Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Երբեք չհնացող արժեքներ

Որոնք պահվում են հայերեն ձեռագրերի եզակի թանգարանում

Այս տարի լրանում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի ծննդյան 100—ամյակը։ Այդ առթիվ Մատենադարանը հունիսի 28—30—ը կազմակերպում է հայագիտական միջազգային գիտաժողով, որի նպատակն է մեծարել անվանի գիտնականի վաստակն ինչպես Մատենադարան գիտական ինստիտուտի կայացման գործում, այնպես էլ հայագիտության տարբեր ոլորտներում։ Գիտաժողովի շրջանակում կկազմակերպվի նաեւ Լ. Խաչիկյանին նվիրված ցուցադրություն, որտեղ կներկայացվեն նրա անձնական իրերը՝ աշխատանքային գրքույկը, անձնական թերթիկը, ինչպես նաեւ տպագիր աշխատությունները եւ ինքնագիր փաստաթղթերը, որոնք այսօր պահվում են Մատենադարանի արխիվում, «Լեւոն Խաչիկյանի արխիվային ֆոնդում»։
Մատենադարանի արխիվային փաստաթղթերի հավաքածուն եւս ձեւավորվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կաթողիկոսական դիվանի հիման վրա։ Ներկայումս հավաքածուն ընդգրկում է ավելի քան 510 000 միավոր պատմամշակութային բարձրարժեք փաստաթղթեր, այդ թվում՝ կաթողիկոսների կոնդակներ, կայսերական հրովարտակներ, այլալեզու վավերագրեր, անվանի հայագետների անհատական թողոններ եւ այլն։
Խորհրդային իշխանության 1920 թվականի դեկտեմբերի 17—ի՝ «Հոգեւոր իշխանություններին պատկանող կուլտուր—կրթական հիմնարկների պետականացման մասին» թիվ 3 դեկրետով Հայաստանի կուլտուր—լուսավորական մյուս օջախների թվում պետականացվում է նաեւ Մայր Աթոռի մատենադարանն ու նրա արխիվը։ Դեկրետի ծանոթագրությունում նշված է. «Էջմիածնի վանական ճեմարանը, հնագիտական եւ ազգագրական թանգարանները, մատենադարանն ու տպարանը որպես ընդհանուր պետական նշանակություն ունեցող հիմնարկներ Հայաստանի աշխատավոր ժողովուրդների սեփականություն դառնալով, ենթարկվում են անմիջապես Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին եւ վերակազմում վերջինիս կողմից նշանակվելիք կոմիսարի ղեկավարությանը»։ Հրամանագիրը ստորագրել է Լուսավորության ժողովրդական կոմիսար Աշոտ Հովհաննիսյանը։ 1921 թվականի փետրվարի 5—ի դեկրետով հանձնարարվում է Լուսժողկոմին վերակազմավորել Էջմիածնի կուլտուր—կրթական հաստատությունների պետականացման ցանցը, որի մեջ նշվում էին մատենադարանը, տպարանը, թանգարանները, եւ Էջմիածնում հիմնել կուլտուր—պատմական ինստիտուտ։ 1920 թ. դեկտեմբերի 20—ին Էջմիածնի պետական կուլտուր—կրթական հիմնարկությունների կոմիսար է նշանակվում Լեւոն Լիսիցյանը։ Այս որոշումներով փաստորեն աստիճանաբար պետականացվում է Մայր Աթոռի գույքի մեծ մասը՝ ստեղծելով Մատենադարանի ինստիտուտը։ Արդեն 1939 թ. որոշում է կայացվում Մայր Աթոռի մատենադարանի ձեռագրերը եւ արխիվային փաստաթղթերը Էջմիածնից տեղափոխել Երեւան եւ տեղավորել Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի շենքում՝ զբաղեցնելով երկրորդ հարկի մի մասը եւ երրորդ հարկն ամբողջությամբ (Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1941—1957թթ.)։
Պետականացումից հետո, մինչեւ Երեւան տեղափոխվելը, վանականները եւս օգնում էին կարգի բերելու ձեռագրերը, արխիվային վավերագրերը։ Հետագայում, երբ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը տվեց առաջին շրջանավարտներին, Մայր Աթոռի գրադարան եւ արխիվ են գործուղվում Հարություն Աբրահամյանը, Աշոտ Աբրահամյանը, Հարություն Մանվելյանը, ովքեր հսկայական աշխատանք են կատարում հատկապես արխիվային նյութերի մշակման, ծանոթագրությունների, ցուցակների պատրաստման գործում։ «Փաստաթղթերը խառնիխուռն լցված են եղել՝ առանց որեւէ կանոնակարգման։ Այդ պատասխանատու աշխատանքն իրականացրեցին նորավարտ ուսանողները, ովքեր ամեն օր Երեւանից Էջմիածին էին մեկնում։ Հսկայական ծավալի նյութերն արագ գրանցվում են, համարակալվում եւ նկարագրվում։ Արդյունքում ստեղծեցին մի համակարգը, որով հետագայում պետք է նկարագրություններ կատարվեին եւ կադրեր պատրաստվեին գործը շարունակելու համար»,– «ՀՀ»–ի հետ զրույցում նշեց Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման եւ գիտական մշակման բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով այդ աշխատանքները հիմնականում դադարեցվեցին, քանի որ աշխատակիցներից ոմանք մեկնեցին ռազմաճակատ, իսկ արխիվի բաժնի վարիչ Հարություն Աբրահամյանը զոհվեց 1943թ., չնայած հասցրել էր բավականին արժեքավոր ուսումնասիրություններ թողնել։ Նա մշակել էր արխիվային փաստաթղթերի՝ ըստ ժանրային դասակարգման սկզբունքը, նկարագրման ձեւը, ինչպիսի տեղեկությունների վրա ուշադրություն դարձնելը եւ այլն։
Ներկայումս ըստ պաշտոնական տվյալների, ինչպես նշեցինք, Մատենադարանում պահվում են 508 000 նկարագրված արխիվային փաստաթղթեր։ Ա. Մալխասյանը նկատում է, որ բավականին ֆոնդեր էլ կան, որոնք դեռ ուսումնասիրման եւ նկարագրման փուլով չեն անցել։ Արխիվային բաժինը նոր աշխատողներով համալրվել է նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի օրոք, մինչ այդ բաժնում աշխատել են ընդամենը երեք հոգի՝ բաժնի վարիչը, օգնականը եւ գիտաշխատողը։ Զրուցակիցս նշում է, որ եթե հիսուն նկարագրող էլ ունենան, կրկին չի բավականացնի։
Մատենադարանում պահվող հայերեն ամենահին արխիվային փաստաթուղթը «Կաթողիկոսական դիվանի ֆոնդում» գտնվող 1441թ. վավերագիրն է։ Դա այն տարեթիվն է, երբ հայրապետական աթոռը Սիս քաղաքից տեղափոխվեց Վաղարշապատ։ Կան նաեւ 14—րդ դարում գրված արաբատառ վավերագրեր, որոնք դեռ ուսումնասիրման փուլում են։ Ներկայումս Մատենադարանի այլ բաժինների աշխատակիցներ եւս ընդգրկված են արխիվային օտարալեզու փաստաթղթերի նկարագրության գործում։ Խորհրդային տարիներին այլալեզու փաստաթղթերի ուսումնասիրությամբ զբաղվում էր դոկտոր Հակոբ Փափազյանը, ում ուսումնասիրությունները հետագայում հիմք ստեղծեցին օտարալեզու, հիմնականում արաբատառ աղբյուրների համար (դրանցում ընդգրկված են արաբերեն, պարսկերեն, թուրքերեն վավերագրեր)։ Այս բնագավառի ներկայիս լավագույն մասնագետներից է դոկտոր Քրիստինե Կոստիկյանը։
Այսօր էլ արխիվային հավաքածուն անընդհատ համալրվում է։ Արխիվային բաժնում կան բազմաթիվ անձնական ֆոնդեր։ Այդ գործում իրենց ներդրումն ունեն առանձին անհատներ, որոնց ջանքերի շնորհիվ աշխարհի տարբեր վայրերից հավաքվում եւ Մատենադարանին են նվիրաբերվում արխիվային տարաբնույթ հավաքածուներ։ Վերջին տարիների ձեռքբերումներից են Համազասպ եւ Վիկտոր Համբարձումյանների, Սիրարփի Տեր—Ներսիսյանի, Վարագ Առաքելյանի, Խաչիկ Սամվելյանի, Նուպար Դավիթյանի, Լեւոն Մկրտչյանի եւ այլոց ֆոնդերը, Ավո Հովհաննիսյանի, Ռուբեն Գալչյանի անձնական հավաքածուները, Եղիշե Չարենցի ձեռագրերը, Ադանայի հայոց առաջնորդարանի գործավարական մատյանները։ Վերջերս Փարիզից ստացվել է Միսաքյանի արխիվը, որի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասի աշակերտուհի, պոլսահայ դաշնակահար, երաժիշտ եւ երգահան Գոհարիկ Ղազարոսյանի արխիվը, որը ժամանակին տեղափոխվել էր Փարիզ եւ մնացել էր Միսաքյանի տանը։ Արփիկ Միսաքյանի կտակատար Արփի Թոթոյանը Մատենադարանին է հանձնել նաեւ Շավարշ, Տիրուհի եւ Արփիկ Միսաքյանների, բժ. Արզումանյանի, Շահան Շահնուրի թողոնները, որն Արփիկ Միսաքյանը պահել է մինչեւ իր մահը (2015, հունիսի 19)։ Նշված արխիվը պարունակում է ինքնագրեր, նամակներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, ձայներիզներ եւ այլն։ Ավելի քիչ, բայց գնումներ նույնպես Մատենադարանը կատարել է։ Այդպես է ձեռք բերվել ֆրանսահայ հայագետ Մարտիրոս Մինասյանի ամբողջ արխիվը։
Այսօր արդեն, ըստ նվիրատուի ցանկության, ֆոնդերը համալրվում են նաեւ գեղանկարչական եւ կիրառական արվեստի այլ աշխատանքներով։ Թեեւ Մատենադարանի հիմնական պահարանները նախատեսված են թղթի եւ մագաղաթի պահպանության համար, բայց արդեն ստեղծվում են դարակներ, որտեղ կարող են պատկերասրահի նման գծանկարներ եւ գեղանկարներ պահել։ Այս առումով հիշատակելի են Գերմանիայից նվեր ստացված Սեւրուգյանների աշխատանքները, որոնք գեղանկարներ են, արժեքավոր լուսանկարներ։ Սեւրուգյանները Իրանի շահական պալատում հայտնի լուսանկարիչներ են եղել։
Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման շնորհիվ ձեռագրատունը եւ արխիվը նոր հնարավորություններ եւ ընդարձակ տարածություն ստացան։ Նախկին շենքում ստորգետնյա երեք հարկից բաղկացած պահոցներից վերին 2 հարկերը զբաղեցնում էին ձեռագրերը, իսկ ներքեւի 3—րդը՝ արխիվային վավերագրերը։ «Նախկինի համեմատ այս նոր պահոցը հսկայական տարածք ունի, իսկ դա լրացուցիչ ծավալի ավելացում է ենթադրում (նախկինում մտայնություն կար ծրարներն ամբողջությամբ հանել՝ եղած ծավալը նվազեցնելու նպատակով)։ Այսօր մենք տարածքի խնդիր չունենք եւ պատրաստ ենք նորանոր արխիվային փաստաթղթեր ընդունել»,–ասաց բաժնի վարիչը։
Մատենադարանի արխիվային հավաքածուի գոյացման պատմությունն ուսումնասիրելու համար Ա. Մալխասյանն անհրաժեշտ է համարում նախեւառաջ հետազոտել հենց արխիվում եղած փաստաթղթերը, որոնց մասին գոյություն ունեցող անոտացիոն նկարագրություններն ընդհանուր բնույթի են եւ ներկայացնում են սահմանափակ տեղեկատվություն։ Արխիվի նյութերի վերաբերյալ ամբողջական ցուցակներ գոյություն չունեն, որոնցից պարզ լիներ, թե երբ եւ ինչ հանգամանքներում է տվյալ փաստաթուղթը մտել հավաքածու, որովհետեւ արխիվային գործն առօրյա աշխատանքի մի մասն է եղել՝ իր մուտքագրումներով եւ ելքագրումներով։ Այս խնդրում մեզ կարող է օգնել Օննիկ Եգանյանի արժեքավոր աշխատությունը Մատենադարանի ձեռագրական հավաքածուի գոյացման պատմության վերաբերյալ, որտեղ ներկայացված են տարբեր ժամանակներում զանազան վայրերից Մայր Աթոռ տեղափոխված ձեռագրերի քանակը, որոնց շարքում հիշատակվում են նաեւ արխիվային վավերագրեր։ Հայաստանի ազգային արխիվում պահվող 1926 թվականի ապրիլի 15—ի ՀայԱնդրՀեռԳործի փոստային (ներկայումս՝ «Արմենպրես») ինֆորմացիոն բյուլետենում նշված է, որ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Էջմիածնի վանքի մատենադարանի եւ այլ գրադարանների միացումով կազմակերպված Էջմիածնի գիտական ինստիտուտի մատենադարանն ուներ ձեռագրերի եւ տպագիրների բաժանմունքներ։ «Ձեռագրերի բաժանմունքն էլ իր հերթին բաղկացած է երկու մասից՝ բուն ձեռագրեր, մոտավորապես 7000։ Այստեղ կենտրոնացած է ամբողջ աշխարհում գտնվող հայերեն ձեռագրերի մոտավորապես կեսը։ Այդ ձեռագրերի մեջ կան այնպիսիները, որոնք ոչ միայն նյութական մեծ արժեք ունեն, այլեւ թանկագին նյութեր են պարունակում մեր գրականության, գեղարվեստի պատմության համար։ Ձեռագրերի բաժանմունքի երկրորդ բաժինն է արխիվը, որտեղ կենտրոնացած են 20 000 դոկումենտներ։
Տպագիրների բաժանմունքն ունի երեք մաս. առաջին մասում կենտրոնացած են հայերեն լեզվով լույս տեսնող բոլոր հրատարակությունները, երկրորդում կենտրոնացած են աշխարհի բոլոր լեզուներով հրատարակված այն գրքերը, որոնք խոսում են հայագիտության մասին, իսկ երրորդ մասը հատկացված է հարեւան երկրներին։ Մատենադարանն ունի նաեւ մի առանձին ենթաբաժին, որը կենտրոնացնում է հայկական մամուլը»,— նշված է բյուլետենում։
Ինչ վերաբերում է Էջմիածնի թանգարանին, ապա այն ուներ չորս բաժին՝ վիմական, իկոնոգրաֆիական, ազգագրական—պատմական եւ արհեստա—արդյունաբերական—տնայնագործական։ Առաջին բաժնում հավաքված են բազմաթիվ նմուշներ նախաքրիստոնեական, ուրարտական շրջանից։ Իկոնոգրաֆիական բաժնում կան բազմաթիվ նկարներ միջնադարյան հայ նկարիչներից։ Ազգագրական—պատմական եւ արդյունաբերական բաժիններում դասավորված են համապատասխան բազմաթիվ նմուշներ։ Թանգարանի սարքավորման աշխատանքները ղեկավարում էր Վաղարշապատի մատենադարանի վարիչ Սենեքերիմ Տեր—Հակոբյանը։
«Մատենադարանը համաշխարհային նշանակություն ունի, այն հայերեն ձեռագրերի եզակի հավաքածուի գիտահետազոտական ինստիտուտ է։ Աշխարհում չեք գտնի նմանատիպ երկրորդ հաստատություն։ Այլ երկրներում ձեռագրերը միշտ որեւէ գրադարանին կից են լինում, օրինակ՝ Փարիզում ազգային գրադարանում են գտնվում, Լոնդոնում հսկայական ձեռագրերի հավաքածուներ կան, որոնք պահվում են Բրիտանական գրադարանում»,–հպարտությամբ ընդգծում է զրուցակիցս։
Բացի գիտական աշխատանքներից, Մատենադարանը կազմակերպում է նաեւ թեմատիկ բնույթի ցուցադրություններ։ Այս տարվա ընթացքում նախատեսված են մի շարք նորերը, մասնավորապես Ֆրանկոֆոնիային նվիրված կբացվի «Հայաստանը եւ Արեւմուտքը» թեմայով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանի եւ արեւմտյան երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններին վերաբերող ձեռագրական նյութեր, արխիվային փաստաթղթեր եւ այլն։
Մեծ են ուսումնասիրողների հետաքրքրությունները Մատենադարանի ձեռագրերի եւ արխիվային փաստաթղթերի հանդեպ։ Վերջին ժամանակներս մեծ աշխուժություն է նկատվում իրանցի գիտնականների շրջանում, որոնց թեմաների շրջանակն ընդգրկուն է՝ Ջուղային վերաբերող փաստաթղթեր, հայերի եւ իրանցիների մշակութային փոխազդեցություններ եւ այլն։ «Թեհրանից ժամանած Մուստաֆա Ռեսթամի անունով գիտնականն ուսումնասիրում է իսլամական եւ հայկական ձեռագրերի կազմերը։ Ներկայումս պատրաստում ենք համատեղ մի ուսումնասիրություն. մենք՝ հայերեն ձեռագրակազմերի ստեղծման, հետագա զարգացման եւ փոփոխությունների մասին, իսկ նա՝ ընդհանուր իսլամական կազմարվեստի պատմության մասին։ Ի դեպ, մեր կազմերն ավելի վաղ ժամանակներից են հիշատակվում, մինչդեռ իսլամականները սկսվում են հիմնականում 18—19—րդ դարերից։ Այդ կազմերի մի մասն ունի «արբեցնող» գեղեցկություն, որովհետեւ դրանք սոսկ կազմեր չեն, այլ նաեւ գեղարվեստական գործեր են»,–մանրամասնեց Ա. Մալխասյանը։ Նշենք, որ հայերեն հնագույն մետաղակազմը 1093 թվականի է, իսկ թվագրում ունեցող ամենահին կաշեկազմը պատրաստվել է 1585 թ. Վանում։
«Սերտ հարաբերություններ ունենք նաեւ արեւմտյան հայագետների հետ։ Ամեն տարի կազմակերպվում են հայագիտական միջոցառումներ՝ գիտաժողովներ, Նարեկացիական ընթերցումներ եւ այլն։ Եվրոպացի ուսումնասիրողների հետաքրքրությունները հայերեն ձեռագրերի նկատմամբ միշտ էլ մեծ են եղել։ Դրանում մեծ դեր են ունեցել ֆրանսահայ արվեստաբան Սիրարփի Տեր—Ներսիսյանի ուսումնասիրությունների հրատարակությունները, հատկապես հայկական մանրանկարչությանը նվիրված աշխատությունները, որով ամբողջ աշխարհում հայերեն ձեռագրական արվեստը ներկայացվեց որպես առանձին մշակութային երեւույթ»,–հավելեց մասնագետը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

28-06-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO