Մշակույթը՝ մայրաքաղաքից դեպի մարզեր
Ծրագիր, որն օգնում է մարզերում եւս բացահայտելու տաղանդավոր երեխաներին
ՀՀ մշակույթի նախարարությանը կից «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը Երեւանի կամերային երաժշտության տանը նշեց հիմնադրման տասնամյակը։ Ճեմասրահում ցուցադրվում էին մարզերի արվեստի դպրոցների աշակերտների աշխատանքները, բեմում՝ 5 մարզերը ներկայացնող 11 քանոնահար աղջնակ նվագակցում էր դուդուկահար Հարութ Համբարձումյանին՝ արժանանալով հանդիսատեսի հիացական ծափահարություններին։ Հաջորդիվ Կարեն Քոչարյանի ֆիլմն էր հիմնադրամի գործունեության փուլերի մասին, հնչում էին կարծիքներ, գնահատանքի խոսքեր, Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» մեդալը հանձնվեց հիմնադրամի տնօրեն Նելլի Մարտիրոսյան—Սարգսյանին։ Նելլի Մարտիրոսյան—Սարգսյանը, որն այն ժամանակ մայրաքաղաքի երաժշտական դպրոցներից մեկի տնօրենն էր, ելնելով ոլորտում ստեղծված վիճակից, դիմեց ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, որն իր հավանությունը տվեց նախաձեռնությանը։ Իսկ նախաձեռնությունը «ՀՀ երաժշտական եւ արվեստի դպրոցներում ազգային երաժշտական նվագարանների ուսուցման վարձի հատուցման» ծրագիրն էր։ Ավելի քան 2400 երեխա անվճար ուսուցման հնարավորություն ստացավ։ Ծրագրի շրջանակներում հանրապետության մարզերի շատ դպրոցներում վերաբացվեցին ազգային լարային եւ փողային նվագարանների դասարանները։ Այնուհետեւ ստեղծվեց «Երաժշտական նվագարանների շրջանառու ֆոնդ» ծրագիրը, որի շնորհիվ դպրոցների համար գնվեցին եւ բաշխվեցին մի քանի հարյուր նվագարաններ, ինչը բավական թանկ հաճույք է։ Հիմնադրամի գործունեության ընթացքում ստեղծվել են ուսումնական գործընթացին անհրաժեշտ բազմաթիվ ծրագրեր, մշակվել են կերպարվեստի եւ պարարվեստի դիդակտիկ նյութեր՝ ավելի քան 100 անուն դասագիրք, ձեռնարկներ, նոտային ժողովածուներ լույս են տեսել եւ բաշխվել դպրոցական գրադարաններին։ 2014 թվականից հիմնադրամը կազմակերպում է ոչ միայն հայ առաջատար մասնագետների, այլեւ հրավիրյալ հանրահայտ երաժիշտների վարպետաց դասեր։ Մարզերում բազային արվեստի դպրոցներին կից գործում են հիմնադրամի տասը մասնաճյուղերը, որոնք համալրված են տեղային ուսումնական հաստատությունների լավագույն մասնագետներով։ Նրանց գործունեության շնորհիվ անցկացվում են բազմաթիվ փառատոներ, ստուգատեսներ, համերգներ՝ քննարկումներով, ավելանում է գործող երգչախմբերի եւ ժողովրդական համույթների քանակը։ Փառատոները հիմնադրամի գործունեության առանձնահատուկ մասն են կազմում։ Հազարավոր երեխաներ՝ Բերդից մինչեւ Մեղրի, հնարավորություն են ստանում իրենց ցուցադրելու, ուրիշներին դիտելու, տեսնելու մայրաքաղաք Երեւանը, որտեղ նրանցից շատերը չեն եղել։ Ընդհանրապես տաղանդավոր երեխաների հայտնաբերումն ու նրանց զարգացման ապահովումը հիմնադրամի կարեւորագույն առաքելությունն է։ Ավելին, նա այդ խնդիրը մեծ հաջողությամբ իրականացնում է։ «Ես շատ բարձր եմ գնահատում հիմնադրամի գործունեությունը, բազմիցս մասնակցել եմ նրա նախագծերին։ Այսօր դժվար է գերագնահատել աշխատանքը, որն ուղղորդում է մշակույթը մայրաքաղաքից դեպի մարզեր։ Շատ կարեւոր է, որ մեր բարձրորակ մասնագետները պատրաստակամ են կիսելու իրենց գիտելիքները վարպետաց դասերի, բաց դասերի, սեմինարների ընթացքում մարզերի գործընկերների հետ, որոնք դրա կարիքն ունեն, եւ այդ ամենը հսկայական արդյունք է տալիս։ Ես շատ բարձր եմ գնահատում նաեւ այն փաստը, որ հիմնադրամը միշտ կարողանում է գտնել մարզերի դպրոցներում այն մարդկանց, որոնք հետագայում կկարողանան տեղերում ճիշտ կազմակերպել գործընթացը։ Ես խոնարհվում եմ այն ամենի առջեւ, ինչ արել եւ անում է այս հիմնադրամը այնքան դժվարությամբ ձեռք բերած անկախության տասը տարիների ընթացքում»,–նշեց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը՝ Նելլի Մարտիրոսյան—Սարգսյանին «Կոմիտաս» մեդալը հանձնելիս։
Սոնա ՄԵԼՈՅԱՆ
29-11-2018
|