Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ով ինչպես է զարգացնելու գյուղատնտեսությունը

Մեր գունապնակի երանգները՝ հայելի քաղաքական ուժերի համար

Տարբեր կառավարություններ գյուղատնտեսական ոլորտի զարգացման մասով տարբեր դիրքորոշումներ կարող են ունենալ եւ ըստ այդմ քաղաքականություն որոշել՝ ագրարային երկրից մինչեւ ոչ ագրարային երկրի տիրույթում։ Երկու մոտեցումներն էլ, ընդ որում, կարող են շատ լավը լինել՝ ոլորտի հանդեպ վերաբերմունքով պայմանավորված։ Ասենք՝ եթե ոչ ագրարային լինելն անգամ չխոչընդոտի, որպեսզի ոլորտի հանդեպ մեծագույն ուշադրություն ու հարգանք դրսեւորվի։ Պարզ մի պատճառով. Հայաստանի համար գյուղերը 5—6 ագարակային մեծ տնտեսություններից բաղկացած միավորներ չեն եւ պարենային անվտանգության ու անկախության խնդիր լուծելուց զատ, սահմանապահ դեր են կատարում, ազգապահպան նշանակություն ունեն։ Նրանք համայնքներ են՝ յուրաքանչյուրն իր կոլորիտային նիստուկացով, բարբառով, խոհանոցով, համ ու հոտով։ Առանց քնարերգության ասեմ՝ մեր գյուղերը մեր երկրի հարուստ գունապնակի երանգներն են, որ ինչքան խտանան ու հարստանան, այդքան գունավորելու են մեր ապագան։ Ուստի չէինք կարող ուշադրություն չդարձնել, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը ինչ ծրագրեր ունեն գյուղատնտեսության ոլորտում։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը թեեւ առանձին բաժին չունի գյուղատնտեսության հետ կապված, բայց մրցունակ տնտեսություն ունենալու համար վստահ է, որ ինտենսիվ գյուղատնտեսությունը առաջնային գերակայություններից մեկն է։ Եվ որ նախորդ տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանն ունի ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը նշում է, թե հեռանկար ունի տնտեսական քաղաքականություններով նպաստել արդյունաբերության եւ ծառայությունների մեջ երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը եւ մրցունակության բարձրացմանը, այդ մրցունակ ուղղությունները թիրախավորելով՝ հասնել տնտեսության կառուցվածքի վերափոխման՝ հանքարդյունաբերական—ագրարայինից դեպի արդյունաբերական, ծառայությունների ու բարձր տեխնոլոգիաների տնտեսության։ Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվի առնելով նաեւ պատերազմի վերսկսման հավանականությունը։ Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է միտված լինի ստանալ բնական, մաքուր արտադրանք՝ այն դարձնելով բրենդային քաղաքականություն։ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը պետք է հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տեղում արտադրված որակյալ արտադրանքով։ Արտադրության ոլորտում, նաեւ պետական աջակցությամբ, պետք է աստիճանաբար կիրառել միջազգային լավագույն փորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները, ոլորտում ծախսվող էներգիան փոխարինել արեւային եւ վերականգնվող այլ էներգատեսակներով։
Ըստ ՔՈ ՍԴԿ—ի՝ գյուղատնտեսության ավանդական ձեւերը սպառել են իրենց եւ հետագա շարժընթացը պետք է գնա դեպի ինտենսիվացումը (ջերմային տնտեսությունների հիմնում) եւ խոշորացումը։ Սրա համար թիվ մեկ մարտահրավեր է համարում ոռոգման համակարգը։ Առկա համակարգը ի վիճակի չէ գյուղացիական բոլոր տնտեսություններին ապահովել անհրաժեշտ ծավալի ջրով։ Դրա համար պետք է սկսել ջրամբարաշինարարության ծրագրեր։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության համոզմամբ, գյուղատնտեսության զարգացումը չպետք է առանձնացնել գյուղի զարգացումից։ Գյուղատնտեսության աջակցության թիրախը պետք է լինի այն գյուղացին, ով օրինիբուն աշխատում է իր հողի վրա։ Աջակցությունը պետք է տրվի ուղղակի գյուղատնտեսությամբ զբաղվողներին, այլ ոչ թե զանազան միջնորդ ու մատակարար կառույցներին։ Աջակցությունը պետք է լինի թիրախային՝ խրախուսելու առավել բարձրարժեք գյուղատնտեսությունը եւ նպաստի, որ գյուղացիները դուրս գան աղքատության ճիրաններից։ Գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն կոոպերատիվների ստեղծման, հողերի կամավոր խոշորացման եւ անմշակ հողերի կրճատման ուղղությամբ։ Միաժամանակ, պետական, ինչպես նաեւ պետություն—համայնք—մասնավոր հատված ֆորմատով պետք է ներդրումներ կատարվեն գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման համար։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի հիմնական գերակայություններից մեկը լինելու է բարձրարժեք գյուղատնտեսությունը։ Ըստ այս ուժի նախընտրական ծրագրի, իրենց նպատակն է ստեղծել նորարար տեխնոլոգիաների եւ գիտական հենքի վրա հիմնված մրցունակ եւ արդյունավետ գյուղատնտեսություն։ Մշակելու են ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն եւ իրականացնելու են ոռոգման համակարգերի արդիականացման պետական աջակցության ծրագրեր։ Ընդլայնելու են վարելահողերի նպատակային օգտագործման ծավալները եւ ոռոգելի հողատարածքները, ստեղծելու են չօգտագործվող հողերը գյուղացիական տնտեսությունների կողմից շրջանառության մեջ ներգրավելու տնտեսական եւ իրավական հնարավորություններ։ Բարձրացնելու են սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը՝ ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ։ Օժանդակելու են կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը եւ սահմանելու են կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ։ Ստեղծելու են կրթական—գիտահետազոտական—արդյունաբերական կլաստերներ եւ նպաստելու են գյուղատնտեսության նախարարություն, ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտարտադրական եւ խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը։ Աջակցելու են ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը։ Ներդնելու են գյուղատնտեսության ապահովագրական համակարգ։ Աջակցելու են հակակարկտային ցանցերի ներդրմանը։ Իրականացնելու են տեղական սերմնաբուծության եւ սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր։ Աջակցելու են տոհմաբուծարանների ստեղծմանը։ Նպաստելու են գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը եւ ագրոտուրիզմի զարգացմանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարեւորում է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, ներմուծման փոխարինումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցությունը, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, հակակարկտային ցանցերի ներդրմանն ուղղված պետական աջակցությունը, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող հատվածին աջակցության տրամադրումը, այդ թվում՝ գյուղվերամշակման ոլորտի վարկավորման սուբսիդավորումը, գինեգործության մրցունակության եւ գինու որակի բարձրացումը, գյուղատնտեսական վարկերի տրամադրման պետական աջակցությունը, ոլորտում ապահովագրության աստիճանական ներդրումը։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ծրագրային հիմնադրույթներում գյուղոլորտի հետ կապված ոչինչ չունի։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ռազմական արդյունաբերության հետ միասին գյուղատնտեսությունն էլ է հռչակելու գերակա ճյուղ։ Այս կուսակցությունը գյուղական բնակչությանը համարում է ազգային ներուժի հիմքերից մեկը եւ միջին խավի անբաժանելի մասը։ Ուստի առաջնահերթություն է համարում գյուղատնտեսության զարգացումը՝ հաշվի առնելով ամեն մի գյուղի առանձնահատկությունները եւ բնական ռեսուրսների (անտառ, դաշտավայր, գետ, լիճ եւ այլն) առկայությունը։ Ըստ այդմ, մշակվելու է ամեն համայնքի պահանջներից բխող գյուղատնտեսական զարգացման ծրագիր, այդ թվում՝ անասնապահության, ձկնաբուծության, փայտամշակման, այգեգործության եւ այլ ուղղություններով։
Գյուղատնտեսության զարգացման գործում կարեւոր են համարում 5 տոկոսը չգերազանցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը, որակյալ սերմնացուի ու անասնապահության համար անհրաժեշտ անասնատեսակների ներկրման ու արտադրանքի մթերման/արտահանման գործընթացների պետական հստակ կարգավորումը, պետական աջակցությունը, արոտավայրերի ու գյուղատնտեսական նշանակության այլ հողերի օրենսդրական կարգավորումը։ Գյուղատնտեսությունը եւ մարզային կյանքն ակտիվացնելու ու աշխուժացնելու նպատակով պետք է իրականացվի Երեւանից դուրս քաղաքաշինական պլանավորում՝ ամեն շրջանում արդյունաբերական կենտրոնի, մշակութային ու կրթական կենտրոնի, առեւտրային կենտրոնի եւ այլ անհրաժեշտ ենթակառույցների շինարարության միջոցով տեղում զբաղվածության ապահովումը։
«Մենք» կուսակցությունների դաշինքը նորարարական գյուղատնտեսության կողմնակից է եւ ասում է, թե անհրաժեշտ է խրախուսել փոքր ու միջին, «էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ» արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեությունը։ Այլընտրանքային գյուղատնտեսության այս ուղղության նպատակը հողի բերրիության բարձրացումն ու պահպանումն է, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ, ի վերջո, բարձրորակ գյուղատնտեսական ապրանքի արտադրությունը։ Դաշինքը խոսում է նաեւ հողի որակի բարելավման անհրաժեշտությունից։ Պետք է բարելավվի նաեւ ջրատարների վիճակը, արդիականացվի ջրման տեխնիկան՝ անցնելով կաթիլային ոռոգման համակարգին։ «Որոշ փորձագիտական կարծիքի համաձայն,—նշում է «Մենք»—ը,— Հայաստանը կարող է զգալի քանակությամբ խմելու ջուր արտահանել, եթե վերանայի իր ջրօգտագործման հայեցակարգը»։ Այս ուժը վստահ է, որ հայկական գյուղատնտեսական մթերքը կարող է հաջողությամբ շարունակել իր մուտքը արտաքին շուկա, հատկապես ժամանակակից վերամշակման եւ փաթեթավորման սարքավորումների առկայությամբ։ Վերամշակող համակարգը ավելի հրապուրիչ է դառնում ներդրողի համար. հավանաբար, հաշվի են առնվում Հայաստանում աճող մրգի եւ բանջարեղենի բարձր որակը, անասնաբուծական արտադրանքի բարձր համային եւ էկոլոգիական հատկանիշները։
Դաշինքը համարում է, որ գյուղացիական տնտեսություններին պետք է տեխնիկայով ապահովել, քանի որ դաշտային գյուղատնտեսական տեխնիկայով ապահովվածությունը խիստ անբավարար է, շատ դեպքերում կիրառվում է հին տեխնիկան։ Ավելի վատ վիճակում է անասնապահական համալիրի հագեցվածությունը տեխնիկայով, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակման տեխնիկական հագեցվածությունը համեմատաբար բարելավված է։
Ագրոտուրիզմի զարգացումն էլ է կարեւորվում։ Հայաստանն իր կլիմայով, բնությամբ եւ պատմամշակութային հարուստ ժառանգությամբ ինքնին ավանդական տուրիստական երկիր է։ Բնակչության գրեթե կեսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, ուստի ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված ներդրումներն ունեն ընդարձակ հեռանկար։ Անհրաժեշտ է զարգացնել ագրոտուրիզմը՝ վերլուծելով իրավիճակը եւ հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ, ներդնել հաջողված ագրոբիզնեսի մեխանիզմներ։
«Օրինաց երկիր» կուսակցությունը գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգի ներդրումից է խոսում, որի շնորհիվ գյուղացին կստանա երաշխավորված ֆինանսական օգնություն աղետների դեպքում։ Կարեւորում է գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը։ Գյուղմթերք մթերող ձեռնարկություններին պետական աջակցությունն էլ չի անտեսում։ Ի դեպ, քաղաքական այս ուժն առաջարկում է սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժ համարել՝ կենսաթոշակի ամենամյա ինդեքսավորմամբ եւ բարձրացմամբ։
«Օրինաց երկիրը» պետական աջակցություն է խոստանում նաեւ հայրենական արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրության արտահանման համար։ Այդ նպատակով նախատեսում է Հայաստանում ներդրումների խթանում եւ ներդրողների լիակատար պաշտպանություն։
«Սասնա ծռեր» կուսակցությունը համարում է, որ ժամանակն է պետության մասնակցությամբ ստեղծելու գյուղմթերքի մթերումը եւ վերամշակումը երաշխավորող մեխանիզմներ, ներդնելու գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ, ներդնելու նաեւ ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման ծրագիր, իսկ մինչ այդ համաներելու ջրօգտագործման վճարների պարտքերի գումարները եւ նվազեցնելու դրանց սակագները։ Նախատեսում է նաեւ հնարավոր բոլոր միջոցներով աջակցել եւ սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ ստեղծելով գյուղտեխնիկայի միջհամայնքնային պարկեր։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում արդեն իսկ տարիներով փորձարկված ու ապացուցված հիմքի վրա նախանշել մի շարք ոլորտների, այդ թվում՝ ագրոպարենային, զարգացման նոր հիմնական ուղղությունները՝ որպես գերակայություն ունենալով ինտենսիվ այգիները, կաթիլային ոռոգման համակարգը, վերջին սերնդի մեքենատրակտորային կայանները, նոր որակի գյուղացիական կոոպերացիան։ ԲՀԿ—ն կարծում է, որ պետությունը պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերի գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին եւ ընկերություններին՝ ի մասնավորի նպաստելով գյուղմթերքների իրացմանը եւ նոր շուկաների խթանմանը, գործող տրանսպորտային ուղիներում սեզոնային լարվածության թուլացմանը, 3—4 տոկոս վարկային ռեսուրսների ապահովմանը։ Պետությունը պետք է հստակ աջակցի դեպի արտաքին շուկաներ, այդ թվում՝ արաբական երկրներ պտուղ—բանջարեղենի եւ մսամթերքի արտահանումներ կազմակերպելուն։ Այդ նպատակով անհրաժեշտ է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձեւավորվեն լոգիստիկ գործուն համակարգեր, սառնարանային, փաթեթավորման եւ տարայավորման տնտեսություններ, որոնց շնորհիվ մասնագիտացված միջնորդ ընկերությունների կողմից տնտեսավարողների համար ընդունելի պայմաններով, մեծ բեռնատար ինքնաթիռներով գյուղմթերքները արտահանելու հնարավորություն կստեղծվի։
Քանի որ քաղաքական ուժերը խոսում են արտաքին շուկաներ դուրս գալու անհրաժեշտությունից, հաջորդիվ կներկայացնենք, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը արտաքին քաղաքական ինչ ուղղություններ են նախանշում Հայաստանի համար, որ ուղղություններին են կողմ, որոնց՝ դեմ եւ ինչու։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

01-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO