Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԵՐԵՎԱՆ


Ինչպե՞ս է Երեւանի բնակֆոնդը դիմավորում ձմեռը

Այն ձմռանը նախապատրաստելը առաջին հերթին կառավարման մարմինների խնդիրն է

Գարնանից սկսած Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստվում է հաջորդ ձմռանը։ Այդպես է ստացվում սովորաբար, քանի որ կատարվող աշխատանքների բնույթն է այդպիսին։
Օրինակ՝ բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ եւ թեք լանջավոր տանիքների նորոգումը, շքամուտքերի ընդհանուր նորոգումը, որը ներառում է նաեւ դրանց դռների ու պատուհանների, ներքին ցանցերի (ջրատար, էլեկտրական) նորոգումը եւ այլն, բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված աշխատանքներ են, որոնք լայն առումով նաեւ ձմռան նախապատրաստություն են։ Նվազագույնը ութ ամիս Երեւանի քաղաքապետարանը, վարչական շրջանները, շենքերի կառավարման մարմինները՝ համատիրությունները, լիազորված կառավարման մարմինները եւ հավատարմային կառավարիչները հիմնանորոգման եւ նորոգման աշխատանքներ են կատարում ընդհանուր թվով 4878 բնակելի շենքերից նրանցում, որոնցում անհետաձգելի անելիքներ կան։
Ի՞նչ մակարդակով են շենքերը պատրաստ մեր շեմքին հասած ձմռանը։ Մեր զրուցակիցն է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը։ Փոխանցում ենք նրա ներկայացրածը։

Փոքր, բայց աճ կա

2018 թ. համար Երեւանի համայնքային բյուջեի միջոցներով նախատեսվել է հիմնանորոգել 522 շենքի 73567 քմ հարթ տանիք։ Դրանց գումարվում են կառավարման մարմինների կողմից նորոգվող շենքերը՝ 17094 քմ մակերեսով տանիքներով։ Ընդհանուր առմամբ հիմնանորոգվելու է 90661 քմ հարթ տանիք։ Անցյալ տարվա համեմատ այս ցուցանիշը մեծ է շուրջ 10000 քմ—ով։
Թեք լանջավոր տանիքների հիմնանորոգման համար (համայնքային բյուջեով) ներգրավվել են 11 շենք՝ 7022 քմ մակերեսով։ Սրան կգումարվի կառավարման մարմինների կողմից (բնակիչների միջոցներով) նորոգվող ծավալը, եւ ընդհանուր մակերեսը կհասցվի 40627 քմ—ի։ Հարություն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ թեք լանջավոր տանիքների նորոգման ծավալը իրենք նախատեսել են մոտեցնել անցյալ տարվա ծավալին։ Համայնքային բյուջեով նախատեսված հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, իսկ կառավարման մարմինների կողմից կատարվողները կավարտվեն նոյեմբերի վերջին։
—Նոյեմբերի վերջը Երեւանի համար մի քիչ ուշ չէ՞։
—Այո, ուշ է։ Ծրագրով նախատեսված է հոկտեմբերի վերջը, բայց, ցավոք, շինարարական կազմակերպությունները մի քիչ ետ ընկած գրաֆիկով են աշխատել, նրանք դա բացատրում են տարվա հայտնի իրադարձություններով։ Իհարկե, դա բոլոր վարչական շրջաններին չի վերաբերում, կան այնպիսիք, որտեղ աշխատանքները շուտ են ավարտվել։

Իր շենքի մասին պետք է առաջինը մտածի բնակիչը

Բնակֆոնդը ձմռանը նախապատրաստելը առաջին հերթին կառավարման մարմինների խնդիրն է։ Որքանո՞վ են նրանք կարողացել շենքերը նախապատրաստել տարվա դժվարագույն սեզոնին։ Դեկտեմբերի 3—ին քաղաքապետարանը հայտարարելու է աշխատանքների ավարտը։ Տարվա ընթացքում փոխվել են 13616 գմ ջրթափ խողովակներ։ Դա 2000 գմ—ով ավելի է նախորդ տարի արվածից։ Աշխատանքներն ընդհուպ մոտեցել են եզրագծին։ Էապես գերազանցվել է շքամուտքերի լուսամուտների ապակեպատման ծավալը. նախատեսված 4921 քմ—ի փոխարեն կատարվել է 6072 քմ։ Բանն այն է, որ երկու տարի առաջ քաղաքապետարանը սկսել է շքամուտքերի լուսամուտների նորացման մի ծրագիր, համաձայն որի՝ հին, հիմնանորոգման եւ նորոգման այլեւս դժվար ենթարկվող լուսամուտները փոխարինվում են արդիական եվրոլուսամուտներով։ Այս տարվա ապակեպատման ծավալների կտրուկ աճը պայմանավորված է այդ հանգամանքով։ Ավելի լավ է մի քիչ թանկ ինքնարժեքով նորը տեղադրել, քան թե ամեն տարի նորոգել զառամյալը, ծախս անել, սակայն քիչ արդյունավետությամբ։ Դա նաեւ պայմանավորված է շենքերի էներգապահպանման անհրաժեշտությամբ։
Կառավարման մարմինների պարտադիր նորմերի մեջ է մտնում շենքերի տանիքներից ձյունը ժամանակին մաքրելը, որ չվնասվեն տանիքները, հալվել—սառչելու դեպքում ջրհորդանները չխցանվեն, ջուրը պատերի վրայով չհոսի, սառցե լուլաներ չառաջանան եւ վտանգ չներկայացնեն տակից քայլողների համար։ Հարություն Խաչատրյանի տեղեկացմամբ, շատ դեպքերում համատիրությունները տանիքների ձյան մաքրման աշխատանքները չեն մտցնում իրենց բյուջեների ծախսերի բաժնում, ինչն առատ ձյան դեպքում կարող է վճարման խնդիր առաջացնել։ Սա, անշուշտ, աշխատանքի թերություն է։ Տանիքները ձյունից մաքրելը նաեւ սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ։
Շքամուտքերը ձյունից մաքրելը եւ ավազի ու աղի խառնուրդով մշակելը համատիրությունների պարտականությունն է։ Այս անելիքը սովորաբար նորմալ է կատարվում։ Անցյալ անձյուն ձմեռը ավազի ու աղի ծախս չպահանջեց, պահեստավորվածը մնում է եւ կօգտագործվի այս տարի։ Բայց առավել կարեւոր է բակային տարածքների ձյունից մաքրումը, ինչը հնարավոր չէ ձեռքով կատարել։ «Սանիթեքի» հետ պայմանավորվածություն կա, որ նրա փոքր մեխանիզմները ձյան տեղումների դեպքում մտնեն նաեւ բակերը, անցումներ բացեն այնտեղ։
Անդրադառնալով բազմաբնակարան շենքերում ջերմապահպանման՝ վերջին տարիներին նկատվող աշխատանքների ակտիվացմանը, հարկ է նշել ՄԱԿ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագիրը։ Մի ծրագիր էլ իրականացնում է «Հաբիթադ ֆոր Արմենիա» միջազգային կազմակերպությունը։ Այդ ծրագրով այս տարի մեկ շենք լիովին ջերմամեկուսացվել է։ «Նախատեսում ենք հաջորդ տարի ջերմամեկուսացնել 20—25 շենք։ Ջերմամեկուսացվում են շենքերի արտաքին պատերը եւ կտուրները։ Շենքերի ընտրությունն արդեն կատարված է, ընթանում է վիճակի ուսումնասիրություն։ Շեշտը դնում ենք հիմնականում պանելային կոնստրուկցիաներով շենքերի, ինչպես նաեւ այն շենքերի վրա, որոնցում մեծ թիվ են կազմում սոցիալապես անապահով ընտանիքները»,–ասում է Հարություն Խաչատրյանը։
Քանի որ այս աշխատանքների համար բնակիչները պետք է որպես համաֆինանսավորում ներդնեն արժեքի քառասուն տոկոսը, համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետը ենթադրում է, որ դրա հետ կապված խնդիր է առաջանալու շենքերի պահպանման վճարների հավաքագրման գործում, քանի որ բավական շատ են փակ դռները, ինչպես նաեւ չվճարող բնակիչները։
«Ցավոք, բնակիչ սեփականատերերը հին, ԲՇՏ—ների ժամանակների պատկերացումներով իրենցը չեն համարում իրենց բնակարաններից դուրս գտնվող տարածքները, ինչը բերում է վատ արդյունքների։ Հոգեբանությունը պիտի փոխվի, մենք շատ անելիքներ ունենք այդ ուղղությամբ։ Բնակիչները պետք է համոզմունք դարձնեն այն, որ վճարումներն իրենց սեփականության պահպանման համար են, համատիրություններն էլ պարտավոր են ճիշտ ուղղությամբ ծախսել հավաքագրվող գումարները։ Նրանք պետք է շենքերը նախապատրաստեն ձմռանը։ Համայնքի խնդիրը բնակֆոնդի վիճակը տեսադաշտում պահելն է, հետեւելը, որ անուշադրության չմատնվի։ Իսկ ներկա միջամտությունները սոցիալական վիճակից առաջացող անհրաժեշտություն են»,–նշում է զրուցակիցս։
—Նոր օրենքը կօգնի՞ դրան։
—Նոր օրինագիծը, որի մշակմանը մասնակցում եմ նաեւ ինքս, դեռեւս շատ բաներ վերջնականապես չի հստակեցրել։ Սակայն ինչ էլ գրվի օրենքում, առաջնայինը բնակիչ սեփականատերերի մոտեցումն է, նրանց մեջ այն գիտակցության հաղթանակը, որ ամբողջ շենքն է բնակիչների սեփականությունը, եւ իրենք են պարտավոր ինքնուրույն տնօրինել այն։ Մնացածը կառավարման մեխանիզմներ են, կառավարման գործիքակազմ։
Այդուհանդերձ նշենք քննարկվող օրինագծում կարեւորվող երկու կարեւոր մոտեցում. առաջին՝ մասնագիտացված կառավարիչների ինստիտուտի ստեղծում, որը կունենա մասնագետների իր ռեստրը, որից կօգտվեն բնակիչները շենքերի կառավարիչներ ընտրելիս. երկրորդ՝ կառավարման մարմնի յուրաքանչյուր շենք (եթե մեկից ավելին են) կունենա իր առանձին բանկային հաշվեհամարը, որտեղ կհավաքվեն բնակիչների վճարները, եւ այդ գումարը կծախսվի միմիայն տվյալ շենքի կարիքների համար։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հ. Գ. Ներկա պահին մայրաքաղաքի 4878 բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացնում են 191 համատիրություն եւ 146 լիազորված կառավարման մարմին։

29-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO