Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Վերաբացվել է թիվ 3 մանկապատանեկան կենտրոնը

Ստեղծված են ստեղծագործական հիանալի պայմաններ

«Էրեբունի-Երեւանի» հոբելյանական տոնակատարության նախօրեին արտակարգ լավ նվեր ստացան մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի մանուկներն ու պատանիները. կրկին շարք վերադարձավ Երեւանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (նախկին պիոներպալատը), որի գործունեությունը դադարեցվել էր շենքի հիմնանորոգման պատրվակով։ Հիմնանորոգումը, որն իրականացվում էր Երեւանի համայնքային բյուջեի միջոցներով՝ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի աջակցությամբ, ըստ նախագծի պետք է ավարտվեր այս տարվա փետրվարին, սակայն ավելի ուշ բացահայտված էական վնասվածքների պատճառով աշխատանքները ձգվեցին եւ ավարտվեցին սեպտեմբերին։ Այսօր հնարավոր չէ կենտրոն մտնել եւ չհիանալ կատարված աշխատանքով։ Իսկ դրան նախորդել է տասնհինգ ամսվա լարված աշխատանք։ Ամրացվել են շենքի ճեմասրահի հատվածում գտնվող կրող կոնստրուկցիաների՝ երկաթբետոնե սյուների մեծ մասը, ամբողջովին նորացվել է ճակատային պատը, ջեռուցման նոր համակարգ է տեղադրվել՝ նոր, արդիական կաթսայատնով, փոխվել, նորացվել են կտուրը, թեք տանիքը, փոխվել են բոլոր դռներն ու պատուհանները, քանդվել—հանվել է հին հարդարանքը, տեղադրվել է նորն ու արդիականը, ընդարձակ ճեմասրահի հատակը դարձել է տաքացվող, մուտքի ապակե պատերը դարձել են երկշերտ։ Ամենակարեւորն այն է, որ ընդհանուր առմամբ ջերմամեկուսացվել է շենքը։ Ի դեպ, ՄԱԿ—ի զարգացման ծրագրի աջակցությունը վերաբերում է հենց այդ աշխատանքներին։ Միջազգային կազմակերպությունը շեշտը դրել է կենտրոնի ամբողջ համալիրում էներգախնայողական ռեժիմով անհրաժեշտ ջերմություն ապահովելու վրա։ Դրանով պայմանավորված՝ նախագծային որոշ փոփոխություններ են կատարվել, մասնավորապես շենքի արտաքին պատերը երեսպատվել են «պենոպլեքս» եւ հանքաբամբակից պատրաստված ջերմամեկուսիչ սալիկներով։ Տանիքը նույնպես ծածկվել է հատուկ ջերմամեկուսիչ նյութով։ Կատարվածի ծավալը պատկերացնելու համար ասենք, որ համալիրի շենքային ընդհանուր տարածքը 6500 քմ է։ Այս նորամուծությունները, բնականաբար, որոշ չափով թանկացրել են հիմնանորուգումը, սակայն դա արդարացված է միջնաժամկետ հեռանկարով։ Ինչպես մեզ հավաստիացրել էին ՄԱԶԾ—ի աշխատակիցները. «Եթե ընդունենք, որ հիմնանորոգման համար ծախսվելու է մոտ 50 մլն դրամ, ապա հինգ տարվա ընթացքում այդ ծախսը վերադարձվելու է»։
Ձմռանը կազմուպատրաստ համալիրն այսօր դեռեւս ջեռուցման ծախս չի անում, որ կարողանանք համեմատել անցյալն ու ներկան, սակայն կենտրոնի տնօրեն Ռուբեն Խնկոյանը հավաստիացնում է, որ թեկուզ միայն ներքին լուսավորության համար էլեկտրաէներգիայի ծախսը նկատելիորեն տարբերվում է նախորդից։ Բանն այն է, որ համալիրի բոլոր սենյակներում տեղադրվել են էներգախնայող լուսադիոդային լամպեր, որոնց շլացնող լույսի պարագայում մեկ ամսվա ծախսն անհամեմատ քիչ է։

Գույքը նորացման կարիք ունի

Տնօրենի համար, ինչպես ինքն է խոստովանում, ոգեւորության բուռն ժամանակներ են սկսվել։ Դեռեւս լիովին չեն ձեւավորվել խմբերը, բայց ինքը պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու կենտրոնի նոր օրը։ «Երբ նոր էինք քանդում արդեն իր դարն ապրածը, մարդիկ կասկածում էին, որ սա հերթական առեւտրի կենտրոնն է դառնալու կամ ավտոկայանատեղ։ Աչքերը վախեցած էին։ Ստիպված ցուցապաստառ տեղադրեցինք, որով իրազեկվում էր շենքի ապագայի մասին։ Հիմա հակառակն է տեղի ունենում. գալիս են, գոհունակություն հայտնում, օրհնում, որ այսպեսի լավ գործ է արվել։ Դե Էրեբունին կտրված է շատ բաներից, այսպիսի շենքեր չկան, մարդիկ լավ են զգում իրենց... Մի տարի երեք ամիս ես ապրեցի շինարարների հետ, տեսա բոլոր աշխատանքները, տեղյակ եմ բոլոր մանրուքներին։ Ամեն ինչ լավ է, արագ տեղավորվեցինք, բայց գույքի խնդիր ունենք, եղածը հին է, մի մասը շարքից ելած, դե շենքի տարիքն ունի, շենքը 1972 թվականին է կառուցվել։ Նամակ եմ ուղարկել քաղաքապետարան, պատասխանել են, որ նոր գույքի համար ծախս կնախատեսեն հաջորդ տարվա բյուջեով։ Եղածով պիտի յոլա գնանք մինչեւ նորը տան։ Բայց 350 տեղանոց նիստերի դահլիճը գույքի բացարձակ բացակայության պատճառով անգործության մատնելը ափսոս է, Էրեբունի վարչական շրջանում այսպիսի դահլիճ չկա։ Եղել եմ շինարարների կողքին, բայց երբ տեսա քանդածի ծավալը, անկեղծորեն, չէի հավատում, որ շենքը ոտքի կելնի, այսպիսի տեսք կունենա, ամեն ինչ հրաշքի նման է թվում։ Սպասում եմ, թե երբ է լույսը բացվելու, որ գամ գործի։ Շատ եմ սիրում երեխաների հետ աշխատելը»,–ասում է Ռուբեն Խնկոյանը, որը երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ ունի. սամբոյի վաստակավոր մարզիչ է, երկար տարիներ աշխատել է Հայաստանի սամբոյի հավաքականի հետ։
Ստեղծագործական կենտրոնի սենյակները միատարր չեն հարդարված ու ձեւավորված. յուրաքանչյուրին առանձին մոտեցում է ցուցաբերված ըստ մասնագիտական խմբի։ Հաշվի են առնվել նաեւ կենտրոնի մասնագետների առաջարկությունները։ Ամեն մի հարցի շուրջ խոսակցության վերջում կենտրոնի տնօրենն ավելացնում է. «Հոյակապ է ստացվել, հոյակապ»։ Նա վստահ է, որ մինչեւ տարեվերջ կենտրոն հաճախելու ցանկություն հայտնողների թիվը կհասնի 1200—ի։ Էրեբունցիները կարգին չեն իմանում, որ արդեն վերաբացվել է կենտրոնը։ Պատճառը, ըստ էության, վերաբացման պաշտոնական արարողություն չկատարելն է, որը պայմանավորված էր քաղաքապետի արտահերթ ընտրություններով։ Բայց ոչ մի կասկած չկա, որ մշակութային մանկապատանեկան օջախը շուտով լցվելու է եռուն կյանքով ու աղմուկով, այդ են ցույց տալիս նկատվող ակտիվությունը եւ հետաքրքրությունը ծնողների շրջանում։ «Երբ հին շենքում գործող կենտրոնի կենցաղային պայմաններն էին տեսնում ծնողները, մտքափոխվում էին, քանի որ պայմանները հուսահատեցնող էին։ Իսկ հիմա ով գալիս է, էլ չի ուզում ետ գնալ»,–ասում է տնօրենը։
Այժմ կենտրոնում գործում են կիրառական եւ գեղարվեստի ուղղությամբ տասնյակ խմբեր։ Ավանդական մասնագիտություններին ավելացել են նաեւ այսօր պահանջարկ ունեցող մասնագիտություններ։ Օրինակ՝ ավազաթերապիան, խեցեգործությունը նոր են բացվել։ Տնօրենը ցանկանում է ավելացնել նաեւ կավագործությունը եւ ռոբոտաշինությունը։ Ինչ խոսք, կենտրոնի խմբակներ հաճախող երեխաները պարտադիր չէ, որ մասնագիտական կայուն կողմնորոշում ստանան, թեպետ շատերի համար այստեղ ստացածը դառնում է կողմնորոշիչ։ Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է դեռահասներին փողոցից կտրելուն, նրանց մեջ օգտակար աշխատանքով զբաղվելու կամք ու ցանկություն դաստիարակելուն։
Թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հիմնանորոգմամբ, կարելի է ասել, իդեալական պայմաններ են ստեղծվել։ Միակ թերին համալիրի լողավազանի հետ է կապված։ Ավարտված ծրագրով այստեղ միայն կառույցի ծածկն է նորոգվել, իսկ ներքին աշխատանքները հավանաբար կկատարվեն եկող տարի։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

19-10-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO