Հյուրընկալվել են Մայր Աթոռում
Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ուսանողներին՝ գլխավորությամբ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին՝ բարձր գնահատելով ֆակուլտետի գործունեությունը արեւելագիտության զարգացման գործում։ Նորին սրբությունը մեծապես կարեւորեց արեւելագետ մասնագետների պատրաստումը՝ ուսանողներին հորդորելով ուսման մեջ լինել ջերմեռանդ, իսկ հայրենիքին ծառայելու հարցում՝ նախանձախնդիր։
Իր որդիական խոնարհումը եւ երախտագիտությունը հայտնելով Նորին սրբությանը՝ պրոֆեսոր Մելքոնյանն անդրադարձավ արեւելագիտության զարգացման գործում հոգեւորականության նշանակալի դերին, ինչպես նաեւ ֆակուլտետի հետ սերտ համագործակցությանը. այսօր էլ հոգեւորականները դասախոսություններով իրենց նպաստն են բերում 50—ամյա ֆակուլտետի արդյունավորմանը։
Վերջում Նորին սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ եկեղեցու պատմությանը եւ ներկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին։
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ 08-11-2018
|