Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մայր Աթոռի գիտական հսկան

Գիտաժողով՝ նվիրված «Արարատ» ամսագրի 150—ամյակին

Հայ կրոնական մամուլի, հայ լրագրության պատմության երկարակյաց ամսագրերից մեկի՝ «Արարատ» հանդեսի հիմնադրման հոբելյանական 150—ամյակի առիթով՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի նախաձեռնությամբ այսօր մեկնարկում է «Մայր Աթոռի գիտական հսկան» խորագրով գիտաժողովը։ Ավելի քան կեսդարյա (1868—1919) կյանք ունեցած պարբերականը, որը ժամանակին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական ամսագիրն էր, աչքի էր ընկնում կրոնա—բարոյական, եկեղեցագիտական, հայ դավանաբանությանը, հայագիտությանը նվիրված հարցերի խոր ուսումնասիրությամբ եւ արծարծումով։ Այդ առումով այն այսօր էլ արժեքավոր սկզբնաղբյուր է հետազոտողների եւ ընթերցողների համար։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց մատենադարանի տնօրեն տեր Արարատ քահանա Պողոսյանը՝ «Արարատը» Մայր Աթոռի միաբանների եւ Գեւորգ Դ կաթողիկոսի ջանքերով հիմնադրված հայագիտական առաջին հանդեսն էր Կովկասում եւ իր գործունեությամբ նպաստում էր գիտության այդ ճյուղի զարգացմանը։ Այն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաջին պաշտոնական հրատարակությունն էր, որում պարերաբար լույս էին տեսնում մատենագիտական բնագրեր, վավերագրեր, միջնադարյան հայ տաղերգուների երգեր, հայկական դպրոցների վիճակի մասին հոդվածներ։ Տպագրվել են նաեւ սեպագիր արձանագրությունների նկարներ եւ դրանց վերծանությունները։
«Գիտաժողովի նպատակն է մեկ անգամ եւս վերաարժեւորել ամսագրում ամբարված այն հարուստ կրոնական, հայագիտական նյութերը, որոնք իրենց արժեքն ու այժմեականությունը պահպանել են նաեւ այսօր։ 19—րդ դարի վերջի եւ 20—րդ դարի առաջին երկու տասնամյակների Մայր Աթոռի, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պատմությանն ու միաբանության գործունեությանը անդրադառնալ եւ չթերթել «Արարատը», պարզապես անհնար է։ Այստեղ կարելի տեսնել այդ ժամանակաշրջանի մասին պատմող տեղեկատվական բազմաթիվ նյութեր։ Այն, լինելով Ամենայն հայոց կաթողիկոսության պաշտոնական ամսագիրը, ներկայացնում էր դիրքորոշումներ հայ հասարակությանը եւ հայ եկեղեցուն հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ»,–ասաց տեր Արարատը՝ միաժամանակ նկատելով, որ սա «Արարատի» պատմությանն անդրադարձող միակ գիտաժողովը չէ։ 50 տարի առաջ՝ ամսագրի հիմնադրման 100—ամյակի առիթով նման գիտաժողով էր կազմակերպվել նաեւ Վազգեն վեհափառի նախաձեռնությամբ։ Իսկ այս գիտաժողովը, մատենադարանի տնօրենի խոսքերով՝ գալիս է ապացուցելու, որ «Արարատի» նյութերը անսպառ են եւ կենսական. «Մեր անցյալի պատմական, գիտական ու մատենագիտական հարուստ ժառանգությունը, որը զետեղվել է այս ամսագրում՝ բավականին լուրջ հիմքեր է ստեղծում թե՛ հայագիտական, թե՛ կրոնագիտական բնույթի մարտահրավերների ուսումնասիրության համար»։
Երբ 2006 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծվեց Մայր Աթոռի հրատարակչական բաժինը, գործունեության հենց սկզբում կարեւորվեց «Արարատ» ամսագրում տեղ գտած հայագիտական, կրոնագիտական ուշագրավ նյութերի նորովի մատուցումն ու վերահրատարակությունը՝ ժողովածուների տեսքով։ «Սա Մայր Աթոռի հրատարակչական բաժնի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը եղավ։ Վերջին տարիներին «Արարատ» ամսագրից ընթերցողների սեղանին դրվեց քարոզների մասին երկու շատ հաջողված ժողովածու։ Տիրոջ խոսքը ժողովրդին հասցնելու լավագույն ձեւը քարոզն է։ Այս հատորները հրապարակումներից կարճ ժամանակ անց ամբողջությամբ սպառվեցին։ Հուրախություն ընթերցողների՝ ամսագիրը այսօր արդեն կարելի է կարդալ նաեւ համացանցում՝ թվայնացված տեսքով»,–նշեց տեր Արարատը։ Անդրադառնալով գիտաժողովին՝ նա տեղեկացրեց, որ ամսագրի պատմության մասին ուշագրավ զեկույցներով հանդես է գալու 18 բանախոս։
Կովկասում հայագիտության առաջին օրգանը հանդիսացող «Արարատ» ամսագիրը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ. գ. դ. Էդիկ Մինասյանի գնահատմամբ՝ 19—րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 20—րդ դարասկզբի առաջին երկու տասնամյակները մեծ դեր է կատարել հայագիտության եւ պատմագիտության զարգացման գործում։ «Արարատ» ամսագրի պատմագիտական նշանակությունը» զեկուցման մեջ Մինասյանն ընդգծում է, որ հանդեսում կաթողիկոսական կոնդակների, սինոդի գրագրությունների քաղվածքների, կրոնա—դավանաբանական ուսումնասիրությունների կողքին մեծ տեղ է տրվել հայագիտական եւ մասնավորապես պատմական բնույթի ուսումնասիրություններին։ «Հանդեսն անմիջապես իր շուրջը համախմբեց պատմաբանների՝ հայ եւ օտարազգի շատ կարող ուժերի։ «Արարատի» խմբագրատունը դարձավ մի հաճելի ժամադրավայր, ուր տարիների իրենց ստեղծագործական պրպտումների արդյունքները հրատարակեցին տարբեր սերունդների հայ եւ օտար պատմաբաններ։ Հանդեսի պատմագիտության զարգացման հաջողությունները մեծապես պայմանավորված էին նրա շուրջը համախմբված այն տաղանդավոր հայ եւ օտարազգի հոդվածագիրների փաղանգով, որով կարող էր հպարտանալ միջազգային հեղիանկավոր ցանկացած ամսագիր։ Այդ շնորհաշատ հայագետներից, պատմաբաններից կարելի է առանձնացնել Եվրոպայում եւ Ռուսաստանում բարձրագույն կրթություն ստացած Հակոբ Մանանդյանին, Նիկողայոս Ադոնցին, Աշոտ Հովհաննիսյանին, Հրաչյա Աճառյանին, Մանուկ Աբեղյանին, Լեոյին, Գալուստ Տեր—Մկրտչյանին, Լեւոն Մելիքսեթ—բեկին, այլոց։ Սկզբից եւեթ հանդեսը կարողացավ հայագիտական, պատմաբանասիրական—թարգմանական, պատմահասարակական նյութերով բարձր մակարդակ ապահովել։ Հենարան ունենալով գերազանցապես իր երիտասարդ ու վաստակաշատ թղթակիցներին՝ ամսագիրը կարողացավ մեր պատմության ու մշակույթի բնագավառներում այնպիսի անվիճելի աստիճանի հասնել, որն աննախադեպ անուն ու հեղինակություն ապահովեց նրա համար»,–ընդգծեց Էդիկ Մինասյանը։ Նրա խոսքերով՝ եթե արձանագրենք միայն այն, որ տարիների ընթացքում «Արարատում» տպագրված պատմագիտական նյութերի գերակշիռ մասը հաջողությամբ դիմացավ ժամանակի խստաշունչ քննությանը եւ իր գիտական ու մասնագիտական արժեքը պահպանեց նույնիսկ մեր օրերում, ապա ասելիքը կամբողջանա։ Այս ընթացքում հանդեսը, ըստ Մինասյանի, կարողացավ պահպանել իր սեփական «ես»—ը, ունենալով իր ուրույն դիմագիծը, առանձնահատուկ մոտեցումները, որոնց հիմքում ընկած են գիտականությունն ու պատմականությունը, անաչառությունն ու ճշմարտությունը։
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դեւրիկյանն իր՝ ««Էջմիածնագիտության» գաղափարի արծարծումը «Արարատի» էջերում» զեկուցման մեջ նշում է, թե դարերի ընթացքում ինչպես է ձեւավորվել այն գաղափարը, որ Արարատի փեշերին գտնվող Ս. Էջմիածնի հովանու ներքո պետք է լինեն հայոց թագավորության եւ կաթողիկոսության գահերը։ Ս. Էջմիածինը, ըստ Դեւրիկյանի՝ գրականության մեջ պատկերվում է որպես սգավոր մայր, որ դիմում է աշխարհով մեկ ցրված իր զավակներին՝ կոչ անելով վերադառնալ հայրենի երկիր։ «Էջմիածնականության գաղափարը վերածվում է Արարատյան աշխարհում հայահավաքման գաղափարի։ Այն առանձնահատուկ նվիրականություն է ստանում հետեւյալ զուգահեռով. քրիստոնեական խորհրդաբանությամբ Հին Կտակարանի Նոյյան տապանը դարձավ Նոր Կտակարանի քրիստոնեական եկեղեցին, որովհետեւ ինչպես տապանում մարդիկ փրկվեցին աշխարհակործան ջրհեղեղից, այնպես էլ եկեղեցում փրկվում են մեղքերի «ջրհեղեղից»։ Նոյյան տապանը, քանի որ հանգրվանել էր Արարատի գագաթին, իսկ ներքեւում՝ Արարատյան դաշտում, Ս. Էջմիածնի Մայր տաճարն է բարձրանում, ուստի քրիստոնեական խորհրդաբանությամբ, ազգային վերաիմաստավորմամբ ասվում է, որ Հին Ուխտի Նոյյան տապանը դարձավ Նոր Ուխտի Սուրբ Էջմիածինը»,–մանրամասնեց գրականագետը՝ հավելելով, որ զեկուցման մեջ «Արարատ» ամսագրում տպագրված մի քանի տասնյակի հասնող հրապարակումները ցույց են տալիս, որ ամսագրի առաջին համարից ընդգծվում է միջնադարյան գրականությունից եկող այն միտքը, որ Նոյյան տապանը փոխարկվել է Սուրբ Էջմիածնի եւ դարձել հայ ժողովրդին հայրենի երկրում համախմբելու խորհրդանիշը։ Այս գաղափարը, Դեւրիկյանի խոսքով, «Արարատ» ամսագրում ունեցել է մի քանի դրսեւորումներ. «Ս. Էջմիածնին նվիրված միջնադարյան գանձերի եւ տաղերի տպագրությունը, իսկ «Արարատի» հրատարակության շրջանում՝ Ս. Էջմիածնին նվիրված բանաստեղծությունները դարձել են էջնիածնականության գաղափարի արծարծումը։ Այսպիսով՝ «Արարատի» էջերում նորովի շարունակվեց էջմիածնականության գաղափարը՝ ազգային նոր վերաիմաստավորմամբ»։
19—րդ դարի 90—ական թթ. եւ 20—րդ դարասկզբի ամսագրի գործունեության շրջանը համընկնում է Հովհ. Թումանյանի գրական ու ազգային կյանքի ամենաեռուն շրջանին։ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ. գ. դ. Սուսաննա Հովհաննիսյանը գիտաժողովին հանդես կգա «Հովհ. Թումանյանը եւ «Արարատ» ամսագիրը (խմբագիրներ Գալուստ Տեր—Մկրտչյանի եւ Գարեգին վարդապետ Հովսեփյանի բարեկամության պատմությունից)» զեկույցով։ Նա նշում է, որ Ամենայն հայոց բանաստեղծի մտերիմ—բարեկամական հարաբերությունները անվանի հոգեւոր հայրերի՝ «Արարատ» ամսագրի խմբագիրներից հատկապես Գալուստ Տեր—Մկրտչյանի եւ Գարեգին Հովսեփյանի հետ հայ աշխարհիկ ու հոգեւոր միասնականության արտահայտություններից ու մեր մշակույթի պատմության ուշագրավ էջերից են. «Ավելի քան 5 տասնամյակների ընթացքում «Արարատ» ամսագիրը ունեցել է արժանավոր խմբագիրներ, որոնցից նշյալ երկուսի հետ բանաստեղծը անձնական մտերմություն է ունեցել։ Համագործակցել է ինչպես հայագիտության, այնպես էլ ազգային գործունեության ոլորտում, պայքարել համատեղ միեւնույն նպատակի՝ ազգային գոյապայքարում հաղթանակի հասնելու համար։ 1902թ. հունիսի սկզբներից առողջության վատթարացման պատճառով Գ. Տեր—Մկրտչյանը (Միաբան) հրաժարական է տալիս, եւ հունիսի 16—ին նշանակվում է նոր խմբագիր։ Որեւէ այլ ստեղծագործություն «Արարատում» Թումանյանն այլեւս չի տպագրում։ Սակայն երկու ազնվագույն հայերի բարեկամությունը շարունակվում է»։
Բանաստեղծն ու Գ. Տեր—Մկրտչյանը, գրականագետի խոսքերով՝ համագործակցել են նաեւ հայ գրերի 1500—ամյակի եւ տպագրության 400—ամյակի համազգային տոնակատարության շրջանակներում, երբ Մկրտչյանն ընտրվել է հոբելյանական կենտրոնական հանձնաժողովի նախագահ. «Բանաստեղծի դուստրը վկայում է Թումանյանի հիացմունքը Միաբանի նկատմամբ։ Նվարդը պատմում է. «1915թ օգոստոսյան մի օր հայրիկն ասաց՝ «Արի գնանք քեզ ծանոթացնեմ մի հետաքրքիր մարդու եւ մեծ գիտնականի հետ»։ Հետո իմացա, որ նկատի ուներ հայագետ Գալուստ Տեր—Մկրտչյանին։ Գնացինք նրա կացարանը, որ գտնվում էր վանքի բնակելի շենքի ներքին հարկի սենյակներից մեկում։ Պառկած էր, ուներ սեւ, խիտ մազեր, խոշոր ու խոհուն աչքեր։ Հիշում եմ՝ մահճակալի առաջ մորթի էր փռված։ Ես չգիտեի, որ նա անդամալույծ է։ Հայրիկը շատ էր սիրում Միաբանին։ Հոգեւորականների մեջ նրան համարում էր նշանավոր գիտնականներից մեկը...»։ Միաբանը նույնպես բարձր էր գնահատում Թումանյանին թե՛ իբրեւ գործչի, թե՛ իբրեւ մտածողի ու բանաստեղծի»,–ընդգծեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ 1915թ. վերոնշյալ հանդիպումը երկու լավ բարեկամների կյանքում եղավ վերջինը։
1907—1908թթ. եւ 1915—1919թթ. «Արարատ» ամսագիրը խմբագրել է Գարեգին Հովսեփյանը։ Սակայն Թումանյանի մտերմությունը նրա հետ սկսվել է շատ ավելի վաղ, դեռեւս 1900—1901թթ., երբ Գարեգին վարդապետ Հովսեփյանը վիրահայոց առաջնորդական փոխանորդն էր, Թիֆլիսի հոգեւոր կոնսիստորիայի նախագահը։ Բանաստեղծի որդին՝ Համլիկը, 1915թ սովորում էր Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում։ Թումանյանը ուշացրել էր ուսման վարձը։ Համլիկի հեռացման խնդիրը ամռանը դառնում է օրակարգի հարց։ Թումանյանը 1915թ. հուլիսի 25—ին հեռագրում է Գարեգին Հովսեփյանին. «Խոնարհաբար խնդրում եմ չվճարված թոշակի խնդիրը ներկայացնել Նորին Վեհափառության բարեհաճ տնօրինությանը, թույլ տալով շարունակել իր ուսումը»։ Հովսեփյանը հայրապետին միջնորդում է բանաստեղծին պարտքից ազատելու եւ ճեմարանում աշակերտելու Համլիկի իրավունքը վերականգնելու համար։
Մ. Մաշտոցի անվան մատենադարանի գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ Արփի Վարդումյանը՝ «Կոմիտասը եւ «Արարատ» հանդեսը» զեկույցում պատմում է, որ վարդապետի առաջին երաժշտագիտական հոդվածները տպագրվել են հենց «Արարատ» հանդեսում՝ բերելով նրան մեծ հռչակ եւ համընդհանուր ճանաչում։ «Կոմիտասի կյանքի օրոք լույս տեսած հոդվածներից մի քանիսը տպագրվել են այս ամսագրում՝ սկսած 1894 թվականից, երբ նա դեռեւս վարդապետ չէր օծվել եւ այնքան էլ հայտնի չէր որպես հմուտ երաժշտագետ։ Նրա առաջին հոդվածը հենց հայ հոգեւոր երգերին է նվիրված՝ «Հայոց եկեղեցական եղանակները» խորագրով։ Այդ հոդվածները հիմնարար նշանակություն ունեցան հայ երաժշտագիտության, հայի ինքնությունը երաժշտության միջոցով աշխարհին ի ցույց դնելու գործում»,–ընդգծեց Վարդումյանը։
Ի դեպ, գիտաժողովի նյութերը լույս կտեսնեն առանձին գրքով, իսկ լավագույնները տեղ կգտնեն նաեւ «Էջմիածին» հանդեսի դեկտեմբերյան համարում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

19-12-2018





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO