Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Օգտաշատ գիտելիքների աղբյուր

«Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Երեկ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայր Աթոռի գիտական հսկան» թեմայով գիտաժողով՝ նվիրված «Արարատ» ամսագրի 150—ամյակին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ «Արարատ» ամսագիրը՝ հիմնադրված 1868 թվականին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաջին պաշտոնական հայագիտական պարբերականն էր Կովկասում, որը մեծապես նպաստել է գիտության զարգացմանը։
Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Մայր Աթոռի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի եւ հրատարակչական բաժնի տնօրեն արժանապատիվ տ. Արարատ քահանա Պողոսյանը հանդես եկավ բացման խոսքով։
Տեր հայրը փաստեց, որ «Արարատ» ամսագիրն անցել է երկար, բարդ ու դժվար ճանապարհ, ընդունել 19—րդ դարավերջի եւ 20—րդ դարասկզբի մարտահրավերները, դիմակայել, առաջ քաշել իրենն ու ապացուցել իր ժամանակին եւ գալիք դարերին, որ ինքը բացառիկ է, լավագույններից մեկն է թե՛ որպես հայ կրոնական մամուլ եւ թե՛ որպես լրագրության պատմության մեջ բովանդակալից, իսկ ավանդույթով՝ երկարակյաց։ Նա նաեւ ընդգծեց, որ Մայր Աթոռի պաշտոնաթերթը կարեւոր դեր է խաղացել Հայ եկեղեցու, կրոնի, բարոյագիտության եւ այլ հարակից խնդիրների ուսումնասիրման գործընթացում՝ խոշոր ավանդ ունենալով հայագիտության զարգացման գործում։
Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին իր օրհնությունը փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Այսօր դուք համախմբվել եք ձեր զեկույցներով ու քննարկումներով վերարժեւորելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ամսագրի նշանակալի վաստակն ու ժառանգությունը։
Երջանկահիշատակ Գեւորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք եւ նրա խրախուսմամբ հիմնադրված «Արարատ» ամսագիրը հարյուր հիսուն տարիներ առաջ կարեւոր առաքելության լծվեց ազգային—եկեղեցական մեր անդաստանում։ Ինչպես նշվում է ամսագրի առաջին համարի նախաբանում, «Արարատի» հանձնառությունն էր կրոնական գիտելիքների մատուցմամբ, ներկայացվող ուսումնասիրություններով ու հոդվածներով նպաստել ազգի բարոյական ու հոգեւոր դաստիարակությանը։ Ամսագիրը կարեւոր ներդրում ունեցավ հայ աստվածաբանական մտքի, հայագիտության ու պատմաբանության զարգացման գործում։ Մեծանուն հոգեւորականներից Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի գլխավորությամբ նոր սերնդի հոգեւորականները, Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդ եկեղեցականները հանդես եկան դավանաբանության, ինչպես նաեւ ընդհանուր աստվածաբանության վերաբերյալ գիտական լուրջ հոդվածներով, նշանավոր աստվածաբանների աշխատությունների թարգմանություններով։ «Արարատի» էջերում հիշարժան վաստակ թողեցին նաեւ նշանավոր հայագետները։ Ամսագրի մեծարժեք նյութերի ցանկը հարստացրել են ձեռագրագիտության, մանրանկարչության, համեմատական բնագրերի, արվեստի ու մշակույթի վերաբերյալ հրապարակումները։ Դեռեւս այդ շրջանում, երբ Մայր Աթոռի պաշտոնական գրություններում գլխավորապես գրաբարի գործածումն էր սահմանված, «Արարատ» ամսագրի համար նախընտրելի համարվեց գրաբարին մերձ աշխարհաբար լեզվի օգտագործումը, որպեսզի այն ընթերցողների ավելի լայն շրջանակի հասու լինի։
Հատկանշական է նաեւ, որ «Արարատ» ամսագիրը լույս էր տեսնում այնպիսի մեծանուն հոգեւորականների խմբագրությամբ, որպիսիք էին Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանը, Խորեն վարդապետ Ստեփանեն, Կարապետ վարդապետ Տեր—Մկրտչյանը, Գալուստ Տեր—Մկրտչյանը, Գարեգին վարդապետ Հովսեփյանը եւ ուրիշներ։ Մեր խորին հարգանքն ու խոնարհումն ենք բերում երանաշնորհ Գեւորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի, ամսագրի վաստակաշատ խմբագիրների եւ «Արարատի» բոլոր երախտավորների լույս հիշատակի առջեւ։
Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ հրատարակվող նյութերի հատուկ ընտրությամբ «Արարատ» ամսագիրը դարձավ այդ ժամանակաշրջանում Կովկասում առաջին գիտական լուրջ հանդեսը, որի շուրջ համախմբված հայ աստվածաբան հոգեւորականները, գիտնականները, գրողները կարեւոր ավանդ բերեցին գիտության ճյուղերի զարգացմանը։ Այսօր էլ «Արարատ» ամսագրի հարուստ գիտական նյութերը, նաեւ կաթողիկոսական կոնդակների ու կարգադրությունների, Սինոդի գրագրությունների, թեմերի, գաղթավայրերի, ազգագրության վերաբերյալ տեղեկությունները օգտաշատ գիտելիքների աղբյուր են ընթերցողների եւ ուսումնասիրողների համար»,–ասաց Վեհափառ հայրապետը՝ իր գնահատանքը հայտնելով նաեւ մատենադարանի տնօրինությանը եւ գիտաժողովի իրականացմանը բարի նպաստ բերած բոլոր անձանց։
Հայրապետական պատգամից հետո գիտաժողովն սկսեց իր աշխատանքը։ Առաջին նիստին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դեւրիկյանը («Էջմիածնականության» գաղափարի արծարծումը «Արարատի» էջերում»), ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բ.գ.դ. Սերժ Սրապիոնյանը («Արարատը»՝ Մայր Աթոռի տարեգիր»), ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բ.գ.թ. Նաղաշ Մարտիրոսյանը («Հրապարակախոսությունը «Արարատ» ամսագրում»), ՀՀ Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը («Արարատի» անդրադարձը գրադարանային ոլորտին») եւ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վիկտոր Կատվալյանը («Արարատ» ամսագիրը հայ գրերի գյուտի եւ տպագրության համազգային մեծ հոբելյանի տոնակատարության մասին»)։
Երկրորդ նիստին զեկուցեցին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պ.գ.դ. Գեւորգ Տեր—Վարդանյանը («Արարատ» հանդեսի կեսդարյա բնագրական վաստակը»), ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. Էդիկ Մինասյանը («Արարատ» ամսագրի պատմագիտական նշանակությունը»), ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հայագիտական եւ սոցիալ—մշակութային առարկաների բաժնի գլխավոր մասնագետ, պ.գ.թ. Արման Մալոյանը («Արարատ» ամսագրի ավանդը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ»), ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Արսեն Հարությունյանը («Վիմագրությունը «Արարատի» էջերում»), ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.դ. Հայկանուշ Մեսրոպյանը («Հայ բարբառագիտության հարցերը «Արարատ» հանդեսի էջերում»), մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, բ.գ.դ. Վազգեն Համբարձումյանը («Հայերենի տեսության եւ կանոնարկման հարցերը «Արարատի» էջերում») եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Տորք Դալալյանը («Արարատի» էջերում հրատարակված բանահյուսական նյութերի ընդհանուր բնութագիրը»)։
Երրորդ նիստին բանախոսություններ ներկայացրին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ Արփի Վարդումյանը («Կոմիտասը եւ «Արարատ» հանդեսը»), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանը («Հովհաննես Թումանյանը եւ «Արարատ» ամսագիրը. (խմբագիրներ Գալուստ Տեր—Մկրտչյանի եւ Գարեգին վարդապետ Հովսեփյանի բարեկամության պատմությունից»), «Էջմիածին» ամսագրի խմբագիր Արփինե Չանթիկյանը («Կրոնագիտական—աստվածաբանական հոդվածները «Արարատ» ամսագրում»), ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին եւ միջնադարյան գրականության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Լուսինե Վարդանյանը («Շարականի ուսումնասիրությունները «Արարատ» ամսագրի էջերում»), Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի եւ ապահովագրական պատճենների մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Ավագ Հարությունյանը («Հայոց ցեղասպանության եւ Հայկական հարցի թեման «Արարատ» ամսագրի էջերում») եւ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի եւ երիտասարդական ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ, պ.գ.թ. Կարեն Մկրտչյանը («Պարսկաստանի հայ գաղթօջախը «Արարատ» ամսագրի էջերում 19—րդ դարի վերջին 20—րդ դարի սկզբին»)։

20-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO