն մարդու։ Ութ ամիս շարունակ հանրապետությունը գտնվում էր ըստ էության ոչ թե շրջափակման, այլ շրջապատման մեջ։ Եվ ի լրումն բոլոր դժբախտությունների, միայն մի քանի օրվա ընթացքում, հունվարյան սառնամանիքներին, ինչպես հաղորդվում էր Հայաստանի արտակարգ իրավիճակի խորհրդի նիստի ռեպորտաժում, Բաքվից Երեւան հասան մոտ ութ հազար ծեծված, խեղված փախստականներ։ Պետք էր նրանց տեղավորել՝ չմոռանալով, որ եւս մոտ հարյուր հազար բաքվեցի հայեր ողբերգական քարավաններով Հայաստանի կողմն են շարժվում տարանցիկ Մոսկվայի, Կրասնովոդսկի եւ երկրի այլ բնակավայրերի միջով։ Այն ժամանակ դեռ գործածության մեջ չէր «հումանիտար աղետ» տերմինը։
Ես հանդիպել եմ բազմաթիվ փախստականների հետ ինչպես Արցախում, այնպես էլ Երեւանում։ Անվերջանալի զրույցներից գծագրվում էր կատարված ողբերգության իրական պատկերը։ Շատ բան այլ կերպ կդասավորվեր, եթե զորքերը Բաքու մտնեին հունվարի 13—ին կամ դրանից մեկ շաբաթ առաջ, երբ սկսվել էին ջարդերը, բայց այդ մասին համառորեն լռում էին։ Եվ այդուհանդերձ՝ հունվարի 19—ի լույս 20—ի գիշերը զորքերի մուտքը Բաքու կասեցրեց մինչեւ ատամները զինված բանդիտների մի ողջ հորդայի, ճիշտ է, ավելի քան երեսուն զինվորներ եւ սպաներ իրենց կյանքով վճարեցին դրա համար։
Տարիներ անց, հյուընկալվելով Արցախում, Ալեքսանդր Լեբեդը ասելու էր. «Ամեն տարի հունվարի 20—ին, երբ Հայաստանում ի հիշատակ Բաքվում զոհված հայրենակիցների հնչում են մահազանգերը, մենք պետք է հիշենք, որ դրանք հնչում են նաեւ Խորհրդային բանակի եւ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զոհված մարտիկների համար»։
Այո, իրավացի էր Ալեքսանդր Լեբեդը՝ նշելով, որ Բաքուն մարդկային աննկարագրելի դրամա էր։ Մոռացվել են նույնիսկ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի երեք նստաշրջանների երկար նիստերը, որտեղ քննարկվում էին Բաքվի հունվարյան իրադարձությունները։ Բնավ ոչ առանց դիտավորության էին դրանք ընթանում խստիվ փակ դռների հետեւում։ Ոչ մի տող հրապարակում, ոչ մի մեջբերում չեղավ պատգամավորների բազմաթիվ պաշտոնական զեկուցումներից ու ելույթներից, որոնք հնչեցին նստաշրջանների ամբիոնից։ Եվ այսօր, կարծում եմ, սուր անհրաժեշտություն կա համառոտ պատմել թեկուզ մի քանի ելույթների մասին, որոնք այն ժամանակ՝ 1990 թվականի մարտի 5—ին մեզ այնուամենայնիվ հաջողվեց ծածուկ գրի առնել մագնիսային ժապավենի վրա (շուտով մենք կարողացանք գրի առնված այդ բոլոր տեքստերը հրապարակել «Ավանգարդ» թերթում, ինչի համար գլխավոր խմբագիր Լեւոն Մանուկյանը այն ժամանակ ստացավ կուսակցական նկատողություն)։

…ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Ե. Մ. Պրիմակովը իր ելույթի սկզբում ներկայացրեց վերլուծությունն այն իրադարձությունների, որոնց խորապատկերին տեղի էր ունեցել կոտորածը։ Մեջբերումը կներկայացնեմ բառ առ բառ. «Մենք ականատես ենք եղել,–խոստովանեց Պրիմակովը,–թե ինչպես ստեղծված իրավիճակում, երբ սկսված հակահայկական վայրի ջարդերը հանգեցրին մարդկային բազմաթիվ զոհերի, հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զրկվեցին տանիքից, վտարվեցին հանրապետությունից»։ Զեկուցողն ազնվորեն նկատեց, որ հայկական ջարդերին «նախորդել էր Իրանի հետ պետական սահմանի աննախադեպ ավերումը, բայց միաժամանակ տարօրինակ է, որ այստեղ, այս դահլիճում այսօր ոչինչ չի խոսվում այդ մասին»։ Ահա թե ինչպիսին էր հայ ժողովրդի մեծ բարեկամը։
Նստաշրջանում այդ թեման զարգացրեց ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, գնդապետ Ն. Ս. Պետրուշենկոն. «Արդեն մոռացել են սումգայիթյան ջարդարարների մասին։ Վերեւից հրաման արձակվեց դատալսումները ցրել ամբողջ երկրով մեկ։ Եվ հիմա դրանք անցկացվում են տարբեր քաղաքների 12 դատարաններում։ Քանի դեռ մենք չենք հանձնարարել Գերագույն խորհրդին նորից անդրադառնալ սումգայիթյան գործին, անպատժելիությունն ու անօրինությունը ծնելու են այնպիսի իրավիճակներ, որոնցում մենք այսօր հատնվել ենք։ Որպես այդ իրադարձությունների ականատես՝ ես կասեմ, որ ամբողջ Բաքուն հիանալի գիտեր, որ քաղաքում պարետային ժամ է հայտարարվելու, եւ զորքեր են մտցվելու։ Իսկ հիմա այս դահլիճում ադրբեջանական հանրապետության ղեկավարներն անմեղ են ձեւանում, իբր՝ չգիտեինք, տեղյակ չէինք, որ զորքերը մտնելու են Բաքու։ Ընդ որում, ջարդերի թեժ պահին նրանք անվերջ խնդրանքով դիմում էին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ, որպեսզի արտակարգ դրություն հայտարարվի տեղերում, շրջաններում, բայց միայն՝ ոչ Բաքվում։ Արդյոք այն պատճառով չէի՞ն այդպես վարվում, որ լավ գիտեին՝ Ժողովրդական ճակատը փաստորեն Բաքվում մտցրել էր «իր» պարետային ժամը եւ «իր» արտակարգ դրությունը»։
ԽՍՀՄ ներքին գործերի մինիստր Վ. Վ. Բակատինը զայրույթ արտահայտեց այն առիթով, որ Ադրբեջանական ԽՍՀ—ի ղեկավարները կալանքից ազատել են Բաքվի հայկական ջարդերի՝ գործնականում բոլոր կազմակերպիչներին, որոնք ձերբակալվել էին, եւ արդեն քննություն էր ընթանում։ «Մասնավորապես, ազատ է արձակվել ոչ անհայտ Պանախովը,–ասաց Վադիմ Վիկտորովիչը,–որին մենք հիմա փնտրում ենք, եւ որը կազմակերպել էր կոտորածը»։ Ներքին գործերի մարմինները բարդ պայմաններում, երբ տեղական իշխանությունները գործնականում միայն խանգարում էին նրանց, արդեն հունվարի 20—ից հետո բացահայտել էին ավելի քան երեք հարյուր հանցագործություններ։ «Վերջերս,–նշեց Բակատինը,–բացահայտվել է եւս մեկ բարբարոսական հանցագործություն հայ ժողովրդի դեմ։ Գյանջայի շրջակայքում հայտնաբերվել են տասներկու հայ հաշմանդամների դիակներ։ Այդ սպանությունն արդեն բացահայտված է եւ մեղավորները ձերբակալված են»։
Մենք, Արցախի հինգ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներով՝ ընդմիջման ժամանակ պատգամավորական հարցումով դիմեցինք ՊԱԿ—ի նախագահ Վ. Ա. Կրյուչկովին՝ խնդրելով մեզ տվյալներ տրամադրել սպանված հաշմանդամների վերաբերյալ։ Մեկ օր անց ստացանք պատասխանը. «Ծերանոցի հայ տարեցները՝ տղամարդիկ եւ կանայք, նրանք բոլորը տանջամահ են արվել, մարմիններն այլանդակված էին։ Որոշ մանրամասների մասին պարզապես անհնար է գրել»։ Սա ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի ղեկավարության տեքստն է։
Հաշվի առնելով, որ ադրբեջանական պատգամավորները համառորեն փորձում էին Բաքվի դեպքերը վերագրել խուլիգանական տարրերի պատահական եւ տարերային գործողություններին՝ Վադիմ Բակատինն ասաց. «Ադրբեջանական ԽՍՀ—ի ղեկավարությունը, եւ մասնավորապես համապատասխան մարմինները, չէին կարող չիմանալ, որ հատուկ կազմակերպված միտինգում կանխավ սադրանք էր կազմակերպված. իբր՝ հայերը սպանում են ադրբեջանցիներին։ Եվ նույն պահին հինգ հազար միտինգավորներ ցրվեցին քաղաքով մեկ, ձեռքին ունենալով հայկական բնակարանների հասցեները։ Այդ իրավիճակում դժվար էր ինչ—որ բան ձեռնարկել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ներքին զորքերի գործողությունները ամեն կերպ արգելակվում էին նրանով, որ բանդիտները որպես կենդանի վահան օգտագործում էին կանանց եւ երեխաներին»։ Մինիստրը հարց ուղղեց. «Ի՞նչ դասեր քաղեցին ադրբեջանական իշխանությունները այդ ողբերգությունից», եւ ինքն էլ պատասխանեց. «Ոչ մի …»։
—Իշխանությունները լռում էին,–հռետորին ընդհատեց ինքը՝ նախագահող Գորբաչովը,— բայց միաժամանակ իրենց մոտ, Կենտկոմում խոստովանել են. եթե Ադրբեջանը չմաքրեն Ժողովրդական ճակատի ծայրահեղականներից, ապա ոչինչ չի ստացվի։ Բոլորը՝ վերեւից մինչեւ ներքեւ ահաբեկության են ենթարկվել։ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահից, որն, ի դեպ, կին է, ատրճանակի սպառնալիքի տակ պահանջել են փաստաթուղթ ստորագրել ԽՍՀՄ կազմից Նախիջեւանի դուրս գալու մասին։
—Նրանք չէին լռում, Միխայիլ Սերգեեւիչ,–շարունակեց ներքին գործերի մինիստրը,–օրինակ, նույնիսկ շատ էլ բարձր բողոքում էին, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը արտակարգ դրություն մտցրեց Բաքվում։ Այնպես որ, դա լռություն չէ։ Դա դիրքորոշում է, որն ամբողջությամբ եւ լիովին համընկնում է Ժողովրդական ճակատի ծայրահեղականների դիրքորոշման հետ։
Կարծում եմ, բոլոր այս փաստաթղթերի մասին այսօր պետք է իմանա ղարաբաղյան կարգավորման Մինսկի խումբը։ Եվ իմանա գործուն, արդյունավետ կերպով։ Վստահ եմ, անչափ պետք է, որ իմանա։
…ԽՍՀՄ պաշտպանության մինիստր Դ. Տ. Յազովն իր զեկույցում է՛լ ավելի կոնկրետ էր։ «Բաքվի իրադարձությունների նախօրեին բանդիտները թալանեցին սահմանամերձ ուղեկալների ամբողջ զինապահեստներ… Մեկ այլ տեղում նրանք առեւանգեցին 133 ինքնաձիգ, 500 նռնակ, զինամթերքի ահռելի քանակ… Աղդամում ադրբեջանցիները հարձակվեցին ռադիոլոկացիոն դասակի վրա։ Զինվորներին կապեցին, գողացան 40 ինքնաձիգ եւ շարքից հանեցին ռադիոլոկացիոն կայանը…»։
Պաշտպանության մինիստրը արձագանքեց իրենից առաջ ելույթ ունեցած ադրբեցանցի պատգամավորի խոսքին. «Կցանկանայի պատասխանել ակադեմիկոս Աբասովին, որն այս ամբիոնից հայտարարեց, թե իբր զորքերը քաղաք են մտել գիշերով, մթության քողի տակ, մտել են անսպասելի։ Դա ի՞նչ անսպասելիություն էր, եթե մի ողջ շաբաթ իրենք էին իսկական ամրոցներ կառուցում։ Կառուցում էին ոչ թե ինչ—որ մնացորդներից ու մետաղաջարդոնից, այլ ԿՐԱԶ—ներով ու ԿԱՄԱԶ—ներով, որոնց արանքում պարտադիր կարգով կանգնած էին բենզատարներ՝ կողքերից կախված դյուրավառ հեղուկի շշերով։ Մի՞թե դա կարելի է անվանել անսպասելիություն։ Գրեթե բոլոր մարդատար եւ բեռնատար մեքենաները, տաքսիներն ու ավտոբուսները գտնվում էին բանդիտական կազմավորումների տրամադրության տակ, որոնք զինված էին ոչ միայն զենքով, այլեւ կապի միջոցներով։ Ի՞նչ մթության քողի մասին, ի՞նչ անզսպասելիության մասին կարող է խոսք գնալ, եթե ծայրահեղականները գիտեին զինվորականների յուրաքանչյուր քայլի մասին»։
…Յազովի հնչեցրած յուրաքանչյուր պարբերություն ուղեկցվում էր բարձր բղավոցներով։ Դրանք մեծամասամբ հրահանգավորված կանայք էին՝ ադրբեջանական պատգամավորական կազմից։ Գորբաչովի դիտողություններին նրանք ուշադրություն չէին դարձնում։ Հանկարծ Ադրբեջանի բոլոր պատգամավորները, ակնհայտորեն հրամանով, միանգամից վեր ցատկեցին տեղերից եւ աղմուկ—աղաղակով լքեցին դահլիճը։ Դմիտրի Տիմոֆեեւիչը շարունակեց խոսել. «Ափսոս, որ նրանք գնում են, այնինչ կուզենայի հենց իրենց հիշեցնել ամենաիսկական սրբապղծության մասին, երբ 49 դիակների համար հատուկ փորեցին 150 գերեզման։ Եվ այդ ամենն արվում էր իրենց վրայից պատասխանատվությունը հանելու համար։ Քարոզչական նպատակներով հորինված խոսակցությունները իսկույն եւեթ հայտնվում էին եթերում եւ մամուլի էջերում։ Նրանց խոսքերը բարձրաձայն կրկնում էր ընկեր Կաֆարովան (Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահը.—խմբ.)՝ մեզ մեղադրելով արտակարգ դրություն մտցնելու համար։ Հարգելի շեյխը զայրույթ արտահայտեց, թե իբր մի ծեր կնոջ վրա զինվորներն արձակել են 73 գնդակ։ Ես ասում եմ հարգելի շեյխին, որ նման բան չէր կարող լինել, եկեք պաշտոնական արտաշիրմում կատարենք, ինչպես ընդունված է օրենքով։ Իսկ հարգելի շեյխն ինձ պատասխանում է, թե իրենք ունեն իրենց՝ մահմեդական օրենքը, որով արտաշիրմումն արգելված է»։
Բաքվի արյունալի օրերին մեծ գիտնական, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Դմիտրի Լիխաչովը, նկատի ունենալով ե՛ւ «սումգայիթը», ե՛ւ «բաքուն», ասաց. «Հիշողությունը մեզ պետք է ոչ թե վրեժի համար, այլ որպեսզի գործուն հիշեցում ունենանք մարդկության եւ մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների դիմաց պատժի անխուսափելիության մասին»։ Դմիտրի Սերգեեւիչը «սումգայիթը» եւ «բաքուն» համարում էր իսկական ցեղասպանություն, ինչպես դա եղել է 1915 թվականին։ Այն գիտակցումով, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։ Սակայն միայն Մ. Ս. Գորբաչովն էր համարում, որ Բաքվի եւ Սումգայիթի հանցագործությունները չի կարելի որակել որպես ցեղասպանություն։ Իբր՝ «ձեւաչափերն» այն չեն։ Եվ կրթությամբ իրավաբան այդ անձնավորությունը ղեկավարում էր մի երկիր, որը վավերացրել էր ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի ընդունած համաձայնագիրը ցեղասպանության եւ դրա համար պատիժ կրելու մասին։ Այնտեղ սեւով սպիտակի վրա ձեւակերպված է. «Ցեղասպանության տակ հասկանում ենք հետեւյալ գործողությունները, որոնք կատարվել են որեւէ ազգային, ռասայական կամ կրոնական խմբի որպես այդպիսին լիովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ… քանակական բնութագիրը որոշիչ նշանակություն չունի ցեղասպանության որակման համար, եւ հաշվի չի առնվում վաղեմության ժամկետը։ Ցեղասպանություն է համարվում ազգային խմբի նույնիսկ մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե այդ սպանությունը կատարվել է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով»։
Ամեն տարի հունվարին եւ փետրվարին սրտի ցավով հիշելով եւ հրապարակավ նշելով Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների փաստը, մենք մեր պարտքն ենք կատարում մեր հայրենակիցների հիշատակի առջեւ, որոնք հրեշավոր բարբարոսության զոհը դարձան։ Մինչդեռ, ինչպես ասում էր լեգենդար Մայր Թերեզան, պարտքը առաջին հերթին «գործողությունների մղելն է»։ Ահա արդեն երեսուն տարի անց՝ «սումգայիթից» եւ «բաքվից» հետո, մեզ գործելու է մղում կարեւորագույն եւ պարտավորեցնող փաստաթուղթը՝ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի համաձայնագիրը՝ ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատիժ կրելու մասին, առանց վաղեության ժամկետ ճանաչելու։ Իսկ դա նշանակում է, որ Սումգայիթում, Բաքվում եւ Բուդապեշտում հայերի ցեղասպանության կազմակերպիչների եւ կատարողների անվերապահ պատժումից հետո միայն կարելի է խոսել ղարաբաղյան գործուն, համակողմանի եւ լիարժեք կարգավորման մասին։ Այլ բան տրված չէ։

Հ.Գ. Կասկածից վեր է, որ այն ժամանակ ԽՍՀՄ պետական անխտիր բոլոր հայտնի գործիչների ելույթները փաստարկավորված ապացուցում էին, որ Բաքվում իրենց հանրապետության ղեկավարության հովանու ներքո ադրբեջանցի ոճրագործները իրականացրեցին ցեղասպանություն։ Եվ այսօր Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ընդունել, որ Սումգայիթում, Բաքվում, Բուդապեշտում կատարվել է հայերի ցեղասպանություն՝ իմանալով վաղեմության ժամկետի սկզբունքի մասին։ Նրանք տեղյակ չեն, որ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի համաձայնագրում հստակ նշվում է. «Վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ, անկախ նրանից, դրանք կատարվել են պատերազմական, թե խաղաղ ժամանակներում»։
Դեռ Արիստոտելն է նախազգուշացրել. «Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ»։
Զորի ԲԱԼԱՅԱՆ

18-01-2018





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO