Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հանրահռչակելով հայկական գորգարվեստը

Երեւանում 2018թ. ապրիլին կբացվի գորգի առաջին թանգարանը

Այն, որ գորգագործությունը Հայկական լեռնաշխարհում զարգացել է դեռեւս հնագույն ժամանակներից, վկայում են տարբեր վայրերից պեղված գորգագործական մշակույթին վերաբերող բազմաբնույթ իրերը։ Այն, որ հայկական գորգերն աչքի են ընկել բարձր որակով եւ գեղեցկությամբ, վկայել են ինչպես հին աշխարհի պատմիչներն ու եվրոպացի ճանապարհորդները, այնպես էլ հին գորգերի հեղինակավոր փորձագետները։ Սակայն մեր օրերում արդիական են հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթների եւ ժառանգության հավուր պատշաճի ներկայացումն ու հանրահռչակումը, որոնք կկրեն համակարգված բնույթ։
Այդ նպատակով առաջիկայում Հայկական գորգի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանի Աբովյան 3 հասցեում (ԱՕԿՍ—ի շենքում) կբացվի Հայկական գորգի թանգարանը։ Այն ունենալու է երկու ցուցասրահ, մեկը՝ մշտական, մյուսը՝ ժամանակավոր։ Մշակութային օջախի գործունեության, առաջնահերթությունների եւ առկա խնդիրների շուրջ «ՀՀ»–ն զրուցեց Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ Վիկտոր Մնացականյանի հետ։
Թանգարանի տարածքն առայժմ ընդամենը 350 քմ է, մինչդեռ անհրաժեշտ է 4000 քմ, որպեսզի, բացի ցուցադրությունից, ունենան գորգագործության ցուցադրական եւ վերանորոգման արվեստանոցներ, ինչպես նաեւ գործեն գիտական եւ ուսումնական կենտրոններ։ Նման տարածք ունենալու դեպքում արդեն հնարավոր կլինի նմուշները ցուցադրել ըստ ժամանակագրության, ոճերի, տեխնիկայի եւ այլն։ «Ցուցադրելու ենք եւ նոր գորգեր, եւ տարբեր հավաքածուներից բերված նմուշներ։ Նախնական պայմանավորվածություններ ունենք կոլեկցիոներների հետ, ովքեր պատրաստ են իրենց հավաքածուները ցուցադրել մեր թանգարանում։ Այս պահին, հաշվի առնելով փոքր տարածքը, փորձելու ենք այնպես ներկայանալ, որ այցելուն հնարավորինս ամբողջական պատկերացում կազմի գորգի պատմության մասին, ծանոթանա նախշերի, տեխնիկայի հարուստ տեսակների հետ»,–ասաց զրուցակիցս։
Նշենք, որ այս նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հասարակության շրջանում, այլեւ պետության։ Վերջերս ապագա թանգարանի տարածք այցելեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որի ժամանակ քննարկվեցին համագործակցության հեռանկարները։ Արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց թանգարանում ցուցադրել նաեւ պետական ենթակայության տակ գտնվող թանգարանների ֆոնդերում պահվող լավագույն ցուցանմուշներից։ Բացի դրանից, պետության կողմից կտրամադրվի ֆինանսական աջակցություն. մասնավորապես նախատեսվում է տարեկան երկու անգամ կազմակերպել գորգարվեստին նվիրված գիտաժողովներ, ինչպես նաեւ թանգարանի մասնագետներին ուղարկել աշխարհի լավագույն թանգարաններում եւ արխիվներում ուսումնասիրություններ ու հետազոտություններ կատարելու։
Վ. Մնացականյանը գորգերով հետաքրքրվում է երկար տարիներ, սիրում է հայկական ձեռագործ գորգերը, որոնք առանձնանում են իրենց գույներով, խորհդանիշներով եւ ինքնատիպությամբ։ Թանգարան հիմնելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ պարզել է, որ թեեւ Հայաստանի պատմության, Սարդարապատի, Երեւանի պատմության, Մայր Աթոռի, Շուշիի գորգի, Արցախի պատմաերկրագիտական եւ Գյումրի քաղաքի մի շարք թանգարաններում, ինչպես նաեւ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում պահվում են հայկական գորգեր, սակայն չկա հայկական գորգի զարգացման հայեցակարգ։ Զրուցակիցս վստահեցնում է, որ նման հայեցակարգն անհրաժեշտ է գորգարվեստի պատմական նշանակությունն ընդգծելու եւ նոր ժամանակների զարգացումներին համահունչ ներկայացնելու համատեքստում։
Սկզբում փորձել են հիմնել Հայ գորգագործների միություն, բայց հասկացել են, որ այն չի լուծի ոլորտում առկա խնդիրները։ «Հայկական գորգը հանրահռչակելուց բացի՝ արդիական է այն միջազգային շուկա դուրս բերելը, իսկ դրա համար պետք է ունենանք հայկական գորգի կայացած բրենդ։ Այդ նպատակով էլ ստեղծվեց Հայկական գորգի ազգային կենտրոնը, որը պետք է զբաղվի առաջին հերթին գիտական հետազոտություններով»,–ընդգծեց կենտրոնի նախագահը։
Թանգարանային նմուշների ներկայացման ավանդական ձեւը ենթադրում է, որ մարդն ի սկզբանե պետք է հետաքրքրված լինի եւ այցելի թանգարան, բայց այսօր պետք են նոր ձեւեր, որպեսզի մարդիկ այցելեն թանգարաններ։ Նախքան ծրագրի մեկնարկը երկար ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը։ Վ. Մնացականյանը վերջերս է վերադարձել Եվրոպայից, որտեղ ծանոթացել եւ ուսումնասիրել է այդ ոլորտում մի շարք թանգարանների փորձը, որը անպայմանորեն կներդրվի Հայկական գորգի թանգարանում։ Մի բան հստակ է՝ գորգի հանրահռչակման համար անհրաժեշտ է, որ ստեղծվի մշակութային մթնոլորտ։ Այդ նպատակով նախատեսում են, որ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը այն կգործի զուտ որպես թանգարան, իսկ դրանից հետո ժամանակավոր ցուցադրության սրահում կկազմակերպվեն գիտաժողովներ, սեմինարներ, շնորհանդեսներ, կամերային համերգներ, ֆիլմերի դիտում եւ այլն։ «Մշակութային այդ միջոցառումները տեղի կունենան այնպիսի միջավայրում, որը մշտապես կհիշեցնի գորգերի մասին։ Վատ չէր լինի, եթե թանգարանի տարածքում գործեր հուշանվերների խանութ, ինչպես նաեւ սրճարան—ռեստորան ոչ թե բիզնես նպատակով, այլ որպես մշակութային ժամանցի վայր։ Իսկ այդ տարբերակով հավաքված գումարը կներդրվի թանգարանի զարգացման համար»,–մանրամասնեց Վ. Մնացականյանը։

«Հայկական գորգ» բրենդի կայացումը գիտական հենքի վրա

Կենտրոնի նպատակը միայն թանգարանի ստեղծումը չէ. մյուս կարեւորագույն ուղղությունը գորգարվեստի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացումն է։ Դրանով կզբաղվի թանգարանի գիտական կենտրոնը, որի գործառույթներից մեկը կլինի սիմվոլների ուսումնասիրությունը։ «Դրանց մեջ պահպանված են տեղեկություններ մեր գենետիկ ուղու, ծագումնաբանության վերաբերյալ, որոնք լուրջ ուսումնասիրման կարիք ունեն։ Գիտական կենտրոնի առաջնային խնդիրներից է լինելու այս հարցերի շուրջ համակարգված աշխատանքի իրականացումը։ Դա ամուր հիմքեր կապահովի աշխարհում հայկական գորգարվեստը հանրահռչակելու եւ հեղինակություն ապահովելու համար»,–շեշտեց Վ. Մնացականյանը՝ նշելով, որ պատրաստ են համագործակցել գորգարվեստի, գորգագործության տեխնիկայի, հայկական սիմվոլների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների հետ։
Ներկայումս համագործակցում են թանգարանային ոլորտում մեծ փորձ ունեցող հինգ մասնագետների հետ, ում հետ մեծ հույսեր են կապում գիտական մասով, սակայն նոր տենդենցների մեջ տեղավորվելու համար կարիք ունեն երիտասարդ կադրերի, ովքեր գերազանց տիրապետում են նաեւ օտար լեզուների։ «Արդեն շատ հետաքրքիր նախնական թիմ ենք հավաքել։ Նրանք երիտասարդ մասնագետներ են՝ արվեստաբաններ, պատմաբաններ՝ արխիվների հետ աշխատելու մեծ փորձով եւ լեզվի իմացությամբ։ Ամենակարեւորը՝ նրանք ունենք թանգարանային աշխատանքային փորձ»,–ասաց Վ. Մնացականյանը։
Կենտրոնի նախագահի կարծիքով՝ միայն ներքին լսարանի համար աշխատելու դեպքում այն կդառնա հերթական թանգարանը, մինչդեռ շատ կարեւոր է, որ աշխարհում խոսվի, ներկայացվի եւ ճանաչելի դառնա հայկական գորգը։ «Ուզում ենք, որ մեր թանգարանը լինի Երեւանի ամենահաճախելի թանգարաններից մեկը»,–ընդգծեց նա։
Հաջորդ տարվա սեպտեմբերին նախատեսում են հրավիրել աշխարհի հայ գորգագործների համաժողով, որի ընթացքում կքննարկվեն ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Զրուցակիցս նկատեց, որ եթե հարյուր տարի առաջ գրեթե բոլոր գորգագործները հայեր էին, 50 տարի առաջ՝ 70 տոկոսը, ապա այսօր, ցավոք, շատ քչերն են շարունակում ընտանիքի ավագ սերնդի գործը։ «Կան լավ ավանդույթներ, ինչի հիման վրա հնարավորություն ունենք վաճառելու որակյալ հայկական գորգեր։ Մինչդեռ այսօր աշխարհում եզակի բացառությամբ հայկական նոր գորգեր չեն վաճառվում, այլ միայն հները։ Հաճախորդը հաճախ չգիտի, որ դա հայկական գորգ է»,–մեկնաբանեց կենտրոնի նախագահը։
Վիկտոր Մնացականյանը ցավով արձանագրեց, որ տարբեր երկրների թանգարանային ցուցադրություններից «վերանում», հանվում է «հայկական գորգը». այն ներկայացվում է կամ «կովկասյան», կամ ընդհանրապես չի ցուցադրվում, այսինքն՝ գիտական շրջանակներում չի շրջանառվում այդ գորգերի հայկական ծագումը։ Մասնավորեցնելով խոսքը՝ նա նշեց Վիեննայի թանգարաններից մեկում եղած խորանագորգի մասին, որն այսօր չի ցուցադրվում։ Մյուս դեպքում «կովկասյան» է վերանվանվել տեքստիլի ամենահայտնի կենտրոններից մեկում՝ Լոնդոնի «Վիկտորիա եւ Ալբերտի տուն—թանգարանում պահվող գորգը։ Իսկ Փարիզի Դյումոնդ Արաբ ինստիտուտի կողմից (1980թ. Ֆրանսիայի կառավարությունը եւ 18 արաբական երկրներ համաձայնագիր են ստորագրում գիտահետազոտական ինստիտուտ հիմնելու մասին) այս տարի բացված «Քրիստոնյաներն Արեւելքում» խորագրով ցուցադրությանը Հնդկաստանում պատրաստված շուրջ 200—ամյա եկեղեցական վարագույրը ներկայացված է եղել որպես Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի գորգ, առանց նշելու գորգի հայկական լինելը։ Մինչդեռ խորանագորգի վրա պարզ երեւում են հայկական տառերը, հայերենով նշված է նաեւ, թե ում է այն նվիրվում։ Բացառություններից կարելի է համարել Իրանի գորգի կենտրոնը, որի գլխավոր ցուցադրության մեջ 60 գորգերից 3—ը հայկական են։ Այս կենտրոնի հետ կա պայմանավորվածություն համագործակցության շուրջ։
Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահի խոսքով՝ իրենք աշխատանքներ են իրականացնում նման «բացթողումները» վերացնելու ուղղությամբ եւ խոստանում է, որ վեց ամիս հետո հնարավոր կլինի որոշակի արդյունքների հասնել հայ վարպետների գլուխգործոցները որպես հայկական ներկայացնելու հետ կապված։ «Երբ որեւէ հեղինակավոր աճուրդում հայկական գորգ է լինում, ապա Ադրբեջանը բողոքում է, որ չնշվի իրական ծագումը։ Գլխացավանքից ազատվելու համար հանում են «հայկական» բառը եւ դրա փոխարեն նշում «կովկասյան»։ Խնդիրն ավելի խորքային է, եւ այդ ուղղությամբ պետք է լուրջ, հիմնավոր եւ գիտական հիմքի վրա հենված աշխատանքներ իրականացնել։ Այն ուղղված կլինի ինչպես ներքին լսարանին, այնպես էլ՝ արտաքին աշխարհին»,–մանրամասնեց Վ. Մնացականյանը։
Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնելու ոլորտի առաջատար մասնագետների եւ հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությանը։ Արդեն իսկ հանդիպումներ են ունեցել մի շարք եվրոպացի գիտնական—մասնագետների հետ, որոնց շրջանում կա հետաքրքրվածություն։ Նպատակը կրկին նույնն է՝ գիտական, ճանաչողական հոդվածների միջոցով հանրահռչակել հայկական գորգարվեստը։ Հատուկ ծրագրեր են նախատեսում երեխաների համար, որպեսզի վերջիններիս մեջ հետաքրքրություն առաջանա գորգարվեստի, ինչպես նաեւ ասեղնագործության հանդեպ։
«Որեւէ մեկը չի ասում, թե միայն հայերն են գորգ գործել, բայց մենք ունեցել ենք եւ ունենք մեր ազգային ինքնատիպ դիմագիծը։ Դա է, որ պետք է պահպանենք եւ մատուցենք աշխարհին»,–ասաց Վ. Մնացականյանը։
Նշենք, որ Հայկական գորգի թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա ապրիլի 1—ին։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

23-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO