Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Շիրազը նախկինի պես հյուրընկալ է

Պետք է գտնել մշակութային արժեքները ճիշտ ներկայացնելու ձեւը

Հայաստան աշխարհն այսօր «քայլում է» զբոսաշրջության ոլորտի ժամանակակից միտումներին ընդառաջ։ Զբոսաշրջիկներին ներկայացվող պատմամշակութային արժեքների շարքում են նաեւ թանգարաններն ու դրանցում պահվող ինքնատիպ ցուցանմուշները։ Թանգարանները շնչող օրգանիզմներ են, որոնք մշտական հոգածություն եւ խնամք են պահանջում։ Միայն թե հարուստ ֆոնդ ու հետաքրքիր ցուցանմուշներ ունենալը դեռ բավական չէ։ Մարզերում այսօր բազմաթիվ թանգարաններ ու տուն—թանգարաններ կան, որոնք տուրիստական երթուղիներից դուրս են մնացել տարբեր պատճառներով։ «ՀՀ»—ի այս շարքի նախորդ հրապարակման մեջ, Մհեր Մկրտչյանի տուն—թանգարանը ներկայացնելիս, անդրադարձել էինք ոլորտում առկա մարտահրավերներին ու խնդիրներին, զրուցել մի քանի զբոսաշրջային ընկերությունների ղեկավարների հետ։ Ոլորտի պատասխանատուների համոզմամբ, թանգարանային տուրիզմի զարգացման գործում մեծ դերակատարում ունեն մասնավորապես տուր—օպերատորները։ Նրանք են պատրաստում տուրիստական փաթեթները, կազմակերպում այցելությունները, ընդունում ու ճանապարհում օտարերկրյա հյուրերին։
«Վիզիթ Արմենիա» տուրիստական կազմակերպության հիմնադիր տնօրեն Վլադիմիր Գեւորգյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ընդգծեց, որ մեծ դժվարությամբ են թանգարանները ներառում տուր—փաթեթներում, քանի որ զբոսաշրջիկներն անձամբ են որոշում՝ ինչպես կազմակերպել իրենց հանգիստը։ Նախքան Հայաստան ժամանելը ծանոթանում են առաջարկվող փաթեթներին։ «Թանգարանները տարբեր պատճառներով հաճախ դուրս են մնում այցելություններից։ Երբեմն զբոսաշրջիկը պարզապես չի ուզում գնալ։ Որոշում է անձամբ տնօրինել իր ժամանակը։
Օրինակ՝ նախընտրում է ազատ ժամանակ մասնակցել գինու համտեսի, իսկ եթե մշակութային մարդ է՝ պատմամշակութային արժեքներ տեսնելու։ Հայ գրողներին օտարերկրյա զբոսաշրջիկը չի ճանաչում։ Հետեւաբար նրան հետաքրքիր չէ, թե տվյալ մեծությանը առնչվող ինչպիսի ցուցանմուշներ ու պատմություններ են ներկայացվում։ Նույնիսկ դուրս է մնում Թումանյանի երեւանյան թանգարանը։
Բացառություն են կազմում, իհարկե, Հայաստանի պատմության թանգարանը, «Էրեբունի» արգելոց—թանգարանը, ազգային պատկերասրահը, ռուսների համար էլ՝ Փարաջանովի տուն—թանգարանը»,—նշեց Գեւորգյանը։ Ըստ նրա, զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են պատմական հուշահամալիրները, վանքերն ու եկեղեցիները, հայկական խոհանոցը, ազգագրական բնույթի միջոցառումները. «Թանգարանը պետք է ներքին կանոնակարգ մշակի, կարողանա իր ապրանքը հետաքրքիր ձեւով գովազդել։ Լավ կլինի, եթե օրինակ՝ թանգարանում գինու համտես ու ազգային բնույթի միջոցառումներ կազմակերպվեն։ Այս տարբերակը միանշանակ աշխատող է, օտարերկրացուն հաստատ հետաքրքիր կլինի»։

Շիրազի սիրած չեչիլ  պանիրը, թթուն ու բողկը

Շարունակելով թանգարանային թեման, այս անգամ խոսելու ենք բանաստեղծ Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան) Գյումրիում գտնվող հուշատուն—թանգարանի մասին։ Շինությունը բավականին հին պատմություն ունի։ 1868 թվականի կառույց է։ Ժամանակին Վանից գաղթած Քեշիշյան ազգանունով մի մեծահարուստ վաճառականի առանձնատուն է եղել։ Հետագայում ծառայել է իբրեւ արտադրամաս։ Կառույցը որպես Շիրազի հուշատուն—թանգարան բացվեց 2003թ. սեպտեմբերին։ Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով աչքի ընկնող մշակութային օջախն այսօր Վարպետաց փողոցի այցեքարտն է։ Ընդգրկված է Գյումրիի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկում։ Այստեղ պահվում են բանաստեղծի ձեռագրերը, անդրանիկ տպագիր գործերը, անձնական իրերը։ Մեծ արժեք են ներկայացնում նշանավոր արվեստագետների կողմից Շիրազին նվիրաբերված աշխատանքները։
Թանգարանի տնօրեն Արա Պապանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ այցելուներին շահագրգռելու նպատակով, բացի մշտական ցուցադրությունից, հաճախակի կազմակերպում են նաեւ կրթական ու գիտական բնույթի միջոցառումներ։ Վերջերս վերանորոգվել է նաեւ թանգարանի նկուղային հարկը, որն առաջիկայում կծառայի որպես շիրազյան մշակութային կենտրոն։ Դռան վրա ցուցանակն արդեն ամրացված է. «Հանդիպումների շիրազյան կենտրոն»։ Ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Նպատակ ունեն այն դարձնել մի վայր, ուր կհավաքվեն արվեստի ու գրականության մարդիկ։ «Գրական երեկոներ ու միջոցառումներ կունենանք։ Գրքերի շնորհանդեսներ կկազմակերպենք։ Կլինի նաեւ խորհրդատվական կենտրոն։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրենք նաեւ մեր այցելուներին»,—ասաց Պապանյանը։
Ինչպես գիտենք, 2017թ. հունիսի 1—ից քաղաքապետարանների հսկողության տակ գտնվող բոլոր թանգարանները դարձան վճարովի։ Սկզբում այս հանգամանքը խուճապ առաջացրեց ու հանկարծակիի բերեց անվճարին սովոր հայ մշակութասերներին, ինչն էլ, Պապանյանի խոսքով, նկատելիորեն ազդեց ներքին տուրիզմի աճի վրա։ «Երբ այցելուն հասկացավ, թե ուր է գնում իր գրպանից դուրս եկած 300 դրամը, սկսեց չափսոսալ։ Մենք այդ գումարով կարողանում ենք որոշակիորեն հոգալ թանգարանում առաջացած խնդիրները։ Օրինակ՝ ձմռան ամիսներին ջեռուցման համար ծախսվող գումարը բավականին շատ է։ Համայնքի տրամադրած բյուջեն չի բավականացնում։ Մասնավոր ընկերության աջակցությամբ շուտով արեւային էներգիայի համակարգ ձեռք կբերենք»,—ասաց նա։ Թանգարանի տնօրենը այցելուների թվով չի որոշում մշակութային օջախի կարեւորությունը։ Բացումից հետո մեկ անգամ արդեն վերանորոգվել է, սակայն դեռեւս կան խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում. «Գյումրիի այս թաղամասը շատ խոնավ է։ Շինության տակ ջրափոսեր կան ու առվակներ են հոսում։ Վերականգնման կարիք ունի թոնրատան հատվածը։ Թոնիրը կարող ենք ցանկացած պահի գործի դնել։ Բայց դրա համար խողովակներ են պետք, որպեսզի ծուխը երկինք բարձրանա։ Օտարերկրացիներին զարմացնելու շատ բան ունենք, օրինակ՝ մեր ազգային խոհանոցով։ Կարող ենք տեղում ներկայացնել լավաշի պատրաստման արարողությունը։ Այստեղ հաճախ են կազմակերպվում եվրոպական ֆուրշետներ։ Մենք էլ ենք մասնակից լինում մեր համեստ սեղանով, որին դրվում է Շիրազի սիրած չեչիլ պանիրը, թթուն ու բողկը»։

Այս թաղերում ջուր է ծախել

Հարազատ քաղաքում անկյուն ունենալը Շիրազի մեծ երազանքներից մեկն է եղել։ Մի անգամ Գյումրիում, գրողների համագումարի ժամանակ, Ավ. Իսահակյանի տուն—թանգարանի բակում փափագով ասել է. «Այ մարդ, տեսնիս ես էլ օր մեռա, ինձի՞ էլ պիտի էսպես մեծարեն»։ Երբ տուն—թանգարան հիմնելու լուրը ստանալուց հետո Շիրազը մեկնում է Գյումրի, անձամբ է ընտրում Իսահակյանի տան հարեւանությամբ գտնվող այս շինությունը, ասելով. «Վարպետի տունն է կողքը, նրա տուն եկողը իմ տուն էլ կգա»։ Հիշել է, թե ինչպես է այս թաղամասում ապրուստի միջոց հայթայթելու համար գիշեր ու ցերեկ ջուր վաճառել։ Թանգարանը հուշատուն է կոչվում, որովհետեւ բանաստեղծը չի հասցրել այստեղ ապրել։ Տունը նվիրել են 1983թ. հուլիսին, 1984 թ. մարտին մահացել է։ Թանգարանի մուտքում մեծադիր մի նկար կա, որտեղ գրողը ներս է հրավիրում գրչակից ընկերներին, ցույց տալու, թե քաղաքային իշխանությունները ինչպիսի շքեղ առանձնատուն են նվիրել։ Շատ է ուրախացել, որ վերջապես ինքն էլ է Գյումրիում բնակարան ստացել։
Թանգարանի էքսկուրսավարը Շիրազի քրոջ թոռնուհին է՝ Նարինե Խաչատրյանը։ Ամեն ցուցանմուշի կողքով անցնելիս, խոսքը համեմում է Շիրազի սրախոսություններով, կյանքի ու գործունեությանը վերաբերող հետաքրքիր զրույցներով, որոնք անձամբ է լսել, կամ տատն է պատմել։ Գրողի մանկությունից իրեր գրեթե չեն պահպանվել։ Միայն մի քանի լուսանկարներ կան։ Ցուցադրված լուսանկարներից մեկում Շիրազը 15 տարեկան է։ Այդ տարիներին աշխատել է տեքստիլ գործարանում եւ «Բանվոր» թերթի խմբագրությունում։ Այս տարիքից է սկսվել ծննդյան թվերի տարբերությունը։ Բանաստեղծը ծնվել է 1915թ. ապրիլի 27—ին, բայց անձնագրում գրանցված է 1914թ. ապրիլի 26—ը։ «Տատս նրան փողոցի տղաներից հեռու պահելու համար օրենք է խախտել։ Ծննդյան՝ 1914թ.—ով կեղծ ծննդական է սարքել, որպեսզի Շիրազը փաստացի լինի 16 տարեկան, քանի որ գործարանն այդ տարիքից է աշխատանքի ընդունել»,—պատմում է բանաստեղծի բարեկամուհին։
Նույն հարկի տակ տեսնում ենք ներկայացված նաեւ Գյումրվա հարուստ կոլորիտը՝ կահ—կարասիով ու շքեղ սպասքով։ Բանաստեղծի ներկայությունն ու շունչն այստեղ «տեղափոխելու» համար երեւանյան բնակարանի աշխատասենյակն է վերարտադրված։ Համեստ ապրող մարդ է եղել։ Թանկարժեք իրեր չի սիրել, հրաժարվել է ավելորդ ճոխություններից։ Գրասեղանի դասավորությունն այնպես է, ինչպես բանաստեղծն է թողել. մկրատը, մոր դիմանկարը, «Ատամնաբույժներին» բանաստեղծությունը... Պաշտել է Գրիգոր Նարեկացուն, սեղանի գիրքն է եղել։ «Նարեկի» ուժը զավակների վրա «պահելու» համար նրանց նկարներն ամրացրել է գրքի էջերին։ «Նարեկի» կողքին Լեոյի «Հայոց պատմությունն» է, որն ամեն գիշեր հեքիաթի փոխարեն կարդացել է զավակներին։ Շատ է սիրել թեյ խմել, հիմա էլ բաժակը գրասեղանին դրված է։ Ուտելիքներից ցամաք հաց ու չեչիլ պանիր է նախընտրել։ Շիրազը նաեւ մրգասեր էր, սեղանից խաղողն անպակաս է եղել։ «Աշնան կողմ տատիս հետ գնացինք նրա երեւանյան բնակարան։ Սեղանին դրված մրգերի հետ նաեւ խաղող կար։ Շիրազը գնում—գալիս, ասում էր. «Այ մարդ, դրած է, կերեք էլի»։ Մի քանի անգամ տեսավ, որ չենք ուտում, բարկացած պատմեց. «Էրեխա տղա էի, իծապտուկ խաղողը ընկել էր գետնին, արեւի շողքից կփայլեր։ Կռացա վերցնելու, թուրքը դանակը նետեց, կպավ կողերիս։ Տեսեք՝ ինչ սպի է մնացել։ Ամեն խաղողին էդ կհիշեմ։ Հիմի դրած է, կերեք օր մեջքիս սպին չցավա»,— հիշում է բանաստեղծի քրոջ թոռնուհին։ Շիրազի ներկայությամբ օտար լեզվով որեւէ բառ արտասանելը հանցանքի նման բան է եղել։ Պատահել է նույնիսկ ռուսերեն խոսողներին թքել—մրել է, անպատվել ու հայհոյել։ Մի անգամ կառավարության շենք մտնելիս մի կին մոտենում, ասում է. «Վխոդը այստեղից է»։ Շիրազը շրջվում, բարկացած պատասխանում է. «Խոտը դու ես, ինձ մուտքը ցույց տուր»։ «Ատամնաբույժներին» բանաստեղծության մեջ գրում է. «Ձեր մոտ կգան սերունդները, լավ ստուգեք բերանները։ Այն հայերը, որ չեն խոսում հայոց լեզվով, ճիշտ եմ ասում՝ դավաճան են։ Ով էլ լինեն, ով էլ լինեն դավաճան են։ Փտած ատամ մի ջոկեք, ատամի տեղ լեզուն պոկեք»։
Նույն ցուցասրահում մահճակալն է, գրադարանը, ընտանեկան լուսանկարները, անձնական իրերից բաճկոնը։

Համբուրում էր մոր գլխաշորը, խոսում հետը ժամերով

Շիրազի քնարերգության լավագույն էջերը մորն են նվիրված։ Շատ է սիրել մորը։ Նա այն առաջին գրողն էր, որ մի ամբողջ գիրք նվիրեց մոր հիշատակին. «Հուշարձան մայրիկիս»։ Գիրքը լույս է տեսել 50—60 հազար օրինակով։ Ըստ ականատեսների՝ սպառվել է կես ժամվա ընթացքում, նույնպիսի արագությամբ ինչպես սեւ հացը կռվի տարիներին։ Այս հատվածում ցուցադրված է նաեւ մոր գլխաշորն ու ձեռագործ աշխատանքը՝ թանթանան։ Տիկին Նարինեն պատմում է, որ մոր մահից հետո գլխաշորի հետ Շիրազը հաճախ է փակվել սենյակում, ժամերով խոսել հետը, շոյել, հոտ քաշել։ Մեկ այլ վահանակի տակ անձնական օգտագործման իրերն են, նվերներ ու փաստաթղթեր։ Սփյուռքի հայերը Շիրազին շատ են սիրել, միշտ հյուր գալիս նվերներ են բերել։ Գրողներից մեկը տեսնելով, որ թանկարժեք բաներ են նվիրում, գրողների միությունում բողոքել է։ Ասել է, թե սփյուռքահայերը կմտածեն Սովետը լավ չի վճարում, դրա համար էլ Շիրազը նրանց ամեն տարածը վերցնում է։ Օրեր անց վերոնշյալ մարդը պարսկահայերի հետ գնում է Շիրազի տուն։ Զրույցից հետո հյուրերը բանաստեղծին նվիրում են դանակ, գրիչ ու կրակայրիչ։ Շիրազը նայելով բողոքական գրողին ասում է. «Էդ կրակայրիչը տվեք մարած գրողներին, մեջները քիչըմ կրակ ընկնի, կարգին գրեն։ Էն դանակը տվեք բութ գրաքննադատներին՝ սուր ու ճիշտ քննադատեն։ Գրիչն էլ տվեք ձեր կողքինին, թերթի մեջը գրե՝ Շիրազը նվեր չվերցրեց»։

«Հայոց դանթեականի» ոդիսականը

Խորհրդային գրաքննությունը թույլ չի տվել Շիրազի ոչ մի ստեղծագործություն հանել երկրից։ Այդ ճակատագրին է արժանացել նաեւ Մեծ եղեռնի թեմայով գրված «Հայոց դանթեականը» պոեմը։ Մինչեւ 1965թ. մեքենագիր օրինակով է տարածված եղել։ Թանգարանում ցուցադրված տեսնում ենք ձեռագիր տարբերակը։ Սփյուռքահայ մի խումբ ուսանողներ Հայաստան գալով անգիր են արել, վերադարձել Լիբանան ու 1965թ. Բեյրութում տպագրության հանձնել։ Պոեմը Հայաստանում տպագրվեց բանաստեղծի մահից միայն 5 տարի անց 1 մլն օրինակով։
Ականատեսները նշում են, որ արգելքի տակ հայտնված ստեղծագործությունը մարդիկ թաքուն են կարդացել։ Ում մոտ անգամ մեկ էջ գտել են, աքսորի են ենթարկել։ Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկը) պոեմը կարդալուց հետո մի օր դրսում հանդիպում է Շիրազին։ Մոտենում է, իմիջայլոց հարցնում. «Շիրազ, կըսեն պոեմը դու ես գրե, հա՞»։ Վրդովված Շիրազը պատասխանում է՝ «Ինչխ թե կըսեն, այ տղա ես եմ գրե»։ Այսպես մի քանի րոպե Ֆրունզը Շիրազի հոգու հետ խաղ է անում։ Վերջինս խիստ բարկացած բռնում է դերասանի օձիքից, ուր որ է պիտի հարվածի, Ֆրունզիկը, թե. «Շիրազ ջան, հլը կեցի։ Դու օր գրած էղնեիր, հմի խելռած կեղնեիր»։ «Հա,—շեշտակի պատասխանել է բանաստեղծը։–Խելռել, նոր եմ գրե»։ «Ստեղծագործության մի բնութագիր, որն իր հետ ժպիտ է բերում, բայց նաեւ խորը ձեւով նկարագրում է թե՛ կարդացողի տպավորությունը, թե՛ գրողի հոգեվիճակը»,—մեկնաբանում է զբոսավարը։

24-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO