Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՆԱԽԱԳԱՀ


Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ

Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ Գյումրի,
Երբ դու կարդաս այս խոսքերը, հազարավոր մարդիկ՝ հեռվում եւ մոտիկ, հարազատ ու անծանոթ, հարգանքի տուրք մատուցելիս կլինեն քեզ պատահած մեծ աղետի՝ 1988 թվականի դեկտեմբերի 7—ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ես կլինեմ նրանց շարքում՝ վերհիշելով այն սարսափելի օրը, երբ ժամանակը կանգ առավ ճիշտ 11։41—ին՝ ընդմիշտ փոխելով քո ճակատագիրը։
Այսօր կատարվածից անցել է 30 տարի, եւ անհնար է նայել հետ՝ առանց հայացքը դեպի ապագա ուղղելու։ Այլ կերպ լինել չի կարող։ Դու քո երկրին ու աշխարհին առաջարկելու շատ բան ունես։ Ապագա սերունդների հետ հին աշխարհի շատ պատմություններ ունես կիսելու։ Չափազանց շատ հպարտություն եւ լավատեսություն, որը կառաջնորդի դեպի նորացված, վերականգնված ու հզորացած ապագա։ Ես այս ամենից տեղյակ եմ ոչ թե մյուսների պատմությունների, այլ սեփական փորձառության միջոցով, որն ունեցել եմ քեզ հետ իմ կյանքի ընթացքում։
1960 թվականին ես երեխա էի, երբ հայրս, ով երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետ էր, ինձ ներկայացրեց քեզ։ Մենք բացահայտեցինք Արփաչայը եւ անմիջապես քո սահմանից այն կողմ գտնվող հայոց հնագույն մայրաքաղաքի՝ Անիի ավերակները։ Իմ հայրը հիանում էր քեզ բնորոշ ճարտարապետությամբ՝ սեւ եւ կարմրավուն տուֆից կառուցված կամարակապ շինություններից մինչեւ բակեր, եկեղեցիներ, խորհրդային շրջանից լավ ու վատ շինություններ։
Նա ուզում էր, որ ես ճանաչեմ քեզ, Գյումրի՛, քանի որ նրա նախնիները կապված էին քեզ հետ։ Նրանք սերում են Էրզրումի շրջանից, Ձիթող գյուղից։ Նրանք այն նույն մարդիկ են, որոնք վերաբնակեցրին քո հողերը 19—րդ դարում՝ փախչելով պատմական հայկական հողերի վրա օսմանյան ղեկավարների հետապնդումներից։
Նա ինձ տարավ քո ազգագրական թանգարան՝ Ձիթողցոնց տուն (ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան), որտեղ ներկայացվում են այն մարդկանց կյանքն ու ապրած ժամանակները, որոնցից սերում են քո բնակիչներից շատերը։ Նրանք խոսում են մեր ընտանիքի նախնիների լեզվով, որն արմատներ ունի դասական արեւմտահայերենում։ Սա, իհարկե, վերաբերում է այն մեծ թվով գրողներին ու պոետներին, որոնց ծնել ես դու, ինչպես՝ Ավետիք Իսահակյանը եւ Հովհաննես Շիրազը։ Դու նաեւ տունն ես մեծ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի եւ փիլիսոփա ու կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիեւի։ Անգամ քո ավանդական հագուստն ու ժողովրդական պարերը տանում են Էրզրումից եկող քո ճանապարհով՝ դառնալով անցյալն ու ապագան կապող յուրօրինակ մի կամուրջ։
Իմ հայրը նաեւ ինձ բացատրեց, որ դու վարպետների քաղաք ես, նա քեզ հենց այդպես էր անվանում։ Մինչ օրս դու հպարտանում ես լավագույն արհեստավոր վարպետներով, որոնք աշխատում են մետաղների, փայտի ու քարի հետ։ Այս «ուստաները» (հպարտ վարպետները) դեռ կրում են իրենց լավագույն օրերի հանդերձանքը եւ շարունակում են այն ավանդական տեխնիկան ու միջոցները՝ բացառիկ որակ հաղորդելով քո ապրանքներին, որոնց նմանն անհնար է գտնել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս։
Այդ ժամանակ ինչպե՞ս կարող էի իմանալ, որ 28 տարի անց իմ հոր Գյումրին նման աղետի առաջ կկանգնի։ Դա խոր ցնցում էր, որն իմ հայրը չապրեց, քանի որ հեռացավ կյանքից ընդամենը չորս տարի անց այն էքսկուրսիայից, որն իմ սիրտը բացեց քո առջեւ։
Անմիջապես երկրաշարժից հետո համալսարանի իմ շատ գործընկերներ, մասնավորապես ուսանողները, շտապեցին օգնելու քեզ։ Մենք վստահ չէինք, որ կառավարությունը կարող է բավարար քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով աղետի մասշտաբները։ Բառեր չկան նկարագրելու, թե ինչ տեսանք։ Սակայն բոլոր ավերածություններից ու արցունքներից անդին՝ Գյումրիի գեղեցկությունը, որը ես տեսել էի հորս աչքերում, ինչ—որ կերպ շարունակեց մնալ իմ մտքում։
Ութ տարի անց ես վերադարձա քեզ մոտ՝ այս անգամ արդեն որպես քո վարչապետ։ Քո վնասվածքի մնացորդները դեռ պահպանվում էին քո շուրջ։ Ուստի սպասում էի, որ դու ինձ դառնությամբ կդիմավորես, քանի որ մեր կառավարությունը պատերազմի դժվարությունների ու անկախության վաղ շրջանի ցավերի պատճառով քեզ այն ուշադրությունը չէր դարձնում, որին արժանի էիր։ Սակայն, ի զարմանս ինձ, դու ինձ դիմավորեցիր ջերմությամբ եւ երախտագիտությամբ։
Վերապրածներից շատերն ինձ հրավիրեցին իրենց տնակներ այնպիսի մեծահոգությամբ եւ հյուրընկալությամբ, որը ես երբեք չեմ կարողանա մոռանալ։ Նրանց կողմից արված հյուրասիրությունը, նրանց երգերն ու արտասանած բանաստեղծությունները, ի հեճուկս սուղ ու խեղճ պայմանների, վառ վկայությունն էին գյումրեցու հայտնի մեծահոգության, որը ես երբեք մոռանալ չեմ կարող։
Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ եւ առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին։ Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը։ Սակայն քո բացառիկ բնավորությունն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ։
Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաեւ մեր Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի։
Ես ուզում եմ, որ նրանք վայելեն քո համերն ու բույրերը, քեզ հատկանշական ավանդույթներն ու համեղ խոհանոցը, ինչպես նաեւ ճանաչեն քո ժողովրդի խելքն ու իմաստնությունը։ Ես կառաջարկեմ առավոտյան այցելել քո եկեղեցիներից մեկը՝ ինչպես հաճախ ես եմ անում, գնալ շուկա։ Ես հաճախ կանգ եմ առնում սրճարանում՝ մի բաժակ սուրճի շուրջ ծանոթ—բարեկամների հետ «խոսք ու խորաթա» անելու, կշռելու աշխարհի չարն ու բարին։ Թե հաջողվում է՝ միանում եմ նրանց Արփաչայի ափերին՝ մի վայր, որն իր մեջ շարունակում է պահել երիտասարդ տղայի ու նրա հոր հիշողությունները՝ կապված իրենց նախնիների անցյալի հետ։
Ես նաեւ փորձում եմ այցելել քո հին աշխարհի արհեստավորներին՝ դարբիններին, փայտագործներին ու կավագործներին։ Լինում եմ հին պանդոկներում, որտեղ տարածվում են Գյումրիի լեզուն ու խոսքը, որտեղ խոսվում են յուրօրինակ բարբառով, որն արտացոլում է քո ավանդույթներն ու քաղաքի հպարտությունը։
Կարո՞ղ ես գուշակել, թե ինչու է ինձ համար ցավի ու ամոթի աղբյուր այն, որ տարեկան 30 հազարից էլ քիչ զբոսաշրջիկ է այցելում քեզ։ Այդ թիվը պետք է տասն անգամ ավելի լինի։ Ես հավատում եմ, որ դա բոլորի պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում եւ սփյուռքում՝ անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը։
Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կհարցնեն, թե ինչպես ես դու տեղավորելու 300 հազար զբոսաշրջիկների առանց նախ եւ առաջ գումար ծախսելու ավելի շատ ռեստորաններ, սրճարաններ ու հյուրանոցներ բացելու վրա։ Սրան ես կպատասխանեմ՝ որպես սկիզբ առաջարկելով մեկօրյա այցերը։ Միայն սա կխրախուսի ներդրողներին կառուցել, վերանորոգել եւ վերականգնել քո պատմական թաղամասը։ Ինչպես տեսնում ես, հին աշխարհի քո էությունը քո առավելությունն է Երեւանի ու մյուս քաղաքների նկատմամբ։
Ի վերջո, մեր օրերի Երեւանը արդիականացման արդյունքում կորցրել է իր պատմության եւ ժառանգության մեծ մասը։ Երեւանի հին հատվածն ամբողջությամբ վերացել է, ուստի մենք մեր հայացքը դարձնում ենք դեպի քեզ, Գյումրի՛, բավարարելու մեր ժառանգությունը հասկանալու ու գնահատելու ձգտումը։ Քո շատ կառույցներ հին են, սակայն դրանք պատմամշակութային կառույցներ են, դրանցից յուրաքանչյուրը շատ արժեքավոր է, ունի իր յուրահատուկ ատրիբուտները։ Ես, օրինակ, մտադիր եմ մասնակցություն ունենալ որեւէ կառույցի վերականգնման գործում։ Եվ ես խրախուսում եմ միջոցներ ու հնարավորություն ունեցող անձանց միանալ ինձ։
Այս օրերին Երեւանից ցանկացածը կարող է հյուսիս—հարավ մայրուղիով հասնել քեզ 45 րոպեից էլ քիչ ժամանակաընթացքում։ Ուստի ես հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ մենք չենք կարող մեր երեխաներին ու ընտանիքին մեկ օրով կամ հանգստյան օրերին էքսկուրսիայի տանել Գյումրի՝ այն դեպքում, երբ Հայաստանից ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ տարեկան այցելում է Վրաստանի Հանրապետություն։ Հաշվի առեք, որ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ հանգիստը Վրաստանում, բազմապատկած 1 միլիոն մարդկանցով, Վրաստանի զբոսաշրջության մեջ ապահովում է 500 մլն ԱՄՆ դոլար։ Նման մեծ ռեսուրսները կարող են ռեկորդային ժամանակում վերականգնել քո վեհությունը։
Հավատացած եմ, որ մեր հայրենակիցները ոչ միայն մեծ բավականություն կստանան՝ բացահայտելով քո մշակութային գրավչությունները, այլեւ ներքին բավարարություն կզգան՝ նպաստելով քո վերածննդին, ավելի վառ դարձնելով քո գույները, վերականգնելով քո էներգիան եւ փոխելով քո տրամադրությունը։
Քո մեջքին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին 30 տարվա կնճիռ կա։ Սակայն որքան էլ պարադոքսալ թվա, ավերումը միշտ էլ նորի սկիզբն է։ Ամեն անգամ, երբ վերադառնում եմ քեզ մոտ, ես նոր բան եմ տեսնում քո երիտասարդների դեմքին, քո նորից շարված փողոցներում, քո նոր խանութներում ու սրճարաններում, վերականգնված ուղենշային կառույցներում, հին թատրոններում, թանգարաններում ու սրճարաններում։
Դեպի վերականգնում տանող քո ուղեւորությունն ամեն անցնող տարով ավելի է կարճանում։ Եվ ես մտադիր եմ հեռավորության վրա լինել քեզ հետ։
Սիրով՝
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

08-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO