Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ազգի ու հայրենիքի պաշտպանության երաշխավորը–1

Մարտունակ կանոնավոր բանակն է պետության երեսը պարզ անում

ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ավելի ու ավելի էր վատթարանում։ Նժարի վրա էր նորանկախ պետության պահպանման ու ժողովրդի անվտանգության հարցը։ Նման պայմաններում երկրի ղեկավարությունն առաջնահերթություն հռչակեց կանոնավոր ու մարտունակ բանակ ստեղծելը։
1992թ. հունվարի 28—ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում, որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Միաժամանակ կամակերպվում էր սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոցը։ Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Այս նպատակով Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, ովքեր մինչ այդ ծառայում էին ԽՍՀՄ զորամիավորումներում։ Նրանց թվում էր նաեւ գեներալ—մայոր Արկադի Տեր—Թադեւոսյանը (Կոմանդոս)։ Նրա, ինչպես նաեւ ազգային բանակի ստեղծման գործում իրենց ավանդը բերած մի քանի զինվորականների հետ «ՀՀ»—ի թղթակիցը զրուցել է բանակի անցած մարտական ուղու, նվաճումների ու դժվարությունների մասին։

Երբ «ոգին» է որոշում կռվի հաղթական ելքը

1990 թվական. ավերվել ու հայաթափվել էին արդեն Արցախի 20—ից ավելի գյուղեր։ Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները չհայտարարված պատերազմ սկսեցին Գետաշենի ու Շահումյանի բնակչության նկատմամբ։ Խորհրդային զորքերի աջակցությամբ իրականացնելով «Օղակ» օպերացիան՝ գրավեցին Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը։ Ստեղծված պայմաններում Արցախի բնակչության անվտանգությունը դարձավ ավելի քան հրատապ։
Նույն տարվա սեպտեմբերին ձեւավորվեց Երեւանի հատուկ գունդը, Մեղրիում, Գորիսում, Վարդենիսում, Արարատում եւ Իջեւանում կազմավորվեցին ինքնապաշտպանական վաշտերը։ Այս մասին վերհիշում է նաեւ Արկադի—Տեր—Թադեւոսյանը, ով այդ ժամանակ «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ էր։ Այլ երկրներում տեղակայված խորհրդային զորամիավորումներում կոփված զինվորականը, ինչպես ինքն է ասում՝ խորհրդային իշխանության մարտական ու տեխնիկական գիտելիքները «բերել» էր հայրենիք, որպեսզի փոխանցի զինակից ընկերներին։ «Ես հավատում էի սովետական բանակի տված մարտական գիտելիքներին։ Բացի այդ, ծառայելով Գերմանիայում, Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, տեսել էի զորքերի մարտական զարգացածությունը»,–պատմում է նա։
Ղարաբաղում գնալով իրավիճակը սրվում էր։ Դժվար իրադրություն էր։ Հարկավոր էին բանիմաց սպաներ, որպեսզի կազմակերպեին ու հետեւին մարտական գործընթացներին. «Շատերը մարտադաշտում կռվելու փորձ ու գիտելիքներ ունեին։ Ամեն շրջանում արդեն ջոկատներ կային։ Նրանց պետք էր միայն զինվորական դասեր ստանալ, օրենքներ իմանալ։ Ինձ ուղեկցեցին Վազգեն Սարգսյանի մոտ։ Որոշվեց՝ գնում եմ Ղարաբաղ, որ սկսենք պարապմունքները։ Սկզբից եւեթ սահմանում հաջողություններ ունեցանք»։
Ռազմաճակատ մեկնող կամավորականների թիվը գնալով ավելանում էր։ Զինամթերքի պաշարը քիչ էր։ Հայաստանից ուղարկվածը չէր բավարարում։ Հետեւաբար, դժվար էր մարտի դուրս գալ այն հակառակորդի դեմ, ով իր տարածքում հսկայական քանակի զենք ու զինամթերք ուներ ամբարած։ Այս կարեւորագույն հարցի լուծումը մերոնք եւս գտել էին։ «Սովետական պահեստները հակառակորդի տարածքում էին։ Երբ մի գյուղ էինք ազատում, ամբողջ զինամթերքը վերցնում էինք։ Եղել է դեպք՝ հազարից ավելի զենք ենք բերել թուրքերից։ Բացի այդ, որքան էլ ծիծաղելի է, մեզ «առաջնորդում» էր նաեւ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը։ Տղերքից մեկը նկարը գրպանում էր պահում։ Հենց հավաքվում էինք՝ հանում ու սկսում էր. «Տղերք, նա է մեր «փրկիչը»։ Նա է մեզ զենք ու զինամթերք «տվողը»,–ժպտալով հիշում է գեներալը։
Տողի ազատագրման մասին պատմելիս Դավիթ Սարապյանի մասին առանձնակի հպարտությամբ է խոսում։ «Ահեղ Դեւ». այսպես էին նրան անվանում ադրբեջանցիները։ Հիշում է՝ 24 գյուղ հակառակորդը՝ սովետական զորքերի օգնությամբ, արդեն հայաթափել էր, 25—րդն էր հերթում «կանգնած»։ 20 հոգանոց խմբով մեկնեց, որպեսզի հասկանա, թե ինչ մեթոդներով կարող են պաշտպանել այն։ Գյուղացիները լավ գիտեին՝ մի քանի օր անց հարձակում է լինելու։ Հեռանում էին։ Ամբողջ գյուղը՝ մեկ ատրճանակով, գրպանում ընդամենը ութ փամփուշտ, ոստիկան Էդիկն էր պահում։ Այս իրավիճակում երկու ելք էր մնում՝ փախուստի դիմել կամ պաշտպանվել, համենայնդեպս, Կոմադոսին այդպես էր թվում։ «Տղերքից ոչ մեկը դիրքը չի լքում։ Ես մտածում եմ՝ ո՞նց անենք, որ գյուղը պաշտպանենք, Դեւն ասում է՝ «պաշտպանությունը մահ է, պետք է հարձակվենք»։ Աչքերս լայնացրած նայում եմ նրան։ Հարձակվելու համար ինձ երեք անգամ ավելի շատ ուժ էր պետք։ Իմ ունեցած գիտելիքներով ես հասկանում էի, որ հարկավոր է պաշտպանվել, զորքը քիչ է։ Բայց այդ զինվորականի «դուխն» ինձ ցույց տվեց՝ գիտելիքների հետ մեկտեղ պետք է նաեւ մարտական ոգի ունենալ։ Այդ հաղթանակը եկավ ապացուցելու, որ թվաքանակը վճռորոշ դեր չի խաղում, համարձակություն ու արիություն է պետք»,–ասում է, ու ակնածանքով նայում Դեւի լուսանկարին։
«Արցախյան պատերազմը, նաեւ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք համախմբված ազգ ենք։ Սա, իհարկե, առաջնային կարեւորության գաղափար է։ Բայց հաճախ հանդիպում էինք նաեւ սարոյանական հայի հավաքական այն կերպարին, երբ ամեն մեկն իրեն գեներալ է պատկերացնում։ Առաջին խոսքից թվում է՝ բացասական երեւույթ է։ Բայց ես կասեմ հակառակը։ Մարտի դաշտում սա դրական նշանակություն է ստանում։ Մեր ազատամարտիկներն այնպիսի գործողությունների էին գնում, որ իմ գիտելիքների մեջ չէր մտնում»,–ասում է Կոմանդոսը։

Պատերազմը սեռ չի ճանաչում

Անահիտ Մարտիրոսյանի տուն մտնողը մինչեւ չմոռանա, թե ինչի համար էր եկել, չի գնա։ Նախ՝ Ղարաբաղից բերած անուշահամ նռան գինին, իր ձեռքով պատրաստած բաստուրման, թթուն, հետո հարցազրույցը։
Հրամանատարին հատուկ տոնայնությամբ շարադրեց, ու «անցանք խոհանոց»։ Որպեսզի հետո էլ չհարցնեմ, թե ինչ ասել է կին զինվորական, ինքը թեման անմիջապես բացում է. «Ես առաջնահերթ սովորական հայ կին եմ, ընտանիքի մայր։ Սիրում եմ խոհանոցը։ Ձեռքիցս շատ բան է գալիս»։ Կանացի այս առավելություններն ու շնորհքն իհարկե կարեւոր էին, բայց իր մարտադաշտ մեկնելը բոլորովին այլ գործի էր միտված։ Դեռեւս Բաքվի նավթարդյունաբերության բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելիս բուժքույրական դասընթացներ էր անցել, մասնագիտական որակավորում ուներ։ Հրաշալի տիրապետում էր նաեւ ադրբեջաներենին։ Դրա համար Կոմանդոսը հրահանգել է նրան էլ ցուցակագրել։
Առաջնագիծ մեկնեց որպես բուժքույր։ Մարաղայի դեպքերից հետո զինակից ընկերները հասկացան՝ այս կինը վիրակապելու համար չէ, որ եկել է Արցախ։ Զինընկերները կրակել սովորեցրին, հրամանատարները թեթեւ տեսակի զենք տվին։ Մարաղան առաջին գյուղն էր, որի համար մարտնչեց Անահիտը։ Չի վախեցել արկերի ձայնից, չի սարսափել կրակոցների տեղատարափից։ Ինչ վախ, եթե գնացել էր, որ ազգի թափած արյան վրեժը լուծեր. «Իմ մեջ այնքան ուժեղ էր վրեժի ծարավը, որ ի՞նչ վախ։ Այդ զգացումը երբեք էլ չի եղել։ Որովհետեւ ես տեսել եմ թուրքի ոճրագործությունը իմ աչքերով։ Տեսնել այդ ամենն ու մնալ մարդ՝ չափազանց դժվար է»։ Պատերազմի մեջ կան կանոններ, որ հակառակորդը երբեք չի պահել։ Այն, ինչ տեսել է Մարաղայում, ասում է, մեր ազգն ապրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ։
...Բույան ձին չափազանց խելացի էր։ Միայն չէր խոսում. փոխարենը ամեն ինչ հասկացնում էր։ Անահիտին ղարաբաղցի մեծահասակ մի պապիկ էր նվիրել, ում ընտանիքը զոհ էր գնացել ադրբեջանցիներին։ Բույանն այդ օրը սովորականի նման չեկավ իր սուխարիկների հետեւից։ Խռթխռթան չոր սուխարիկներ շատ էր սիրում. «Վայ ինձ՝ եթե հանկարծ մենակ ուտեի։ Գալիս էր, գլուխը ուսիս դնում, հասկացնում, որ իրեն էլ տամ։ Մի երեկո Բույանս չմոտեցավ։ Կանչում եմ, նայում է, բայց չի գալիս, հակառակը՝ հետ քայլ է անում։ Ականապատված էր իմ ձին, մի քանի մետր հեռավորության վրա օդ թռավ, զոհվեց հանուն ջոկատի»։ Պատերազմը չարիք է, ասում է փոխգնդապետ տիկինը, սով, ցուրտ ու մահ. «Մերը տարբերվում է պատմության մեջ գրված մյուս պատերազմներից։ Մենք մեր հողն ենք պաշտպանում ու ազատագրում։ Իսկ հողը ազգի պահպանության ամենակարեւոր նախադրյալներից մեկն է։ Եթե կորցնենք, որպես ազգ այլեւս գոյություն չենք ունենա»։ Իսկ պահպանելու համար անհրաժեշտ է մարտնչել, մինչեւ վերջին շունչը կռիվ տալ։
Իսկ ինչպես հրամանատար դարձավ։ Մի օր կենտրոնական զորակայանից շտապ կանչում է վերադասը։ Տեղեկացնում է, որ հրամանատար է նշանակվել։ Իր ջոկատն ուներ, անունն էլ արդեն տղերքը որոշել էին՝ «Անահիտ»։ Լուրը տարածվեց բոլոր ճակատներում։ Նախկին մարտընկերներից շատերն էին ցանկանում իր հրամանատարության տակ կռվել. «Ջոկատում այլազգի զինվորներ էլ կային։ Իրենք իրենց կոչում էին՝ «Սուրբ խաչ» ուխտի նվիրյալներ»։
Մյուս ջոկատների հրամանատարների հետ միշտ կապի մեջ էր լինում։ Հարկ եղած դեպքում մեկը մյուսին աջակցում էր։ «Պատերազմն ինձնից շատ բան խլեց, բայց տվեց կարեւորագուն մի բան՝ հպարտություն։ Յուրաքանչյուրս ծնվում ենք մեկ անգամ, ինչ—որ առաքելություն կատարելու համար։ Հավանաբար, դա էլ իմ առաքելությունն էր»,–շեշտում է ազատամարտիկը։
Ջոկատում մի ավանդույթ է եղել։ Գերիներից տղերքի առաջին պահանջն էր՝ հայ կնոջ առջեւ ծնկաչոք ներողություն խնդրելը. «Յուրաքանչյուր գերի ծնկի պետք է գար։ Ես ասում էի՝ իմ դեմ չես չոքում միայն, իմ ազգի կանանց առջեւ ես չոքում, որոնց սեւ հագուստ ես հագցրել...»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

24-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO