Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Չմոռանաք իր անունն էլ տալ

Ընթերցողը կճանաչի նաեւ բանաստեղծ ու թարգմանիչ Արման Կոթիկյանին

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արման Կոթիկյանը շատերին է հայտնի որպես հայ կինոյի ու թատրոնի մեծ դերասան։ Իսկ թե ինչպիսի բանաստեղծ ու թարգմանիչ է եղել Կոթիկյան մտավորականը, գիտեին միայն ընկերները, հարազատներն ու մտերիմները։ «Չմոռանաք իմ անունն էլ տալ» վերնագրով գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում, մշակութասեր հանրությանը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու մեծ վարպետին։
Գրքի խմբագիրն է լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, նախաձեռնողը դերասանի դուստրն է՝ Սեդա Կոթիկյանը։ «Այս գրքով հայրիկս վերադառնում է տուն ու շարունակելու է մնալ՝ ամենօրյա իր ներկայությամբ սփոփելով ինձ, թե՝ «Ամեն բան անցողիկ է, աղջիկս, մնայուն է միայն մարդու անունը, մնայուն է այն հիշատակը, որ սերում է գործերից»։ Նրա վերադարձը ես համարում եմ հուշարձան, որ կերտվեց ժամանակակիցների, նրա արվեստը սիրող նվիրյալների եւ մեր ընտանիքի լավ բարեկամների ձեռամբ»,–շնորհանդեսի ժամանակ ասաց դուստրը։ Դերասանի թողած գրվածքներով, նրա ժամանակակիցների, խաղընկերների հուշերով ու նաեւ հետագայում Կոթիկյանի արվեստի երկրպագուների տպավորություններով են ի մի բերվել գրքում զետեղված նյութերը։
«Մեծագույն բան է հայոց լեզվի հետ «ճամփա» անցնելը, արեւմտահայերենը պահպանելը։ Կոթիկյանը լեզու կրող մարդ էր եւ՝ ամբողջական։ Ոչ միայն բանավոր արեւմտահայ ու արեւելահայ, այլեւ գրավոր ընտիր հայերեն լեզուն։ Նրա հիշատակի շուրջ ենք այսօր հավաքվել։ Առիթ է խոսելու եւ լսելու իրար։ Գիրքը, անշուշտ, պատճառն է։ Ես խորապես շնորհակալ եմ Հովհաննես Պապիկյանին։ Գրչի մարդ է, զգայուն, արժեքների նկատմամբ ուշադիր։ Շատ եմ հավանել։ Գրքում անսպասելի փոքրիկ պատմություններ ու դրվագներ կան, բանաստեղծական ու գրական աշխարհ, գեղեցիկ լուսանկարներ»,–ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոն վստահ է՝ երբ մշակույթի համար կգա ավելի ապահով ու բարեբեր ժամանակ, Կոթիկյանի կերպարը հասարակությանը կներկայանա շատ ավելի ամբողջական։
«Գրքի վերնագիրը կարդալիս անմիջապես հիշում ես Սահյանի այս տողը. «Ինձ բացակա չդնեք»։ Ինչպես նրա անունը տալիս, այդպես էլ Արման Կոթիկյանին հիշելիս՝ անհնար է, որ երանության ժպիտ չունենաս։ Այս տեսակ մարդիկ կարծես ստեղծվել են ժողովրդին բերկրանք պարգեւելու համար։ Շատ շատերին, նա այս գրքով կարող է կրկնակի հայտնություն դառնալ։ Ինչպիսի բազմաշնորհ, բազմատաղանդ մարդ էր։ Առաջնակարգ թարգմանությունների հեղինակ, բանաստեղծ. մենք գործ ունենք ոչ միայն դերասանի ու թարգմանչի, այլեւ մեծագույն գրողի հետ։ Չափած—ձեւած մարդ, որ երբեք արտաքուստ շռայլ չի եղել իր զեղումների մեջ»,–ասաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ գրքում տեղ գտած նյութերը համարելով մի փոքրիկ ծաղկաքաղ, ինչը պատկերացում կտա այն հսկայական ժառանգության մասին, որը պահպանվում է նաեւ Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի խոսքերով՝ Արման Կոթիկյանը այն փաղանգի մտավորականներից էր, ում գրիչը շատ մեծ ներդրում ունեցավ մեր ընդհանուր լեզվագիտակցության մեջ։ Նա էականորեն հարստացրեց արեւելահայ իրականությունը, ընդարձակեց ու ամբողջացրեց մեր ով լինելը եւ առաջ մղեց հայ մշակույթը այն թվականներին, երբ երկիրը «փակ» էր. «Հայաստան եկած Կոթիկյանի նման մտավորականները իրենց հետ բերեցին արեւմտահայ մշակույթն եւ լեզվամշակույթը, ընդհանուր քաղաքակրթական գիտակցությունը։ Այդ բոլորը դարձավ հայրենիքի լրիվություն։ Առանց այդ ամենի հայրենիքը կիսատ կլիներ։ Կոթիկյանը կրում էր իր մեջ հսկայական գրականություն։ Նա գրականության զավակ էր։ Իր թարգմանությունները այդ գրականությունից սնված մտավորականի երակն էին, որ ամփոփում էին ամբողջ արվեստագիտական հարստությունները»,–նկատում է Մուրադյանը։
«Հիմա շատերը նույնիսկ «Ճպուռն ու մրջյունը» չեն կարդացել, բայց կարող են խորհուրդ տալ բոլորիս եւ ասել, թե ինչ պիտի անենք։ Արման Կոթիկյան գրական երեւույթի, տաղանդավոր մարդու գրագիտությունը ընդգծում է, թե մենք որքան անգրագետ ենք։ Պետք է այնպես ապրես, որ երբ մարդիկ հավաքվելիս լինեն, հիշեն քեզ ուրիշ խոսքով։ Շատ ապրեք, Սեդա ջան։ Սրանով ժամանակակիցները կկարողանան հիշել այս սովորական մեծ մարդուն։ Լույս իջնի նրա գերեզմանին»,–գրքի լույսընծայման առիթով խմբագրակազմին շնորհավորեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը։
Օտար լեզուներից առաջինը ֆրանսերենն էր, որ ուսանեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ում այդ ճանապարհի վրա էր «դրել» Ա. Կոթիկյանը։ Նույն շենքում են ապրել, հաճախ է նրան հանդիպել։ «Մենք շատ մտերիմ ենք եղել։ Երբ դպրոցը պիտի ավարտեի, մի օր հարցրեց, թե ինչ եմ ուզում անել։ Խորհուրդ տվեց ֆրանսերեն սովորել։ Հրավիրեց իրենց տուն։ Երկար խոսեց։ Ես այդժամ միայն հասկացա, թե նա ինչպիսի թարգմանիչ է ու ինչեր է թարգմանում։ Սկսեցի ինքս էլ զբաղվել թարգմանությամբ։ Այդ մեծությունը, որ այնքան զբաղված էր, ինձ հետ ժամեր էր անցկացնում։ Երբ խորացա ֆրանսերենի մեջ, հասկացա՝ հազվագյուտ տաղանդավոր մարդու հետ եմ գործ ունենում։ Մեծ դասեր եմ ստացել նրանից։ Համալսարան է դա եղել ինձ համար»,–պատմեց Նավասարդյանը՝ միաժամանակ ներկաներին կոչ անելով միանալ Կոթիկյանի հուշատախտակի ստեղծմանը։ Աբովյան 29 շենքում, ուր ապրել է մտավորականը, դեռ հուշատախտակ չկա։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

25-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO