Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Թանգարանները պետք է դառնան եկամտաբեր

Այս ուղղությամբ Գորիս քաղաքում համապատասխան աշխատանքներ են տարվում

Վերջին շրջանում Գորիս քաղաքում մեծ աշխատանք տարվեց բնակչության հոգեւոր—մշակութային մակարդակը բարձրացնելու եւ մշակութային կյանքը ակտիվացնելու ուղղությամբ։ Այս վերելքը պայմանավորված էր նաեւ հուլիսի 7—ին մեկնարկած «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրով, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումները հարթակ ստեղծեցին ներկայացնելու հայկական մշակույթն իր ամենատարբեր դրսեւորումներով՝ երգ, պար, էստրադային—ջազային երաժշտություն, ժողովրդական արվեստներ, հայկական ավանդական խոհանոց, շրջայց պատմամշակութային վայրեր, թանգարաններ եւ այլն։ Մշակութային գերհագեցած օրեր են սպասում նաեւ այսօր, վաղը եւ նոյեմբերի 24—ին՝ ծրագրի հանդիսավոր փակման առիթով։
Մշակութային ոլորտի փոփոխությունների եւ համայնքային նոր ծրագրերի մասին «ՀՀ»—ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասաց, որ առաջնահերթությունների մեջ է մտնում քաղաքի բրենդավորման գործընթացը։ «Զբոսաշրջիկների համար քաղաքը գրավիչ դարձնելու նպատակով պետք է հասկանանք՝ մեր քաղաք այցելում են, որովհետեւ ունենք, օրինակ, կարմիր կտուրներ, թե հրաշալի ժայռափոր անձավներ կամ այլ բաներ։ Առաջիկայում պետք է կազմենք տնտեսական զարգացման հնգամյա ծրագիր։ Փորձագետների կազմում ներգրավված են լինելու տնտեսագետներ, քաղաքացիական կազմակերպություններ, անհատներ, գործարար հատվածի ներկայացուցիչներ։ Համատեղ ջանքերով փորձելու ենք ամենամյա մշակութային միջոցառումները ժամանցային մակարդակից բերել տնտեսական մակարդակի։ Եթե մինչ օրս թթի փառատոնը իրականացնելիս կարեւորվում էր որակյալ ժամանցը, հիմա առաջին պլանում է թթի բրենդավորման գործընթացը։ Ամեն տարի իրականացվող փառատոնը հնարավորություն կտա բնակավայրի բրենդը ճիշտ ներկայացնելու այստեղ եկող զբոսաշրջիկներին։ Սա կբերի ճանաչում, տնտեսական հնարավորություններ, վաճառք»,—մանրամասնեց փոխքաղաքապետը։
Հիմա ակտիվ աշխատանք է տարվում քաղաքում գործող զբոսաշրջային կենտրոնների ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ։ Ծրագրերը շատ են, խնդրիները՝ եւս։ Յոլյանը դրական է համարում այն, որ բոլոր ոլորտներում սկսվել են զուգահեռաբար «առողջացման» աշխատանքներ տարվել. «Երկու, երեք տարի հետո շոշափելի արդյունքներ կունենանք։ Մեր խնդիրն է բարելավել մշակութային հաստատությունների գործունեությունը։ Թանգարանները պետք է դառնան եկամտաբեր եւ գործեն սեփական գումարների հաշվին»։ Այս իմաստով մեծ աշխատանք է տարվել համայնքային ենթակայության տակ գտնվող Գորիսի երկրագիտական թանգարանի կառավարման, իրազեկության բարձրացման, այցելուների թվի մեծացման, ցուցադրությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ «Սմիթսոնյան» ինստիտուտի եւ «Իմ Հայաստան» ծրագրի հետ ունեցած համագործակցության արդյունքում ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ցուցափեղկեր, տպագրվել եւ թարգմանվել են տեղեկատվական նյութեր՝ թանգարանում ներկայացված ցուցանմուշների վերաբերյալ։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու են վերապատրաստման դասընթացներ։ Սա Սյունիքի մարզի առաջին թանգարանն է՝ հիմնադրված 1948թ.։ Այն ունի 5000—ից ավելի ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են բրոնզի դարից մեզ հասած Գորիսի պատմությունը։ Բոլորովին վերջերս հիմնանորոգվեց եւ բացվեց նաեւ Սերո Խանզադյանի տուն—թանգարանը։ Գրողի որդու հետ նախապես ունեցած պայմանավորվածության արդյունքում Երեւանից Գորիս բերվեցին Խանզադյանի անձնական իրերը, ազգային գրադարանը տրամադրեց գրողին պատկանող շատ արժեքավոր նյութեր։ Փոխքաղաքապետի խոսքով՝ կադրային բարձր որակն իրենց համար եւս առաջնահերթություն է։ Թանգարանային ոլորտում ներգրավել են այնպիսի աշխատակիցների, ովքեր ոչ միայն տեղացիներին, այլեւ համայնք եկած զբոսաշրջիկներին կկարողանան ծառայություններ մատուցել բարձր մակարդակով։
Արմանուշ Բակունցը 2008 թվականից Խանզադյանի տուն—թանգարանում աշխատում է որպես վարիչ եւ գիտաշխատող։ Մեզ հետ զրույցում պատմեց, որ տունն անմխիթար վիճակում է եղել։ Վերականգնման աշխատանքներ սկսել են տարվել, երբ իշխանությունները որոշել են գրողի տունը պահպանել եւ վերածել տուն—թանգարանի։ «Խանզադյանի գրչակից ընկերների, հարազատների, քաղաքային իշխանությունների ջանքերի շնորհիվ այն կարգի բերվեց եւ համալրվեց ցուցանմուշներով։ Ես սա համարում եմ մեր մեծ հաղթանակը։ 2015 թվականին գրողի 100—ամյակի կապակցությամբ տարածքային զարգացման հիմնանորգման ծրագրում ընդգրկվեց նաեւ մեր թանգարանը եւ մեկ տարի անց բարեկարգվեց»,–ասաց Ա. Բակունցը։ Գրողի երեւանյան բնակարանից այստեղ են բերվել հուշային սենյակում դրված պահարանը, անկողինը, գրասեղանը։ Այս հարցում օգնել է Խանզադյանի քույրը՝ տիկին Վերժինեն։ «Թանգարանը մեր սերունդների համար հանդիսանում է որպես կամուրջ՝ անցյալն ու ներկան կապելու համար։ Խանզադյանի հարուստ ստեղծագործական ուղու մասին այս բնակարանից պարբերաբար պետք է հնչի»,–նշեց Ա. Բակունցը։ Թանգարանի վերաբացմանը զուգահեռ, նույն տան նկուղային հարկում բացվեց նաեւ գրախանութ—սրճարան, որը կարող է դառնալ արվեստի ու գրականության սիրահարների համար հանդիպման հետաքրքիր միջավայր։
Ժամանակին անմխիաթար վիճակում էր նաեւ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղերից մեկը՝ Ակսել Բակունցի տուն—թանգարանը, որի հուշային սենյակներում են պահպանվում գրողի անձնական իրերը, լուսանկարները եւ փաստագրական նյութերը։ Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500—ի. առկա են նաեւ հազարավոր գիտաօժանդակ նյութեր։ Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը։ Այստեղ է պահվում նաեւ Բակունցի հարուստ գրադարանը։ Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հիշում է, երբ ստանձնեց ղեկավարի պարտականությունները, այս թանգարանից «ժառանգեց» խարխուլ պատեր՝ առանց տանիքի, առանց սանհանգույցի եւ ջեռուցման։ Իսկ այսօր արդեն հպարտությամբ է նշում՝ ժամանակի ընթացքում կարողացել են ամեն բան շտկել, կարգի բերել. «Ունենք ներկայանալի եւ օրինակելի մշակութային օջախ։ Շատ կարեւոր էր Բակունցների հսկայական այգին ցանկապատել հարեւան այգիներից, ամեն տեսակ կենդանի էր մտնում։ Այսօր միայն այգին տեղով մի ամբողջ թանգարան արժե։ Հաջողվեց նաեւ տունն ապահովել ջեռուցման համակարգով, ձմռան ամիսներին այն չէր գործում ցրտի պատճառով։ Երբ այգում նկարել էի միրհավի բույն եւ չորս միրհավ, կարծեցին, թե ծաղրում եմ։ Բացատրեցի, որ Բակունցի օջախ մտնողը պետք է միրհավ տեսնի։ Այգում այսօր չորս միրհավ է պտտվում, փոքրիկ ավազան կա, չքնաղ պատկեր է բացվում»։ Վարդանյանն ասաց, որ անձնական իրերից այստեղ ներկայացված են Բակունցների ընտանիքի զգեստապահարանը, մահճակալները, Բակունցի հայտնի սպիտակ շապիկը, գրողի մոր գործած կարպետները, սպասքի պարագաներ եւ այլ իրեր։ Թանգարանի տնօրենն ամենաարժեքավոր ցուցանմուշներից է համարում Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող Բակունցի մոր հայտնի կտավը։ «Սա երկակի մասունք է, նախ որ պատկանում է Սարյանի վրձնին, եւ որ բնորդուհին Բակունցի մայրն է։ Ցուցադրությունը թարմացնելիս շատ ենք դժվարացել։ Մենք գիտենք, որ քիչ է ապրել Բակունցը։ Ուսումնասիրել ենք նաեւ նրա ժամանակակիցների ֆոնդերը, որպեսզի որոշակի ցուցանմուշների քանակ ունենանք, կարողանանք գոնե թանգարանի հուշային իրերը ներկայացնել»,–ասաց Կարո Վարդանյանը՝ հավելելով, որ թանգարանը բաց է նաեւ որպես կրթամշակութային հաստատություն։ Այստեղ կազմակերպվում են գրողի ստեղծագործությանը, արդի գրական հիմնախնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաեւ ամենամյա բակունցյան օրեր։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

22-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO