Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Փայլուն 50 տարիներ եւ փայլուն ապագա

Տեղի է ունեցել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստ

Երեկ տեղի է ունեցել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50—ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցել է նաեւ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը,  հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես հանրապետության նախագահ, այլեւ պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը։
«Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին։ Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի եւ ներկայի մասին։ Մեր արեւելագիտության անցյալը շատ փառահեղ է. մեր արեւելագիտությունը չի ստեղծվել այսօր, երեկ։ Չմոռանանք, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան 75 տարի առաջ ստեղծվել ու հիմնադրվել է հենց արեւելագետի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից։ Եվ սա վկայում է, թե որտեղից են գալիս մեր արեւելագիտության ակունքները. դրանք գալիս են միջազգային, ռուսական արեւելագիտության աղբյուրներից, եւ դրա վառ օրինակն ակադեմիկոս Հովսեփ Օրբելին է։
Արեւելագիտությունը, պատմագիտությունը, հնագիտությունը շատ ավելի խորն են եղել, եւ իզուր չէ, որ ակադեմիկոս Օրբելին եղել է նաեւ Էրմիտաժի տնօրենը՝ իր օրինակով ցույց տալով մշակույթի, գիտության, պատմության եւ լայն գիտական գործունեության նշանակությունը»,–ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ 50—ամյա ֆակուլտետի հետ շատ հանճարեղ գիտնականների անուններ են կապված՝ Հրաչյա Աճառյան, Գրիգոր Ղափանցյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Հակոբ Փափազյան։
«Ինքս ուսանողական տարիներին այս ֆակուլտետում բախտ եմ ունեցել լսել Ջոն Կիրակոսյանին, ով, լինելով կուսակցական ղեկավար, իր մեջ միաժամանակ հայկականության, ազգասիրության, հայրենասիրության առանցքն էր կրում, ու սա շատ հաճախ զգացվում էր նրա ելույթներում։ Իմ ուսանողական տարիներին արեւելագիտության ֆակուլտետը դիտվում էր որպես կենդանի գիտական կենտրոն, ուսանողներն ու դասախոսները կապեր ունեին Խորհրդային Միության շատ կենտրոնների հետ։ Ֆակուլտետի ե՛ւ դասախոսները, ե՛ւ ուսանողները, որոնք իրենց ծագումով կամ պարսկահայ էին, կամ սիրիահայ, կամ արաբական այլ երկրներից էին, կրում էին նաեւ այդ երկրների մշակույթը։ Ֆակուլտետը ոչ միայն ակադեմիական բարձր որակ, այլեւ ոգի ուներ։ Ու ուսանողներն այդտեղից դուրս էին գալիս որպես հայրենասեր եւ լավ քաղաքացիներ»,–հիշել է նախագահը։
Նա մեջբերել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողի խոսքերն այն մասին, որ միջին դարերում Մետաքսի ճանապարհի կառավարիչները, վարպետները հայերն էին։ «Սա կիրառական արեւելագիտության օրինակ է ու վկայում է այն մասին, որ միջին դարերում մենք՝ հայերս, արեւելագետ ենք եղել, որովհետեւ արեւելագիտությունն իմ պատկերացման մեջ միայն ակադեմիական գիտությունը չէ, այն շատ ավելի լայն է»,–ընդգծել է նախագահը։
Խոսելով ֆակուլտետի ապագայի մասին՝ նախագահը նշել է, որ այսօրվա անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր երկիրը բնականորեն ունի առաջ գնալու մեկ ճանապարհ, որն է՝ աշխարհի հետ շփվելու բաց համակարգը, արեւելագիտությունը շատ ավելի խորը հասկացություն է դառնում։ «Կարծում եմ, որ այն ավանդական ուղղությունները, որ մենք ունենք՝ արաբագիտության, թուրքագիտության, իրանագիտության, պետք է ընդլայնել. հնդկագիտությունը կամ չինագիտությունը եւ, իհարկե, Կենտրոնական Ասիայի, եվրասիական տարածքի վերաբերյալ ավելի խորացված հետազոտություններն անհրաժեշտություն են դառնում։ Դրանք կարեւոր են Հայաստանի Հանրապետության, գիտության համար, դրանք բնական կապեր են, եւ եթե հետ գնանք Մետաքսի ճանապարհի գաղափարին, այս բոլորն իրականում արեւելագիտություն է։ Եվ այն կենտրոնները, որոնք կարող են այս ամենով զբաղվել, իհարկե, արեւելագիտության ֆակուլտետն է եւ ինստիտուտը։
Հետեւաբար՝ ինձ համար արեւելագիտությունն ինքնին նաեւ խաչմերուկ է։ Այսօրվա արեւելագիտությունը չի սահմանափակվում միայն գիտական, ակադեմիական հետազոտություններով։ Իր տեսակի մեջ արեւելագիտությունը շատ ավելի խորն է, այն նաեւ հայագիտություն է։ Եթե մենք այսօր ուզում ենք ուսումնասիրել մեր պատմական ինքնությունը, ապա ուսումնասիրության ամբողջ շրջանակը շատ լայն է։ Ժամանակն է, որ մենք ունենանք մեր ազգի գենետիկ քարտեզը։ Եվ քանի որ գենետիկ պատմությունը կապված է նաեւ արեւելքի հետ, ուստի անելիք ունի նաեւ արեւելագիտությունը։ Հետեւաբար, ուսումնասիրությունների ոլորտը ե՛ւ պետք է, կարծում եմ, լայնանա, ե՛ւ խորանա»,–ասել է նախագահը։
Նա տեղեկացրել է, որ արտերկիր կատարած այցերի ժամանակ առիթ է ունեցել գիտական—հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ զրուցել, համատեղ ծրագրերի հնարավորություններ քննարկել, քանի որ Հայաստանը տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն դառնալու, իր թինք—թանքերը ստեղծելու մեծ ներուժ ունի։ Մասնավորապես՝ Նյու Յորքի Արեւելք—Արեւմուտք ինստիտուտում հանդիպման ժամանակ նրանք ցանկություն են հայտնել, որ հաջորդ մեծ կոնֆերանսն անցկացվի Հայաստանում։ «Երեկ ես նամակ ստացա Crans Montana—ից, այստեղ եւս կա նույն հետաքրքրությունը։ Խորացնելով մեր հարաբերությունները ե՛ւ Կենտրոնական Ասիայի, ե՛ւ արաբական, ե՛ւ իրանական աշխարհների, ե՛ւ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, մենք կարող ենք նաեւ մեր գիտական, գիտահետազոտական ներուժը կապել իրականության, իրական քաղաքականության, դիվանագիտության, տնտեսագիտության հետ»,–ընդգծել է նախագահ Սարգսյանը։
Նա արեւելագիտության ֆակուլտետի անցած 50 տարիները փայլուն է համարել. «Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք եւ կարծում եմ՝ փայլուն ապագա։ Հույս ունեմ, որ արեւելագիտության ֆակուլտետի հիման վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարեւոր եւ նշանակալից ազգային պահանջը, որ մենք ունենք։ Հայաստանը կրկին կենտրոնն է Մետաքսի ճանապարհի, Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, եւ այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է ստանձնի իր դերը, որտեղ հսկայական նշանակություն ունի արեւելագիտությունը»,–ասել է նախագահը։
Ելույթի ավարտին նա շնորհավորել է բոլոր արեւելագետներին՝ նշելով որ նրանք մեծ դեր ունեն Հայաստանը կրկին մշակույթների, քաղաքակրթությունների խաչմերուկ, Մետաքսի ճանապարհի, նաեւ՝ մետաքսի վիրտուալ ճանապարհների կենտրոն դարձնելու գործում։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50—ամյակի կապակցությամբ։
«Արեւելագիտության ֆակուլտետի ձեռքբերումներից թերեւս ամենանշանակալին իր շրջանավարտներն են՝ մարդիկ, որոնք հսկայական ներդրում ունեն մեր երկրի հանրային կյանքի կարեւորագույն ոլորտներում։ Պատահական չէ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ հայկական դիվանագիտական անձնակազմի, ներառյալ նրա ղեկավար կազմի զգալի մասը հանդիսանում են ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ։
Ներկայիս հարափոփոխ աշխարհի հորձանուտներում Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է զգալ լայնախոհ ու բարձր պատրաստվածությամբ օժտված մասնագետների կարիքը։ Մաղթում ենք, որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը միշտ բարձր պահի իր իսկ սահմանած տպավորիչ նշաձողը եւ շարունակի մեր երկրի գիտակրթական բնագավառը, պետական կառավարման համակարգը սնուցել իր տանիքի տակ կրթված բանիմաց սաներով»,–մասնավորապես ասված է ուղերձում։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արեւելագիտության ֆակուլտետի ուսանողներին, շրջանավարտներին եւ գործընկերներին՝ նշելով, որ ֆակուլտետը Հայաստանի գիտության, ԵՊՀ—ի կարեւորագույն կառույցներից մեկն է։ «Իմ՝ թե՛ որպես ուսանողի, թե՛ որպես դասախոսի, եւ թե՛ որպես քաղաքական գործչի կյանքում արեւելագիտության ֆակուլտետը կարեւոր դերակատարություն է ունեցել։ Ֆակուլտետն ունի ակադեմիական լուրջ ավանդույթներ. ես դա զգացել եմ ինձ վրա, երբ արտասահմանում ուսանելիս համեմատել եմ իմ ստացած գիտելիքները համակուրսեցիներիս հետ՝ Դամասկոսի, Մոսկվայի եւ այլ գիտահետազոտական կենտրոններում։ Արեւելագիտության ֆակուլտետը նաեւ կարեւոր քաղաքական դարբնոց է եղել. ոչ միայն Խորհրդային Միության տարիներին, այլ նաեւ 90—ականներին, 2000—ականներին, առավել եւս վերջին իրադարձությունների ընթացքում ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները ակտիվ գործունեություն են ծավալել։ Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս՝ ցանկանում եմ ընդգծել դրա առանձնահատկությունը, այն է՝ ակադեմիական ազատ մշակույթի, նվազագույն վարչարարության եւ իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը, որը դաստիարակել է բաց մտածելակերպ, բազմամշակութայնություն, հանդուրժողականություն եւ ժամանակակից կյանքում հաջողության գրավական հանդիսացող բազմաթիվ այլ կարողություններ»,–նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հատկությունների շնորհիվ է, որ յուրաքանչյուր գերատեսչությունում արեւելագետները մեծ ներդրում ունեն եւ կարողանում են ինքնադրսեւորվել նույնիսկ ոչ մասնագիտական գերատեսչություններում։
Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այս օրը խորհրդանշական է ֆակուլտետի համար։ Նա հոբելյանական այս տարեթիվը լավագույն առիթներից համարեց՝ ամփոփելու հայկական արեւելագիտության ձեւավորման, կայացման եւ զարգացման հարցը։ Նա հիշեց ֆակուլտետի երախտավորներին, ֆակուլտետի պատմությունն ու ներկայացրեց նորօրյա գործունեության արդյունքները։
«Մենք ֆակուլտետում ստեղծել ենք նաեւ նոր ուղղություններ՝ օսմանագիտություն, ադրբեջանագիտություն եւ թալիշագիտություն»,—նշեց դեկանը։
Հոբելյանական նիստին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը փոխանցեց նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի խոսքը։ «Տարբեր տարիներ արեւելագետները համալրել են ՀՀ պաշտպանության նախարարության շարքերը։ Տարբեր պատասխանատու ոլորտներում մեծ ներդրում են ունեցել եւ ներկայում էլ շարունակում են ունենալ։ Պաշտպանության նախարարության եւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի միջեւ ձեւավորվել է սերտ համագործակցություն։ Այդ համագործակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ»,—նշեց նա։
Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որի շրջանավարտն ու նախկին դասախոսն է եղել։ Նա ջերմ ու անմիջական մթնոլորտում շփվել է նախկին գործընկերների հետ, զրուցել ընթացիկ գործունեության ու ծրագրերի մասին։

10-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO