Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Մեր շփումները պետք է լինեն երկարատեւ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով երեկ ժամանել է Ֆրանսիա, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ։ Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ, եւ այդ հարաբերությունները կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ, ինչի վկայությունն են բոլոր մակարդակների երկկողմ ակտիվ շփումները։
Հանրապետության նախագահը եւ Փարիզի քաղաքապետը ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները թե՛ Փարիզում եւ թե՛ Երեւանում՝ ընդգծելով գործընկեր մայրաքաղաքների միջեւ զարգացող ու ամրապնդվող համագործակցությունը, որում, ըստ նախագահի, մեծ է քաղաքապետ Անն Իդալգոյի անձնական ներդրումը։ Նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձ վստահությունը, ինչպես նաեւ տիկին Իդալգոյի՝ Հայաստան կատարած այցերի տպավորությունները կնպաստեն Երեւանի ու Փարիզի միջեւ առավել համարձակ եւ առարկայական ծրագրերի իրականացմանը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է քաղաքապետին՝ Փարիզը «Հորիզոն 2020»—ի շրջանակներում Եվրոպայում ամենանորարար, ամենաստեղծարար քաղաքը ճանաչվելու կապակցությամբ Նախագահը նշել է, թե տեղյակ է, որ Փարիզի ու Երեւանի քաղաքապետարանների միջեւ գրեթե ամենօրյա սերտ շփումներ կան, եւ որ Փարիզը պատրաստակամ է Երեւանի հետ կիսելու իր լավագույն փորձը, ու արդեն կան այդ պատրաստակամության շատ որոշակի դրսեւորումներ։
Անն Իդալգոն դրվատանքով է խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել եւ զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաեւ հասարակական, քաղաքական կյանքում։ Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաեւ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նախագահին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «ԹՈՒՄՈ»—ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության եւս մի կամուրջ։
Սերժ Սարգսյանը, հանդիպման պատեհ առիթով, քաղաքապետ Անն Իդալգոյին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաք Երեւանի 2800—ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին։ Փարիզի քաղաքապետը շնորհակալությամբ եւ սիրով ընդունել է հրավերը։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է եւ ջերմությամբ է իր պատմության էջերում պահում այն անունները, որոնք հաղորդակից են իր խնդիրներին։ Այս համատեքստում նախագահը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին հայերին հուզող խնդիրների եւ փարիզաբնակ հայերի հանդեպ նրա կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ զգայունության համար։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին, ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակներում ՀՀ—ԵՄ համագործակցության խորացմանը եւ Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներին։
Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եւ քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով։
«Հարգելի՛ տիկին քաղաքապետ, հայ ժողովրդի սիրելի՛ բարեկամ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու այստեղ՝ Փարիզի քաղաքապետարանում, որն իր ճարտարապետական կատարելությամբ կարող է զարդարել մշակութային հարուստ ավանդություններ ունեցող՝ աշխարհի ցանկացած երկիր։ Իրոք, հուզիչ է ելույթ ունենալ, հանդիպել հայրենակիցների հետ այնտեղ, որտեղ հարյուրամյակներ շարունակ աշխարհի ամենահմայիչ քաղաքներից մեկի՝ Փարիզի պատմությունն է կերտվել, որտեղ մշտապես հյուրընկալվել են ժամանակների ականավոր դեմքերը, քաղաքական գործիչները, մտավորականներն ու արվեստագետները։
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ նաեւ այս ջերմ մթնոլորտում ձեր ներկայության համար։ Նաեւ շնորհիվ ձեզ եմ մշտապես հպարտություն զգում այս երկիր այցելելիս։ Ի դեմս ձեզ՝ ֆրանսահայությունն իր աշխատասիրությամբ, մտավոր ներուժով եւ արժանապատիվ կեցվածքով ուրույն տեղ ունի այս քաղաքի, այս երկրի բարգավաճման գործում։ Ամեն անգամ այցելելով Փարիզ եւ Ֆրանսիայի այլ հայաշատ վայրեր՝ նորովի եմ բացահայտում, թե որքան խորն են մեր պատմական կապերը։
Ինչպես ասում էր ֆրանսիացի ժողովրդի ականավոր զավակ Վիկտոր Հյուգոն. «Փարիզն իր դռներն է բացում, եւ ժողովուրդներն այստեղ գալիս են՝ գերված հսկա մագնիսով»։ Այդ մագնիսը հենց ֆրանսիացի ժողովուրդն է, որի հյուրընկալ ու մարդասեր ոգին եւս մեկ անգամ իրեն դրսեւորեց, երբ հնարավորություն տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներին հանգրվանել այս հրաշալի երկրում։ Շնորհակալ ենք, տիկի՛ն քաղաքապետ, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ֆրանսահայությունը, փարիզահայությունը վայելում են Ֆրանսիայի իշխանությունների հոգածությունը։
Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ մեկ անգամ եւս դրվատանքի խոսքեր ասել այստեղ ներկա ու բացակա իմ հայրենակիցներին, որ մեր կողքին էին ավերիչ երկրաշարժի, Արցախյան պարտադրված պատերազմի օրերին, որ մեր կողքին են նաեւ այսօր՝ մեր երազանքների Հայրենիքը կերտելու օրերին։ Ձեր ներկայությունը, սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրում շատ տեսանելի է։
Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների աճը, նորարարական գաղափարների իրագործումը։
Տիկի՛ն քաղաքապետ,
Շատ շնորհակալ եմ Ձեր ե՛ւ գործերի, ե՛ւ խոսքերի համար՝ կապված «Թումոյի» հետ։ Գիտեք, Երեւանը Փարիզից շատ բան է սովորել եւ շատ բան է ընդօրինակել։ Թող մի բան էլ Փարիզը Երեւանից ընդօրինակի։ Մենք դրա համար շնորհակալ ենք։ Տարեցտարի մեծանում է նաեւ Հայաստանի միջազգային ներգրավվածությունը՝ որպես կայուն ու վստահելի գործընկեր, ամրապնդվում են առկա կապերն ավանդական գործընկերների հետ։ Այս առումով, իհարկե, նշանակալի էր 2017 թվականի նոյեմբերին Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի լիարժեք կյանքի կոչումը մեզ համար առաջնային հանձնառություն է։
2018 թվականը կարեւոր տարի է մեզ համար, եւ ի թիվս այլ իրադարձությունների՝ այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100—րդ տարեդարձը, Երեւանի հիմնադրման 2800—ամյակը, իսկ աշնանը հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովը։ Իհարկե, այս բոլոր միջոցառումներն էլ շատ կարեւոր են մեզ համար, բայց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը յուրատեսակ կարեւորություն ունի Հայաստանի համար, որովհետեւ այն իր ընդգրկմամբ թերեւս ամենածավալուն իրադարձությունն է եւ վկայում է մեր երկրի հանդեպ աշխարհի կեսը միավորող այդ կառույցի հավաքական վստահության ու հավատի մասին։ Սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս հիշարժան միջոցառումներին։ Մենք դրա համար միայն ուրախ կլինենք։ Եվ շատ շնորհակալ եմ, տիկի՛ն քաղաքապետ, որ Դուք համաձայնեցիք գալ ու մասնակցել գոնե այդ միջոցառումներից մեկին։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին արդյունավետ փոխգործակցություն է ձեւավորվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի միջեւ, որի շրջանակներում մշտապես աջակցություն է ցուցաբերվում Երեւանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը։
Հարգելի՛ տիկին Իդալգո,
Ես մեծապես կարեւորում եմ այն համագործակցությունը, որ ծավալվում է մեր երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով։ Յոթ տասնյակից ավելի փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերը զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության եւ այլ ոլորտներում մեզ համար ոչ միայն սոցիալ—տնտեսական, այլեւ արժեքներ փոխանցելու կարեւորություն ունեն։
Իհարկե, հետամուտ ենք Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում եվրոպական նորմերի ու չափանիշների ներմուծմանը, մեր քաղաքներն ավելի գեղեցիկ, բնակիչների եւ հյուրերի համար ավելի հարմարավետ դարձնելուն։ Ուրախ եմ, որ 2017 թվականին Փարիզը ճանաչվել է Եվրոպայի ամենաստեղծարար քաղաքը «Հորիզոն—2020» ծրագրի կողմից։ Վստահ եմ, որ մեր մայրաքաղաքը սովորելու շատ բան ունի Փարիզից թե[լավ կառավարման փորձի, թե՛ նոր տեխնոլոգիաների եւ թե՛ բնապահպանական ծրագրերի ներդրման առումով։ Իհարկե, երբեք Երեւանը Փարիզ չի լինելու, բայց շատ—շատ բաներ մենք ժամանակի ընթացքում վերցրել ենք եւ շարունակելու ենք վերցնել, եւ որպեսզի մեր հինավուրց մայրաքաղաքները մշտապես իրար օժանդակեն, օգնեն, մեր շփումները պետք է լինեն երկարատեւ, պետք է լինեն հավերժ, որովհետեւ շփումներով են ամրապնդվում բարեկամությունը, համագործակցությունը, շփումների ժամանակ է, որ ծնվում են նոր գաղափարներ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Քիչ առաջ մենք տիկին քաղաքապետի ընդունարանում կարճ զրույց ունեցանք, եւ այդ հանդիպման ժամանակ ես տիկին քաղաքապետին ասացի, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է եւ իր պատմության էջերում միշտ ջերմությամբ է պահում այն մարդկանց, ովքեր հաղորդակից են լինում մեր խնդիրներին։ Տիկին Իդալգոն այդ մարդկանցից մեկն է, եւ ես առաջարկում եմ բոլորս միասին ծափահարենք տիկին քաղաքապետին նրա ջերմության, նրա զգայունության եւ մեր ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի համար»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Իր խոսքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է. «Պարո՛ն նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք պատգամավորներ,
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչնե՛ր,
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահներ սիրելի՛ Արա Թորանյան եւ Մուրադ Փափազյան,
Սիրելի՛ներկաներ,
Բարով եք եկել քաղաքապետարան։
Հարգելի՛ պարոն նախագահ, այս հանդիպումն այսօր առիթ է նշելու Փարիզի եւ Հայաստանի միջեւ առկա բացառիկ բարեկամությունը, եւ այն հատկապես պետք է նոր ուժ հաղորդի այդ բարեկամությանն ու հարաբերություններին։ Մենք միասնական անցյալ ունենք եւ պետք է հիշենք այն՝ մշտապես օրակարգում պահելով մեր միասնական ճակատագիրը, հատկապես, որ մենք պետք է միասնական ապագա կառուցենք։ Անցյալի եւ ապագայի հավասարակշռության կետում մեր երկու երկրների, երկու մայրաքաղաքների միասնական ներկան է, որն առկա է հենց հիմա եւ այստեղ։ Այս պահին մեզ միավորել է նաեւ միասնական աշխատանքը, մենք օգտագործեցինք մեր ժամանակը կարծիքներ փոխանակելու, միասին աշխատելու համար, որպեսզի իրականացնենք մեր բարեկամության խոստումը։ Ուրախ եմ հաստատելու, որ այս տարվա ընթացքում մեր կարեւոր նախաձեռնությունների քանակն ավելի է շատանալու։ Այս տարի մենք հիշատակելու ենք ապրիլի 24—ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, իսկ ապրիլի 24—ից հետո՝ մայիսի 28—ին, նշելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը։ Այս անկախությունը կասեցվեց հռչակումից երկու տարի անց, սակայն ազատության սերմն արդեն ցանվել էր, ինչն էլ հիմք դարձավ իրական խորհրդարանական ժողովրդավարության համար՝ կանանց տալով ընտրելու իրավունք, նախաձեռնելով տարբեր բարեփոխումներ։ Դրանով իսկ Հայաստանը լավ հնարավորություն ունի այսօր լինելու ժողովրդավարությունների առաջին շարքերում։ Մեր ժամանակների առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի համար այդ անկախությունը, անկասկած, ընկալվեց որպես հրաշք, որը մենք՝ ֆրանսիացիներս եւ հայերը, ամեն անգամ պետք է հիշատակենք միասին։ Կցանկանայի, որ փարիզցիները միանային բոլոր նրանց, ովքեր, ինչպես Կլեմանսոն, հիանում էին Հայաստանի արիությամբ։ Արիություն, որով հայերն անցան Առաջին համաշխարհային պատերազմի մշուշի մեջ տեղի ունեցած 1915—ի ցեղասպանության միջով։
Այնուհետեւ ունենալու ենք նաեւ մի շարք այլ կարեւոր հանդիպումներ՝ հոկտեմբերին Երեւանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, ինչպես նաեւ նշվելու է ձեր մայրաքաղաքի 2800—ամյակը։ Երբ 2016—ին ես այցելեցի Երեւան, ինձ հետ այդ ճամփորդությանը մասնակցեցին գրեթե բոլոր պատգամավորները՝ իմ կուսակցության անդամներ, ընդդիմության ներկայացուցիչներ։ Կարծում եմ, որ այդ այցը հիմնարար դեր խաղաց եւ մեզ թույլ տվեց ճանաչելու ինչպես կարեւորը, հիմնարարը, այնպես էլ հավելյալը։ Ցանկանում եմ ձեզ ասել, որ Երեւան կատարած այդ այցը հրաշալի առիթ էր բացահայտելու մարդկանց, երկիրը, նրա հնարավորությունները, նորարարությունը։ Դա նաեւ մեր քաղաքական կյանքում կարեւոր պահ էր։
Իհարկե, մենք շարունակելու ենք նշված աշխատանքները, շարունակելու ենք առաջ շարժվել, սակայն թույլ տվեք ասել, որ մեր՝ Փարիզի կողմից այս սեպտեմբերին եւս մի կարեւոր իրադարձություն ունենք։ Մենք դրա մասին շատ ենք խոսել մինչեւ այս սրահ գալը, քանի որ այդ իրադարձությունն ինձ համար նշանակալի է՝ այն նշանավորում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պատմությունը։ Սեպտեմբերին Փարիզում մենք դպրոց ենք բացելու՝ Փարիզի «Թումո» դպրոց։ Մենք միասնաբար ունեինք այդ դպրոցի հեռանկարը, որից բոլորս ոգեւորված էինք։ Մենք տեսանք այն դպրոցը, որտեղ հայ երիտասարդները սովորում են ինֆորմատիկայի լեզուն, անհամբերությամբ սպասում, թե երբ է դպրոցը բացելու իր դռները, որ շրջեն այնտեղ, մասնակցեն նրա բացառիկ մանկավարժական ծրագրերին։ Փաստորեն, Երեւանը, Հայաստանը, «Թումոն» մի բան են հայտնագործել, որը մենք պատրաստվում ենք կրկնօրինակել։ Մենք միասին ենք աշխատել, իհարկե, նաեւ Հայաստանի մեծահոգությամբ, որովհետեւ մեզ թույլ տվեց նշված մեթոդը փոխանցել այստեղ՝ Փարիզ, եւ կլինի Փարիզի «Թումո» դպրոց։ Մենք միաժամանակ պետք է մշտապես հիշատակենք, որ Երեւանն էր ու «Թումոն», որ հանդես եկան այդ նախաձեռնությամբ, որպեսզի մենք այստեղ հնարավորություն ունենանք ուղեկցելու մեր 12—18 տարեկան պատանիներին իրենց ողջ կյանքի ընթացքում, սովորեցնելու ինֆորմատիկայի լեզուն, պատրաստելու նրանց թվային տնտեսության համար, որը մեզ բացառիկ հնարավորություններ է տալիս։
Կցանկանայի Ձեզ ասել, պարո՛ն նախագահ, որ մի քանի ամիս առաջ Փարիզը հռչակվել է Եվրոպայի ամենանորարար քաղաք եւ մրցանակ ստացել։ Երբ այս հարցերով զրուցում էի նորարարության հարցերով եվրահանձնակատար Կառլոս Մոեդասի հետ, նա հարցրեց, թե ինչպես ենք օգտագործելու ստացած միլիոն եվրոն, ես ասացի, որ այն օգտագործելու ենք «Թումո» դպրոցի համար, սակայն չէի տվել «Թումոյի» անունը, այլ նկարագրել էի, թե ինչ ենք ուզում կառուցել։ Այդ ժամանակ նա շրջվեց եւ ինձ ասաց. «Դու ինձ պատմում ես «Թումո» դպրոցի մասին»։ Այսինքն՝ եվրահանձնակատարն արդեն իսկ տեղյակ էր այս դպրոցի ձեռքբերումների մասին։ Այս դպրոցն ի դեմս այն երեխաների, որոնց հետ առնչվում է, խորհրդանշում է ապագային ուղղված Հայաստանը, լիովին Եվրոպայում գտնվող Հայաստանը, մի Հայաստան, որը նայում է ապագային՝ լիովին ճանաչելով իր անցյալը, առանց որեւէ բան մոռանալու։ Այն ուժը, որ ունի Հայաստանը, հայերը՝ ցեղասպանություն վերապրած հայերը, այդ ուժը դուք սերնդեսերունդ եք փոխանցել, այդ ուժը ձեզ միշտ ստիպել է առաջ նայել, ապագային նայել առանց մոռանալու անցյալը, եւ հենց այդ էջն է, որ մենք ցանկանում ենք միասին կառուցել։ Այս դպրոցի բացումը Փարիզում զուտ դպրոցի բացում չէ, այն Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների խորհրդանիշ է։ Աշխարհում առաջինն այդ դպրոցը բացվել է Հայաստանում, երկրորդը կբացվի Փարիզում, եւ ես ուրախ եմ, որ Փարիզը կդառնա երկրորդ քաղաքն աշխարհում Երեւանից հետո, որը նման հնարավորություններ կտա իր երիտասարդությանը։
Կցանկանայի Ձեզ ասել նաեւ, պարո՛ն նախագահ, որ մենք աշխատում ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ, որպեսզի հայ համայնքն իր տեղն ունենա Փարիզում։ Աշխատում ենք նաեւ հայկական հիշողության եւ մշակույթի տան ստեղծման ուղղությամբ։ Սա մեզ համար կարեւոր հանձնառություն է, որպեսզի կարողանանք հստակեցնել դրա վայրը։ Իմ ողջ թիմով, Պոլին Վերոնի հետ, ով վաղը չէ մյուս օրը կլինի Հայաստանում, մենք շարունակելու ենք այդ աշխատանքը այս հրաշալի համայնքի հետ։
Կցանկանայի նաեւ նշել, պարո՛ն նախագահ, որ ձեր երկիրը բացարձակ իրավունք ունի ապրելու խաղաղության եւ անվտանգության մեջ, բացարձակ իրավունք ունի, որպեսզի իր պատմությունը ճանաչվի, որպեսզի ապրի առանց շրջափակման, առանց իր հարեւանների կողմից ներխուժումների, առանց սպառնալիքների, առանց իր սահմաններին կենսական սպառնալիքների։ Մենք այդ իրավունքը պաշտպանում ենք, այն վերահաստատում ենք ամեն անգամ, երբ կարիք է լինում հիշեցնելու, որ ցեղասպանությունը, անշուշտ, պատմական ճշմարտություն է, իսկ ժխտումը բարոյական եւ պատմական հանցանք է, որը պետք է քրեականացվի։ Եվ մենք Ձեզ հետ միասին այդ պայքարն առաջ ենք տանելու, ինչպես արել ենք մինչ այս։ Կցանկանայի նշել նաեւ, որ շնորհիվ այս չափազանց կենսունակ, նախաձեռնող, մեր հանրապետության կյանքում արմատավորված հայ համայնքի է, որ այստեղ՝ Փարիզում եւ Հայաստանում միասին կառուցում ենք մեր ապագան»։

23-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO