Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Ընդհանուր տեսլականներ

Ստրասբուրգում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով նախօրեի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ։ Հանրապետության նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ։
Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանը շնորհավորել է Միկելե Նիկոլետիին խորհրդարանական վեհաժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այդ ընտրությունը ԵԽԽՎ—ում դրական փոփոխություններ կբերի, եւ պարոն Նիկոլետիի անձնական որակներն ու փորձը լավագույնս կծառայեն կազմակերպությանը։
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ինչպես Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների, այդ թվում՝ ԵԽԽՎ—ի, այնպես էլ ԵԽ կոնվենցիոն եւ միջկառավարական մարմինների հետ։
Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ 17 տարի առաջ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը եղել եւ մնում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցող կարեւոր գործընկերներից։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին Հայաստանում համալիր բարեփոխումների իրականացման նպատակով կազմակերպությունից ստացված փորձագիտական եւ խորհրդատվական աջակցությունը։ Նախագահը մեծ կարեւորություն է տվել ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացին, Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների զեկույցներին, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիների կյանքի բարելավմանն ու Հայաստանի առաջընթացին եւ արձանագրում են կազմակերպությանն անդամակցությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումները։ Հայաստանը, նախագահի հավաստմամբ, տրամադրված է ակտիվ փոխգործակցության։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը եւս իր դրական ազդեցությունը կունենա ԵԽԽՎ—ի հետ փոխգործակցության հետագա զարգացման գործում։
ԵԽԽՎ նախագահը նշել է, որ կազմակերպությունը եւ ինքն անձամբ բարձր են գնահատում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ հաստատուն քայլերով Հայաստանի առաջընթացը եւ պատրաստակամ են շարունակելու արդեն իսկ արդյունավետորեն զարգացող փոխգործակցությունը։
Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵԽ—Հայաստան հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության օրակարգին վերաբերող այլ հարցեր։
Մինչ հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»։
«Ամեն անգամ մեծ պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Եվրոպայի խորհրդում՝ մարդու իրավունքների այս յուրահատուկ դարբնոցում գտնվելիս։ Կառույց, որի ներքո են առաջ մղվում այն արժեքները, որ կոչված են ապահովելու մարդու ազատ, արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքը։
Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 17—ամյակի նախօրեին իմ այս այցը եւս մեկ առիթ է հաստատելու Հայաստանի հանձնառությունն այդ արժեքներին։
Հավատալով մեր կառույցի ապագային՝ գտնում ենք, որ տարածաշրջանում եւ դրանից դուրս կարեւոր մարտահրավերներին առերեսվելիս՝ Եվրոպայի խորհուրդը եւ ԵԽԽՎ—ն պետք է խոսեն նույն լեզվով՝ հանուն մեր կազմակերպության միասնության եւ հեղինակության»,–գրել է նախագահ Սարգսյանը։
Այնուհետեւ հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։ Մինչ այդ, նախագահը ներկա է գտնվել ԵԽ մի շարք կոնվենցիաների ստորագրման արարողությանը։ Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ—ի շրջանակներում ՀՀ կողմից ստորագրված շուրջ ութ տասնյակ միջազգային պայմանագրերը։
Կողմերը, մասնավորապես, ստորագրել են՝ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի եւ մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության եւ սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիային կից լրացուցիչ արձանագրությունը եւ «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան։
Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել նաեւ ԵԽ «Ոսկե գրքում»։
«Ինձ համար իսկապես պատիվ է վերադառնալ մեր մայրցամաքում ժամանակակից ժողովրդավարության այս օրրան, որը մարդու իրավունքների առաջամարտիկի համբավ ունի։ Մեծապես կարեւորում ենք մեր ընդլայնվող համագործակցությունը եւ համարում, որ Հայաստանում մշտապես ամրապնդվող ժողովրդավարությունն այդ սերտ հարաբերությունների մարմնավորումն է։
Հայաստանը վերահաստատում է իր անվերապահ նվիրվածությունը այդ արժեքներին, քանի որ միասնական աշխատանք ենք իրականացնում՝ հանուն ժողովրդավար եւ խաղաղ Եվրոպայի մեր համընդհանուր տեսլականի»,–գրել է հանրապետության նախագահը։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ—ների առջեւ հայտարարություններով։
«Շնորհակալ եմ Մեծարգո՛ գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու Եվրոպայի խորհրդում։ Իմ այցը համարում եմ խորհրդանշական, քանի որ հունվարի 25—ին լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 17 տարին։ 2018—ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001—ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում, որտեղ իր զգալի ներդրումն ունի Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը։ Մենք շնորհակալ ենք դրա համար
Ինչպես միշտ, գլխավոր քարտուղար Յագլանդի հետ բովանդակալից քննարկում ունեցանք։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ քննարկված հարցերի շուրջ մեր տեսակետները շատ մոտ են միմյանց։ Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց եւ արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին են փաստում նաեւ Եվրոպայի խորհրդի կանոնադրային եւ մոնիտորինգային մարմինների զեկույցները։ Այս համագործակցության առաջին հասցեատերը եւ շահառուն, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է. սա է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած հանձնառությունների պատշաճ իրագործման մեր տեսլականը։
Հայաստանը ներկայումս սահուն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձեւին։ Շնորհակալ ենք, որ այդ գործընթացին եւս Եվրոպայի խորհուրդն իր արժեքավոր նպաստն է բերում։ Անշուշտ, նոր Սահմանադրության ներքո շարունակում ենք օրենսդրական համալիր բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ անկախ մոնիտորինգային կոմիտեների հետ համագործակցությամբ։
Իհարկե, քննարկեցինք նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։ Շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով։ Վերահաստատեցի աջակցությունը գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»։
Համակարծիք էինք միջազգային տարբեր կառույցների իրավասությունների տարանջատման եւ նրանց միջեւ «աշխատանքի բաժանման» հարցերում։ Այս համոզմամբ վերստին փաստեցինք, որ Եվրոպայի խորհրդի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձեւաչափերը։
Ուրախ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ պարոն Յագլանդին հաջողվում է արդյունավետորեն առաջ տանել Եվրոպայի խորհրդի օրակարգը եւ բարձր պահել կազմակերպության հեղինակությունը։ Հավատացած ենք, որ մեր կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծման գրավականը երկխոսությունն է, եւ այդ երկխոսության մեջ պետք է լսելի լինի անխտիր բոլոր անդամ պետությունների ձայնը՝ Եվրոպայի խորհրդի ամբողջականության եւ միասնականության ապահովման նպատակով։
Վերահաստատեցի պարոն Յագլանդին ուղղված՝ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ մեր բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու, Հայաստան—ԵԽ օրակարգն առաջ մղելու, ինչպես նաեւ տեղում գնահատելու սահմանադրական բարեփոխումների արդյունքները, որոնցում, ինչպես արդեն ընդգծեցի, իր ուրույն ներդրումն է ունեցել Եվրոպայի խորհուրդը։
Շնորհակալ եմ»,–իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։
«Հայաստանն արդեն նոր Սահմանադրություն ունի, ընտրություններ են անցկացվել, բոլոր գործընթացները ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Մենք շատ լավ համագործակցություն ունենք»,–ըստ «Panorama»—ի՝ ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Նա նշել է, որ նախագահի հետ հետաքրքիր հանդիպում են ունեցել, ու շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ Եվրոպայի խորհրդի մի շարք փաստաթղթերին միանալու համար։ «Ես երբեք չէի տեսել որեւէ այլ պետության ղեկավարի եւ ԱԳ նախարարի հետ այսքան շատ կոնվենցիաների ստորագրում։ Սա լավ աշխատանքի արդյունք է»,–ասել է Յագլանդը։

25-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO