Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԼՂՀ


«Սիրուց եւ ցավից ծնված երգեր»

Հեղինակային երեկո՝ նվիրված նորածնունդ տաղարանին

Արցախյան պատերազմի ընթացքում եւ հետագա տարիներին ծնվել են բազմաթիվ երգեր, որոնք, հիրավի, սիրո ու ցավի արտահայտություն են։ Դրանցից շատերը հնչում են տոնական միջոցառումների ժամանակ։ Այդ երգերը մեր անցած բուռն վայրիվերումներով լի ճանապարհի լիիրավ վկայագրերն են՝ երգի ու երաժշտության լեզվով։ Բանաստեղծ Դավիթ Միքայելյանն այն քչերից է, ով արցախյան նորօրյա պատմությունը կերտել է նաեւ մեղեդու լեզվով։
«Անկեղծ զգացումներ կան նրա քնարական նվագներում, բանաստեղծական խոհերը տաք ապրումների թանձրացումներ են, իսկ երգերի մեջ Դավիթն ուղղակի վարպետության է հասնում»,–այս գնահատականը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեւակ Արզումանյանինն է, որ տեղ է գտել «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» գրքում։ Դիպուկ է նաեւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի՝ Դ. Միքայելյանին տրված անկեղծ գնահատականը. «Առաջին անգամ ես Դավիթի երգերին ծանոթացա, երբ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հրավերով գործուղվել էի Ստեփանակերտ՝ պետական համույթներում երգեր ու պարեր բեմադրելու։ «Մենք ենք, մեր սարերը» կոլեկտիվի փորձերի ժամանակ ունկնդրեցի նրա կատարմամբ (իր իսկ հեղինակած) մի քանի երգ, որ նվիրվում են արցախյան հերոսամարտում նահատակված հայորդիներին։ Հուզմունքից արցունքներս չկարողացա զսպել... Համույթի տնօրենին եւ գեղարվեստական ղեկավարին հորդորեցի համերգային ծրագրում անպայման ընդգրկել նաեւ Դավիթ Միքայելյանի ստեղծագործությունները, որոնք ինձ շատ հոգեհարազատ են»։
Կոմպոզիտորներ Խաչատուր Ներսիսյանն ու Էդուարդ Ղազարյանցը, ովքեր բազմաթիվ երգեր են հեղինակել Դավիթի տեքստերով, տաղարանում տեղ գտած իրենց գնահատականների մեջ անկեղծ են ու շնորհակալ ստեղծագործական համագործակցության համար։ «...Ինձ հատկապես ձգեցին Դավիթ Միքայելյանի՝ արցախյան ազատամարտում զոհված տղաներին ձոնած թախծոտ բանաստեղծությունները, որոնցից մի փունջ ընտրեցի, եւ այդ տեքստերով մի քանի երգեր ծնվեցին։ Հետագայում տարբեր առիթներով հաճախ էինք Երեւանում հանդիպում։ Դավիթի կատարմամբ ունկնդրել էի նրա երգերն ու շատ էի հավանել, հատկապես «Ավոն», որն այնքան էր ինձ ոգեւորել, որ ինքս էլ տեքստի հիման վրա երաժշտություն գրեցի։ Համագործակցելով Դ. Միքայելյանի հետ՝ շուտով երգերի նոր շարան ծնունդ առավ։ Ու ես առավել հոգեհարազատ այդ գործերից մի քանիսն ընդգրկեցի իմ երգարանի առաջին ու երկրորդ հատորներում՝ հավատացած լինելով, որ այսօր դրանք պահանջված են եւ սիրով են ընդունվելու երաժշտասեր հասարակության կողմից»,–իր կարծիքն է արտահայտում Խ. Ներսիսյանը։
Անդրադառնալով Դ. Միքայելյանի հետ իր համագործակցությանը, կոմպոզիտոր Էդվարդ Ղազարյանցը նույնպես բարեբեր է գնահատում իրենց տքնանքի արդյունքը. «Ինձ համար հաճելի է Դավիթ Միքայելյանի հետ աշխատելը։ Նրա տեքստերով մեկ տասնյակի հասնող երգեր եմ գրել խանդավառված։ Իր ներկայությամբ, իր կատարումներով նա երբեմն այնպես է ինձ ոգեւորում, որ պահի տակ նոր մտահղացումներ, նոր ստեղծագործություններ են ծնվում։ Իսկ դաշնամուրի վրա եթե ես եմ նվագակցում, ապա Դավիթը միշտ ծնունդ առած նոր երգի առաջին կատարողն է»։
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում բանաստեղծ, լրագրող, մանկագիր, երգահան, Արցախում «ՀՀ»—ի երկարամյա թղթակից Դավիթ Միքայելյանի հեղինակային երեկոյի (նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» տաղարանի շնորհանդեսի) նախաձեռնողներն էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունն ու Ստեփանակերտի քաղաքապետարանը։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսի համար հնչած շուրջ երկու տասնյակի հասնող երգերի վերնագրերը հուշում են, որ հերոսները արցախյան պատերազմի մեր սուրբ նահատակներն են, եւ ոչ միայն... «Ավո», «Բեկոր», «Դիզակի որդին», «Իմ հայոց Շուշի», «Վիրավոր սեր», «Արցախ», «Զարթնիր, եղբայր իմ» եւ այլն։ Դավիթ Միքայելյանի եւ անվանի կոմպոզիտորներ Խաչատուր Ներսիսյանի, Էդուարդ Ղազարյանցի, Արմեն Նասիբյանի, Արթուր Ալեքսանյանի համագործակցության պտուղներն ըմբոշխնեցին երեկոյին հրավիրված հանդիսականները։
Երգչուհիներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիլիթ Դավթյանի, Մելինե Սարուխանյանի, պաշտպանության բանակի «Ասպետ» համույթի կատարումները դահլիճն ընդունեց բուռն ծափողջույններով։ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի եւ Սայաթ—Նովայի անվան երաժշտական քոլեջի սաների կատարմամբ հնչեց երեք երգ՝ «Քսան գարուն», «Վիրավոր սեր» եւ «Կարոտի երգ» ստեղծագործությունները, որոնց թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն է Դ. Միքայելյանը։ Հեղինակային երեկոյին մասնակցում էին «Վարանդա» երգչախումբը, «Մենք ենք, մեր սարերը» եւ Արցախի ազգային նվագարանների համույթները։
Ուշագրավ է, որ երեկոյի հանդիսավարի եւ պատվավոր հյուրերի միջեւ ծավալվեց անկեղծ երկխոսություն։ Պատասխանելով հանդիսավարի հարցադրումներին՝ ԱՀ գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանը երախտագիտության խոսքեր ասաց երեկոյի կազմակերպիչների հասցեին իմաստալից միջոցառման համար։ Ըստ Վ. Հակոբյանի՝ միայն այն հանգամանքը, որ դահլիճում հավաքվել են զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները եւ հնչում են նրանց հարազատներին նվիրված երգեր, ինքնին դրվատելի է. «Ժամանակին մենք ներկայացնում էինք մարտիկ գրողներին եւ ես Դավիթին խորհուրդ տվեցի գրել ազատամարտի թեմայով, տեսնում էի, որ այդ թեման նրան հոգեհարազատ է։ Մեր բոլոր գրողներն էլ ստեղծել են երգային քնարերգություն, եւ այսօր ես տեսնում եմ, որ լավագույն ավանդույթները Դավիթը կարողացել է փնջել եւ ներկայացնել իր ստեղծագործությունների մեջ։ Դավիթի երգերի մեջ մեր ժողովրդական ողբն է իր զավակների համար, սակայն նրա երգերում կա նաեւ անթաքույց հպարտություն։ Նրա երգերը մեր բոլոր վեց հազար զոհերին են նվիրված, եւ այսօր հավաքվել ենք նաեւ գլուխ խոնարհելու մեր նահատակների հիշատակին։ Այդ նրանց շնորհիվ է, որ այսօր կարող ենք ե՛ւ երգել, ե՛ւ ուրախանալ»։
Վ. Հակոբյանը նշեց նաեւ, որ Դ. Միքայելյանը Արցախի գրական ընտանիքի արժանավոր անդամներից է։ Նա մշտապես զգացել է Իշխան ապոր (Դավթի հայրը) ընտանիքի (որտեղ 12 զավակ է մեծացել) համն ու հոտը, ինչը զգացվում է նաեւ Դավթի երգերում ու խոսքերում։
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հավաստմամբ, երբ տպագրեցին Դ. Միքայելյանի տաղարանը, մտածեցին, որ նրանում տեղ գտած երգերն անհրաժեշտ է, որ հնչեն։ Եվ հնչեցին, ու երեկոն երգի տոնի վերածվեց։ «Տաղարանում տեղ գտած երգերն այսօր մենք հասանելի ենք դարձնում մեր հանրությանն ու ժողովրդին, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակին»,–նշեց նա։
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ ինքը շատ վաղուց է ճանաչում Դավիթ Միքայելյանին, բայց ամեն անգամ նրան նորովի է բացահայտում։ Նրա կարծիքով՝ հենց այս հեղինակային երեկոն էլ այդ բացահայտումներից մեկն է։ Եվ նրանք, ովքեր Դ. Միքայելյանին ճանաչում են որպես արհեստավարժ լրագրող, բանաստեղծ, այսօր տեսան, որ նա նաեւ հրաշալի երգահան է։ Ըստ ԱԺ նախագահի. «Եթե մարդ տաղանդավոր է, տաղանդավոր է ամեն ինչում, եւ մեր հասարակության մեջ կան անձինք, ովքեր համաժողովրդական ամբարած հիշողությունը, կենսագրությունը կարողանում են հանձնել թղթին եւ փոխանցել սերունդներին։ Դավիթը դրանցից մեկն է։ Հաճելի է, որ կարողանում ենք մեր հեղինակների միջոցով բացահայտել առօրյան, շատ լավ է, որ նրանց միջոցով մենք կարողանում ենք հիշել մեր անցյալը, որը հերոսական է»։
Երեկոյի անակնկալն ԱԺԿ կանանց խորհրդի երգչախմբի գրական—երաժշտական նվերն էր՝ համեմված արցախյան բառուբանով, հումորով եւ ամենակարեւորը՝ անկեղծ ու սրտանց։
Դ. Միքայելյանը շարունակում է համագործակցել ժամանակակից կոմպոզիտորների հետ։ Մարտին Վարդազարյանի հետ համագործակցության արդյունքում ծնունդ է առնում նոր երգ՝ «Ձոն Ստեփանակերտին»։ Այն որպես բանաստեղծություն հնչեցրեց Ստեփանակերտի թ. 4 դպրոցի սան Նարեկ Գրիգորյանը։
Դավիթ Միքայելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել են հեղինակային երեկոյի կայացմանը, ովքեր օգնել են, որ իր վաղեմի երազանքն իրականություն դառնա, նրանց, ովքեր պատվել ու իմաստավորել են միջոցառումը։ Նա անթաքույց հուզմունքով դիմեց զոհված ազատամարտիկների մայրերին, քույրերին, հարազատներին եւ իր խոնարհումը բերեց նրանց։ Նաեւ խոստովանեց, որ իր երգաշարով փորձել է մի փոքր թեթեւացնել որդեկորույս մայրերի վիշտը։ Նրա համոզմամբ՝ «միջոցառումը նաեւ յուրահատուկ խնկարկում է երջանկահիշատակ կոմպոզիտորներ Խ. Ներսիսյանի, Է. Ղազարյանցի եւ Ա. Նասիբյանի հիշատակին»։ Հնչեցնելով երեկոյի վերջին ակորդները՝ Դ. Միքայելյանը, «հաշվի առնելով, որ իր հեղինակած երգերն ուրիշներն ավելի լավ են երգում, քան ինքը», ներկաների համար կատարեց Գուսան Աշոտի «Հով գիշեր, զով գիշեր» ստեղծագործությունը։
Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից Դ. Միքայելյանն ու համերգի մասնակիցներն արժանացան նվերների։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

28-11-2018





21-05-2019
Անկախ դատական համակարգի կայացումը այլընտրանք չունի
Դրան կարող է նպաստել նաեւ դատավորներին «vetting»-ի ենթարկելը



21-05-2019
Բերձորը միացումի կենտրոնն է
1992 թվականի մայիսի 18–ին ազատագրվեց Լաչին, այժմ Բերձոր քաղաքը։ ...


21-05-2019
Դատավորները համազգեստից դուրս կգա՞ն
Դատական համակարգը առանց ժողովրդի վստահության կշարունակի խոչընդոտել արդարադատությունը



21-05-2019
Հետաքրքրված են տնտեսական կապերի խորացմամբ
Երկկողմ հանդիպումներ Ղազախստանում

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ...


21-05-2019
Քննարկել են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում գործող 2 ...


21-05-2019
Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան ...


21-05-2019
Վկայականներ «Փոքրիկ հրեշտակներին»
Մեր եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները ուսումնական տարին ...



21-05-2019
Միջին Արեւելքի զարգացումները վտանգավոր ընթացք են ստանում
ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում վերջին ...

21-05-2019
Հայկական լոլիկի ամերիկյան ցեցը
10 հեկտար փորձադաշտում կամ մենք կհաղթենք, ...

21-05-2019
Գենետիկ կոդի մեջ Նարեկացին մեր այցեքարտն է աշխարհում
Վարդատոն՝ նվիրված տիեզերական ...

 
21-05-2019
Հայաստանը պատրաստվում է միջազգային մրցաշարերի
«Գոլդ ջիմի» գավաթի խաղարկությամբ Հայաստանում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO