Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Նա եկել է դարերից ու գնում է հաղթական

Հիմա, ավելի քան երբեւէ, ունենք Չարենցի կարիքը

Եղիշե Չարենցի մահվան 81—րդ տարելիցն էր երեկ։ Մեծ բանաստեղծի երեւանյան հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու էին եկել մի խումբ չարենցասերներ, Հայաստանի գրողների միության անդամներ, գրողներ, գրականագետներ, Չարենցի անունը կրող դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչներ։
Ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ ծաղիկների խոնարհումով ու պսակ դնելով։ «Մարգարեական շատ խոսքեր ունի Չարենցը, որն այսօր մեզ ապրեցնում է։ Նա «բաբախող», մեզ էներգիա տվող, մեզ հետ զրուցող բանաստեղծ է։ Յուրաքանչյուր մեծ ստեղծագործող իրենից հետո թողնում է ժառանգություն եւ սեր մարդկության ու աշխարհի համար, այդպիսին էր նաեւ Չարենցը։ Համոզված ենք, որ նրա երգերն ու բանաստեղծությունները ժողովուրդը կպահպանի եւ կուղարկի դեպի դարերի խորքը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Խոսքն ուղղելով աշակերտներին՝ նա հավելեց, որ պետք է կարդալ եւ ճանաչել դասականներին, պետությունն ու հայրենիքը հզորացնելու եւ ապագայի համար լավ հիմքեր ստեղծելու համար ուսումնասիրել անցյալը, ճիշտ ըմբռնել ներկան եւ ելնել այսօրվա ժամանակի իրողություններից։ «Ահա, թե ինչ պատգամներ ունի Չարենցը ոչ միայն իր բանաստեղծություններում, այլեւ հրաշալի «Երկիր Նաիրի» վեպում եւ հոդվածներում»,–ընդգծեց ՀԳՄ նախագահը։
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանի մեկնաբանությամբ՝ Չարենցը մեր ժողովրդի ու երկրի համար եղավ բոլոր ժամանակների մեծագույն պարգեւներից մեկը, իսկ նրա մահը՝ մեծագույն կորուստը. «Հիմա, ավելի քան երբեւէ, ունենք Չարենցի կարիքը, որովհետեւ այն նույն տագնապներն ու անհանգստությունը, որ մենք զգում ենք այսօր, նա ապրում էր հարյուր տարի առաջ։ Կարծես թե քիչ բան է փոխվել կամ ընդհանրապես բան չի փոխվել։ Մի տարբերությամբ միայն, որ այն ժամանակ Չարենց ունեինք, մեծանուն արվեստագետներ ունեինք, իսկ այսօր, ցավոք, չկան այնպիսի վիթխարի մեծություններ, որոնց խոսքը մեզ համար հավատի եւ հույսի աղբյուր կլինի։ Չարենցի ամեն գործի մեջ կա պատգամ, ամեն գործի մեջ կա լուսավոր մի ուղի։ Նա ամենից շատ ուներ իմաստնությունն ու իրավունքը մատնանշելու մեր ուղին եւ հեռանկարները, որովհետեւ իր հոգում կրում էր բովանդակ պատմությունը հայ ժողովրդի։ Մի վիթխարի «սինթեզ» էր Չարենցի ներաշխարհը, եւ իր ստեղծագործությամբ նա մեր սեղանին թողեց այդ ամբողջ ահռելի ժառանգությունը»։ Գրականագետի խոսքերով՝ բանաստեղծն ապրեց խարդավանքի, ուրացումի, դավաճանության այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մարդ պարզապես կարող էր շնչահեղձ լինել, բայց այդ մթնոլորտում նա շարունակեց երգել ու ստեղծագործել։ «Այսօր ե՛ւ պիտի տուրք մատուցենք նրա պայծառ հիշատակին, ե՛ւ ամբողջությամբ «փարվենք» նրա թողած պատգամներին»,–ասաց Կ. Վարդանյանը։
Բանաստեղծուհի Ռուզան Ասատրյանի ձեւակերպմամբ՝ հայ գրականության ոգին է Չարենցը, ով իր մեծությամբ եղել է եւ մեր բոլորի համար մշտապես կմնա վեր ձգվելու «ակունք». «Չմոռանանք նրա տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող ապագան»։ Սա պատգամ է թողել մեզ։ Յուրաքանչյուր բանաստեղծ իր ժողովրդի, իր երկրի ճակատագիրն է, նրա «խոսափողը»։ Չարենցի գերեզմանի տեղն անգամ մենք չգիտենք, տեղն անգամ մեզնից թաքուն պահեցին, որպեսզի այն չդառնա հայակենտրոն ուխտավայր։ Սա էր մեր ներքին եւ արտաքին թշնամիների նախընտրանքը։ Սակայն հզոր է Չարենցը, մեր կողքին է եւ գնալու է հավերժություն»։
Չարենցի տուն—թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը նկատում է՝ սովորաբար ամեն տարի բանաստեղծի մահվան օրը անձրեւ կամ ձյուն էր գալիս, իսկ երեկ արեւը պայծառ էր։ «Չարենցի հոգին ցնծում է հեղափոխական օրերով»,–շեշտեց Ասատրյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ տուն—թանգարանը նոյեմբերի 27—28—ը կազմակերպում է բանաստեղծի կյանքին, գործունեությանը, նրա ժամանակաշրջանը ներկայացնող չարենցագիտական ուսումնասիրությունների գիտաժողով՝ «Չարենցը եւ իր ժամանակաշրջանը» խորագրով։

Չարենցագիտական նորություններ

«Չարենցը 17 տարի շարունակ՝ անգամ իր մահից հետո, «փակի տակ» էր, չընդունված գրող։ «Հարություն» առավ 1954 թվականին եւ դրանից հետո մինչ օրս շարունակում է փառքի իր ճամփան»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով չարենցագիտական վերջին նորություններին։ Գրականագետը հայտնաբերել է Գուրգեն Մահարու եղբոր՝ Խորեն Աճեմյանի մեծ հուշագրությունը Չարենցի մասին։ Սա, ինչպես նշում է Գասպարյանը, վիթխարի ձեռագիր նյութ է, շուրջ 85 էջից բաղկացած՝ ռուսերեն գրված։ Այստեղից Գասպարյանը ներկայացրեց մի ստեղծագործության պատմություն։ Ըստ նրա՝ Չարենցի «Արս պոետիկա» բանաստեղծական շարքի 16—րդ բանաստեղծությունն ունի բնաբան Լերմոնտովից. «էճՉ, տ շճ աՁյՈ«շ, տ ՃՈչղ«յ»։ Այստեղ Չարենցը գրում է. «Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով. Դու ո՛չ Գյոթե ես, ոչ Վերհարեն. Մեր Վերհարենը –նայի՛ր, հրեն –Քաշում է փառքը իր պարանով... Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով. Դու ո՛չ Գյոթե ես, ո՛չ Վերհարեն –Դու լոկ Չարենց ես, միայն Չարենց՝ …ու վարանոտ....»։ Ու վարանոտից առաջ դրված բազմակետերի փոխարեն, Գասպարյանի խոսքով, ինչ—որ բան Չարենցը ջնջել է։ Աճեմյանի հուշերում պահպանվել է ջնջված հատվածի բանավոր վկայությունը, ըստ որի՝ պետք է լինի՝ «Դու լոկ Չարենց ես, միայն Չարենց, երկրիդ պես որբ ու վարանոտ…»։ Այս կիսատողը, գրականագետի համոզմամբ՝ քաղաքական նպատակներով ջնջվել է։ Չարենցագիտական հաջորդ բացահայտումը. երբ Չարենցը 1926թ. հայտնի կրակոցից հետո մեկուսացված էր բանտում՝ Երեւանի ուղղիչ տանը, գրողները, այդ թվում՝ Գուրգեն Մահարին, նույն Խորեն Աճեմյանը այցելում էին նրան։ Չարենցը հյուրերին կարդացել է իր՝ «De profundis» վերնագրով պոեմից հատվածներ։ Գասպարյանի մեկնաբանությամբ՝ սա մի ահավոր ծանր պոեմ է, գրված գերեզմանային, մթնշաղային պատկերներով։ Մահարին այդ վիթխարի պոեմից 8 տուն անգիր հիշել եւ մեջբերել է իր հուշագրության մեջ, Աճեմյանը հիշել ու գրի է առել 40 տող։ «Այս 40 տողի «փրկության» համար մենք պարտական ենք այդ մարդուն։ Աճեմյանը նույնպես ստեղծագործում էր, եւ իրեն գրական անուն էին կնքել՝ Խորեն Ռադիո։ Չարենցը ծաղրել է, թե՝ «այ մարդ, ռադիոն որն է, կարգին գրական անուն գտիր քեզ»։ Աճեմյանը համառ մարդ լինելով՝ այնուամենայնիվ պահպանել է այս անունը։ Խորեն Ռադիոյի հուշերից շատ նրբերանգներ ենք իմանում Չարենցի մասին։ Ես դրանք թարգմանել եւ տպագրել եմ «Հայոց լեզու եւ գրականություն» հանդեսի համարներում»,–նշեց Գասպարյանը՝ չարենցասերներին վերստին տեղեկացնելով, որ 2012 թվականին լույս տեսած եւ կալանքի տակ դրված Չարենցի անտիպ ժառանգությունն ամփոփող «Գիրք մնացորդաց» գիրքը՝ վերափոխված, համալրված եւ մոտ 50 էջ ընդարձակված, տպագրվել է 2017թ.՝ Չարենցի ծննդյան 120—ամյակի առթիվ։ Գրականագետը չարենցյան նորություն է համարում ոչ միայն նոր գործ հայտնաբերելն ու կենսագրական փաստ ճշտելը, այլ նաեւ չարենցյան երկերի ճիշտ մեկնաբանությունը։ Այս համատեքստում օրինակ է բերում «Լենինն ու Ալին» ստեղծագործությունը. «Սա, պարզվում է, Չարենցի հանճարի բացարձակ արտահայտություններից մեկն է։ 1924 թվականին, երբ մեկնում էր արտասահման, Բաթումից Տրապիզոն գնալիս Լենինի մահվան լուրն է լսում։ Ըստ Տրապիզոնի հյուպատոսի, եկել է մի թուրք ու ցավակցել նրան մահվան կապակցությամբ։ Չարենցի համար դժվար չէր լինի գրել Լենինն ու ինչ—որ մի հայի անուն։ Բայց նա գրեց Ալի, որովհետեւ թուրքն ու ռուսը այդ ժամանակ հարազատ եղբայրներ էին ու տրորելով անցնում էին Հայաստանի վրայով»։ Գրականագետի ձեւակերպմամբ՝ մի «ահավոր» բան էր Չարենցի հայրենասիրությունը։ «Կապուտաչյա հայրենիք» պոեմում դիմելով հայրենիքին՝ ասում է. «Կապուտաչյա սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք»։ Հայրենիքի մասին խոսելիս արտաբերում էր սիրո ամենանվիրական արտահայտությունները»,–շեշտեց Դ. Գասպարյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

28-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO