Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ-ում կնախագահի Հայաստանը

2018-ը աչքի ընկավ ինտեգրման խորացմամբ

2018թ. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում շարունակվել են տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջեւ համագործակցության ապահովման, նրանց տնտեսական ներուժի բացահայտման եւ իրացման, նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները։ Ռուսաստանի նախագահությամբ կառույցում քայլեր են ձեռնարկվել մի շարք գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ, ինչպիսիք են տնտեսության թվայնացման գործընթացի շարունակականության ապահովումը, ինտեգրացիոն գործընթացների խորացումը, գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, միջազգային գործընկերների հետ հարաբերությունների ակտիվացումը եւ այլն։
Այսպես, թվային օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ բավական կարեւոր էր նորմատիվային եւ ինստիտուցիոնալ բազայի ստեղծումը, որը թույլ կտա 2019թ. իրականացնել տարբեր խոշոր թվային ծրագրեր։ Հատկանշական է, որ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նման ծրագրերի նախաձեռնությունների առաջարկներ է ստացել ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմիններից, այնպես էլ գործարար շրջանակներից։ Սա վկայում է կառույցի աշխատանքների նկատմամբ բիզնես շրջանակների հետաքրքրության բարձրացման եւ նրանց միջեւ համագործակցության խորացման մասին։ Այս ոլորտում պիլոտային մի քանի ծրագրեր արդեն իրականացվել են, եւ այժմ այդ նախաձեռնությունների վերլուծության արդյունքներն ամփոփելով՝ փորձագետներն աշխատում են թվային ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակման ուղղությամբ։
Ինտեգրման խորացումը միության առաջնային եւ կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018թ. ամփոփիչ նիստին ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներն «Ինտեգրման գործընթացների հետագա խորացման մասին» հռչակագիր են ստորագրել, որով համաձայնել են ինտեգրման օրակարգում նոր խնդիրներ ներառել, ինչպես, օրինակ, միության միասնական շուկայի արդյունավետության բարձրացումը եւ դրա հնարավորությունների լիարժեք իրացումը, գիտաարդյունաբերական եւ տեխնոլոգիական զարգացումը, ինտեգրման ազդեցության ապահովումը մարդկանց կենսամակարդակի բարձրացման հարցում եւ այլն։
Գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը ԵԱՏՄ—ի՝ մինչեւ 2025թ. առաջնահերթությունների շարքում է։ Ըստ մշակված ժամանակացույցի՝ 2018թ. միության անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատվել է գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման ծրագիրը։ Նշենք, որ սա բավական երկարաժամկետ գործընթաց է, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները պետք է ուղղված լինեն այդ շուկաներում մրցակցության բարձրացմանը, գազատրանսպորտային համակարգերի նկատմամբ ոչ խտրական մուտքի ապահովմանը եւ անցմանը շուկայական գնագոյացության, ինչն էլ, ըստ տնտեսագիտական գնահատականների, կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կայունությանը եւ էներգետիկ անվտանգության բարձրացմանը։
Միջազգային տնտեսական համագործակցությունն ինչպես առանձին երկրների, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների հետ եղել եւ շարունակում է մնալ ԵԱՏՄ—ի գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Ի դեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որն, ըստ էության, պատասխանատու է միջազգային համագործակցության համար, կարեւոր է համարում նոր գործընկերների ներգրավումը բազմակողմ նախագծերում ոչ միայն եվրասիական տարածաշրջանից, այլ նաեւ մյուս մայրցամաքներից։ 2018թ. աչքի ընկավ միջազգային համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ եւ գործընկերային նոր կապերի հաստատմամբ։ Մասնավորապես, 2018թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Կուբայի կառավարության հետ ստորագրել է «Փոխըմբռնման հուշագիր» (հունիսի 4), իսկ Թաիլանդի կառավարության հետ՝ «Համագործակցության մասին հուշագիր» (նոյեմբերի 19)։ Այս փաստաթղթերը հիմնականում ուղղված են կողմերի միջեւ փորձի փոխանակմանը, ապրանքաշրջանառության եւ այլ ոլորտներում տնտեսական համագործակցության ներուժի բացահայտմանն ու իրացմանը։ Լատինաամերիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն է միտված հանձնաժողովի եւ Լատինաամերիկյան տնտեսական համակարգի միջեւ ստորագրված «Փոխըմբռնման հուշագիրը» (մայիսի 29) եւ ՄԵՐԿՈՍՈՒՐ—ի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին հուշագիրը (դեկտեմբերի 18)։ 2018թ. մայիսի 24—ին տեղի է ունեցել ԵԱՏՄ—ԱՍԵԱՆ ձեւաչափով առաջին բիզնես—երկխոսությունը։ Այս առումով պետք է նշել, որ ԱՍԵԱՆ—ը եւս բավական շահագրգռված է ԵԱՏՄ—ի հետ տնտեսական կապերի ամրապնդմամբ. երկուստեք այս համագործակցությունը համարվում է բավական հեռանկարային եւ ակտուալ։ Դրա մասին է վկայում նաեւ ԵԱՏՄ—ի եւ ԱՍԵԱՆ—ի միջեւ «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրումը (հունիսի 14) եւ կողմերի կենտրոնակայանների միջեւ մշտական կապի հաստատման մասին պայմանավորվածությունը։ Բացի հետագա համագործակցության ուղղությունները նախանշելուց, սա, ըստ էության, թելադրված է նաեւ կողմերի միջեւ օպերատիվ եւ արդյունավետ կապի առկայության հրամայականով։
2018թ. կարեւոր էր նաեւ Մոլդովայի հետ ԵԱՏՄ—ի համագործակցության մակարդակի բարձրացման տեսանկյունից. մասնավորապես, 2018թ. մայիսի 14—ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Մոլդովային շնորհվել է ԵԱՏՄ—ում դիտորդի կարգավիճակ։ Սա նշանակում է, որ համապատասխան հրավերի դեպքում Մոլդովայի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ԵԱՏՄ մարմինների նիստերին՝ առանց որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքի։
2018թ. շարունակվել է նախկինում ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչումը, ինչպես նաեւ երկկողմ աշխատանքային խմբերի ակտիվ գործունեությունը։ Օրինակ, Կամբոջայի հետ ստորագրված «Փոխըմբռնման հուշագրի» կյանքի կոչման արդյունքում, ըստ ԵՏՀ—ի տվյալների, զգալիորեն աճել է փոխադարձ առեւտրաշրջանառությունը։ Նույնը կարելի է ասել նաեւ Մոնղոլիայի մասին։ Շարունակվում է համագործակցության տարբեր ձեւաչափերի մշակումը Չինաստանի, Սինգապուրի, Ֆիլիպինների, Թաիլանդի, Տաջիկստանի, Սերբիայի, Հորդանանի, Քենիայի եւ այլ երկրների հետ։
ԵԱՏՄ—ի համար համագործակցության կարեւոր ուղղություն է Եվրոպական միությունը։ ԵԱՏՄ—ից շարունակում են հնչել «խորը եւ հավակնոտ» համագործակցության պատրաստակամության վերաբերյալ թեզեր, ինչպես նաեւ շեշտվում է ուղղակի եւ կայուն երկխոսության ապահովման անհրաժեշտությունը։ ԵԱՏՄ—ԵՄ համագործակցության խթանման տեսանկյունից բավական կարեւոր է նաեւ ԵՄ առանձին անդամների հետ երկխոսության հաստատումը, ինչը 2018թ. տեղի ունեցավ Ավստրիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Հունաստանի դեպքում։ Պետք է նշել, որ ԵՄ—ի հետ փոխգործակցությունն առանձնակի կարեւորություն ունի նաեւ Հայաստանի համար, որն ունի բավականաչափ ներուժ՝ դառնալու «կապող օղակ» երկու ինտեգրացիոն տարածքների միջեւ՝ հաշվի առնելով 2017թ. ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ընձեռած հնարավորությունները, որն այժմ գտնվում է պայմանական կիրակման փուլում։ Հայաստանը կարող է ակտիվ դերակատարում ունենալ ԵԱՏՄ—ԵՄ փոխգործակցության հնարավորությունների վերհանման եւ համագործակցության հարթակի տրամադրման գործում՝ սկսելով, օրինակ, գործարար շրջանակներից։
ԵԱՏՄ—ի համար համագործակցության առանցքային ուղղություններից է Իրանը։ Միության հետ փոխգործակցության սերտացումն իր հերթին Իրանին թույլ կտա որոշակիորեն մեղմել ամերիկյան պատժամիջոցների տնտեսական հետեւանքները։ Այս համատեքստում հատկանշական էր 2018թ. մայիսի 17—ին Իրանի հետ «Ժամանակավոր համաձայնագրի» ստորագրումը, որն ուղղված է ԵԱՏՄ—ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու հաստատմանը։ Սա հատկապես կարեւոր է Հայաստանի համար այն տեսանկյունից, որ Հայաստանը միակ երկիրն է, որ ունի ցամաքային սահման Իսլամական Հանրապետության հետ, ինչը կարող է նպաստել ինչպես ԵԱՏՄ—Իրան հարաբերությունների խորացմանը, այնպես էլ Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այս առումով կարեւոր է, օրինակ, «Մեղրիի» ազատ տնտեսական գոտու ներգրավումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ արտադրանք հիմնել։ Իր հերթին Իրանը հայկական արտադրանքի սպառման համար նոր ու բավական մեծ շուկա կարող է դառնալ։ Համաձայնագիրն առայժմ գտնվում է վավերացման փուլում, եւ կողմերը վստահություն են հայտնում, որ 2019թ. այն կսկսի գործել։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Իրանի հետ բանակցությունների վարման եւ հաջողության գործում զգալի դերակատարում է ունեցել Հայաստանը։ Հաշվի առնելով այս հաջող փորձը՝ Հայաստանը պատրաստվում է ստանձնել նաեւ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ նախատեսվող բանակցությունների անցկացումը, որոնք, ըստ նախնական գնահատականների, ակտիվ փուլ կմտնեն 2019թ.։
Միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերում ակտիվությունից զատ՝ Հայաստանը հաջորդ տարի կարող է լուրջ նախաձեռնողականություն դրսեւորել նաեւ ԵԱՏՄ օրակարգի ձեւավորման գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019թ. հունվարի 1—ից ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը կանցնի Հայաստանին։ Այս համատեքստում կարող ենք ենթադրել, որ հաջորդ տարում ԵԱՏՄ—ում Հայաստանի գերակայությունների շարքում կլինեն միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների ծավալների աճը, դրանց խոչընդոտների վերացումը, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, տնտեսության թվայնացման գործընթացը եւ այլն, որոնք, ըստ էության, շարունակում են նախորդ տարիներին կառույցի գերակայությունների տրամաբանությունը։ Բացի այդ, Հայաստանի համար գերակա հարց կարող է լինել, օրինակ, ԵԱՏՄ իրավական բազայի կատարելագործումը, այդ թվում՝ «ԵԱՏՄ—ի մասին» պայմանագրի դրույթների։ Սա հատկապես կարեւորվում է Հայաստանի կողմից՝ հաշվի առնելով մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունները եւ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի։ Մասնավորապես, ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի ներկայացվածության հարցն իրավական առումով բավական խնդրահարույց է։ Բանն այն է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վարչապետը, ելնելով նոր կարգավիճակից, լիազորված է մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի աշխատանքներին, այսինքն՝ անդամ երկրների ղեկավարների ձեւաչափում, իսկ «ԵԱՏՄ—ի մասին» պայմանագրով տվյալ ձեւաչափին նախատեսվում է նախագահների մասնակցություն։ Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նման հանդիպման, իսկ հուլիսին՝ նաեւ Միջկառավարական խորհրդի նիստին (հետագա հանդիպումներին՝ փոխվարչապետը)։ Վարչապետի մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին երկու ձեւաչափում էլ պայմանավորված էր կառույցի աշխատանքների արդյունավետությանը չվնասելու նկատառումներով։ Այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ քննարկման առարկա, եւ, հավանաբար, լուծում կստանա հաջորդ տարվա ընթացքում։
Այսպիսով, 2018թ. Ռուսաստանի նախագահությամբ ԵԱՏՄ—ն շարունակեց ինտեգրացիայի խորացման, միջազգային գործընկերների հետ համագործակցության ապահովման եւ ռազմավարական նշանակության այլ առաջնահերթությունների իրականացումը։ Կարեւոր էր նաեւ տարբեր ոլորտներում նախանշված քայլերի կյանքի կոչումը, ինչը հիմք է հանդիսանում ԵԱՏՄ—ի կայուն զարգացման համար։ Ռոտացիոն հիմքով Հայաստանը 2019թ. կստանձնի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում, ինչը լավ հնարավորություն է տալիս որոշակիորեն մեծացնել կառույցում Հայաստանի դերակատարումը, ազդել կառույցի օրակարգի ձեւավորման վրա, առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները, լինելով ավելի նախաձեռնող՝ նպաստել ոչ միայն կառույցի զարգացմանը, այլեւ դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները։
Վարդուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO