Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.09.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Կարեւորելով երաժշտական կրթության զարգացումը

Մեկնարկեց ոլորտի խնդիրներին նվիրված միջազգային ֆորումը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում երեկ մեկնարկեց «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» երկօրյա միջազգային ֆորումը, որի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների եւ հայ մասնագետների հետ ընդհանուր հարթակում քննարկել երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, համակարգերը, ինչպես նաեւ իրականացնել փորձի փոխանակում դասախոսությունների ու աշխատանոցների միջոցով։
Նշենք, որ միջոցառումն անցկացվում է Կոմիտասի թանգարան—ինստիտուտի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ, Երեւանի «Գյոթե» կենտրոնի, Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության, ՀՀ—ում Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանությունների աջակցությամբ։
Այս տարի Եվրամիությունը տոնում է մշակութային ժառանգության բազմազանությունը Եվրոպայի տարածքում՝ ԵՄ—ի, ազգային, տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում։ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա նպատակն է ավելի շատ մարդկանց հասանելի դարձնել եվրոպական մշակույթը եւ ամրապնդել եվրոպական մեկ ընդհանուր տարածքին պատկանելու զգացումը։ Այս տարվա կարգախոսն է՝ «Մեր ժառանգությունը, որտեղ անցյալը հանդիպում է ապագային»։
Կոմիտասի թանգարան—ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով, խորհրդանշական է, որ ֆորումն անցկացվում է Եվրոպական ժառանգության տարվա շրջանակներում եւ Կոմիտասի 150—ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների ինքնատիպ նախաբան է։
Եվրոպական երաժշտության որոշ տարրեր հայ երաժշտական ուսումնական համակարգ էին թափանցել սկսած դեռեւս 18—րդ դարից։ Եվրոպայում կրթություն ստացած երաժիշտների ջանքերով էլ կայացավ հայ կոմպոզիտորական արվեստն ու հայ երաժշտական կրթական համակարգը։ «Կոմիտասի կյանքն ու գործունեությունն առանձնահատուկ հագեցած էին ազգային եւ եվրոպական մշակույթների աղերսների որոնումներով, որոնք այսօր էլ որպես կամուրջ կարող են ծառայել հայ—եվրոպական ամենատարբեր ձեւաչափի փոխառնչությունների միջեւ։ Այսօր էլ մեզ համար կարեւոր է հաղորդակից լինել եվրոպական իրականության մեջ երաժշտական կրթության խնդիրների լուծմանը, կրթական համակարգի մեթոդների մշակմանը, նաեւ հեռանկարային ու նոր սկզբունքների ձեւավորմանը»,–ասաց Ն. Կոստանդյանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով, երկօրյա հանդիպումները հնարավորություն կտան իրականացնելու փորձի փոխանակում, քննարկելու երաժշտական կրթության խնդիրները, ինչը չափազանց կարեւոր է երիտասարդ սերնդի հոգեւոր զարգացման համար։ Ըստ նրա՝ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ մշակութային հարուստ կապերի մասին են փաստում այն բազմաթիվ միջոցառումներն ու նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, մասնավորապես, Եվրոպական ժառանգության տարվա շրջանակներում։ «Եվրոպական մշակութային քարտեզը շատ բազմազան է եւ բազմաձեւ, որտեղ նույնիսկ փոքր ազգը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ։ Հավատացած եմ, որ Հայաստանը հենց այդ դիրքերում է գտնվում։ Հայաստանը ստեղծարար մտքերով լի մարդկանց երկիր է, որտեղ մեծապես սիրում են սեփական մշակույթը։ Մենք հայկական մշակույթը, հայկական ինքնությունը համարում ենք մեր ինքնության մի մասը»,–ասաց ԵՄ դեսպանը, միաժամանակ իր հիացմունքն արտահայտեց այն կապակցությամբ, որ չնայած Հայաստանը փոքր, ոչ հարուստ երկիր է, սակայն համերգային դահլիճները մարդկանցով լի են։ Պ. Սվիտալսկին հիշեց, որ օրեր առաջ մեկնարկած երաժշտական փառատոնի բացման ժամանակ անգամ մեկ դատարկ աթոռ չկար։ «Մենք, որպես եվրոպացիներ, եվրոպական մեծ ընտանիքի անդամներ, ցանկանում ենք օգտվել, կլանել այդ մշակույթը, որպեսզի ամրապնդենք մեր ինքնությունը»,–շեշտեց նա։
Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ մշակութային փոխգործակցության հիանալի հնարավորություն է «Ստեղծարար Եվրոպա» կրթական ծրագիրը։ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանատներն առաջիկայում կստորագրեն տեղական հարթակ ստեղծելու համաձայնագիրը, ինչը մշակույթների ազգային ինստիտուտներին համագործակցության դաշտ կստեղծի։ Դեսպանը հույս հայտնեց, որ այդ հարթակը կամրապնդի, կուժեղացնի Հայաստանի ձայնը Եվրոպայում։
Խոսելով Կոմիտասի մասին, Պ. Սվիտալսկին նշեց, որ նա հայկական մշակութային ինքնության թանկարժեք քարերից մեկն է։ «Թեեւ դժբախտաբար նա որեւէ մոնումենտալ բան չստեղծեց, բայց իր ամբողջ կյանքը նվիրեց փոքր հրաշքների ստեղծմանը, կարողացավ պահպանել, փայփայել ժողովրդականը երաժշտության մեջ։ Հենց այդ տեսակի զգայականի մեջ է, որ որեւէ երաժիշտ չի կարող գերազանցել Կոմիտասին»,–նշեց նա։
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը ներկաներին փոխանցեց նախարար Լիլիթ Մակունցի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Անձի բնականոն զարգացման գործում իր առանցքային դերակատարումն ունի երաժշտական կրթությունը։ Դրա շնորհիվ ձեւավորվում է հարուստ ներաշխարհ, գեղագիտական բարձր ճաշակ եւ առողջ աշխարհընկալում։ Ազգային երաժշտության զարգացման գործին միտված կրթական եւ մշակութային կենտրոնների առաքելությունն է մատաղ սերնդին կրթել եւ դաստիարակել ազգային ոգով եւ նրանց փոխանցել երաժշտական հարուստ ժառանգությունը»։
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան—ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու Տաթեւիկ Շախկուլյանը ներկայացրեց երաժշտական կրթության Կոմիտասի հայեցակարգը։ Երաժշտական կրթության իմաստով կարեւոր էր այն, որ 19—րդ դարի ընթացքում բազմաթիվ հայ երաժիշտներ Եվրոպայում եւ Ռուսաստանում ձեռք բերած փորձը բերեցին հայ իրականություն եւ այդ բոլորը կիրառեցին հայկական կոմպոզիտորական արվեստում, հայկական կրթական համակարգում։ Դա նշանակալի բեկում մտցրեց մեր մշակույթի մեջ, որը իր ազդեցությունը պահպանեց մինչեւ մեր օրերը։ «Այդ բնագավառում առանձնահատուկ տեղ եւ դերակատարություն ունի Կոմիտաս վարդապետը, որի երաժշտության բնագավառում ունեցած ներդրումը կայանում էր մի քանի ուղղություններով՝ նա կոմպոզիտոր էր, երաժշտագետ, բանահավաք, հետազոտող, ֆոլկ երաժշտության բազմաթիվ՝ հազարավոր նմուշների հավաքող էր, բացի դրանից, հարեւան ազգերի երաժշտությունը նույնպես հետազոտում էր՝ կարեւորելով համեմատությունը եւ առանձնահատկությունների դուրսբերումը։ Այս ամենից զատ, Կոմիտասը նաեւ կրթական նոր համակարգի մոդել սկսեց ձեւավորել հայ իրականության մեջ»,–մանրամասնեց երաժշտագետը։
Ֆորումին մասնակցում են երաժշտության բնագավառի մասնագետներ Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից։
Այսօր միջոցառման շրջանակներում Երեւանի «Գյոթե» կենտրոնի եւ «DVV Internationa»—ի համագործակցությամբ տեղի կունենա «Հազար ու մի երգ» ժողովրդական երգերի մատենաշարի առաջին հատորի շնորհանդեսը։ Իսկ փակումը կնշանավորվի համերգով՝ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի եւ «Սպեղանի» երգչախմբի կատարումներով (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սարինե Ավթանդիլյան)։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

15-09-2018





24-09-2020
Տրանսպորտի ոլորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի նվազեցման համար ուժեղացվում են վերահսկողության մեխանիզմները


24-09-2020
ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են
«Կարեւոր է, որ աշխարհն իմանա երկակի ստանդարտները, որոնցով Էրդողանն ...


24-09-2020
Նկարիչը՝ Վաղարշապատից
«Հանճարն ու ամբոխը» կտավի խորհուրդը

«… Եղիշե Թադեւոսյանը ...


24-09-2020
Ադրբեջանական ձեռագիրը
Վտանգված է Ֆահրադին Աբոսզոդեի կյանքը

«Թալիշստան թայմս» միջազգային ...


24-09-2020
Մարդու դժբախտությունը մարդու անկումն է
«Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու ...


24-09-2020
Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին
Սիրիական ուժերը եւ նրա դաշնակիցներն Իդլիբի վրա հարձակվելու կարիք ...


24-09-2020
Առեղծվածային խառնարանները կապված են հավերժական սառույցի հալվելու հետ
Ռուսական Սիբիրում վաղուց են ահազանգ հնչեցնում հավերժական սառույցի շերտի ...



24-09-2020
Չինաստանի նոր հայտը
Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը ...

24-09-2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թիան Էրլունին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

24-09-2020
Ըմբիշները սկսեցին հերթական հավաքը
Մրցումների մասնակցելու հնարավորությունից զրկված ...

24-09-2020
«Շանթ-2020» զորավարժությունը՝ ՀՀ տարածքում
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO