Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Թանկացած ապրանքին այլընտրանք կա

Փաստացի գնաճը մեզ մոտ ավելի ցածր է, քան հարեւան երկրներում

Ազգային ժողով—կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների հարցերը հիմնականում ուղղված էին վարչապետին։ Բնականաբար դրանց զգալի մասը շոշափում էր գնաճի թեման։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի՝ թանկացումների վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանը ասաց. «Ամեն ինչ համեմատության մեջ է, մեր պաշտոնական գնաճը 2.6 տոկոս է։ Գնաճը այսպես հաշվել, թե այնպես, կա բանաձեւ, որպեսզի չասեք՝ մի ապրանքը թանկացնում եք, մյուսը՝ էժանացնում։ Շատ է խոսվել վերջերս դիզվառելիքի, բենզինի եւ գազի գնի թանկացման մասին։ Ուզում եմ հետեւյալ վիճակագրական տվյալները ձեզ տալ։ Բենզինը թանկացել է 20 դրամով, այս պահին Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է, այն դեպքում, երբ մենք դա բերում ենք տրանզիտով Վրաստանից»։ Նրա խոսքով՝ բենզին օգտագործողն ունի այլընտրանք՝ թող գազ օգտագործի։ Իսկ գազը, ըստ վարչապետի, թանկացել է 25 դրամով, եւ վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015 թվականին. «Լավ չէ, որ գազի գինը թանկացել է, լավ կլիներ մնար նույնը, բայց 190—ից 220 գինը նոր մարտահրավեր չէ շուկայում, նախկինում այս գներով աշխատել ենք եւ էժանացրել ենք այն ժամանակ, երբ այդ հնարավորությունն ունեցել ենք»։ Վարչապետը շեշտեց, որ ջերմոցային տնտեսությունների համար էլ մատչելի գնով է գազը մատակարարվում, չի բացառվում, որ կգա ժամանակ, կհամարեն, որ այդ բիզնեսը կայացել է, եւ այլեւս արտոնություն չի լինի։
Դիզելային վառելիքի թանկացմանն անդրադառնալով՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն հիմնականում օգտագործում են բիզնեսում, իսկ բիզնեսը այդ նոր գնից շահում է։ Միակ ոլորտը, որտեղ տուժում են դիզվառելիքի գնի թանկացումից, գյուղատնտեսությունն է, քանի որ ոլորտը չի հարկվում։ Գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկներ է կատարել, որ տարբեր ապրանքատեսակների մասով 1—4 դրամով է գինն ավելանում։ «Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորենք։ Եվ որեւէ պրոբլեմատիկ խնդիր այս ոլորտի ապրանքատեսակներով ես չեմ տեսնում»,–հավելեց նա։
Շաքե Իսայանը նկատեց, որ վարչապետը պատասխանում է վիճակագրական տվյալներով, բայց իրականությունն այլ է։ Մի՞թե հնարավոր չէր նախօրոք գնաճը զսպելու մեխանիզմներ ունենալ։ Կարեն Կարապետյանը շեշտեց. «Եթե դուք ասում եք՝ ես վիճակագրությամբ եմ պատասխանում, կարո՞ղ եք ձեւակերպել, թե ինչպես պատասխանեմ, որ դուք բավարարված լինեք։ Մեխանիզմներն ասել եմ՝ որտեղ բեռ է, մենք սուբսիդավորելու ենք։ Մնացած տեղերը բեռ չեմ տեսնում։ Գազի գինը թանկացել է, վերականգնվել է այն գինը, որը 2015 թվականին գործել է, բենզինը ալտերնատիվ ունի։ Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ՝ սարսափելի չէ։ Ես պնդում եմ՝ մենք ունենք 2.6 տոկոս գնաճ, իսկ Վրաստանում ու Ադրբեջանում ավելի բարձր է, Վրաստանում՝ 6.7 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 7.9 տոկոս։ Տարին կամփոփենք, մեր տնտեսական աճի տեմպերը լինելու են ամենաբարձրը։ Ամենացածր գնաճ, ամենաբարձր աճի տեմպ։ Դա վիճակագրությո՞ւն է, թե՞ իրականություն»։
«Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը եւս բարձրացրեց գնաճի հարցը։ Նա նշեց, որ մինչ վարչապետը արձակուրդում էր, խորհրդակցությունների ժամանակ պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, որոշ հարցերում պետք է շտկումներ ու նահանջ լինի։ Նա հետաքրքրվեց՝ որ ոլորտներում կարող է կառավարությունը գնալ զիջումների ու շտկումների։
Վարչապետն ասաց, որ հարկերի դրույքաչափերի բարձրացումը ինքնանպատակ չէ, ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, արտաքին պարտք, որը պետք է սպասարկել։ Եվ քննարկվել են այն տարբերակները, որոնք, ըստ նրա, նվազագույն բեռ են ստեղծում քաղաքացու ու բիզնեսի համար։
Պատգամավորի դիտարկմանը, որ սննդամթերքն էլ է թանկացել՝ միսը, կարագը, կարտոֆիլը, իսկ վառելիքի գնի բարձրացումը շղթայական գնաճի է բերելու, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ սննդամթերքի գների բարձրացումը հարկերի բարձրացման հետեւանք չէ։ «Այն գործողությունները, երբ մեր պատճառով գին է բարձրացվել, ես բացատրեցի։ Իսկ ինչ մեզ մոտ կատարվում է կարագի հետ, աշխարհի բոլոր երկրներում կատարվում է։ Ո՞նց են դրա դեմ պայքարում՝ տնտեսական աճ ապահովելով, որպեսզի վաղը—մյուս օրը կարողանանք ունենալ ռեսուրսներ։ Հիմա եթե կարագն ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանն այդ թանկացման դեմ ի՞նչ պիտի անի»,–նշեց Կարեն Կարապետյանը։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ չի օգտագործվում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները ընդլայնելու ներուժը։ Պատգամավորի խոսքով՝ իրանական կողմը մատնանշում է, որ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ, մինչդեռ իրենք պատրաստ են։
Կարեն Կարապետյանը նշեց, որ երբ ներկայացվեն փաստեր, որոնք կապացուցեն հայկական կողմի անգործունակությունը, այդ ժամանակ էլ հարցը կքննարկեն. «Իրականում իրանական շուկայում ունենք արտահանման եւ ներմուծման 9—10 տոկոս աճի տեմպ»։ Իսկ մյուս հարցին, թե երբ է նախատեսվում կառուցել Հայաստան—Իրան երկաթգիծը եւ ընդհանրապես ինչ ծրագրեր կան այդ ուղղությամբ, վարչապետը պատասխանեց. «Երկաթգծի կառուցումը կախված է ապրանքային հոսքերից, որոնք հնարավոր կլինի այդ ճանապարհով ներմուծել կամ արտահանել։ Երկաթգիծ կառուցելը ինքնանպատակ չէ, մանավանդ եթե այդ տրանսպորտային ուղիով տեղափոխումները կարող են փոքր ծավալներով լինել եւ ոչ ծախսափակ»։
Վահե Էնֆիաջյանի մյուս հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նոր գազատարի կառուցումը եւ ի՞նչ սակագնով հնարավոր կլինի ձեռք բերել այդ գազը ԻԻՀ—ից, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Հայաստանի նման երկրները գազամուղ չեն կառուցում, կառուցողը լինում է գազի մատակարարը»։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց վարչապետի հնչեցրած միտքը, որ իրավունք չունենք մեզ այնքան շքեղություն թույլ տալ, որ երկար հանգստանանք Ամանորից հետո, այդ պատճառով էլ 2019թ. հունվարի 3—ից պետք է աշխատանքի գնալ։ Ապա Մարուքյանն ասաց, որ հունվարի 8—ին եկել է աշխատանքի, պարզվել է՝ վարչապետը արձակուրդի է մեկնել մինչեւ հունվարի 12—ը։ Վարչապետը պատասխանեց, որ իր ասածների ու գործողությունների մեջ հակադրություն չկա։
«Ես չեմ ասել, որ մարդ իրավունք չունի արձակուրդ գնալու՝ համաձայն մեր օրենսդրության։ Նախորդ տարվա մեջ ընդամենը 8 օր եմ եղել արձակուրդում։ Իրավունք ունե՞մ, թե՞ չէ»,–հարցրեց նա։
Մարուքյանն էլ արձագանքեց, որ, իհարկե, Կարապետյանն ունի այդ իրավունքը, սակայն ասում է՝ ինչ քարոզում է, դա պետք է առաջինը նա անի։ «Արձակուրդ գնալով՝ հայտարարածս չեմ խախտել, մյուս տարի հունվարի 3—ին դուրս կգամ աշխատանքի, թե 8—ին՝ 5 օր արձակուրդ վերցնելով, դա իմ իրավունքն է, որին ես հետեւում եմ»,—պատասխանեց Կարապետյանը։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հարց բարձրացրեց, թե մեկ շաբաթ է անցել նախագահի հանձնարարականից՝ ուսումնասիրել իրավիճակը եւ լուծումներ գտնել, ապա հարցրեց, թե ինչ է արձանագրվել, կա՞ն արդյոք տնտեսավարողներ, ովքեր անձնական գրպանների համար հարստահարել են ժողովրդին։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով նշեց, որ արձանագրված 2,6 տոկոս գնաճը վերաբերում է սպառողական զամբյուղին, որն ընդգրկում է լայն սպառման առարկաներ եւ արտացոլում է հասարակության սպառումը։
«Անգամ այս պայմաններում, երբ ունենք առանձին ապրանքների գնաճ, որը ոչ ցանկալի արդյունք է, միաժամանակ ունենք մի շարք ապրանքների մասով նվազում, որի արդյունքում էլ գրանցվել է 2.6 տոկոս։ Քաղաքականությունը տարվում է ընդհանուր մակրոտնտեսական տրամաբանությամբ»,—ասաց նա եւ թվարկեց առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց գները նվազել են. «Հավի թարմ մսի գինը 22 տոկոսով նվազել է, ձեթը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրը՝ 6 տոկոսով, ոսպը՝ 37, հնդկաձավարը՝ 52, թթվասերը՝ 4 տոկոս։ Սրանք եւս լայն տեսակի սպառման ապրանքներ են, որոնք հակակշռվելով՝ ստանում ենք այդ 2.6 տոկոսը»։
Ինչ վերաբերում է նախագահի հանձնարարականներին, ապա Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ունեին գործողություններ, որոնք անմիջապես պետք է կատարվեին, եւ հանձնարարականներ, որոնք պետք է մշակվեին երկար ժամանակի համար։ Ըստ փոխվարչապետի՝ մշտադիտարկումներ են արվել դիզվառելիքի, սեղմված գազի եւ բենզինի շուկայում։ Պարզվել է, որ նախատեսվածից ավելի բարձրացում չի գրանցվել։ «Բոլոր ԱԳԼՃԿ—ներում ստուգումներ են արվել եւ 7—ում է 210—ի փոխարեն 220 դրամ եղել, որը փոխանցվել եւ շտկվել է։ Մնացած միջոցառումները ավելի երկարատեւ քննարկումների արդյունք պետք է լինեն, որը կներկայացվի»,– ասաց նա։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով գնաճին, հրապարակեց ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց՝ կարտոֆիլի «գները թռել են». «Հարցը հետեւյալն է՝ ի՞նչ ուտեն աղքատները»։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորին ԱՎԾ—ի տվյալները հրապարակելու համար։
«Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսակից առավել մեծ կալորիականություն ապահովող ապրանքների այն ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին։ Կարծում եմ՝ Ձեր հարցը հռետորական էր, եւ ես մոտավորապես նույն տրամաբանությամբ պատասխանեցի»,—ասաց Գաբրիելյանը։
Փաշինյանը հակադարձեց՝ իր հարցը հռետորական չէր, պարզապես ուզում է ցույց տալ, թե կառավարության պնդած 2.6 տոկոս գնաճը ԱՎԾ—ն ինչպես է ստացել։
«ԱՎԾ—ն տալիս է, որ կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը՝ 38 տոկոսով, կարտոֆիլը՝ 28 տոկոսով, հարցն այն է, թե ինչպես են ստացել գնաճի 2.6 տոկոսը, որովհետեւ դրան համադրել են խառը կանաչու, սխտորի գնանկումը»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ հունվարի 23—ին կայանալիք ԱԺ լսումների ժամանակ ԱՎԾ—ից մանրամասն կներկայացնեն ապրանքների հաշվման մեթոդաբանությունը, ինքը ներկայացրեց դրա եղանակը։ «Վստահեցնում եմ, որ նույն մեթոդաբանությունն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, եւ այդ տեսակետից մենք ունենք լավագույն վիճակագրությունը»,—ասաց նա։
«Հունվարի 11—ին կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի՝ ապրիլի 1—ից արգելվում է ներկրել աջ ղեկով մեքենաներ։ Հիմնավորումը զավեշտալի է. եթե ասում եք՝ շահագործումը սպառնում է անվտանգությանն ու քաղաքացիների կյանքին, ապա որքանով է տրամաբանական եղածը թույլատրել շահագործել, նոր ներմուծումը՝ կանխել։ Ողջամիտ կասկած ունեմ, որ սա արվում է որոշ արտոնյալների համար նոր բիզնես ստեղծելու նպատակով»,—հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը։
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ—ն ընդունել է աջակողմյան երթեւեկության կանոնները, որը պետք է պահպանել. «Հարցը հասունացել էր, ու վիճակագրական տվյալները բերել էին նրան, որ ավելացել էր վթարների քանակը»։
Պատգամավորին չբավարարեց նախարարի պատասխանն ու նա կրկնեց հարցը։ «Մարդկանց սեփականությունն է, ու չենք կարող դրա դեմ արգելք դնել»,–ասաց Մարտիրոսյանը։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը կառավարությունից հետաքրքրվեց Հայաստանի մարզերում տիրող իրավիճակի մասին. «Խոշորացված համայնքները օգնություն չեն ստանում, տեղական բյուջեները շատ փոքր են, կառավարությունը ակտիվ քաղաքականություն չի իրականացնում, աշխատատեղեր չի ստեղծում, որեւէ գործիքակազմով պատրաստ չէ աջակցել գյուղացուն։ Մարզերի եւ Երեւանի անհամաչափ զարգացման պատճառով մենք մեծ գլխով եւ հյուծված մարմնով պետություն ենք կառուցում»,–ասաց Բագրատյանը։
Պատգամավորի տեսակետների հետ չհամաձայնեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ աշխատանք մարզերում տարվել եւ տարվում է, եւ այլ բան է, որ դրանք ոմանք չեն տեսնում։ Բագրատյանն ի պատասխան նշեց, որ նախարարները, գյուղերում շրջելու փոխարեն՝ ընդամենը աշխատում են կաբինետում նստած, ինչի հետեւանքով էլ ստեղծվել է նման իրավիճակ։
Բագրատյանի դիտարկմանն ի պատասխան՝ Լոքյանը խորհուրդ տվեց իրեն չմեղադրել. «Ինչ մնում է հարցին, որ նախարարները կաբինետներում են, գոնե այդ հարցում ինձ չեք կարող մատնանշել»։
Լ. Ա.

18-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO