Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրականագիտությունը պատվախնդիր մարդկանց ոլորտ է

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը բոլորեց հիմնադրման 75-ամյակը

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում երեկ տոնական տրամադրություն էր։ Գրական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ գրողներ, գրականագետներ, գիտության ու կրթության ոլորտների աշխատողներ հավաքվել էին հանդիսավորությամբ նշելու ինստիտուտի հիմնադրման 75—ամյակը։
Հյուրերից շատերը՝ գրական աշխարհում ունեցած մեծ ավանդի համար, պարգեւատրվեցին հուշամեդալներով եւ պատվոգրերով։ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը, ամփոփելով նախորդ տարիների կատարած աշխատանքն ու խոսելով գիտական առաջիկա ծրագրերի մասին, ասաց, որ ինստիտուտի հետազոտություններն այս տասնամյակներին ընթացել են մի քանի ուղղություններով՝ հայ գրականության պատմություն, արտասահմանյան գրականություն եւ գրական կապեր։ «Հայ գրականությունը, ինչպես ասում են՝ նախագրային ժամանակներից մինչեւ ընթացիկ գրականությունը, 6 հատորով այժմ տպագրում ենք, դեռեւս լույս է տեսել մեկ հատոր։ Յուրաքանչյուր տարի կհրատարակվի եւս մեկը։ Այս ընթացքում հրատարակեցինք հայ դասականների երկերը՝ սկսելով Խաչատուր Աբովյանից, այնուհետեւ՝ Միքայել Նալբանդյան, Րաֆֆի։ Անցյալ տարի ավարտվեց Լեւոն Շանթի ակադեմիական 9 հատորյակը։ Հիմա ընթացքի մեջ է Ավետիք Իսահակյանի երկերի հրատարակությունը, իսկ մյուս տարի կսկսենք աշխատել Նիկոլ Աղբալյանի երկերի վրա։ Ինչպես բազմիցս նշել ենք՝ Թումանյանի թանգարանի հետ սկսվել է Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 10 հատորյակի վերամշակված եւ վերախմբագրված նոր հրատարակությունը։ Առաջին հատորն արդեն լույս է տեսել, մոտ օրերս կհրատարակվի եւս մեկը, իսկ մինչեւ հունվար՝ երրորդը»,–մանրամասնեց գրականության ինստիտուտի տնօրենը։ Խոսելով մյուս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ Դեւրիկյանի նշեց, որ հայ մշակույթը միշտ համաքայլ է ընթացել համաշխարհային մշակույթին, եւ արտասահմանյան գրականության ուսումնասիրությունը կարեւորվում է հատկապես այդ առումով. «Մենք միայն ընթերցող չպետք է լինենք, այլեւ այդ գրականության ուսումնասիրողն ու վերլուծողը»։ Այս իմաստով մեծ աշխատանք է համարում առաջիկայում 3 հատորով հրատարակվելիք «Հայ գրականության միջազգային կապերը» անվանումով հանրագիտարանը։
Խոսելով առաջիկա անելիքներից՝ Դեւրիկյանը կարեւորեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված միջոցառումների կազմակերպումը, որոնք նախատեսվում է անցկացնել նաեւ Հալեի համալսարանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Ինստիտուտը ձեռնարկել է եկող տարվա հոկտեմբերին Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ հրատարակել Ղեւոնդ Ալիշանի նամակները, եւ այդպիսով ազդարարել 2020թ. կայանալիք Ալիշանի ծննդյան 200—ամյակին նվիրված հանդիսությունների սկիզբը։
Ինստիտուտի հոբելյանական 75—ամյակի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության եւ ողջույնի խոսքն էր բերել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որում մասնավորապես ասված էր. «Մայր Աթոռ Սբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում ինստիտուտի տնօրինությանն ու աշխատակազմին, հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման բոլոր մասնակիցներին։ Այսօր գնահատանքով ենք անդրադառնում, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիայի հաստատման օրից գրականության ինստիտուտը համախմբել է գրական աշխարհի նվիրյալներին, որոնք իրենց անխոնջ աշխատանքով մեծ ավանդ են բերել հայագիտության զարգացմանը»։
Շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ գրականությունը մեծ դեր ունի հասարակության ճանաչման եւ ինքնագնահատման գործում։
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ գրականության ինստիտուտն իր համար հարազատ օջախ է, այստեղ ասպիրանտ, նաեւ մի քանի տարի գիտաշխատող է եղել։ «Բոլորս էլ գիտենք, որ հայագիտությունը մեր օրերում իր լավագույն ժամանակները չի ապրում։ Այդ գիտակցությունն ունեն հատկապես նրանք, ովքեր տեսել են հայագիտության աստղային տարիները։ Գիտեն, թե ինչ ահռելի ժառանգություն է ստեղծվել գիտական, գրականագիտական այս օջախում։ Կար ժամանակ, երբ մեր ամբողջ ժողովրդի ինտելեկտուալ գերակշիռ մասը զբաղված էր հայագիտությամբ, գրականությամբ, պատմությամբ, հնագիտությամբ, փիլիսոփայությամբ։ Ցավոք, մեր օրերում այդպես չէ։ Հայագիտությունը դարձել է միայն պատվախնդիր մարդկանց գործը, իսկ երիտասարդությունը ձգտում է այն մասնագիտություններն ընտրել, որոնք ավելի շահութաբեր են։ Այսօր կարող ենք մխիթարվել նրանով, որ ինստիտուտը կենսունակ եւ խրոխտ կանգնած է գրականության, գրականագիտության զարգացումների առանցքում»,–ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ իրենց թանգարանը ինստիտուտի քույր կազմակերպություն է, եւ այն ամբողջ գանձարանը, որը պահվում ու մշակվում է իրենց ֆոնդերում, ուսումնասիրվում է, դառնում գիրք, հոդված։
Հոբելյանական օրվա առիթով Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը միության բոլոր անդամների անունից շնորհավորեց գրականության ինստիտուտի տնօրինությանն ու գիտաշխատողներին՝ գիտական, հետազոտական նոր նվաճումներ մաղթելով ինստիտուտի անձնակազմին։ «Պատմական դժվարին շրջանում ինստիտուտի հիմնադրումը արդեն իսկ խոսում է ժողովրդի ազգային, մշակութային կյանքում գրականագիտության վիթխարի դերի եւ կարեւորության մասին։ Իր գործունեության ամբողջ շրջանում գրականության ինստիտուտը սերտորեն համագործակցել է գրողների միության հետ, ինստիտուտի գիտաշխատողներից շատերը նաեւ ՀԳՄ անդամներ են»,–նշեց Միլիտոնյանը։
Ողջույնի եւ շնորհավորական խոսքերին հաջորդեց տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից պարգեւատրման արարողությունը։ Արարողակարգը բացեց սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը՝ հայրենիքին եւ սփյուռքին մատուցած ծառայությունների, Հայաստան—սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ 75—ամյա հոբելյանի առթիվ գրականության ինստիտուտին պարգեւատրելով սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով։ Պարգեւներ հանձնվեցին նաեւ գիտնականների, գիտաշխատողների։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

01-12-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO