Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ՊՆ


Ազգային բանակ. պետության գոյության երաշխավորը

Հայաստանի առաջին Հանրապետության զինված ուժերի կազմավորման պատմությունից

Հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում պետության ամրությունը պայմանավորված է եղել ազգային բանակի ուժով ու հզորությամբ։ Բացառություն չեն նոր ժամանակները։ Անցյալ դարասկզբին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման շրջանում եւս չափազանց մեծ նշանակություն ուներ կազմակերպված ազգային բանակի ստեղծումը։
Հայկական առաջին կանոնավոր բանակի կազմավորումը արդյունք էր առաջին աշխարհամարտի օրերին եւ դրա ավարտին Հայաստանի հայաբնակ շրջաններում անվտանգային միջավայրի փոփոխության։ Վերջինս իր հերթին պայմանավորված էր Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջմամբ եւ ռուս—օսմանյան ռազմաճակատի փաստացի կազմալուծմամբ։ Այս գործոնը հանգեցրեց ինչպես հայկական ինքնուրույն պետականության, այնպես էլ վերջինիս զինված ուժերի ստեղծմանը։
Մյուս կողմից, զուգադրելով այս երկու հանրակարգերի ստեղծումը՝ հարկ է նշել, որ, ըստ էության, հայկական զինված ուժերը ժամանակագրորեն ավելի վաղ էին առաջ եկել, քան բուն պետությունը։ Արդեն առաջին աշխարհամարտի օրերին ստեղծված հայկական կամավորական խմբերն ապագա հայկական բանակի նախերգանքն էին։ Հարկ է նկատել, որ այդ ստորաբաժանումների անվան «կամավորական» բաղադրիչն ավելի շատ մատնանշում էր դրանց համալրման սկզբունքն ու գաղափարական իդեալը, իսկ կազմակերպչական կառույցի ու հրամանատարման առումով դրանք ուղղակիորեն ենթակա էին ռուսական կենտրոնական հրամանատարությանը, ավելին՝ կազմակերպված էին վերջինիս գործառնության սկզբունքներով։ Չի կարելի զանց առնել եւ ա՛յն հանգամանքը, որ այս ստորաբաժանումների հրամանատարական կազմը բաղկացած էր նախապատերազմյան շրջանում Հայաստանի օսմանահպատակ, ռուսահպատակ եւ պարսկահպատակ բնակչության ֆիզիկական անվտանգության համար մղված տարատեսակ զինված բախումներում թրծված դաշտային հրամանատարներից, իսկ շարքային կազմը՝ այդ մարտերում մասնակցած աշխարհազորայիններից։ Ասել է թե՝ ռազմակազմակերպչական այն կառույցները, որ 19—րդ դարավերջին եւ 20—րդ դարասկզբին ստեղծել էր հայաստանյան քվազի—պետական վերնախավը՝ առաջին հերթին հանձին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության, ոչ միայն այս կամ այն չափով ծառայեցին այդ ժամանակներում իրենց առջեւ դրված նպատակներին, այլեւ դրեցին քաոսից հառնող պետության սեփական զինված ուժերի հիմքը։
Ռուսական հեղաշրջումից եւ զորքերի նահանջից հետո սկսվեց Հայկական կորպուսի ձեւավորումը, որը կոչված էր փոխարինելու ցարական բանակի ստորաբաժանումներին եւ հոգալու հայկական տարածքների պաշտպանությունն օսմանյան զորքերից։ Հայկական կորպուսի կազմում կային երկու հրաձգային դիվիզիա, առանձին հեծելազորային բրիգադ, բերդապահ—հետեւակային բրիգադ, պահեստազորային բրիգադ, հավաքական զորաջոկատ եւ մի շարք այլ մասնագիտական զորամասեր ու ստորաբաժանումներ։ 1918թ. հունիսին՝ Հայաստանի անկախության առաջին օրերին, կարիքն առաջացավ լուծարելու Հայկական կորպուսը, քանզի համաձայն անկախ Հայաստանի առաջին միջազգային պայմանագրի՝ Բաթումի դաշնագրի, Հայաստանն իրավասու էր պահպանելու միայն 1 հետեւակային դիվիզիա։ Հիմնվելով ՀՀ առաջին զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյանի վկայությունների վրա՝ կարելի է պնդել, որ անգամ նման ծանր միջազգային պայմաններում երկրի ռազմական պատասխանատուները շրջահայաց գտնվեցին եւ ստեղծվող դիվիզիայի եւ վերջինիս ստորաբաժանումների (այդ թվում՝ հրետանային) կառուցվածքը ձեւավորեցին առավելագույն ինքնավարության սկզբունքով՝ նկատի ունենալով, որ ռազմական գործողությունների կամ քաղաքական պայմանների փոփոխության դեպքում կարող է կարիք առաջանալ, որ գնդերը գործեն ինքնուրույնաբար՝ թույլ տալով դիվիզիան շատ արագ վերակազմակերպել բանակային կորպուսի։
Նոր կազմավորվող հայկական զինված ուժերի, ինչպես նաեւ զինվորական նախարարության ղեկավարումը ստանձնեցին հիմնականում հայկական կորպուսի հրամանատարական կազմը, կովկասյան ռազմաճակատում ծառայող ազգությամբ հայ նախկին ցարական սպաները (20 նախկին ռուսական բանակի գեներալներ եւ տասնյակ բարձրաստիճան այլ սպաներ), ինչպես նաեւ դարասկզբի եւ նախորդ դարավերջի ազգամիջյան եւ ապստամբական կռիվներում թրծված դաշտային հրամանատարները՝ «խմբապետ» հավաքական անվամբ։ Տեղին է նշել, որ երբեմն թե՛ ռազմագիտական, թե՛ օրակարգային—գաղափարական սուր տարաձայնություններ էին ծագում ցարական բանակից սերող կադրային զինվորականների եւ առանձին դաշտային հրամանատարների (հատկապես՝ արեւմտահայ) միջեւ, որը թեպետ չի կարող համարվել հայկական բանակի թուլացման վճռորոշ գործոն, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում իր բացասական ազդեցությունն է թողել բանակային շարքերի վրա։
Հայկական բանակի շարքային կազմը բաղկացած էր հիմնականում ՀՀ զինապարտ քաղաքացիներից, ինչպես նաեւ աշխարհազորայիններից։ Բացառություն էին կազմում Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները (չհաշված եզդիներին), ինչպես նաեւ արեւմտահայերը, որոնք չէին զորակոչվում բանակ։ Արեւմտահայերի պարագայում նման որոշման վրա ազդել էր հայկական պետության սահմանների ու կարգավիճակի անորոշությունը, Հայաստանի արեւմտյան հողերի ռազմակալման եւ մշուշոտ հեռանկարի հարցերը։ 1919թ. սկսած, սակայն, բանակ զորակոչվեցին նաեւ արեւմտահայերը, ինչպես նաեւ այլ պետության քաղաքացի/հպատակ հանդիսացող էթնիկ հայերը։ Զորակոչային տարիքը 20—ն էր, իսկ զինվորական ծառայության տեւողությունը՝ 18 տարի, որից 3—ը՝ իսկական զինվորական ծառայություն, իսկ 15—ը՝ պահեստազորային։
Հայկական բանակի սպառազինությունն աչքի էր ընկնում տեսակային չկանոնակարգվածությամբ՝ դրանով իսկ արտահայտիչը լինելով պետության ազգագրական խայտաբղետության եւ ինստիտուցիոնալ թուլության։ Այսպես, բանակի սպառազինության հիմնական մասը կազմող ցարական բանակի զինատեսակների կողքին կային նաեւ օսմանյան բանակից առնված ռազմավար—սպառազինություն, անգլիական, ֆրանսիական, հունական զինատեսակներ։ Առաջին հայացքից դրական թվացող այս բազմազանությունն իրականում թուլացնում էր բանակային ստորաբաժանումների կոհերենտությունը, բարդացնում զինտեխնիկայի վերանորոգության հարցը։
Ավելորդ չէ նշել, որ չնայած հուշագրային բնույթի տեղեկությունների վրա հիմնված պնդումներին առ այն, որ ցարական բանակից Հայաստանին էին մնացել աստղաբաշխական չափերի զենք եւ զինամթերք՝ իրականությունն այլ է. իր գոյության ամբողջ ընթացքում՝ սկսյալ սարդարապատյան առաջին ճակատամարտից, Հայաստանը մշտապես զգացել է զենքի ու զինամթերքի սուր պակաս։ Ավելին, թե՛ այդ ժամանակներում եւ թե՛ հետագայում պատմագրության կողմից որպես օտարերկրյա օգնություն ներկայացվող զենքի համար նույնպես Հայաստանը շատ հաճախ վճարում էր ինչպես վաճառողներին (Անգլիա, Ֆրանսիա), այնպես էլ տարանցման երկիր Վրաստանին։ Ինքնըստինքյան պարզ է դառնում, որ տարբեր ժամանակահատվածներում գրեթե բոլոր հարեւանների, ինչպես նաեւ ներքին խափանարարական խմբերի դեմ պատերազմող Հայաստանն իր բյուջեի մի զգալի մասը հատկացնում էր բանակային ծախսերին. Կարո Սասունու հուշերով այդ թիվը հավասար էր բյուջեի 80 տոկոսին։
Մտահոգված բանակի կադրային արդիականացման հարցով՝ ՀՀ կառավարությունը 1920թ. աշնանը ձեռնամուխ եղավ Ալեքսանդրապոլում ռազմական գիմնազիայի եւ զինվորական ուսումնարանի կազմակերպման աշխատանքներին, որը, ցավոք, թուրք—հայկական պատերազմի եւ Հայաստանի խորհրդայնացման հետեւանքով մնաց անկատար։ Այդուամենայնիվ, գոյության երկու տարիների ընթացքում բանակի կրտսեր սպայական կազմը նկատելիորեն սերնդափոխվեց՝ այդ հաստիքներից դուրս մղելով նախկին ցարական բանակի դարբնոցով անցածներին։
1918—1920թթ. ՀՀ բանակն ընդհանուր առմամբ ստացավ այդ ժամանակվա զինված ուժերին բնորոշ կերպարանք։ Կային բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումները, ՀՀ ԶՈՒ լրակազմում առկա էին անգամ զրահագնացքներ, օդուժ եւ նավատորմ, բանակի թվաքանակը 2 տարում ստվարացավ շուրջ 2.5 անգամ՝ նախնական 15878 շնչից հասնելով 40000—ի։ Այնուամենայնիվ, ինչպես դժվար չէ գուշակել, նոր ժամանակների հայկական առաջին պետության զինված ուժերը զերծ չէին թերություններից (շատ հաճախ՝ բախտորոշ), որոնք հետեւանքը եւ ուղիղ շարունակությունն էին պետական համակարգի ընդհանուր հաշմվածության ու օրգանական թուլության։
Այսպես, մեծ խնդիր էր դասալքությունը։ Դասալքում էին հազարներով՝ չխորշելով անգամ կառավարության սահմանած ամենախիստ պատժից՝ գնդակահարությունից։ Դասալքության պատճառները պարզ էին. չդադարող պատերազմ, սով, ինչպես նաեւ բանակային ծառայության ծանր պայմաններ։ Բանակը թուլացնող պակաս կարեւոր գործոն չէր նաեւ նոր պետության հանդեպ հավատի ու վստահության պակասը, իսկ երբեմն էլ՝ իսպառ բացակայությունը։ Ըստ որում, սա նկատելի էր ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ միջին դասի ղեկավար կազմի շրջանում։ Երկու տարին բավականին քիչ ժամանակ էր, որ ձեւավորվեր միասնական ազգային—պետական ինքնություն եւ գոյանար համապետական մոբիլիզացիա կարեւոր խնդիրների շուրջ։ Պետական ինքնության ճգնաժամը նկատելի էր նաեւ բանակի շարքերում, որտեղ պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում նախկին ցարական պաշտոնյաները (ոմանք՝ էթնիկ ռուսներ), որոնց համար նախկին ծայրամասի անկախությունը խորթ գաղափար էր։
Բանակաշինությունը խոչընդոտող անուղղակի գործոն էր նաեւ երկրի ներսում մշտական զինված խմբավորումների գոյությունը ինչպես թշնամական, այն է՝ Հայաստան պետությունը չընդունող թյուրքական տարրերից կազմված, այնպես էլ յուրային հայերից բաղկացած ավազակախմբերի։ Վերջիններիս առաջացումը բնորոշ է թույլ պետականություն եւ միասնական ղեկավարում ունեցող բոլոր պետություններին, եւ չշրջանցեց նաեւ նորանկախ Հայաստանին։ Այդ տեսակ խմբերի՝ «մաուզերիստների» դեմ կառավարությունը հետեւողական պայքար էր վարում՝ նկատելի միջոցներ ծախսելով բանակային գանձարանից։ Բացի նմանօրինակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարից՝ պետությունը ձեռնամուխ էր եղել նաեւ մասնավոր անձանց պատկանող զենքի, ինչպես նաեւ ավտոմոբիլային եւ ավիացիոն տեխնիկայի պահեստամասերի առգրավման՝ իրավական առումով վիճելի, բայց առկա կարիքով արդարացված միջոցառումների։
Չնայած թվարկված ու չթվարկված թերություններին՝ Հայաստանի առաջին Հանրապետության բանակը, որպես այդպիսին, կայացավ եւ կազմակերպված տեսք ստացավ։ Իր գոյության ընթացքում այն հետ մղեց վրացական ագրեսիան, ակտիվորեն զսպեց երկրի ներսում թյուրքական խռովությունները, զբաղեցրեց օսմանյան—թուրքական զորքերից պարպվող հայկական տարածքները, ճնշեց 1920թ. մայիսյան ապստամբությունը։ Ավելին, հայկական բանակի հետ ամենասերտ հրամանատարակազմակերպչական առնչություն ունեցող զորախմբերը Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ կարողացան փրկել Զանգեզուրն ադրբեջանական ռազմակալումից։
Ինչ վերաբերում է բանակաշինությանը, ապա իշխանություններին հաջողվեց կարճ ժամկետներում դնել անկախ պետության բանակի հիմքերը, ձեւավորել վերջինիս գոյության օրենսդրական հիմքերը, զարկ տալ սեփական ռազմարդյունաբերությանը, ռազմադիվանագիտական բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ, կազմակերպել զորահավաք, սահմանել մեդալներ եւ այլն։
1920թ. աշնանն սկսված թուրք—հայկական պատերազմում հայկական բանակի պարտությամբ դադարեց առաջին հանրապետության գոյությունը։ Անշուշտ, բանակի պարտությունը ինչպես բոլոր դարերում ու բոլոր երկրներում, այնպես էլ այս դեպքում նշանակում էր պետության պարտություն։ Իր կազմակերպչական կառույցներն ամրապնդելու ու բարեկարգելու համար Հայաստանին ժամանակ, միջոցներ ու բարենպաստ միջավայր էին անհրաժեշտ, որոնցից եւ ոչ մեկը նորաստեղծ պետությունը չուներ։ Ուստի՝ թուրք—հայկական պատերազմում հայկական կողմի պարտությունը քննելիս բուն ռազմական—մարտավարական թերացումներից զատ՝ հավասարապես պետք է քննել նաեւ պետական ապարատի մնացյալ օղակների խոցելի կողմերը, ինչպես նաեւ տարածաշրջանային ընդհանուր կացությունը։
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

23-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO