Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԵՐԵՎԱՆ


Ճարտարապետության պատմությունը՝ ինքնաճանաչման գործիք

Այն բացահայտում է ճարտարապետական շերտերը եւ կողմնորոշում ապագայի նախագծեր մշակելիս

Երեւանն ընդունված է համարել «թամանյանական քաղաք», քանի որ անվանի ճարտարապետն անգնահատելի ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում։ 1920—ականների կեսերից սկսեցին կառուցվել բոլոր այն առանցքային կառույցները, որոնք ուղղություն տվեցին ապագա Երեւանի զարգացմանն ու արդիականացմանը։ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան—ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արեւշատյանը «ՀՀ»—ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատմությունը վերագնահատելու անհրաժեշտություն կա, որովհետեւ քաղաքի զարգացումը պայմանավորված է ոչ միայն Ալ. Թամանյանով, այլեւ բազմաթիվ այլ ճարտարապետներով, ովքեր ոչ պակաս ազդեցիկ են եղել։ Դրանք առաջին հերթին վաղ ավանգարդիստական դպրոցի ներկայացուցիչներն էին՝ Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը, Գեւորգ Քոչարը, Արսեն Ահարոնյանը, Սամվել Սաֆարյանը, Հովհաննես Մարգարյանը եւ ուրիշներ, ովքեր իրենց կոչում էին պրոլետարական ճարտարապետներ։ Այս ճարտարապետները հանդես էին գալիս ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի տարբեր քաղաքների զարգացման նոր հայեցակարգերով՝ առաջարկելով բավականին հետաքրքիր նախագծեր։
Պետք է հաշվի առնել այն, որ Երեւանի եւ հանրապետության մի շարք քաղաքների զարգացման գործում իրենց ներդումն են ունեցել նաեւ օտարերկրյա ճարտարապետները եւ քաղաքաշինարարները։ Քիչ հայտնի է, որ օրինակ՝ Գյումրի քաղաքի հատակագծի մշակման գործում առաջարկներ են ունեցել գերմանացի, ինչպես նաեւ ռուս ճարտարապետները։ «Հետաքրքիր էր, թե ինչպես 20—30—ականների Երեւանում կյանքի կոչվեցին տարբեր գաղափարներ եւ գոյատեւեցին կողք կողքի։ Թամանյանական պատկերացումները ներկայացնող ճարտարապետության կողքին կառուցվում էին բոլորովին այլ ճարտարապետական մտածողության կառույցներ։ Նման փայլուն օրինակներից է Շահումյանի հրապարակը, որը, ցավոք, արդեն աղավաղված է։ Մինչդեռ դա շատ կարեւոր էր պահպանել, որովհետեւ քաղաքում ճարտարապետության տարբեր մտածողություններ արտահայտող կառույցների առկայությունը չէր ենթադրում միայն էսթետիկ տարբեր ոճերի գոյակցություն, այն ներկայացնում էր նաեւ հասարակության կողմից սեփական ինքնության բազմաշերտ ընկալումը»,–նշեց ճարտարապետը։
Ավանգարդիստականից հետո գալիս է ստալինյան շրջանը, որը էսթետիկ մոտեցման առումով դարձավ գերիշխող ուղղություն։ Ի դեպ, այս շրջանի կառույցները համեմատաբար լավ են պահպանված մեր օրերում։ Ստալինիզմի շրջանի հասարակական, մշակութային շենքերն առանձնանում են մոնումենտալիզով եւ շքեղությամբ։ Դա կայսրական մտածողության դրսեւորում էր. դրանով ստեղծվում էր կայունության որոշակի պատրանք, որը պետք է փոխարիներ հեղափոխական ժամանակաշրջանի տրամադրությունները։ Ռ. Արեւշատյանի կարծիքով, կարելի է զուգահեռներ անցկացնել մի կողմից այդ ժամանակաշրջանի, մյուս կողմից՝ հետխորհրդային ժամանակաշրջանի, ընդհուպ ներկայիս պատկերացումների հետ, եւ պատահական չէ, որ արդի ճարտարապետության մեջ ստալինյան ճարտարապետությանը հղում անելու որոշակի մղումներ կան։
Ռ. Արեւշատյանի դիտարկմամբ, Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Միությունում իրականացվեց իր տեսակի մեջ եզակի մի նախագիծ։ Խոսքը խորհրդային բնակարանաշինարարության մասին է, որը սոցիալական լուրջ խնդիր էր լուծում։ «Այդ նախագիծը փոխեց մեր բոլորի ընտանիքների պատմությունը։ Այդ շենքերը կառուցելիս լուրջ հաշվարկներ եւ ուսումնասիրություններ էին կատարվում, որտեղ հաշվի էին առնում բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ բակային միջավայրը, դպրոցի, մանկապարտեզի, պոլիկլինիկայի առկայությունը եւ այլն։ Այլ հարց է, թե ինչպես էր այդ ամենն իրականացվում։ Շատ անգամ որակը զիջում էր, բայցեւայնպես կարողանում էին մարդկանց ապահովել բնակարաններով։ Հակասություններ, իհարկե, առկա էին, ինչը շփոթմունք էր առաջացնում հասարակական գիտակցության մեջ։ Հասարակությունը մշտապես ուզում է հասկանալ սեփական ինքնությունը եւ վերագնահատել պատմությունը։ Այդ առումով ճարտարապետության պատմությունը ինքնաճանաչման լավագույն գործիքներից է»,–շեշտեց զրուցակիցս։ Անդրադառնալով այդ շենքերի էսթետիկական կողմին, գեղագիտական արժեքին՝ Ռ. Արեւշատյանը հիշեց 1920—ականների ավանգարդիստ ճարտարապետների այն թեզը, ըստ որի՝ շենքի էսթետիկան, գեղագիտությունը ածանցվում է նրա սոցիալական եւ դասակարգային նպատակահարմարությունից։
Անկախության տարիներին հասարակական, քաղաքական ֆորմացիաների փոփոխություններն իրենց դրսեւորումները գտան նաեւ ճարտարապետության մեջ։ Միաժամանակ աղավաղվեց Երեւանի դիմագիծը, քանդվեցին եւ գործառական փոփոխությունների ենթարկվեցին հասարակական, մշակութային բազմաթիվ կառույցներ։ Մեր հասարակությունը սկզբում կրավորական, իսկ վերջին 10—15 տարիների ընթացքում շատ ակտիվ ներգրավված է քաղաքային միջավայրի փոփոխության քննարկումների մեջ։ Թանգարան—ինստիտուտի տնօրենը քաղաքի ճարտարապետական դիմագծի եւ քաղաքաշինական կառուցվածքի փոփոխությունները, քաղաքային տարածության վերակազմակերպումը համարում է ոչ միայն նեղ մասնագիտական խնդիր, այլեւ հասարակական լայն քննարկման թեմա։ «Հասարակական—տնտեսական մի համակարգից մյուսին անցումը շատ ցավոտ էր ինչպես Հայաստանի, այնպես էլ խորհրդային մյուս հանրապետությունների եւ Արեւելյան Եվրոպայի համար։ Իսկ եթե այդ փոփոխությունների ազդեցությունը տարածում ենք աշխարհով մեկ, ապա տեսնում ենք, որ դա գլոբալ խզում էր։ Կան երկրներ, որոնք այդ խզման պատճառով հայտնվել են լուրջ ճգնաժամերի, պատերազմական իրավիճակների մեջ։ Հայաստանում իրավիճակը քիչ թե շատ կայուն զարգացում է ունեցել իր բոլոր բացերով հանդերձ, բայց խնդիրները կան, եւ հասարակությունը Հայաստանում շատ ակտիվ է մասնակցում այդ քննարկումներին»,— մանրամասնեց Արեւշատյանը։ Այլ հարց է, թե գիտությամբ զբաղվող կառույցները որքանով են համընթաց քայլում այդ հասարակական գործընթացներին։ Կարելի է արձանագրել, որ այդ ինստիտուտները շատ անգամ հետ են մնում, եւ իրական գիտելիքը զարգանում է այլընտրանքային դաշտում։ «Ճարտարապետությանը եւ քաղաքաշինությանը վերաբերող քննարկումները վերջին տասը տարում տեղի են ունենում ցանցային մակարդակում, նաեւ տարբեր քաղաքացիական մասնագիտական հարթակներում։ Ձեւավորված մասնագիտական խմբերը զբաղվում են քաղաքաշինական խնդիրներով, բայց որեւէ կերպ չեն առնչվում պետական ինստիտուտների հետ։ Այդ խմբերի կողմից գեներացվող գիտելիքը հաճախ դառնում է շատ ավելի կարեւոր, քանի որ անդրադառնում է արդիական խնդիրներին ոչ միայն նեղ ոլորտային, այլեւ բազմապրոֆիլ կտրվածքով, օրինակ՝ մարդաբանությանը, քաղաքագիտությանը, մշակութաբանությանը։ Խմբերի գործունեությունը վկայում է, որ հասարակությունն ավելի առաջ է իր լուծումներով, մինչդեռ ինստիտուտները արձագանքողի դերում են, շատ հաճախ էլ չեն արձագանքում»,–ընդգծեց մասնագետը։
Երեւանն ունեցել է զարգացման բավականին բարդ պատմություն։ Այսօր էլ այն կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ։ Այս տարիների ընթացքում ականատես ենք լինում, թե ինչպես են վերանում քաղաքային տարբեր շերտերը։ Արեւշատյանի խոսքով, Երեւանը միակը չէ, բազմաթիվ քաղաքներ է տեսել, որտեղ նույն գործընթացներն են ծավալվում։ «Ցավալի երեւույթ է, թե ինչպես է նոր հասարակությունը խորշում սեփական պատմությունից։ Քանդվում է պատմական շերտը եւ այդ նույն տեղում կառուցվում է նորը, սակայն պատմության նոր մեկնաբանությամբ։ Նոր կառուցված շենքերը նոր մեկնաբանութամբ թեեւ առանձին հատվածներ պահպանել են հնից, փորձելով կարծես փոխզիջման գալ հասարակության հետ, բայց իրականում փոփոխության է ենթարկվում կառույցի բուն գործառույթը։ Այն շենքերը, որոնք բնակելի էին, որտեղ մարդիկ են ապրել, սերունդ է մեծացել, այն միջավայրը, որտեղ բակերն ունեին բոլորովին այլ սոցիալական հարաբերություններ, այդ ամենը քանդվում է, մարդկանց տեղափոխում են քաղաքի բոլորովին այլ հատվածներ, խզվում են սոցիալական հին կապերը, եւ այդ շենքերի փոխարեն հայտնվում են նորերը, որոնք որեւիցե առնչություն չունեն հնի հետ։ Այդպես ստեղծվում է սոցիալական կապերի «թատրոնը», որը ծառայում է բոլորովին այլ նպատակների՝ դառնալով առեւտրային տարածքներ»,–շարունակեց ճարտարապետը։
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան— ինստիտուտի նորանշանակ ղեկավարը համոզված է, որ Հայաստանն ունի շատ մեծ ներուժ՝ մասնագետներ, վերլուծաբաններ, մտածողներ ամենատարբեր ոլորտներում, որոնց գիտելիքները եւ փորձը պետք է մեկտեղել ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին լուծում գտնելու համար։ Արեւշատյանն ընդգծեց, որ փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի իր ղեկավարած կառույցը հայտնվի առաջնագծում։ «Ճարտարապետությունը հնարավոր չէ ընթերցել, հասկանալ որպես զուտ հերմետիկ գիտություն։ Այն կապված է բազմաթիվ ոլորտների հետ եւ փոխկապակցված աշխարհում տեղի ունեցող գործընթացներին»,–նշեց զրուցակիցս։
Արեւշատյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի կազմակերպելու են մոդեռնիզմին նվիրված շրջիկ ցուցադրություն։ Մեկնարկը կտրվի իրենց թանգարանում, այնուհետեւ կցուցադրվի Մոսկվայում եւ Մինսկում, հետագայում նաեւ Կիեւում, Թբիլիսիում եւ այլ քաղաքներում։ Նպատակն է վերարժեւորել պատմությունը եւ բացատրել, որ արդիության նախագիծը վերջին հաշվով ընդհատված նախագիծ է։ «Կարեւորում եմ մշակութային երկխոսությունները, որովհետեւ դրանց ընթացքում են բացահայտվում ընդհանուր խնդիրները, խնդիրներ, որոնցից Հայաստանը չի կարող մեկուսացված լինել։ 20—21—րդ դարերի տրամաբանության մեջ մենք ունենք կարեւոր մշակութային գործոն՝ սփյուռքը, որը միջնորդ կարող է դառնալ նման քննարկումների ծավալման ժամանակ»,–ամփոփեց ճարտարապետը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

31-10-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO