«Հայաստանն ապագայի դարպասն է»
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել գլոբալ ինովացիոն ֆորումի բացմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների եւ խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ, քննարկել նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները։ Այնուհետեւ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած՝ «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող գլոբալ ինովացիոն ֆորումի բացմանը։ Նախագահը, ով նաեւ FAST հիմնադրամի խորհրդատվական խորհրդի պատվավոր անդամ է, ողջունելով մասնակիցներին 21—րդ դարի երկրում, կարեւորել է Հայաստանում նման ֆորումների անցկացումը։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը ոչ միայն քաղաքակրթությունների բնօրրան է, այլեւ ի սկզբանե եղել է Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկում։ «Քանի որ սա դարպաս է, խաչմերուկ, կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդկությունը հետ դառնա դեպի իր ակունքները, դեպի իր ծագումը, դեպի մարդկային ռասսայի ծագման վայր՝ Հայաստան։ Օրերս Ժնեւում խոսում էի 4—րդ ինդուստրիալ հեղափոխության մասին, որտեղ ասացի, որ չկան հեղափոխություններ, կա էվոլյուցիա։ Մարդկությունը, մենք պետք է մաս կազմենք էվոլյուցիային կամ զարգացմանը։ Սա ոչ միայն գիտական ու տեխնոլոգիական էվոլյուցիա է, այլեւ մեր հասարակությունների ու աշխարհում մեր վարքագծի սրընթաց էվոլյուցիա»,–ասել է նախագահը։ Նա հետեւյալ ուղերձն է հղել. «Հայաստանն ապագայի դարպասն է։ Մենք խրախուսում ենք ներդրումներ կատարել մեր երկրում. երկիր, որը երիտասարդ է, որը հավակնոտ է, որի ժողովուրդը տաղանդավոր է, որն ունի երիտասարդ կառավարություն, եւ երկիր, որն իրեն զգում է 21—րդ դարում։ Երիտասարդ է եւ հասուն։ Երիտասարդ լինելը նախ եւ առաջ նշանակում է, թե որքան երիտասարդ ես քեզ զգում հոգով, արդյոք պատրաստ ես նոր բացահայտումների, պատրաստ ես սովորել, պատրաստ ես տալ հարցեր ու պատասխաններ գտնել։ Արդյոք պատրաստ ես հետազոտությունների, էվոլյուցիոն արագացման։ Կարծում եմ, որ էվոլյուցիան անսահման է։ Մենք չենք գիտակցում, թե իրականում որքան բազմաշերտ ենք, մենք բացահայտել ենք մեր մի մասը միայն։ Մարդիկ շատ ավելի հետաքրքրված են, թե ինչ է կատարվում մեզնից դուրս։ Սակայն մի ամբողջ տիեզերք ունենք մեր ներսում, որը նույնքան բարդ է, որքան հենց ինքը՝ տիեզերքը։ Հավատացած եմ, որ աշխարհի ապագա բացահայտումները կրկին վերադառնալու են այս դարպաս, որը 21—րդ դարի դարպասն է։ Այնպես որ, բարի՛ գալուստ Հայաստան»։ Նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել եռօրյա միջազգային ֆորումի մասնակիցներին։ Ֆորումը համախմբել է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության եւ տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների աշխարհի մոտ 20 երկրի գիտական եւ տեխնոլոգիական կենտրոններից։
30-10-2018
|