Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինքնուրույն իրացնել քաղաքացիության իրավունքը

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն ու դրանց տրամաբանությունը

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտել 2018թ. հունվարի 6—ին՝ սահմանելով մի շարք կարեւոր դրույթներ ու պայմաններ թե՛ ՀՀ քաղաքացիության տրամադրման եւ թե՛ ճանաչման առումով։ Օրենսդրական փոփոխությունների տրամաբանությունը, պատճառներն ու սկզբունքները «ՀՀ»—ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Նրա խոսքով՝ օրենքում կատարված փոփոխությունները բաժանվում են մի քանի ուղղությունների, որոնցից առաջինը վերաբերում է մինչեւ 18 տարեկան երեխաներին։ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11—րդ հոդվածը կարգավորում է այն իրավահարաբերությունները, երբ երեխայի ծնվելու պահին նրա ծնողները ՀՀ քաղաքացիներ են. համաձայն հոդվածի, եթե երեխայի ծնվելու պահին ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ապա երեխան ավտոմատ կերպով օրենքի ուժով ՀՀ քաղաքացի է։ 1995թ. նոյեմբերի 28—ին, օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած, այդ նորմը երբեք փոփոխության չի ենթարկվել։ Սակայն հոդվածի մյուս մասը սահմանում է հետեւյալը. եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, ապա երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Հենց այս դրույթին էլ վերաբերում է փոփոխությունը»,— ասաց Մ. Բիչախչյանը։
Մասնավորապես, պրակտիկայում լինում են դեպքեր, երբ ծնողների միջեւ փոխհամաձայնությունը բացակայում է, ինչի արդյունքում երեխան մնում է առանց ՀՀ—ի կամ որեւէ այլ երկրի քաղաքացիության։ Օրինակ՝ Ֆրանսիայի քաղաքացին, ով տեղափոխվել ու բնակվում է ծնողներից մեկի հետ ՀՀ—ում, սակայն այլեւս չի կարող գնալ Ֆրանսիա՝ փոխելու ֆրանսիական անձնագիրը։ Նա նաեւ չի կարող Հայաստանում ստանալ հայկական անձնագիր, քանի որ մյուս ծնողը տարիներ շարունակ բնակվում է այլ երկրում, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, հետեւաբար համաձայնություն չի տալիս. «Այս իրավիճակներին լուծում տալու եւ երեխաների իրավունքներն իրացնելու համար փոփոխություններով նախատեսվեց դրույթ, համաձայն որի, երբ բացակայում է ծնողների փոխհամաձայնությունը երեխայի քաղաքացիության որոշման հարցում, իսկ երեխան բնակվում է ՀՀ—ում, ու առկա է ծնողներից մեկի համաձայնությունը, ապա երեխան կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ քաղաքացու անձնագիր։ Այստեղ էական նշանակություն չունի, թե ՀՀ քաղաքացի՞ ծնողն է դիմում, թե՞ ոչ ՀՀ քաղաքացի ծնողը»։
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի խոսքով՝ մյուս փոփոխությունը եւս վերաբերում է երեխաներին ու բխում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններից. սա այն դեպքն է, երբ երեխան ազգությամբ հայ է, իսկ ծնողներից ոչ մեկը ՀՀ քաղաքացի չէ։ Նման իրավիճակի համար օրենքի փոփոխությամբ սահմանվել է նորմ, համաձայն որի՝ ազգությամբ հայ երեխան կարող է պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ. «ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ազգությամբ հայը Հայաստանում բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիության իրավունք ունի։ Այդ նորմը սահմանվեց օրենքում նաեւ երեխաների համար։ Այսինքն, եթե երեխան բնակվում է Հայաստանում, սակայն նրա ծնողները ՀՀ քաղաքացիներ չեն եւ չեն կարող իրենց երկրի քաղաքացիությունը փոխանցել երեխային (լինում են նաեւ նման դեպքեր), ապա վերջինս մնում է առանց քաղաքացիության։ Նման դեպքերը բացառելու համար սահմանվեց դրույթ, համաձայն որի՝ եթե երեխան բնակվում է ՀՀ—ում, ազգությամբ հայ է, ծնողները ՀՀ քաղաքացի չեն, ապա նա ծնողների համաձայնությամբ կարող է դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ քաղաքացու անձնագիր»։
Հաջորդ դրույթը, Մ. Բիչախչյանի ներկայացմամբ, վերաբերում է քաղաքացիություն ստանալու ընթացակարգին։ Համաձայն օրենքի՝ 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձն իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որը շնորհվում է ՀՀ նախագահի հրամանագրով։ Դրա համար կան օրենքով սահմանված պայմաններ. պետք է լրացած լինի անձի 18 տարին, վերջին երեք տարին նա պետք է բնակված լինի ՀՀ—ում, ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը, կարողանա բացատրվել հայերեն լեզվով։ Երեք տարվա բնակության պարտադիր ցենզը, Սահմանադրությանը ծանոթ լինելու եւ հայերեն բացատրվել կարողանալու պարտադիր պայմանները չեն տարածվում ազգությամբ հայերի վրա, ովքեր կարող են անգամ այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայությանը դիմում հանձնել քաղաքացիություն ստանալու համար. «Մյուս իրավիճակը, որի վրա երեք տարի Հայաստանում բնակվելու պարտադիր պայմանը չէր տարածվում, այն էր, երբ օտարերկրյա դիմող քաղաքացին ամուսնացած էր ՀՀ քաղաքացու հետ։ Պրակտիկան ցույց տվեց, որ հնարավոր են նաեւ ամուսնության չարաշահման, ձեւական ամուսնությունների դեպքեր՝ քաղաքացիություն ստանալու դիմում հանձնելու նպատակով։ Ամուսնության ձեւական կամ ոչ ձեւական լինելը հնարավոր չէ պարզել մեր իրավասությունների սահմաններում, հետեւաբար այս նորմը փոփոխություններով խստացվեց։ Ըստ փոփոխությունների, եթե ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացին ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով դիմում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ապա դիմում ներկայացնելու պահի դրությամբ ամուսնությունը պետք է առնվազն երկու տարի գրանցված լինի, եւ այդ երկու տարվա ընթացքում դիմող օտարերկրյա քաղաքացին առնվազն 365 օր պետք է Հայաստանում օրինական կարգով բնակված լինի»։
Հաջորդ կարեւոր փոփոխությունը ՀՀ քաղաքացի ճանաչվելու ընթացակարգի մասին է։ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10—րդ հոդվածի 1–ին եւ 3—րդ մասերը վերաբերում են նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին. օրենքն ուժի մեջ է մտել 1995թ. նոյեմբերի 28—ին, եւ այդ օրվա դրությամբ Հայաստանում բնակվող անձինք սահուն կերպով, օրենքի համաձայն, համարվել են ՀՀ քաղաքացի, փոխանակել խորհրդային նմուշի անձնագրերը ՀՀ անձնագրերով՝     առանց բարդեցված ընթացակարգի կամ նախագահի հրամանագրի։ Միաժամանակ, օրենքի 10—րդ հոդվածի 3—րդ մասը վերաբերում է ազգությամբ հայ, նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիներին, ովքեր օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ՝ 1995թ. նոյեմբերի 28—ին, բնակվում էին այլ պետությունում. այս անձինք եւս ավտոմատ կերպով օրենքի ուժով համարվում էին ՀՀ քաղաքացիներ, եթե մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ձեռք չէին բերել այլ երկրի քաղաքացիություն։ Փոփոխություններով, սակայն, վերանշյալ կատեգորիայի անձինք կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե ավտոմատ կերպով, օրենքի ուժով, այլ սեփական դիմումի համաձայն. «Տարիներ շարունակ այլ պետությունում բնակվող անձի վրա, այդ պետությունում քաղաքացիություն ստանալու իր իրավունքն իրացնելու ցանկության դեպքում, օրենքի նշված հոդվածի նման ձեւակերպումը բացասաբար էր անդրադառնում։ Եթե օրենքով սահմանվում է, որ անձը պարտադիր համարվում է ՀՀ քաղաքացի, ապա անձը զրկվում էր որոշակի իրավունքներից այն երկրում, որտեղ բնակվում էր ու որտեղ նրա կենսական շահերն էին. օրինակ, նա չէր կարողանում դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Այս իրավիճակից խուսափելու համար նախատեսվեց դրույթ, որը ոչ թե սահմանափակում է այդ անձանց՝ պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու դրույթը, այլ հակառակը, թողնում է իրենց ընտրությանը։ Նշված կատեգորիայի մեջ մտնող անձը կարող է համարվել ՀՀ քաղաքացի, եթե իր կամքով դիմի եւ ստանա քաղաքացու անձնագիր»։
Այսինքն, ըստ Մ. Բիչախչյանի, եթե անձը 1995թ. նոյեմբերի 28—ի դրությամբ բնակվել է այլ պետությունում եւ մինչեւ այդ ժամկետը չի ստացել այլ երկրի անձնագիր, նա կարող է դիվանագիտական ծառայության միջոցով դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր։ Եթե նա չի ցանկանում ստանալ, ապա կարող է դիմել եւ ստանալ այլ երկրի քաղաքացու անձնագիր, նա չի համարվում ՀՀ քաղաքացի։ Եթե անձն այլ երկրի քաղաքացիությունը ստացել է, օրինակ, 1996, 1997, 1998, 1999 թվականներին եւ այլն, նա նույնպես կարող է դիմել պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու՝ անկախ այն հանգամանքից՝ ունի՞ այլ երկրի քաղաքացիություն, թե՞ ոչ։ Իսկ եթե անձը 1991, 1992, 1993, 1994 թվականներին եւ այլն արդեն իսկ ունի այլ երկրի քաղաքացիություն, բնականաբար, դա նույնպես չի խոչընդոտում իր քաղաքացիություն ստանալու իրավունքը՝ որպես ազգությամբ հայ, ուղղակի գործընթացը մի փոքր ավելի երկար է տեւում, քանի որ նա պետք է դիմի այլ ընթացակարգով՝ նախագահի հրամանագրով քաղաքացիություն ստանալու համար. «Այս ամենը թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն իրացնել սեփական իրավունքները։ Փոփոխության վերաբերյալ շատ են դիմում քաղաքացիները՝ նշելով, որ իրենք 1995թ. նոյեմբերի 28—ի դրությամբ եւ մինչեւ այժմ բնակվում են օտարերկրյա պետությունում, հետաքրքրվելով՝ ո՞ր տարիքային խումբն է ընկնում նշված փոփոխության տակ։ Եթե անձը ծնվել է, օրինակ, 1995, 1996, 1997 թթ. եւ այլն, նա չի համարվում այս խմբի ներկայացուցիչ, քանի որ իր քաղաքացիությունը որոշվում է ծնողների քաղաքացիության հիմքով։ Մինչեւ 1981թ. նոյեմբերի 28—ը ծնված անձինք են այս փոփոխության տրամաբանությամբ քաղաքացիության որոշման տարիքային խմբում»։

19-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO