Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետական կառավարման համակարգը ծայրահեղ անարդյունավետ է

Իսկ շուկան դրական է արձագանքում երկրում տիրող փոփոխություններին

Երկրի տնտեսության շեշտակի վերելքը առաջիկա տարիներին իրատեսական է, միայն թե այդ ամենին հասնելու համար պետք է ունենալ արդյունավետ տնտեսավարման կարողություն։ Ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանը կամրջող դերակատարում կարող է ունենալ ԵՄ—ԵԱՏՄ հարաբերություններում։ Ավելին՝ դրանք կարող են ծավալվել գործընկեր այլ երկրների հետ։ Որո՞նք են տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները, ո՞րն է տնտեսության մեջ առկա ելակետային իրավիճակը, ինչպիսի՞ն է երկրի տնտեսության զարգացման տեսլականը հավասար մրցակցային պայմաններում, եւ որո՞նք են տնտեսության ռազմարավարական ուղղությունները։ Այս հարցերը քննարկվեցին երեկ «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները եւ ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհդաժողովում։
Գիտագործնական այս միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ։ Խորհդրաժողովին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Մասնակցում էին ՀՀ կառավարության, գործարար համայնքի, մասնագիտացված բուհերի եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Անդրադառնալով զեկույցներում արծարծված հարցերին եւ ամփոփելով խորհրդաժողովի առաջին մասի շրջանակում ծավալված քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոգեւորված է դրա արդյունքներով. «Ըստ էության՝ համենայն դեպս առաջին 5 զեկույցի արդյունքներով շարադրված են մեր քայլերի տրամաբանությունը եւ առաջնահերթությունը՝ ինչ մենք այս ընթացքում անում ենք, փորձում ենք անել եւ պիտի փորձենք ավելի լավ անել։ Օրինակ, հենց հեղափոխությունից հետո, երբ քաղաքական հարթակներում մեզ անընդհատ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, առաջին հերթին ընդգծում էինք երկրում սահմանադրականության կարեւորությունը։ Բոլորն ասում էին, թե դա ի՞նչ քաղաքական հարց է, պետք է խոսել տնտեսությունից։ Մենք ասում էինք՝ տնտեսության համար կարեւորը օրինականությունն է, օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, արդարության միջավայրի ձեւավորումն է։
Հաջորդ խնդիրը, որին մենք բախվել ենք եւ շատ արագ արձանագրել ենք, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է։ Մենք դա ձեւակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որին անխուսափելիորեն 2019թ. ընթացքում անդրադառնալու ենք, այսինքն՝ հույս ունեմ, որ ընտրություններում մենք կստանանք վստահության քվե եւ դրանից հետո անպայման այդ թեմային անդրադառնալու ենք»։
Վարչապետի պաշտոնակատարը խոսել է հասարակական նոր պայմանագրի վերաբերյալ զեկույցում բարձրացված հարցերի, այն է՝ հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորությունների, իշխանության քննադատության եւ կառավարության անելիքների մասին։ «Իմ կարծիքով՝ ինչ—որ տեղ այդ ընկալումը հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետեւ եթե իշխանությունն ամեն ինչ՝ բոլոր լծակները եւ բոլոր հարցերի լուծումները, վերցնում է իր ձեռքը, բնականաբար, ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է։ Սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց սա մեր իրականությունն է եղել. բոլորն ուզում են, որ կառավարությունը, ավելին՝ վարչապետն անձամբ մտնի միկրոմենեջմենթի մեջ։ Կառավարության խնդիրը ոչ թե ամեն բջիջի աշխատանքը, այլ օրգանիզմի առողջությունն ապահովելն է։ Իսկ օրգանիզմի առողջությունն ապահովելու համար ամենակարեւորը ճիշտ ախտորոշումն է եւ դրանից բխող քայլեր անելը։ Այսօր մեր գաղափարախոսությունը հետեւյալն է. ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման դերակատարումն ու պատասխանատվությունը լինի ոչ միայն կառավարությանը, այլեւ հանրային տարբեր շերտերինը։ Մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում՝առնվազն 2015 թվականից, երբ մենք մեր քաղաքական տեսլականը ձեւակերպել ենք, անհատական ջանքը եղել է առանցքային բոլոր հանրային խնդիրների լուծման համար, եւ կարծում ենք, որ այդ հնարավորություններն այսօր ստեղծվել են։ Շատ կարեւոր շեշտադրում է, ինչը մենք անընդհատ ասում ենք, մարդկանց վարքի եւ վերաբերմունքի փոփոխությունը, եւ, ըստ էության, հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այդ պատճառով, որովհետեւ տեղի է ունեցել մարդկանց վարքի փոփոխություն»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի է ունեցել քաղաքական վարքի փոփոխություն, եւ դա լուծել է քաղաքական հեղափոխության խնդիրը, իսկ երբ տեղի ունենա տնտեսական վարքի փոփոխություն, դա կլուծի նաեւ տնտեսական հեղափոխության խնդիրը՝ սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում իր վճարած հարկը կամ իր կողմից հարկ վճարելու պարտականությունը. ինքը դա վճարում է որպես բե՞ռ, լո՞ւծ, կաշկանդող, իրեն բանտարկող մի բա՞ն, թե՞ ընկալում է դա որպես իր մասնակցություն երկրի տնտեսական, քաղաքական եւ բոլոր առումներով փոփոխություններին։ «Հարկ վճարողի, աշխատողի, գործարարի վարքագծի փոփոխությունը եւ գործարարի նկատմամբ հանրային ընկալումն ամենաառանցքային խնդիրն են, որն այսօր պետք է լուծենք։ Մենք պետք է խոստովանենք, որ երկար ժամանակ գործարարության նկատմամբ հիմնականում ձեւավորվել է վատ վերաբերմունք, իհարկե, բացառություններ եղել են։ Ի՞նչն է եղել պատճառը, որովհետեւ նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, եւ իշխանությունը շահագրգռված է եղել նրանց քաղաքական պրոցեսներում ներքաշելու հարցում։ Հիմա քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ, օրինակ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է։
Բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի որպես գործարարի գնահատականը եւ գործարարի համարումը մեր երկրում նսեմացնելու պրոցես։ Դա հակառակ պրոցեսն է, եւ կարծում եմ, որ դրա արդյունքում գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր, որովհետեւ գործարարն այն մարդն է, որը ստեղծում է արդյունք, որը ստեղծում է աշխատատեղեր, որը պետական եկամուտների լոկոմոտիվը քաշում է առաջ, եւ որի գործունեության արդյունքում մենք բոլորս հնարավորություն ենք ստանում ձեւավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական եւ միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր միջավայրում»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդաժողովի ժամանակ արծարծվել է նաեւ ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման հարցը, որի առնչությամբ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Դա մեր ամենակարեւոր խնդիրն է, որը եթե լուծման առումով դնենք բնական աճի տրամաբանության մեջ, եւ եթե նույնիսկ հիմա շատ մեծ հաջողություններ ունենանք, 15—20 տարի հետո նոր կլուծվի, որովհետեւ 1 տարի հետո ծնված երեխան չափահաս կդառնա ամենաշուտը 18 տարի հետո։ Այս առումով իսկապես շատ կարեւորում ենք ներգաղթի գաղափարը։ Ներգաղթ ասելով նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն։ Մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով՝ իրականությունում կտեսնենք նաեւ կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթ, որովհետեւ մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք, եւ գաղափարը, որն ինձ շատ է դուր գալիս, հետեւյալն է. ես պատկերացնում եմ, որ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է աշխարհի, սփյուռքի տարբեր համայնքներից ներգաղթի օբյեկտ դառնա, ուր մարդիկ գան՝ ամեն մեկն իր հետ բերելով նոր մշակույթ, նոր ըմբռնում, նոր հայացք, նոր միտք, եւ այդ գործընթացի արդյունքում պետք է ունենանք 1000—ամյա, բայց նորածին եւ վերածնված մի ժողովուրդ, մի հասարակություն, մի հանրություն»։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհերի այսօրվա իրավիճակի, կրթական համակարգի խնդիրների եւ գիտահետազոտական ինստիտուտների արդյունավետության վերաբերյալ հնչեցված հարցադրումներին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական եւ գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ, եւ դա նույնպես պետական կառավարման արդյունավետության թեմային առնչվող խնդիր է։ «Բյուջեով կրթության վրա ծախսում ենք այսքան գումար, բայց իրականում ծախսում ենք ավելի շատ, որովհետեւ կան գերատեսչություններ, որոնք իրենց ֆինանսավորման հետ իրենց հերթին ֆինանսավորում են բուհեր։ Եվ ունենք մի իրավիճակ՝ երբ ուսանողը բուհն ավարտում է եւ գնում որեւէ պետական գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, նրան ասում են՝ քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում, պետք է մեր գերատեսչության բուհում սովորես, քեզ դիպլոմ կտանք եւ այն ժամանակ նոր կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել։ Ինձ համար միանշանակ է, որ գերատեսչական եւ պետական բուհերի այսպիսի կառուցվածք եւ բաժանում ուղղակի չպետք է լինի։ Այդ ինստիտուտները պետք է համատեղենք եւ գիտությունը, հետազոտությունը, կրթությունը նույն ռելսերի վրա դնենք»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարեւորելով գիտություն—տնտեսություն—կառավարում—հանրություն գործուն կապի ձեւավորումը։ «Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ եւ առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա։ Իսկ մեր ուսանողների քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում։ Քաղաքի կենտրոնում քայլում ես՝ ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան ծխախոտ վաճառող։ Մեզ թվում է, թե դա մեզ չի առնչվում, բայց քայքայումն սկսվում է հենց այդտեղից։ Մենք պետք է մեր պահանջներն այս առումով ավելացնենք, եւ մեր բուհերի միջազգայնացման ուղղությամբ քայլեր անենք»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տնտեսությունը եւ քաղաքականությունը պետք է լինեն առաջին հերթին մեր ռազմավարական կարիքները սպասարկող։ Այս առումով շատ կարեւորում եմ, որ չմոռանանք հետեւյալը. մեր ռազմավարական առանցքային խնդիրներից մեկը մեր անվտանգությունն է եւ անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը։ Կա ներուժ, կա հնարավորություն, որ մենք կառուցենք այդպիսի տնտեսություն եւ երբեք 2 բան չպատճառաբանենք մեր անվտանգության միջավայրով.
1. Մենք պետք է պայմանավորվենք, որ մեր երկրում օրինականության պակասը, ժողովրդավարության պակասը չպետք է պայմանավորենք անվտանգային միջավայրով։
2. Մենք չպետք է մեր տնտեսության զարգանալը պատճառաբանենք դարձյալ անվտանգային միջավայրով, որովհետեւ հիմա հնարավորություններն ուրիշ են։ Հիմա 21—րդ դարն է, տեխնոլոգիական դարը, եւ տնտեսության զարգացումը հիմնականում առնչվում է մարդկային կապիտալի զարգացման հետ։ Մարդկային, ինտելեկտուալ կապիտալը մեր ամենամեծ արժեքն է, եւ ամեն ինչ պետք է սկսենք այդտեղից։
Մեր նպատակը մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունն ապահովելն է, եւ դա այն քաղաքական խնդիրն է, որն անպայման միասին պետք է լուծենք»։
Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ասել է, որ քննարկման ընթացքում չհնչեց որեւէ նախադասություն, որի հետ ինքը համաձայն չլիներ, առավելագույնը 1, 2, 3, կամ 4 միտք կարող էր լինել, որոնց կարձագանքեր «այո, բայց…» ձեւակերպմամբ։ «Սա ինձ ուրախացնում է, որովհետեւ նշանակում է, որ ինչ—որ առումով ձեւավորվել է հանրային համընդհանուր զգացողություն մեր անելիքների վերաբերյալ։ Մենք, իհարկե, այս ընթացքում ներկաներից մի մասի հետ շփվել ենք, մի մասի հետ չենք շփվել, բայց դա կարող է լինել հեղափոխության հաջորդ կարեւոր արդյունքը, որ հնարավոր է՝ մեր ընդհանրության զգացողությունը վերականգնվում է։ Մենք, նույն փաստերի հետ առերեսվելով, գալիս ենք նույն եզրակացություններին եւ գծում ենք անելիքների ճանապարհային քարտեզը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումները՝ որպես գաղափարներ գեներացնելու եւ իրագործելու, ճանապարհային քարտեզ մշակելու, լուծումներ գտնելու եւ առաջարկներ լսելու հարթակ՝ նշելով, որ բաց է այսպիսի քննարկումների համար եւ պատրաստ է հաճախ հանդիպել։
Այն, որ Հայաստանը պետք է գիտելիքահենք տնտեսության անցնի եւ աճ ապահովի, փաստում են մասնագետները, սակայն առկա հիմնախնդիրները հաղթահարելուն ուղղված նաեւ իրենց դիտարկումներն են ներկայացնում։
Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց գերխնդիրներից է գիտություն—տնտեսություն—կառավարություն կապի ապահովումը, ինչը թույլ կտա կառավարությանն առաջարկել նոր մոտեցումներ ու մեթոդաբանություն տնտեսության հիմնարար հարցերի շուրջ։ Արսեն Ղազարյանը մատնանշեց, որ 28 տարվա անկախությունից հետո երկիրը կանգնած է տնտեսության համար թռիչքային զարգացում ապահովելու խնդրի առաջ, ինչը ենթադրում է քաղաքացու կենսամակարդակի բարելավում, տարածաշրջանում մրցունակության ապահովում։ Այժմ, նրա մոտեցմամբ, ուսումնասիրությունների փուլ է, պետք է հասկանալ, թե արմատական փոփոխությունների եւ հեղափոխության համատեքստում ինչ ուղղություններով է պետք ընթանալ։ Նա հարկ համարեց նաեւ շեշտել, որ սովորաբար հեղափոխությունները տանում են տնտեսական անկման, ֆինանսավարկային համակարգի լուրջ ցնցումների, մինչդեռ երկրում այլ պատկեր է արձանագրվել՝ ֆինանսավարկային համակարգի կայունություն։
Ըստ Ղազարյանի՝ այսօր կարեւորագույն խնդիր է ներդրումների քանակի ավելացումը, մենաշնորհների վերացումը, կոռուպցիայի գրեթե իսպառ վերացումը, հավասար մրցակցության ապահովումը եւ կապիտալացումը՝ աշխուժացնելով թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրումները։ Նրա վստահեցմամբ, քաղաքական եւ տնտեսական կայունության ապահովումից հետո խոշոր ներդրողներն Արեւմուտքից, Ռուսաստանից, Արեւելքից կգան մի շուկա, որտեղ կա հավասար մրցակցություն։ Այս ամենի համար նա ընգծում է, որ բոլոր նախապայմանները կան, ինչը միշտ էին պահանջում՝ հավասար մրցակցություն, մենաշնորհների սահմանափակում։
Տնտեսության հիմնախնդիրների շուրջ իր դիտարկումներն արեց նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դոցենտ Բագրատ Ասատրյանը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ նոր կառավարությունը գործի համակարգային մոտեցմամբ։ ՀՀ—ում ձեւավորված նոր իրավիճակը հնարավորություն է տալիս քննության առնելու տնտեսական հատվածը եւ վերանայելու երկարատեւ ժամանակահատվածում ձեւավորված կառավարման համակարգը, սթափ գնահատելու երկրում առկա իրավիճակը։ Նա տնտեսության մեջ դրական տեղաշարժ նկատեց բանկային համակարգի արդյունավետ գործունեության առումով՝ մատնանշելով վարկավորման ուղղությամբ աճը՝ շուրջ 10 տոկոս։ Այս հանգամանքը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ ներքին շուկան դրական է արձագանքում երկրում տիրող փոփոխություններին։
Նա անառարկելի համարեց նաեւ գնաճի կառավարելի մակարդակը։ Միեւնույն ժամանակ մեջբերեց երկրի ժողովրդագրական տխուր պատկերը։ Վերջին տասնամյակում Հայաստանից մեկնած եւ ժամանած ՀՀ քաղաքացիների բացասական տարբերությունը գերազանցում է 430 հազարը։ Որպես բացասական պատկեր՝ մատնանշեց նաեւ ամուսնությունների թվի կրճատումն ու ամուսնալուծությունների զգալի աճը։ Այս իրավիճակի հետագա վատթարացումը, ըստ Բագրատ Ասատրյանի, տարիներ անց կհանգեցնի բնականոն աճի անկման։ Ուստի առկա իրավիճակը պահանջում է երկարատեւ միջնաժամկետ եւ կարճաժամկետ միջոցառումների ամբողջական ծրագրի իրականացում։
Տնտեսական վերափոխումները խիստ արդի են դարձել հատկապես թավշյա հեղափոխությունից հետո։ Պետական կառավարման համակարգի բարելավման հիմնական ուղիները տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը համարում առաջնահերթություն, հատկապես այն պարագայում, երբ վերջին տարիներին նկատվում է պետական կառավարման համակարգի ուռճացում։ ՀՀ—ում թողարկված ՀՆԱ—ի 80 տոկոսը ստեղծվում է մասնավոր հատվածում, պետական կառավարման մարմիններում նյութական բարիքներ չեն ստեղծվում այլ մատուցվում են միայն հանրային նշանակություն ունեցող ծառայություններ։ Տնտեսագետն առաջարկում է կատարելագործել երկրի պետական կառավարման համակարգը տարբեր ուղղություններով, մասնավորապես կրճատել գերատեսչությունների թիվը, բացառել գործառույթների կրկնությունները եւ օժանդակ կառավարչական աշխատանքները կատարել մասնավոր կազմակերպությունների միջոցով։
Բարեկեցիկ տնտեսություն ստեղծելու համար, ըստ տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայկ Սարգսյանի, անհրաժեշտ է տնտեսության կառավարման հայեցակարգ։ «2000 թվականին Հայաստանի պետական կառավարման համակարգի ծախսերը կազմել են 70 մլրդ—ից մի փոքր ավելի դրամ, 2015 թվականին այդ թիվը հասել է 478.8 մլրդ դրամի։ Նույնիսկ զարգացած երկրները նման շռայլություն թույլ չեն տալիս իրենց։ Ինչ վերաբերում է արդյունավետությանը։ Եթե նայում ենք ցուցանիշներին, ապա տեսնում ենք, որ ՀՆԱ—ի 1 տոկոս աճին բաժին է ընկել կառավարման համակարգի 136 տոկոս աճ։ Սա չի խոսում արդյունավետության մասին»,–նշեց տնտեսագետը։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մտահոգվեց. 27 տարիների ընթացքում Հայաստանը չկարողացավ գտնել զարգացման իր ուղին, ու որքան էլ այդ տարիների ընթացքում երկիրն առաջնորդվել է տարբեր պատմական ու աննախադեպ բնութագրվող ծրագրերով, այդուհադերձ, դրանց չկենսագործման պայմաններում ՀՀ քաղաքացիների մեծ մասի կյանքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Արդյունքում արձանագրվել է ցածր ՀՆԱ, ներմուծման ավելի բարձր ցուցանիշ քան արտահանման, գործազրկության բարձր մակարդակ, տրանսֆերտներից կախվածություն, մենաշնորհի առկայություն պետական պարտք եւ այլն։ Տնտեսագետն ասում է՝ տնտեսության թռիչքային աճի մոդել է պետք մշակել։ Նա առաջնահերթություն է համարում գոյություն ունեցող խնդիրների հստակ ձեւակերպումը։
ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ Հայաստանն ունի մակրոտնտեսական եւ ֆինանսական իրավիճակի փոփոխման անհրաժեշտություն։ Հեղափոխական եւ ետհեղափոխական զարգացումների համատեքստում սկսում են վերանայվել տնտեսության մեջ մինչ այդ գործող «խաղի կանոնները»։ Այդ փոփոխված կանոնները, ըստ նրա, կարող են լուրջ ազդեցություն ունենալ մակրոտնտեսական եւ ֆինանսական իրավիճակի վրա։ Հայաստանը միջազգային հանրության առջեւ կարող է հանդես գալ տնտեսական բոլորովին նոր իմիջով։
Նշենք, որ «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները եւ ռազմավարական ուղղությունները» ամփոփված են մեկ ընդհանուր գրքում։ Այն հրատարակվել է Արդյունաբերողների եւ գործարարների միության աջակցությամբ եւ նպատակ ունի իշխանությանը թեզերի տեսքով ներկայացնել այն հանգուցային կետերը, որոնք կարեւոր են երկրում տնտեսության գործարար միջավայրի բարելավման համար։
Լույս տեսած ժողովածուն հայ տնտեսագետների կողմից կատարված հետազոտական եւ գիտավերլուծական աշխատանքի արդյունքում առաջարկվող լուծումներն են տարաբնույթ այն խնդիրների շուրջ, որոնք ձեւավորվել են նոր տնտեսական համակարգը կայացնելու եւ շարունակաբար բարեփոխելու գործընթացում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

24-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO