Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄԱՐԶԵՐ


Հայրենի գյուղը շենացնելու առաքելությամբ

Ծակքար գյուղի հիմնադրման 190—րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի հիմնադրման 190—րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ եւ գրական—երաժշտական ցերեկույթով, որը ներկայացրին Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտները։
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, հյուրեր, Ծակքարի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները,Հայաստանի տարբեր վայրերում եւ արտերկրում բնակվող նախկին ծակքարեցիներ։ Մուտքի կամարի բացման պատիվը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանին։
Ծակքարի հիմնադրման եւ նրա անցած 190 տարիների պատմությունը ներկայացրեց Ծակքարի համայնքապետարանի աշխատակից Վանիկ Հակոբյանը։ «Ծակքար գյուղը հիմնադրվել է 1828 թվականի Թուրքմենչայի եւ 1829 թվականի Ադրիանապոլսի ռուս—պարսկական եւ ռուս—թուրքական պայմանագրերի արդյունքում, երբ առաջին պայմանագրով Արեւելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, եւ երկրորդ պայմանագրով Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ ընտանիքներն Ալաշկերտ գավառից գաղթել եւ բնակություն են հաստատել այստեղ՝ Սեւանա լճի հարավային ափին։
1831 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ծակքարում բնակվել է մոտ 20 գերդաստան՝ 127 բնակչով, որոնք գաղթել են Ալաշկերտի Քարձոր, Հասանփաշա եւ Ֆերան գյուղերից։ Հետագա տարիների ընթացքում Ծակքարը բռնել է խաղաղ զարգացման ու արարչագործության ճանապարհը՝ դառնալով Հայաստանի հզոր ու ճանաչված համայնքներից մեկը։ Նրա մարդիկ ոչ միայն հող են հերկել, զավակներ ծնել ու տուն կառուցել, այլ նաեւ իրենց մասնակցությունն ունեցել պատմական կարեւոր իրադարձություններում։ Ծակքարի հերոս զավակները հայրենիքի փրկության համար մարտնչել են Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերում, արցախյան գոյամարտում, ապրիլյան հերոսամարտերի օրերին։
Այժմ արդեն Ծակքարն ունի ավելի քան 3 հազար բնակչություն՝ մոտ 500 տնտեսությամբ։ Անցած 190 տարիների ընթացքում Ծակքարը մեր հայրենիքին տվել է նշանավոր մտավորականներ, մանկավարժներ, բժիշկներ, գյուղատնտեսներ, գործարարներ։ Նրա զավակների մի մասն այսօր ապրում են արտերկրում, սակայն միշտ իրենց սրտում կրում են հայրենի գյուղը եւ չեն մոռանում օգնության ձեռք մեկնել հարազատ բնօրրանին։ Նրանցից մեկն էլ մեր գործարար—բարերար Համազասպ Վարդանի Աբրահամյանն է, ում միջոցներով էլ այսօր վեր է բարձրացել մեր գյուղի մուտքի կամարը։ Մենք հավատում ենք, որ Համազասպի ու մյուս բարերարների օրինակը կոգեւորի մյուսներին, որպեսզի նրանք եւս իրենց մասնակցությունը բերեն հայրենի գյուղի շենացմանը»,–նշեց Վանիկ Հակոբյանը։
«Ծակքար գյուղի համար այսօր բացվում է հերթական պատմական էջը։ 10 տարի առաջ Ծակքարի մուտքի մոտ գյուղի բարերարների աջակցությամբ, ի նշանավորում գյուղի հիմնադրման 180—րդ տարեդարձի, կառուցվեց առաջին հուշակոթողը, որին այժմ ավելացել է մուտքի գեղեցկատես կամարը, որն արդեն խորհրդանշում է Ծակքարի հիմնադրման 190—րդ տարեդարձը։ Ողջ համայնքի անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում բարերարին ու նրա ընտանիքին, շինարարներին ու միաժամանակ Ծակքարին մաղթում հազարամյակների անխափան երթ»,—ներկաներին դիմեց համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանը։
Համայնքի ղեկավարը հրապարակեց համայնքի ավագանու որոշումը, որով բարերար Համազասպ Աբրահամյանին շնորհվել է Ծակքարի պատվավոր քաղաքացու կոչում։
«Իմ սերը, հույզերն ու ապրումները սկսվում են Ծակքարից, քանի որ սա իմ ծննդավայրն է։ Այսօր, այս հանդիսությունից առաջ, ես եղա իմ հարազատ դպրոցում, առա իմ կարոտը սիրելի ուսուցիչներից, թանկ հիշողություններից, իսկ հիմա առավել ոգեւորված եմ այս միջոցառմամբ։ Ոչ հեռու ապագայում մենք կնշենք նաեւ գյուղի հիմնադրման 200 տարին, ու կուզեմ, որ ամեն մի տասնամյակ մեր գյուղի համար նշանավորվի նոր ձեռքբերումներով։
Հատկապես շատ ոգեւորվեցի, երբ իմացա, որ արտերկրում ապրող մեր բարերարը 5 տարեկան երեխայի հայր է։Այո, մեր երեխաները մեզ նոր լիցքեր են հաղորդում, ինչը մեզ հուշում ու պարտադրում է, որ մենք պետք է նաեւ քանակապես շատանանք ու կերտենք ավելի զորավոր, ավելի շեն հայրենիք։ Օգտվելով առիթից՝ նաեւ կոչ եմ անում այստեղ հավաքված աշակերտներին՝ սովորել ամենայն ջանասիրությամբ ու կրթությամբ զարգացնել, գեղեցկացնել մեր աշխարհը։ Կամարի ճակատների երկու կողմերում գրված ցանկությունների մեջ կուզեմ, որ ավելի շատ լինի ոչ թե «Բարի երթը», այլ՝ «Բարի գալուստը»։ Բարի գալուստ դեպի Ծակքար, եկեք ու շենացրեք ձեր հայրենի տունը»,—նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Ես հպարտ եմ, որ ծնվել ու հասակ եմ առել Ծակքարում։ Ճակատագրի բերումով ես զինվորական ծառայությունից հետո իմ կյանքը դասավորեցի Ռուսաստանի Դաշնության Պերմի մարզում՝ այնտեղ հասնելով անձնական հաջողությունների։ Ու օրերից մի օր հիշեցի երջանկահիշատակ հորս խոսքը, որ ասում էր, թե երբ ցորենի հասկը հասունանում է, կամա—ակամա թեքվում է դեպի մայր հողը, դեպի իր արմատը։ Ու այդպես ես էլ մի օր թեքվեցի դեպի իմ արմատները։Այս կամարը ես իմ ծնողների ու ընտանիքի անունից նվիրել եմ իմ գյուղի անցած ու հավերժող ճանապարհին»,—համագյուղացիներին դիմեց ու շնորհավորեց բարերար Համազասպ Աբրահամյանը։
«Տպավորված եմ Ծակքարի անցած ճանապարհով, նրա մարդկանցով։ Հիացած եմ լեռնային այս գյուղի աշակերտներով, բարերարներով, հողագործներով, տղամարդկանցով, որոնք մեղվի ժրաջանությամբ աշխատում են թե հայրենի հողի վրա, թե արտերկրում ու կառուցում են այս գեղեցիկ, շքեղ առանձնատները, Ծակքարի փառքն իրենց շնորհքով տանում աշխարհից աշխարհ»,– շեշտեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության աշխատակից Դավիթ Վանյանը։ Այնուհետ միջոցառումը վերածվեց տոնախմբության ու քեֆի, որը շարունակվեց մի քանի ժամ։
Խոսրով ԽԼՂԱԹՅԱՆ

12-12-2018





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO