Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՊՆ


ՀՀ զինված ուժերը արդիականացվում են

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է կատարված աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՊՆ ռազմական համալիրում հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին՝ անդրադառնալով զինված ուժերում սպասվող եւ արդեն իսկ տեղի ունեցած սպառազինության հետ կապված թարմացումներին։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն կատարել է կործանիչ ինքնաթիռների գնման ընտրությունը։
«Ընտրությունն արդեն կատարված է, մնում է լուծել ֆինանսատեխնիկական հարցերը»,–ասաց Տոնոյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ խոսքը ռուսական «Սու—30» կործանիչների մասին է, Տոնոյանը պատասխանեց. «Հնարավոր է»։
Նախարարի պաշտոնակատարը ընգծեց նաեւ, որ ՊՆ—ն շվեդական «Gripen» կործանիչներ ձեռք բերելու որոշում չունի. «Եկեք չկենտրոնանանք որեւէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որեւէ առաջարկության վրա։ Մենք բոլոր առաջարկություններն ուսումնասիրում ենք, եւ գնին, որակին ու մատակարարման ժամկետներին համապատասխան որոշումներ են կայացվում։ Որեւէ որոշում «Gripen»—ների վերաբերյալ այս պահին չկա»։
Սպառազինության հաջորդ թարմացումը վերաբերում է Արցախում արտադրված հարվածային ԱԹՍ—ներին, որոնք համալրել են ՀՀ զինված ուժերը. «Ներառված են այնքանով, որքանով վտանգ են ներկայացնում հակառակորդի համար»։
Նախարարի պաշտոնակատարը նշեց նաեւ, որ բազմաթիվ նորություններ կան տեղական ռազմարդյունաբերությունում. «Դրանք ոչ թե գիտակոնստրուկտորական, այլ արտադրության փուլում են։ Դա վերաբերում է նոր տեխնոլոգիաներով նոր զինատեսակներին»։
Պաշտպանության նախարարությունը սպառազինության թարմացումները շարունակելու համար պատրաստվում է նաեւ նոր վարկ վերցնել, իսկ ՌԴ—ի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրը կնքված է. «Դեռեւս չենք ավարտել մեր բանակցությունները մատակարարումների հարցով։ Պայմանագիրը կնքված է։ Մատակարարման հետ կապված կան որոշ բանակցություններ, որոնք հիմա ընթանում են։ Մատակարարվեիք սպառազինությունը մասամբ է արտադրված»։
Բացի սպառազինության հետ կապված հարցերից, պաշտպանական գերատեսչությունում լուծվում են նաեւ զինծառայողների սոցիալական խնդիրները։ Հաջորդ տարի զինծառայողների աշխատավարձերը չեն բարձրանա, սակայն շուրջ 1400 զինծառայող ծառայության ավարտից հետո բնակարան կստանա։
«Անգամ մոտ 26.6%—ով բարձրացվող պաշտպանական բյուջեում, որի 45.5%—ը աշխատավարձերն են, նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում, բայց ՊՆ—ն հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հավելավճարների միջոցով հոգալու աշխատավարձի բարձրացումը։ Մենք ունենք այդ հնարավորությունը, ու առաջնահերթությունը տրվում է մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողներին։ ՊՆ—ի բնակարանային ֆոնդը N թիվ է, որը ստեղծված է 25 տարվա ընթացքում։ Այսօր կարիքավորների թվաքանակը համարյա հավասար է այդ թվին։ Մոտ 1400 զինծառայողի բնակարանները ծառայողական ֆոնդից փոխանցվելու են մասնավորեցման։ Այդ աշխատանքն արդեն իսկ կատարվում է, եւ մոտ 122 զինծառայող մեկ ամսվա ընթացքում, որպես սեփականություն, ստացել է բնակարան։ Ընդ որում, ստանում են նրանք, ովքեր կարիքավոր են»,–ասաց Տոնոյանը։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք հետեւողական են, որպեսզի բնակարանների տրամադրման հարցում պահպանվի արդարությունը։
Նա անդրադարձավ նաեւ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի «1000 դրամների նախագծին»՝ նշելով, որ այն հաջողված է։
«Դա շատ հաջողված նախագիծ է, որի իրականացմանը մասնակցում է ամբողջ ժողովուրդը։ Մենք արդեն, բացի 2017 թվականից, նույն պայմաններով փոխհատուցում ենք նաեւ 2015 — 2016 թթ. զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ Հուսով եմ, որ ակտուարական հաշվարկների հաշվին կկարողանանք փոխհատուցել նաեւ 2013 ու 2014 թվականներին զոհվածներին ու վիրավորվածներին»,–ասաց Դավիթ Տոնոյանը։
Պաշտպանության նախարարությունում թարմացման աշխատանքներ են տարվում նաեւ զինծառայողների հագուստների գծով։ Հայկական բանակը «Armenian Army» անվամբ համազգեստներ կստեղծի։
«Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական բրենդները։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս, ԶՈՒ պաշտոնական համազգեստը չէ։ Քանի որ ես քաղաքացիական եմ, գտնում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստը կրեմ։ Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը»,–ասաց Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում, իսկ զինծառայողներին տրվող ներքնաշորերն արտադրողներին ՊՆ—ն կարգադրել է բարձրացնել դրանց որակը։
«Առաջին խմբաքանակն արդեն մեր պահեստներում է, որը կտրուկ տարբերվում է երբեւէ ՀՀ ԶՈւ—ում ստացված ներքնաշորերից։ Կրճատվել է նորմացույցերով հատկացվող թվաքանակը, բայց բարձրացվել է որակը։ Մեր զինծառայողներն արդեն պետք է լվանան իրենց շորերը կամ վստահեն լվացքատներին»,–նշեց նախարարի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է Սիրիա մեկնող ՀՀ զինված ուժերի հումանիտար առաքելության խմբին, Դավիթ Տոնոյանը նշեց, որ նրանք արդեն պատրաստ են ուղեւորվելու, սակայն որոշ չլուծված հարցեր կան։ «Հիմա ավարտվում են նյութատեխնիկական ապահովման որոշ հուշագրային գործընթացները։ Դա կարող է շատ արագ ընթանալ, կարող է լինել մինչեւ տարվա վերջ, կարող է լինել մինչեւ հաջորդ տարվա սկիզբ։ Խումբն ամբողջությամբ պատրաստ է, ու կարող է մեկնել այդ գործընթացի ավարտից անմիջապես հետո»,–ասաց Տոնոյանը։
Անդրադառնալով հայ—ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում ադրբեջանական դիրքերի աղաջխաղացման մասին լուրերին, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դրանք հայկական կողմի հաշվին չեն արվել, եւ նույնիսկ հայկական զինված ուժերն այդ ուղղությամբ բարելավումներ ունեն. «Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել։ Դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է։ Ընդ որում՝ Նախիջեւանի Հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ զինված ուժերը երբեւէ վերահսկողություն չեն իրականացրել։ Հայկական կողմը դրա հետեւանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել»։
Հարցին՝ արդյոք հայկական կողմն այդ ուղղությամբ ունի՞ դիրքային բարելավումներ, նախարարը պատասխանեց. «Այո, եւ ոչ՝ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»։
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապին անդրադառնալով էլ Տոնոյանն ընդգծեց, որ այդ կապն անխափան է գործում։
«Օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ թե ՀՀ—ում եւ թե Ադրբեջանում. կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։ Տեղեկություններն այդ պաշտոնյաները ստանում են զինված ուժերից։ Մինչ այժմ այդ կապը գործում է անխափան։ Մենք բարձրացնում ենք նաեւ անմիջական հրամանատարների օպերատիվ կապի ստեղծման հարցը։ Սա պատահարների նվազեցման միջոց է։ Համանախագահների մոտ բարձրացնում ենք այս հարցը»,–ասաց Տոնոյանը։
Ասուլիսի ընթացքում հարց հնչեց նաեւ ՀՀ ԶՈՒ կին խաղաղապահների մասին։ Նախարարը նշեց, թե որտեղ են նրանք իրականացնելու իրենց առաքելությունը. «Կին խաղաղապահները այս փուլում գործուղվելու են Կոսովո»։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը մանրամասներ ներկայացրեց նաեւ Գորիս—Որոտան ավտոճանապարհին նոյեմբերի 7—ին տեղի ունեցած վթարի հետեւանքով 4 զինծառայողների զոհվելու գործով ծառայողական քննության վերաբերյալ։
«Ինձ համար սա մեծ ողբերգություն է։ Սա ողբերգություն է ոչ միայն ՊՆ—ի ղեկավար կազմի, այլեւ անմիջապես հրամանատարների ու նրանց զինակիցների համար։ Ինչ է պատահել՝ նախաքննության արդյունքներով պարզ կլինի։ Ծառայողական քննությունն իրականացվում է արդեն 5—6 օր, որի հիման վրա ՊՆ—ն կարող է որոշումներ կայացնել, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական»,–ասաց Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ մեքենայի վարորդը լավագույններից մեկն էր. «Հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ են ժամկետայինները վարում մեքենաները։ Նրանք անցնում են համապատասխան պատրաստություն։ Լավագույններից մեկն է զոհվել։ Թվաքանակը մեր մեքենաների եւ հնարավորինս պայմանագրայիններին ներգրավելու մեքենավարմանը, անհամաչափ է։ Ժամկետայիններով մենք կարողանում ենք խնդիրը լուծել, քանի որ կա վարձատրության խնդիր»։
Դավիթ Տոնոյանը նաեւ ընդգծեց, որ մեքենաների ավտոպարկը փոփոխվում է ըստ հնարավորությունների եւ նպատակահարմարության։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հարց ուղղվեց նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ։ Տոնոյանը խորհուրդ տվեց սպասել մինչեւ դեկտեմբերի 6—ը. «Բոլորիս խորհուրդ եմ տալիս սպասել դեկտեմբերի 6—ին։ Քննարկումներ են եղել նեղ ֆորմատով, որոնց մասին տեղեկությունները հասանելի չեն։ Այդ նեղ ֆորմատով որոշում է կայացվել գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալ եւ այն քննարկել դեկտեմբերի 6—ին։ Մենք այդ պաշտոնը զբաղեցնելու դեռեւս մոտ 1.5 տարի ունենք, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային է, եւ այն որեւէ կերպ չի ազդում հայանպաստ կամ հակառակ որոշումների ընդունման վրա՝ լինի նա Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ»։
Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ վերահաստատեց նաեւ իր այն տեսակետը, թե ՌԴ զինված ուժերն ու խաղաղապահ ուժերը կարեւոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում։
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆ

13-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO