Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Քաղաքական «կնճռոտ» հարցերի լուծման արդյունավետ ճանապարհ

ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52—րդ նիստը Երեւանում

Երեկ Երեւանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սեւակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52—րդ լիագումար նիստը՝ ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Արա Բաբոլյանը.
«Հարգելի՛ գործընկերներ,
Վեհաժողովի անդամներ, դիտորդներ եւ հյուրեր,
ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ—ում Հայաստանի նախագահության անունից ողջունում եմ ձեզ Գլխավոր վեհաժողովի 52—րդ լիագումար նիստում։ Ուրախալի է, որ ՍԾՏՀ ԽՎ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչները ժամանել են Երեւան։
Չնայած նախընտրական գործընթացներին, մենք՝ որպես նախագահող երկիր, կարեւորում ենք ՍԾՏՀ—ի հետեւողական եւ անխափան գործունեությունը եւ հենց այդ հիմքով է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ մենք լիագումար նստաշրջան ենք անցկացնում։ Համոզված եմ, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանն ակտիվորեն ներգրավված կլինի միջազգային գործունեության մեջ՝ հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության տարեցտարի աճող դերը։
Հարգելի՛ գործընկերներ,
Սեւծովյան տարածաշրջանի երկրները, որոնք հարուստ պատմական ժառանգության, բազմամշակութայնության եւ լուրջ տնտեսական ներուժի բնութագրմամբ 25 տարի առաջ ստեղծել են այս եզակի կազմակերպությունը, որը կոչված է միավորելու անդամ պետությունների ջանքերը՝ ուղղված աշխարհագրական հարեւանության առավելությունների վրա հիմնված տնտեսական փոխգործակցության զարգացմանը։
Այսօր Սեւծովյան տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառում փոխգործակցության կարեւորագույն հանգույց է, 350 միլիոն բնակչությամբ դինամիկ աճող շուկա, որը, անկասկած, գրավիչ է գլոբալ տնտեսական գործընթացների համար։
ՍԾՏՀ—ի ձեւավորման գործընթացի առանցքային փուլը խորհրդարանական բաղադրիչի ստեղծումն էր, որը տարիների ընթացքում ապացուցել է, որ հանդիսանում է կազմակերպության անբաժանելի եւ անփոխարինելի մասը։
Հարգելի՛ գործընկերներ,
կասկած չկա, որ տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունները խոչընդոտ են հանդիսանում առանձին երկրների եւ երկրների խմբերի միջեւ տնտեսական փոխգործակցության խորացման համար։ Տնտեսական ինտեգրման զարգացումը, տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի ամրապնդումը կարող է լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար։ Ես խորապես համոզված եմ, որ ժամանակակից իրողություններում չպետք է մոռանալ, որ ամենադժվար խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել ազնիվ, անկեղծ եւ անկողմնակալ երկխոսության զարգացմամբ։ Միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունը դրա կայացման համար անփոխարինելի գործիքներ են։
Հարգելի՛ գործընկերներ,
ՍԾՏՀ ԽՎ—ի դերն էապես մեծանում է, քանի որ միջազգային հարաբերություններում տնտեսությունն առանցքային գործոն է, եւ հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են ստեղծում նպաստավոր պայմաններ արդյունավետ քաղաքական օրակարգի ձեւավորման համար, որը նպաստում է վիճելի հարցերի կարգավորմանը եւ սահմանափակում առճակատման հեռանկարները։ Առաջադրանքների եւ հեռանկարների ընդհանրությունը միավորում է մեզ՝ կոչ անելով համերաշխության եւ համագործակցության՝ ողջ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հիմնարար արժեքների ամրապնդման նպատակով։
ՍԾՏՀ ԽՎ—ի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանում բացառապես տնտեսական բնույթ ունեցող միակ խորհրդարանական կազմակերպությունն է։ ՍԾՏՀ ԽՎ—ն երկխոսության եւ համագործակցության դինամիկ ժողովրդավարական ֆորում է, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ հաղորդակցության կարեւոր ուղի՝ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով։
Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ խաղաղության, անվտանգության, կայունության եւ տարածաշրջանում տնտեսական գործընկերության զարգացմանը։ Տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար մենք կոչ ենք անում ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամներին շարունակել այս ուղղությամբ համատեղ գործողությունները։ ՍԾՏՀ ԽՎ—ն կարիք ունի խորացնելու ստեղծագործական մտածողությունը, որը մերժում է թշնամանքի դրսեւորումը եւ բաժանարար գծերի քաղաքականությունը։
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմամբ, դրանով հանդերձ մենք չենք դադարում կրկնել, որ ՍԾՏՀ ԽՎ—ի ստեղծման հիմնական գաղափարը եւ գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է։ Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այս գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ—ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը՝ խուսափելով ավելորդ քաղաքականացումից։
Հարգելի՛ գործընկերներ,
ինձ համար հաճելի է, որ Հայաստանն անցկացնում է հանդիպում, որտեղ հիմնական հարցն է «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում»։ Այս թեման ընդգծում է այն դերը, որոնք խորհրդարանները՝ որպես ներկայացուցչական, օրենսդրական եւ վերահսկող գործառույթներ իրականացնող մարմիններ, խաղում են տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։
Հայաստանը հետագայում եւս պատրաստ է շարունակել կառուցողական ներդրում ունենալ ՍԾՏՀ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը՝ նպաստելով կառույցի ամրապնդմանը եւ առաջադրելով տարածաշրջանային ու գլոբալ ինտեգրացիոն նոր նախագծեր եւ նախաձեռնություններ։
Հարգելի՛ գործընկերներ,
հուսով եմ, որ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահության շնորհիվ մեր կազմակերպությունն այսօր դարձել է ավելի լավ եւ արդյունավետ։ Մենք այդ նպատակին շատ ենք ձգտել։
Հարգելի՛ մասնակիցներ,
մաղթում եմ հաջող աշխատանք եւ հաճելի այցելություն մեր երկիր։
Համոզված եմ, որ այսօրվա նստաշրջանը կլինի եւս մեկ քայլ մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52—րդ լիագումար նիստը հայտարարում եմ բացված»։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը, որում ասվում է. «Առանձնակի հաճելի է գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Հայաստանում հյուրընկալել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 25—րդ հոբելյանական տարում։ 25 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան ի կատար ածել «իրենց ժողովուրդների հույսերն ու սպասելիքները՝ հանուն բազմակարծիք ժողովրդավարության, որը հիմնված է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, տնտեսական ազատականության եւ սոցիալական արդարության միջոցով բարգավաճման վրա»։ Նրանք հաստատեցին «իրենց վճռականությունը՝ օգտագործելու բոլոր հնարավորություններն ու կարողությունները մեր երկրների միջեւ բազմաթիվ ոլորտներում եւ տարբեր մակարդակներում համագործակցությունն ընդլայնելու եւ բազմապատկելու համար»։
Այս հանձնառություններն ակնհայտորեն ուղղված են ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի նպատակները կյանքի կոչելուն եւ այսօր էլ մնում են արդիական, մինչդեռ այդ նպատակներով առաջնորդվելու պակասը համագործակցությանը խոչնդոտող հիմնական գործոններից մեկն է։
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ կազմակերպության հռչակած նպատակներին։ Այս տարվա ապրիլ—մայիս ամիսներին Հայաստանի ժողովուրդը հզոր եւ լսելի ձայնով հաստատեց իր վճռականություն՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը, տնտեսական եւ սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների երաշխավորումը։ Իր արտաքին քաղաքականությունում Հայաստանը վերահաստատել է բարիդրացական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները։ Այս տեսանկյունից մեր երկիրը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ եւ նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու եւ մեր կազմակերպության կանոնակարգային նպատակների արդյունավետ իրականացումն առաջ մղելու ուղղությամբ։
ՍԾՏՀ կանոնադրության ստորագրման 20–ամյակը մեզ ազդարարում է կազմակերպության տեսլականին եւ նպատակներին հասնելու համար համատեղ ջանքերի գործադրման առանձնահատուկ կարեւորությունը։ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը, ինչպես ամրագրված է կառույցի հիմնադիր փաստաթղթերում, որպես ՍԾՏՀ միջխորհրդարանական խորհրդատվական կառույց, պետք է «աջակցի եւ նպաստի ՍԾՏՀ սկզբունքների եւ նպատակների իրականացմանը»։ Մեր համոզմունքն է, որ այս նպատակը պետք է շարունակի ուղղորդել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի ապագա ջանքերն ապաքաղաքականացված, կառուցողական եւ ներառական կերպով՝ հիմնված իրավահավասար ինքնիշխանության սկզբունքի վրա։
Տարածաշրջանային համագործակցությանը կարող է նշանակալիորեն շահել խորհրդարանական ձեւաչափով համագործակցության ներդրմամբ՝ հատկապես օրենսդրական լավագույն փորձի փոխանակման, ազգային իրավունքի եւ օրենսդրությունների ներդաշնակեցման միջոցով՝ հանուն առանձին ոլորտներում հռչակված նպատակներին հասնելու եւ չափելի արդյունք գրանցելու։
ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի եւ, ընդհանուր առմամբ, ՍԾՏՀ գործունեությունը պետք է ներդաշնակեցվեն համապատասխան միջազգային օրակարգին՝ հատկապես ՄԱԿ—ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» հետ։ Այս համատեքստում Հայաստանը կողմնակից է նմանօրինակ տնտեսական գործընկերությամբ շահագրգռված միջազգային կազմակերպությունների եւ տարածաշրջանային այլ դերակատարների հետ ավելի սերտ համագործակցության հաստատմանը, ինչը հնարավորություն կտա համադրել ու փոխլրացնել գործողությունները, ինչպես նաեւ խուսափել կրկնողություններից։
Որպես ամփոփում, ցանկանում եմ եւս մեկ անգամ ողջունել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին Հայաստանում, շնորհավորել բոլորին ՍԾՏՀ ԽՎ հիմնադրման 25 եւ ՍԾՏՀ կանոնդարության կնքման 20–ամյակների կապակցությամբ։
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն եւ հաճելի ժամանակ Հայաստանում»։
Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի խոսքով՝ քառորդ դար բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում կուտակել է տարբեր ոլորտներում փոխգործակցության արդյունավետ փորձ։ Բանախոսի համոզմամբ՝ կազմակերպությունը պետք է լինի ժամանակակից, բարեփոխված, տարածաշրջանային գլոբալ մարտահրավերների համատեքստում՝ առավել ճկուն։
Նիստում Արա Բաբլոյանը ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով է պարգեւատրել մի շարք պատվիրակությունների ղեկավարների։
Վեհաժողովում Ալբանիայի նախագահության ժամանակ կայացված որոշման հիման վրա ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով պարգեւատրվել է նաեւ ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր։ Նոր պատվիրակների մանդատների, 2018թ. հունիսի 20—21—ը Տիրանայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 51—րդ լիագումար նիստի արձանագրության եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության հաստատումից հետո քննարկվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը, որը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Գոնչարենկոն։ Նա անդրադարձել է վերջին կիսամյակում տեղի ունեցած աշխատանքային խմբերի նիստերին եւ իրականացված աշխատանքներին։
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի գործունեությունը ներկայացրել է բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, խոսել առաջիկա ծրագրերից։
Նիստում ՍԾՏՀ ֆինանսական հարցերով փոխնախագահ է ընտրվել կառույցում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզտուրկը, ՍԾՏՀ ԽՎ վարչական եւ ֆինանսական հարցերով գլխավոր քարտուղար՝ ռումինացի Դանիել Դուլկան, ՍԾՏՀ ԽՎ միջխորհրդարանական հարցերի ու արարողակարգի հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ֆուատ Քուշուկայդին։
Խորհրդարանական վեհաժողովների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի եւ մարտահրավերների շուրջ։
Նիստի օրակարգում է եղել «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում» հարցը, որի վերաբերյալ ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ շեշտելով, որ դա հակասում է կառույցի սկզբունքներին, որոնք կոչված են նպաստելու տնտեսական զարգացմանը։ Գագիկ Մինասյանը նշել է, որ շրջափակումը վերացնում է համագործակցության որեւէ հնարավորություն։ Ըստ նրա՝ տնտեսական փոխգործակցությունն ուղղված է ոչ միայն ժողովուրդների բարեկեցությանը, այլեւ, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, դա քաղաքական «կնճռոտ» հարցերի լուծման արդյունավետ ճանապարհ է։
Ըստ բանախոսի՝ կառույցն ունի խիստ ընդգծված տնտեսական ուղղվածություն, որով եւ տարբերվում է մյուս խորհրդարանական վեհաժողովներից։ Գագիկ Մինասյանն անթույլատրելի է համարել կառույցին քաղաքական ուղղվածություն տալու փորձերը՝ ընդգծելով, որ նման պարագայում տարածաշրջանում առկա խնդիրները կարող են անհնար դարձնել նպատակների իրականացումը։ Նա նշել է, որ տեւական ժամանակ որոշ երկրներ նպատակ են հետապնդել վեհաժողովին տալ քաղաքական ուղղվածություն, իսկ Հայաստանն ու այլ երկրներ փորձում են կանխել այդ գործընթացը։
Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել նաեւ այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ։ Նրանք նախեւառաջ շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ համաժողովը հյուրընկալելու եւ ջերմ ընդունելության համար։ Նշվել է, որ տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը հարմար հարթակ է անդամ երկրների միջազգային եւ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտ հնարավորություններ ստեղծելու համար։ Կարեւորվել է նաեւ կառույցի կառուցողական դերը խորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում՝ որպես տնտեսական համագործակցության ընդլայնման արդյունավետ միջոց, Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդման գործոն։
Նիստում քննարկվել եւ ընդունվել է կառույցի 2019 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, հաստատվել ֆինանսա—աուդիտորական հանձնաժողովի հաշվետվությունը։
Տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական ոլորտներին վերաբերող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել ՍԾՏՀ անդամ երկրներում փոքր ձեռնարկությունների զարգացման եւ պաշտպանության խնդիրներին։ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանցել են այս ոլորտներում իրենց երկրներում տիրող իրավիճակը, առաջարկել անդամ երկրներում ոլորտի լայնամասշտաբ ուսումնասիրություն իրականացնել։ Նրանք կարեւորել են փորձի փոխանակումը, ինչը նոր խթան կհաղորդի հետագա փոխգործակցությանը։ Պատվիրակների խոսքով՝ ՓՄՁ—ների զարգացումն իր հերթին լուրջ նպաստ կբերի տնտեսության առողջացմանը։
Իրավական եւ քաղաքական հարցերի շրջանակում քննարկվել է տնտեսական համագործակցության ամրապնդման գործում տարածաշրջանում արհմիությունների դերին վերաբերող թեման։ Աշխատանքային հարաբերություններում արհմիությունների ունեցած դերակատարությանն են անդրադարձել Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան եւ Հայաստանը ներկայացնող պատվիրակները։
ՍԾՏՀ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներից են խոսել Ռումինիայի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները՝ ընդգծելով ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։
Նիստի աշխատանքը կշարունակվի այսօր։

28-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO