Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Օրենքը անձնական նախապատվությունից վեր է

Մշակույթի նախարարի պաշտոնակատարն ամփոփեց պաշտոնավարման կես տարին

Մշակույթի նախարարությունն առաջիկա հինգ տարիների համար սահմանել է մշակութային քաղաքականության առաջնահերթությունները։ Ընթացքի մեջ է մի շարք օրենսդրական նախագծերի մշակման գործընթացը, ինչպես նաեւ աշխատանքներ են ընթանում ապակենտրոնացումը հնարավորինս ավելի արդար իրականացնելու ուղղությամբ։
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը երեկ ամփոփեց իր պաշտոնավարման վեց ամիսներին կատարած աշխատանքը՝ նշելով, որ իր հիմնական խնդիրն է եղել այնպես կազմակերպել նախարարության աշխատանքները, որ շարունակվեն արդեն իսկ բյուջեով նախատեսված ծրագրերը՝ միաժամանակ նոր շունչ եւ լիցք հաղորդելով դրանց։ «Անցած ամիսներին կատարվել են աշխատանքներ, որոնք հիմք են դնելու մշակույթի տարբեր ոլորտների զարգացմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը եւ հանրահռչակմանը»,— ասաց նա՝ առանձնացնելով դրանցից մի քանիսը։ Այսպես, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ստեղծագործական տարբեր ոլորտների ներկայացուցչությունների՝ գեղարվեստական ղեկավարների, տնօրենների հետ։ Ոլորտային հանդիպումները ներառել են թատրոնները, պատկերասրահը, թանգարանները, գրահրատարակչությունները, լուսանկարչությունը, կինոոլորտը, ազատ ստեղծագործողներին եւ այլն։ Աշխատանքային եւ ճանաչողական այցելություններ են եղել հանրապետության բոլոր մարզերը, նաեւ Արցախի Հանրապետություն։
Լուծումներ են ստացել մի շարք խնդիրներ։ Մշակույթի ոլորտի պատասխանատուն կարեւորեց հատկապես 7 կառույցների նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալը, որի շնորհիվ օրակարգից դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման հարցը, եւ արդեն քննարկվում են վերականգնման, վերակառուցման, բարեկարգման աշխատանքները։ 30 տարի անց նոր շենք է տրամադրվել Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին, շենքի վերանորոգման համար իրականացվել է դրամահավաք, որի արդյունքում արդեն կանխիկ փոխանցված է ավելի քան 10 մլն դրամ։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը նախաձեռնել է թանգարանի նախագծի մշակման եւ համապատասխան ծախսերի հատվածը։ Հեռացվել են Հայաստանի պատմության թանգարանի կամարների տակ տեղադրված գովազդային վահանակները, որոնք, Մակունցի խոսքով, տարիներ շարունակ աղավաղում էին Հանրապետության հրապարակի տեսքը։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ մշակվել եւ ներդրվել են համատեղ ծրագրեր, ինչպես օրինակ՝ դպրոցներում մշակութային օջախներ այցելելու աբոնոմենտային համակարգը, որի առաջին փուլում ընդգրկված են թանգարանները։ Հաջորդը՝ կրթական եւ մշակութային հաստատությունների միջեւ կապն ապահովող «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիրն է, որի առաջին դաս—հանդիպումը տեղի ունեցավ երեկ Երեւան քաղաքի «Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցում գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի մասնակցությամբ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ մեկնարկել է կենսաթոշակառուներին նվիրված նախագիծը, որի համար բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջվում։ (Մեր կողմից կարող ենք արձանագրել, որ այս նախագիծը բավականին բուռն արձագանք է գտել մեր ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից։ Եղել են դեպքեր, որ սեփական նախաձեռնությամբ առանց սոցապ ծառայության կողմից տոմսերի տրամադրման այցելել են մշակութային հաստատություններ։
Լիլիթ Մակունցը խոսեց նաեւ Բելգիա կատարած աշխատանքային այցի արդյունքում «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի, «Պողոսյան» հիմնադրամի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Բելգիայի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրված հուշագրի մասին, որի շնորհիվ արդեն հաջորդ տարվանից առնվազն երկու արվեստի եւ մշակույթի գործիչները փոխանակման ծրագրով կկարողանան մասնակցել վարպետաց դասերի։
Վերանայվել է դահլիճների վարձակալման վարձավճարը դեպի նվազեցում, ինչպես նաեւ նվազեցվել են մշակութային հաստատությունների տարեկան պլանները։ Նախարարի պաշտոնակատարը կարեւորեց այդ հանգամանքը, որովհետեւ նման մոտեցումը հնարավորություն կտա մշակութային հաստատություններին ձեւավորելու արտաբյուջե։ «Քանի որ պետբյուջեից մշակույթի ոլորտին հատկացումների չափը չի փոփոխվել, ապա աշխատավարձերի բարձրացում չենք կարող ակնկալել։ Սակայն ունենք տարբերակներ, որոնք հնարավորություն կտան հասնելու դրան, օրինակ, կատարողականների իջեցմամբ։ Դա հնարավորություն է տալիս արտաբյուջե ձեւավորել եւ այդտեղից հատկացումներ կատարել հոնորարների, աշխատավարձերի համար։ Մի քանի մշակութային հաստատության օրինակով համոզվեցինք, որ մեծ ակտիվություն ցուցաբերելու պարագայում լինում են դեպքեր, երբ որեւէ ամիս աշխատավարձը կրկնակի կամ եռակի բարձրանա»,–մանրամասնեց նա։
Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաեւ այն մեկնաբանություններին, որոնք տեղ են գտել բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահից հետո, առ այն, որ նախարարությունը մերժել է արտիստի հրաժեշտի արարողությունն օպերայում կազմակերպելու խնդրանքը։ Նրա խոսքով՝ եղել է ոչ թե մերժում, այլ տեղեկացվել է նման դեպքերի համար նախատեսված ընթացակարգի մասին։ Նման դեպքերում ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որը մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի կողմից որոշում է թաղման տեղը եւ այլ մանրամասները։ Մակունցը որպես հավելում ներկայացրեց ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23—ի որոշումը, որով սահմանվում է հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպման կարգը։ «Սա այն ընթացակարգն է, որով առաջնորդվում է եւ պիտի առաջնորդվի մշակույթի նախարարությունը։ Ես կցանկանայի, որ Վահագնի՝ տաղանդավոր, խոստումնալից երիտասարդի մահը պարզապես չշահարկվեր։ Խնդրանքս է։ Մենք պարզապես հետեւել ենք ընթացակարգին։ Հակառակը կլիներ օրենքի շրջանցումը եւ խախտումը, ինչը ես չեմ արել։ Չեմ արել անգամ այն պարագայում, երբ, իհարկե, գիտակցում եմ, որ հատկապես այս նախընտրական փուլում դա ինձ, որպես ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուի, կարող էր բերել քաղաքական միավորներ։ Չեմ գնացել այդ քայլին, երբեք ինձ նման բան թույլ չէի տա»,–ասաց Մակունցը։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ իրենց առաջարկով Վահագն Մարգարյանի ընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրա հիշատակին օպերայում կազմակերպվի հուշ—երեկո։

Ինչու են «աղմկում» թատրոնները

Մնջախաղի պետական թատրոնի տարածքի հարցը ի վերջո կլուծվի։ Մշակույթի նախարարությունը թատրոնի համար առաջարկել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը, որտեղ երկար տարիներ տեղակայված էր հանրապետական զինկոմիսարիատը։ Ներկայումս այն գտնվում է ՊՆ ենթակայության տակ, որտեղ տեղակայված հաստատությունը լուծարման ընթացքում է, փոխանցվելու է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո մշակույթի նախարարությունը կդիմի այդ տարածքը Մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար։
«Այս տարածքը բավականին լավն է, հրաշալի շինություն է։ Ինչ վերաբերում է այն շենքին, որը նախկինում նախատեսված էր թատրոնի համար, ապա այն բաղկացած է մի քանի մասից, դրա առանձին հատվածը, որպես այդպիսին, չի դիտարկվել որպես հուշարձան, բայց ամբողջությամբ այն հուշարձան է։ Մեզ համար մնջախաղի թատրոնը մշակութային արժեք է, հուշարձանները նույնպես մշակութային արժեք են, եւ մենք որեւէ կերպ չենք պատկերացնում մեկը մյուսի հաշվին կատարել։ Պատրաստ ենք ամեն ինչ ձեռնարկել, որպեսզի երկուսն էլ մնան կարեւոր դիրքերում»,– ասաց Մակունցը՝ գոհունակություն հայտնելով, որ համատեղ ջանքերով կարողացան արդյունք գրանցել։ Ի դեպ, Ժիրայր Դադասյանը տվել է իր համաձայնությունը, իսկ առաջարկված շինությունը գնահատել «հոյակապ»։
Նոր տարածքում թատրոնը կկարողանա ունենալ նաեւ մնջախաղի կենտրոն։ Մակունցը նշեց, թե քանի որ տարածքը բավականին ընդարձակ է, նախնական խոսել են Ժիրայր Դադասյանի հետ, եւ հավանականություն կա, որ այնտեղ մեկ այլ ստեղծագործական խումբ եւս գործունեություն ծավալի։
Վերջին շրջանում լարված իրավիճակ է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում. դժգոհություններ կան թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանից։ Դերասանները պահանջում են վերջինիս հրաժարականը։ Նախարարի պաշտոնակատարը մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել դերասանների հետ, քննարկել են մտահոգող խնդիրները, սակայն Մակունցը նպատակահարմար է գտել խնդիրը քննարկել համատեղ՝ երկու կողմերի հետ միասին։ «Այստեղ խնդիրն ունի երկու կողմ. ոչ միայն ստեղծագործական կազմն է, այլեւ պարոն Չալդրանյանը։ Հանդիպման ընթացքում ստեղծագործական կազմին տեղեկացրեցի, որ կխոսեմ նաեւ Վիգեն Չալդրանյանի հետ, այնուհետեւ տեղի կունենա ընդհանուր հանդիպում»,–նշեց Մակունցը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

23-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO