Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ով ավելի լավ կաշխատեցնի տնտեսության սիրտը

Էներգետիկ ինչ զարգացումներ են խոստանում քաղաքական ուժերը

Աշխարհի էներգետիկ շուկայում քաղաքական խնդիրներ են լուծվում։ Էներգետիկ հսկաները թելադրում են, մյուսները (անգամ զարգացած երկրներ) կատարում կամ հաշտվում թելադրող լինելու հերթական ձախողված փորձի հետ։ Խորհրդային տարիներին մեր երկրում այս ոլորտում լավ հիմք է դրվել։ Եթե հիմա մենք դա հզորացնենք ու գնանք նաեւ էլ ավելի տարատեսակացման (դիվերսիֆիկացիա) ուղղությամբ, կհաջողենք։ Եթե նամանավանդ նպատակ ունենք զարգացնել տնտեսությունը։ Էներգետիկան տնտեսության սիրտն է։ Ինչքան այդ սիրտը լավ աշխատի (արդյունավետ), այնքան առողջ կլինի մեր տնտեսությունը։ Մեզ, այսպես ասած, բազմաժանր էներգետիկա է պետք՝ ե՛ւ ատոմային, ե՛ւ վերականգնվող՝ հողմային, ջրային, արեւային, երկրաջերմային եւն։ Պարբերաբար որոշ երկրների հակամիջուկային լոբբինգը մեզ թող թյուրիմացության մեջ չգցի, օրինակ՝ ԱՄՆ—ն, Կանադան, Ռուսաստանը բոլորովին այլ ուղղությամբ են գնում։ Բացի այդ՝ մեր երկրում միջուկային էներգետիկայի դպրոցը պահպանելու ու էլ ավելի հզորացնելու անհրաժեշտությունը կա. ՀՀ—ին միջուկային նոր էներգաբլոկը պետք է ե՛ւ տնտեսական ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ էներգետիկ անկախության տեսակետից (խնդիրը քննարկել ենք նաեւ բնապահպանական տեսակետից)։
Ի դեպ, մեր այն ընթերցողների համար, ովքեր տեղյակ չեն այս ոլորտից, ասենք, որ միջուկային էներգետիկայի հետ կապված ամեն ինչ արվում է ըստ ԱԷՄԳ–ի պահանջների ու անվտանգության ստանդարտների։ Մասնագիտացված միջազգային այս կազմակերպությունը, որ գործում է ատոմային երկրներում (իսկ Հայաստանը ատոմային տերության մաս է), երբեւէ բողոք չի հայտնել մեր՝ ոլորտում գործունեության մասով։ Ատոմային էներգետիկան Հայաստանի համար այլընտրանք չունի։ Չմոռանանք, Թուրքիան միջուկային տերության մաս դառնալու գործնական քայլեր է ձեռնարկում։
Ինչեւէ, այս համապատկերում մեզ բնականաբար հետաքրքրում է, թե ԱԺ—ում հայտնվել ցանկացող որ ուժը ինչ ուղղությամբ է տանելու մեր էներգահամակարգը, ասել է թե՝ մեր տնտեսությունն ու մեր երկիրը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մրցունակ տնտեսության հասնելու համար իբրեւ առաջնային գերակայություններից կարեւորում է էներգետիկան եւ նշում, թե նախորդ տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ունի բարելավվող էներգետիկ համակարգ։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը կարեւորում է էներգետիկ անվտանգությունը։ Այդ խնդիրը լուծելու համար, ըստ այս կուսակցության նախընտրական ծրագրի, պետք է էներգակիրներից մեծ կախվածության նվազեցում, Էներգիայի սպառման բնական աճի ընթացքում բավարար արտադրող եւ փոխանցող համակարգի ստեղծում, էլեկտրամատակարարման բաշխիչ համակարգի վերազինում, վերականգնվող էներգետիկայի զանգվածային կիրառում, վառելիքի շուկայի դիվերսիֆիկացում, մատակարարվող գազի որակի ստուգման պարզ ու թափանցիկ համակարգի ստեղծում, ոլորտի որակյալ մասնագետների ներգրավում եւ կրթություն։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը էներգահամակարգի հետ կապված իր քայլերին նախընտրական ծրագրում չի անդրադառնում։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը խոստանում է զարգացման հնարավոր բոլոր սցենարների դիտարկմամբ մշակել Հայաստանի էլեկտրաէներգետիկ բնագավառի 2019—2035թթ. ռազմավարական հեռանկարային ծրագիրը։ Խոստանում է նաեւ ապահովել վերականգնվող էներգետիկ համակարգերի շարունակական ընդլայնումը եւ իրականացնել էներգախնայողության պրոգրեսիվ միջոցառումներ։ Ոլորտը կարգավորող գործիքակազմն աստիճանաբար փոխարինելու է գնագոյացման շուկայական մեխանիզմով։ Պետություն—մասնավոր համագործակցության ընդլայնմամբ ներկայումս պետության կողմից իրականացվող գործառույթները պատվիրակելու է ոլորտի առաջատար ընկերություններին։ Նաեւ՝ համակարգային նշանակության նոր արտադրական հզորությունների կառուցման ծրագրերն իրականացնելու է բացառապես մրցութային եղանակով։ Մշակելու եւ իրագործելու է հարեւան երկրների հետ էլեկտրաէներգիայի առեւտրի նոր մեխանիզմների ներդրման հայեցակարգը։ Էներգետիկ անկախության եւ անվտանգության բարձրացման նպատակով ընդլայնելու է Վրաստանի եւ Իրանի հետ փոխգործակցության շրջանակը՝ հատկապես խթանելով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տնտեսապես շահավետ ծրագրերի իրականացումը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարեւորում է Հայաստանի էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովումը, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում երկրի ունեցած զգալի ներուժի իրացումը, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ավելացումը, էներգախնայողության ապահովումը։ Քաղաքական այս ուժը էներգետիկ ոլորտի կայուն զարգացումը ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հենքով է տեսնում։ Զուգահեռ, իհարկե, կարեւորելով էներգակիրների մատակարարման տարատեսակացումը, էներգարդյունավետ ժամանակակից միջոցների իրականացումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ծրագրային հիմնադրույթներում էներգետիկ ոլորտի հետ կապված ոչինչ չունի։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խոստանում է «արեւային էներգիայի ու քամու հաշվին էլեկտրաէներգիայի արտադրությունը» գերակա ճյուղ հայտարարել։
«Մենք» կուսակցությունների դաշինքը էներգետիկ անվտանգության առումով երկրի ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովումն է կարեւորում։ Երկրի ինքնիշխանության տնտեսական խոչընդոտները կարող են վերանալ, երբ պետությունը պարենային, էներգետիկ, սոցիալական ու այլ անվտանգությունների առումով ունի ինքնաբավության նվազագույն մակարդակ, այդ բնագավառներում ինքնիշխան նպատակներ հետապնդելու կամք եւ վճռականություն։ Իսկ քաղաքացին չի կանգնի մատուցող օտարերկրյա ընկերությունների կամայական «սակագնային շանտաժներին», մենաշնորհային ու գերշահութ ստանալու քաղաքականությանը դեմ հանդիման։ Կարեւորում է նաեւ վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների լիարժեք օգտագործումը։ Չունենալով օրգանական վառելանյութի սեփական աղբյուրներ՝ Հայաստանը կախման մեջ է ներկրվող էներգակիրներից։ Արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 20 տոկոսն է ստացվում սեփական էներգառեսուրսներից՝ հիդրոէլեկտրակայաններում։ Մնացածը՝ ներկրվող էներգակիրներից, ջերմակայաններում եւ ատոմակայանում։ Այնուամենայնիվ, Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի բավականին մեծ ռեսուրսներ։ Դրանք առաջին հերթին հիդրոռեսուրսներն են, որոնց պոտենցիալը կազմում է 3.2 մլրդ կՎտ ժամ, որից այսօր յուրացվում է 1.5 մլրդ–ը։ Կան հողմաէներգետիկայի զգալի ռեսուրսներ, որոնց տեսական պոտենցիալը գնահատվում է ավելի քան 10 գիգավատ ժամ, իսկ դրա տասներորդ մասը համարվում է տեխնիկապես մատչելի։ Մեծ է արեւային էներգիայի պոտենցիալը։ Ընդ որում՝ այն միջին եվրոպականից բավականին բարձր է։ Հայաստանի համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը ռազմավարական եւ կարեւոր բնապահպանական խնդիր է։
«Օրինաց երկիր» կուսակցությունն էլ «Լուսավոր Հայաստանի» պես կարեւորում է ատոմային էներգետիկայի զարգացումը։ Անհրաժեշտություն է համարում նոր ԱԷԿ—ի կառուցումը։ Նախընտրական ծրագրում խոսում է նաեւ Էներգետիկ հզորությունների հետեւողական զարգացման եւ տարատեսակացման, Իրան—Հայաստան—Վրաստան–Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացման մասին։ Թափոնների, քամու, արեւի, կինետիկ եւ այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումից էլ է խոսում։ Նաեւ դրանց շուրջ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շնորհիվ համաշխարհային այլընտրանքային էներգիայի աղբյուրների շուկայում սարքավորումներ արտադրող եւ մատակարարող երկրի վերածվելու քաղաքականության մշակումն ու իրագործումն էլ է չափազանց կարեւորում։
«Սասնա ծռեր» կուսակցության կարծիքով, ժամանակն է կառուցելու Իրան—Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար եւ լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ լինելու հողմային եւ արեւային էլեկտրակայանների ստեղծմանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոստանում է կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 60—65 տոկոսն արտադրում են ատոմային էլեկտրակայանը եւ հիդրոէլեկտրակայանները, որտեղ արտադրված 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը բավականին ցածր է։
Նախընտրական ծրագրերի՝ տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող խոստումներն ու քայլերը ուսումնասիրելիս զուգահեռ չենք կարող չտեսնել, թե ինչ են առաջարկում մեր քաղաքական ուժերը բնապահպանության առումով։ Բանն այն է, որ մենք, տարբեր պատճառներով՝ կրթականից սկսած, բնապահպանությանը հաճախ վերաբերում ենք իբրեւ միայն ծառ տնկելու ու չկտրելու ոլորտի՝ մոռանալով, որ բնապահպանությունը տնտեսության անքակտելի շղթաներից է։ Բնապահպանության հատվածը բարվոք չեղավ, արդյունավետ տնտեսություն չենք ունենա։ Բնապահպանությունը նաեւ սոցիալական ու առողջապահական ոլորտներին է ուղղակիորեն միահյուսված։ Այնպես որ, հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ են խոստանում արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը բնապահպանության ոլորտում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

05-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO