Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մի քանդակի ճակատագիրը

Տեր կանգնենք մեր մշակութային ժառանգությանը

Երեւանում «Հաղթանակ» զբոսայգու յուրաքանչյուր այցելու առաջին հերթին ուշադրություն է դարձնում ձեռքեր պատկերող հուշարձանին, որն այդտեղ տեղադրվել է տակավին 1975 թվականին՝ Մեծ հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 30—ամյակի կապակցությամբ։ Հուշարձանը կրում է «Թող երբեք պատերազմներ չլինեն, թող ոչ մի մայր որդի չկորցնի» անվանումը։
Այն տեղադրվել է Խորհրդային Միության խաղաղության կոմիտեի նախագահ, բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովի եւ այդ կոմիտեի պատասխանատու քարտուղար Միխայիլ Կոտովի երաշխավորությամբ։ Վերջիններս, տեսնելով այդ քանդակի լուսանկարը, նամակով դիմել էին Երեւանի քաղգործկոմ՝ առաջարկելով Մեծ հաղթանակի 30—ամյակը նշանավորել այդ քանդակը Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում տեղադրելով։
Երեւանի իշխանությունները, անսալով այդ խորհրդին, արձանը տեղադրեցին հենց այն վայրում, որտեղ էլ պիտի լիներ՝ «Հաղթանակ» զբոսայգում։ Տողերիս հեղինակը, ով ունի իր քսանամյակի օրը պատերազմում զոհված եղբայր, ներկա է եղել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, տեսել է այն մեծ խանդավառությունը, որ տիրում էր զբոսայգում, վերապրել այն վիշտը, որ ունեցել են պատերազմի ժամանակ որդի կորցրած մայրերը։
Ահա այդ հուշարձանին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գրիգոր Խանջյանի տված գնահատականը. «Ինձ շատ անգամ է վիճակվել տեսնել ձեռքերի արվեստակերտ պատկերներ։ Ամենայն մանրամասնությամբ հիշում եմ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածների հիշատակը խորհրդանշող ձեռքերը, Ռոդենի եւ Սիքեյրոսի արարած բարեկամության ձեռքերը։ Ձեռքեր՝ շղթայակապ ու ծաղիկներով, պաղատող ու տենչացող… իսկ սրանք ապշեցրին ձեւի հասունությամբ ու սեղմությամբ, արտահայտչականությամբ, գաղափարական հարուստ բովանդակությամբ։ Պրկված, նյարդայնորեն քարացած, ընդվզող ձեռքերը մահից էլ զորեղ են։ Դրանք ստեղծող հեղինակը՝ Վահան Խաչիկյանը, չկարողացավ ստանալ Երեւանում կայացած միջազգային ցուցահանդեսի մեդալը։ Նա չեկավ նաեւ իր ստեղծագործության բացմանը։ Անհեթեթ պատահականությունը կտրեց նրա կյանքի թելը, երբ նա ընդամենը 24 տարեկան էր»։
Վահան Խաչիկյանը, որ նոր—նոր էր ավարտել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, դարձավ անհեթեթ ավտովթարի զոհ եւ, ավաղ, չտեսավ իր երախայրիքի բացումը։
Գրիգոր Խանջյանի վերոնշյալ գնահատականը, քանդակի լուսանկարի հետ, տպագրվել է մոսկովյան «Խորհրդային Միություն» պարբերականում, որը լույս էր տեսնում աշխարհի 19 լեզուներով։
Այսօր այդ հուշարձանը բարձիթողի վիճակում է, քայքայվում է։ Քանդակագործի հարազատները փորձում են տեր կանգնել հուշարձանին։ Պարզվում է, որ «Հաղթանակ» զբոսայգում մի 20 քառակուսի մետր ազատ տարածք չկա, որ Վահան Խաչիկյանի հարազատները վարձակալեն եւ խնամեն այդ հիրավի հանճարեղ քանդակը (երեւի այդքան կամ մի փոքր ավելի լինի հուշարձանի զբաղեցրած տարածքը)։
Ի դեպ, «Հաղթանակ» զբոսայգու մասին։ Երեւի քչերը գիտեն, որ այդ զբոսայգին ձեռակերտ է եւ գոյացել է Հաղթանակից հետո։ Պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները դիմեցին երեւանաբնակ հայությանը՝ մեկական ծառ տնկել ի հիշատակ պատերազմում զոհվածների։ Ներկայիս այգու տեղում մերկ բլուր էր։ Ժողովուրդն արձագանքեց հանրապետության ղեկավարության այդ կոչին, եւ շուտով մենք ունեցանք «Հաղթանակ» զբոսայգին։ Հայրենական պատերազմին մասնակցել են շուրջ 600 հազար հայորդիներ, որոնցից 300 հազարն ընկել է Հաղթանակի ճանապարհին։ Չէ՞ որ Հայաստանում չկար մի հայ ընտանիք, որ զոհված հարազատ չունենար։ Իսկ եթե դրան ավելացնենք, որ մենք ունեցել ենք արցախյան տեւական պատերազմը ու նաեւ զոհեր ենք տվել Քառօրյա պատերազմում, հասկանալի կլինի, թե ինչպիսի արժեք է ստանում «Թող ոչ մի մայր որդի չկորցնի» հուշարձանը, որն այսօր դարձել է երեխաների խաղալու վայր։
...Ունեցանք «Հաղթանակի» զբոսայգին, ժողովրդական լեզվով ասած՝ «Մոնումենտը»։ Իսկ այն աճեցրած այգեպաններն ու ժողովուրդը չէին կարող ենթադրել, որ կգտնվեն ընչաքաղց մարդիկ եւ, հիրավի, այդ սրբատեղին կպղծեին իրենց անճաշակ դղյակներով եւ կավերեին ձեռակերտ այդ հուշարձան—այգին։ Եվ գիտե՞ք ո՞վ դրեց այդ ավերածության հիմքը։ Ասեմ՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի տերերը։ Ճիշտ է, մինչ այդ զբոսայգու տարածքում ինչ—որ շինություններ կային, օրինակ՝ տարբեր ատրակցիոններ, հայտնի «Արագիլ» ռեստորանը, բայց այն, ինչ կատարվեց «Հաղթանակի» հետ, ոչինչ է այն եղեռնի համեմատությամբ, որ սկսեց իրականացվել չարաբաստիկ «Գոլդեն Փելեսից» հետո... Սնկերի պես սկսեցին աճել դղյակներն ու ապարանքները։ Այո, հենց այդպես, ոչ մի բնապահպանի հորդոր կամ բողոքի ցույց չօգնեց։ Իրենց աշխարհի տերը համարող մերօրյա իշխանիկները թքած ունեին սրբատեղի դարձած այգի—հուշարձանի, ժողովրդի հիշողության վրա։
Հիմա ուզում եմ դիմել մեր հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպության մասնագետներին եւ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին՝ եկեք տեր կանգնենք մեր մշակութային գանձերին։ Լավագույն լուծումը կլինի զբոսայգու տարածքում Վահան Խաչիկյանի «Թող երբեք պատերազմներ չլինեն, թող ոչ մի մայր որդի չկորցնի» հուշարձանի համար բացազատ տարածք հատկացնելը, որտեղ կերեւա հուշարձանի ամբողջ գեղեցկությունը, եւ այցելուները հնարավորություն կունենան զմայլվելու դրանով։
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

26-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO