Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Դաշնակցային հարաբերություններին ոչինչ չի սպառնում

Վստահեցրել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Երեկ լրագրողներին հանդիպման էր հրավիրել ՀՀ—ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը, անդրադառնալով հայ—ռուսական հարաբերություններին, վստահեցրեց, որ դրանք նախկինի պես բարեկամական են եւ այդպես էլ կշարունակվեն։
«Այն ներքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել եւ ունենում են Հայաստանի Հանրապետությունում, չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ—ռուսական հարաբերություններում, որոնք կրում են դաշնակցային եւ ռազմավարական բնույթ։ Այդ մասին վկայում են քաղաքական համագործակցության ինտենսիվությունը՝ ներառյալ բարձր մակարդակի երկխոսությունը եւ առեւտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվ շարունակական զարգացումը»,–ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ անցնող տարին Հայաստանի համար յուրահատուկ էր եւ բովանդակալից։ «Հայաստանը իր զարգացման նոր փուլում է, եւ ես կցանկանայի այս կապակցությամբ մաղթել մեր եղբայրական ժողովրդին, որ այս փուլը բերի կայունություն, բարգավաճում եւ այն խնդիրների լուծում, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել նոր խորհրդարանին, ձեւավորվող կառավարությանը, որ նրանք խնդիրների լուծման հարցում լինեն բարձունքում»,–ընդգծեց Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում եւ, բնականաբար, տրամադրված է իրենից կախված ամեն բան անելու, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները՝ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն շատ խոր պատմական արմատներ, ամրապնդվեն եւ զարգանան։
Հարցին, թե ինչո՞ւ Մոսկվան դեռ չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, դեսպանը պատասխանեց, որ գործում է միջպետական արարողակարգ, որի համաձայն՝ այդպիսի շնորհավորանքներն ընդունված չեն։ Դեսպանի խոսքով՝ շնորհավորանքները հղվում են այն բանից հետո, երբ արդեն տեղի է ունեցել նշանակումը. «Մենք հետեւում ենք իշխանական կառույցների ձեւավորման ժամանակացույցին, այդ իսկ պատճառով այդտեղ հարցեր չեն առաջանում»։
Նրա գնահատմամբ՝ իրավիճակի էությունը հստակորեն արտացոլված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում, որում ասված է, որ Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության ու երկկողմ հարաբերությունների զարգացման. «Մենք շահագրգռված ենք ամենաակտիվ համագործակցության, հասնել փոխադարձ վստահության, փոխըմբռնման, միասին որոշել գործնական հարցերը»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն անդրադառնալով՝ նշեց. «Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է ՀԱՊԿ—ի կապերի ամրապնդմամբ, փոխհամաձայնության ամրապնդմամբ եւ շահագրգռված է, որ այդ կազմակերպության համար արդիական այս հարցը լուծվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ թե թուլանա, այլ ամրապնդվի, այդ թվում՝ իրավական դաշտի բարելավման շնորհիվ՝ լրացնելով այն անորոշությունները, որոնք այս կամ այն հարցում կան»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրման խնդրին՝ դեսպանը նշեց, որ այդ հարցը լուծվում է անդամ երկրների ղեկավարների մակարդակով։
Լրագրողները մեկնաբանություն խնդրեցին նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առնչությամբ, թե ներկայումս Մոսկվան ու Երեւանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։
«Որքանով որ տեղյակ եմ, ռուսական եւ հայկական կողմերի միջեւ կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ, ի դեպ, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ նախկին Խորհրդային Միության այն երկրների հետ, որոնք մոտ են մեր սահմաններին։ Չեմ թաքցնի, այդ հարցը մեզ անհանգստացնում է, եւ մենք հիմա երկխոսություններ ենք վարում»,–նշեց դեսպանը։
Դեսպանի խոսքով՝ իր ունեցած տվյալների համաձայն, հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական հունով է ընթանում։
«Այսինքն՝ հարցերի շուրջ ունենք փոխըմբռնում, եւ ես չեմ բացառում, որ ինչ—որ մի փուլում մենք հասնենք ընդհանուր համաձայնության։ Թե ինչ ձեւաչափով այդ համաձայնությունը կամրագրվի, ես պատրաստ չեմ հիմա դա ձեզ ասել, բայց արգելքի, թելադրանքի մասին խոսք լինել չի կարող։ Ես նորից եմ կրկնում՝ դեռ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, թե երբ կլինի համաձայնագիրը եւ ինչ ձեւաչափով, ես այս փուլում այդ մասին ոչինչ ասել չեմ կարող։ Կա երկխոսություն եւ ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել—չծառայելու հարցերի շուրջ»,–ասաց Կոպիրկինը։
Ի դեպ, «Tert.am»—ի հետ զրույցում երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց, որ խոսքը Հայաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ։
«Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում։ Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»,–ասաց նա։
Դեսպանը, ի դեպ, ցավ  հայտնեց գյումրեցի կնոջ սպանության կապակցությամբ, որի մեջ մեղադրվում է ռուս զինծառայողը։
«Ռուսական ռազմաբազայի եւ հայ իրավապահների միջեւ սերտ համագործակցություն կա, եւ այն իրականացվում է Հայաստանի օրենսդրության հիման վրա։ Պետք չէ քաղաքականացնել այս հարցը։ Իհարկե, դա սարսափելի հանցագործություն է։ Օգտվելով առիթից՝ խորին ու անկեղծ ցավակցություններս եմ հայտնում դեպքի հետեւանքով մահացած կնոջ հարազատներին եւ բարեկամներին։ Բնականաբար, այս հանցագործությունը պետք է քննվի, եւ մեղավորը պետք է պատիժ կրի։ Բայց մենք անթույլատրելի ենք համարում այս հարցի քաղաքականացումը։ Քաղաքականացումը չի նպաստի օբյեկտիվ եւ արդյունավետ քննությանը»,– ասաց Կոպիրկինը։

19-12-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO