Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետեւ հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին եւ զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին։
«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների։ Կարծում եմ՝ սա է հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը։ Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը՝ առաջին հերթին տնտեսական զարգացմամբ»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, եւ այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաեւ սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ։ «Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի։ Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին։ Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք եւս քաջալերված եք»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Ի պատասխան՝ տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են, որ մեծապես ոգեւորված են հայրենիքում տեղի ունեցող գործընթացներով եւ պատրաստվում են վերադառնալ Հայաստան, այդ թվում՝ ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով։ Այդ համատեքստում նրանք ներկայացրել են Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները։
Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում։ «Դա ԵԱՏՄ—ում քննարկվող ամենակարեւոր հարցերից է։ Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի՝ թվային համակարգի ներդրման միջոցով»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով։
Հանդիպման ընթացքում ներկաների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին։ «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում։ Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12—ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, եւ իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում։ Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում։ Ինչո՞ւ է ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետեւ մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը՝ դատական համակարգի ներկայացուցիչը եւս անընդհատ զանգահարել է ԱԱԾ՝ անվտանգության խնդրով եւ նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց։ Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում՝ դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը։ Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, եւ այդ խնդիրը կա։ Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երեւույթներն են։ Համոզված եղեք՝ դրանք եւս արմատախիլ կարվեն։ Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, եւ ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանութան ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը։ «Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում։ Կարծում եմ՝ դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաեւ մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատության ոլորտի խնդիրների մասին, ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարության օրակարգային ամենակարեւոր հարցերից մեկն է, որովհետեւ այն ձեւավորվել է բոլորին հայտնի միջավայրում եւ պայմաններում։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է եւ առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը։ Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար։ Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբեւէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ։ Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, եւ ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնենք։ Կա գաղափար՝ փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա։ Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետք է թույլ տանք, որ որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի։ Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր»,–շեշտել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն եւ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ։ «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս եւ բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ։ Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ։ Եթե ինչ—որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան, խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին հարցին։ «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին։ Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ։ Որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որեւէ կետում չկատարելու մեջ։ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը։ Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք՝ եկեք պարզենք մեր հարաբերությունները. մենք դաշնակիցնե՞ր ենք, թե՝ ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին։ Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա՝ ոչ։ Համոզված եմ, որ ՀԱՊԿ—ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը։ Հիմա հարց՝ ՀԱՊԿ—ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե՝ ոչ։ Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է։ Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է։ Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ—ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից։ Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մենք որպես ժողովուրդ պետք է մեր միջավայրը հասկանանք։ «Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբեւէ մեր հարաբերություններում որեւէ կնճիռ չի լինի։ Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ եւ դրանց լիարժեք իրականացում»,–շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

07-12-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO