Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԼՂՀ


Տնտեսության զարգացման աճի տեմպերը կպահպանվեն

Տարեվերջյան ասուլիսում վստահեցրել է Արցախի պետնախարարը

Գլխավորապես 2018թ. իրականացված ծրագրերին եւ նոր տարվա անելիքներին էր նվիրված Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տարեվերջյան ասուլիսը, որտեղ նաեւ ընդարձակ հաշվետվությամբ հանդես եկավ կառավարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ։
Պետնախարարը նախ անդրադարձավ անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին՝ նշելով, որ «թեեւ դրանք դեռ վերջնականորեն չեն ամփոփվել, բայց առկա տեղեկությունները հնարավորություն են տալիս փաստելու, որ, ընդհանուր առմամբ, պահպանվում են տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված աճի միտումները»։
Ըստ նրա՝ մինչեւ տարեվերջ համախառն ներքին արդյունքի անվանական ցուցանիշը կկազմի մոտ 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական աճ։ «Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2018թ. համար կկազմի շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 ԱՄՆ դոլարի դիմաց, այդպիսով գրեթե հավասարվելով Հայաստանի Հանրապետության համապատասխան ցուցանիշին»,–ասաց Գ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ վարձու եւ քաղաքացիաիրավական պայմանագրերով միջին ամսական աշխատողների թիվը 2018թ. ավելացել է 1198—ով։ Պետնախարարի ներկայացմամբ՝ 11 ամսում թողարկվել է ավելի քան 111 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 31 տոկոս է։ 2018թ. 11 ամսում հանրապետությունում արտադրվել է 350 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որը ավելի քան 18 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ներկայումս կառուցման փուլում է գտնվում եւս 16 փոքր հիդրոկայանների շինարարությունը։ Նախատեսվում է առաջիկա տարիներին կրկնապատկել էլեկտրաէներգիայի տարեկան թողարկման հնարավորությունը՝ հասցնելով 600 մլն կիլովատ ժամի եւ արտահանման զգալի աճ ապահովել։
Գ. Մարտիրոսյանը ըստ ոլորտների անդրադարձավ եզրափակվող տարում արձանագրված ցուցանիշներին, համոզիչ փաստերով վկայակոչել ձեռքբերումները, հիմնավորել տնտեսության տարբեր ճյուղերում էական առաջընթացի ապահովմանը միտված քայլերի արդյունավետությունը։
Պետնախարարը կարեւորելով գյուղատնտեսության բնագավառում ճյուղերի ինտենսիվ զարգացման հայեցակարգային մոտեցումները, հավաստիացրեց, որ կառավարության կողմից շարունակվելու են տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ ջրախնայողական եւ ոռոգման տեխնոլոգիաների ներդրումը։ 2018—ին 622.48 հեկտար տարածքի վրա կառուցվել է կաթիլային ոռոգման համակարգ, որի համար պետական միջոցներից ծախսվել է 996.5 մլն դրամ։ Ներկայումս կաթիլային համակարգով ընդհանուր առմամբ ոռոգվում է շուրջ 1000 հեկտար այգի։ Գալիք տարի նախատեսվում է 400—450 հեկտարով ընդլայնել նոր համակարգով ոռոգովի այգիներն ու ցանքատարածությունները։
Ըստ կանխատեսումների՝ տարին կեզրափակվի 75 մլրդ դրամի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշով։ Գ. Մարտիրոսյանի համոզմամբ, եթե ուժեղ կարկտահարության հետեւանքով չտուժեին 16000 հեկտար գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները, արդյունքներն առավել գոհացուցիչ կլինեին։
Պետական նախարարն անդրադարձ կատարեց նաեւ քաղաքաշինությանը։ 2018թ. հունվար—նոյեմբեր ամիսներին իրականացված շինարարության ծավալը կազմել է ավելի քան 43 մլրդ դրամ, կամ նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ ապահովվել է 10.5 տոկոս իրական աճ։ Ընդ որում՝ շինարարության շուրջ 45 տոկոսը կատարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, որ կազմում է շուրջ 205 մլրդ դրամ։ Պետական քաղաքաշինական նախագծերի իրականացմանը մասնակցել են գրեթե 200 շինարարական կազմակերպություններ։
Պետնախարարը դրական որակեց արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում արձանագրված իրական աճի տենպերը։ Հանրապետությունում արտաքին առեւտրաշրջանառությունը հունվար—սեպտեմբեր ամիսներին կազմել է ավելի քան 403 մլն ԱՄՆ դոլար, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Հատկանշական է, որ արտահանումը ներմուծման նկատմամբ աճել է առաջանցիկ տեմպերով՝ 18,1—ի դիմաց կազմելով 37.8 տոկոս։ Առանց հանքագործության եւ թանկարժեք իրերի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 206 մլն ԱՄՆ դոլար։
Հաշվետվության մեջ Գ.Մարտիրոսյանի դիտարկումները բնակարանաշինության եւ հիփոթեքային վարկի մասով նույնպես լավատեսական էին։ 2018թ. կառավարությունը լավացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին բնակելի տարածք տրամադրելու եւ վերանորոգելու հետ կապված իրավական դաշտը։ Տարվա ընթացքում հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի շրջանակում 433 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, նրանցից 238—ը ձեռք է բերել նոր բնակարան։ 2019—ին հունվարի 1—ից ուժի մեջ մտնող բարեփոխումների ծրագրով պետական աջակցությամբ ստացած հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման չափն ընտանիքում յուրաքանչյուր երեխայի հաշվով կավելանա վարկի տոկոսադրույքի 5 տոկոսի չափով։ Գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար տրամադրվող փոխառությունների տարեկան տոկոսադրույքը առաջնային շուկայում գործող 5—ի փոխարեն կսահմանվի ընդամենը մեկ տոկոս, իսկ կանխավճարը՝ 5 տոկոս։ Փոխառության մարման ժամկետը կսահմանվի 10 տարի՝ գործող 6 տարվա փոխարեն։
Պետական նախարարը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։ Ի պատասխան այն հարցի, թե ՀՀ կառավարման համակարգում ակնկալվող փոփոխությունները որքանո՞վ «կտեղայնացվեն» Արցախի Հանրապետությունում, Գ. Մարտիրոսյանը նշեց, թե օպտիմալացման գործընթացն անխուսափելի պահանջ է՝ ելնելով իրադարձությունների զարգացման աստիճանից, ինչը շարունակական բնույթ է կրում։ Առայժմ ԱՀ կառավարման ապարատում փոփոխություններ չեն նախատեսվում, եւ, ըստ էության, գործող 12 նախարարությունները կպահպանվեն։ Միեւնույն ժամանակ նա չբացառեց, որ տարվա ընթացքում առանձին գերատեսչություններում մասնակի փոփոխություններ հնարավոր են։ Անդրադառնալով սպասարկման դիմաց գազի վճարների հնարավոր փոփոխման վերաբերյալ «Արցախգազ» ընկերության պնդումներին, պետնախարարը տեղեկացրեց, որ թեեւ քննարկումները՝ հարցի շուրջ շարունակվում են, սակայն վերջնական վճիռ չի կայացվել, եւ գործընթացը կերկարաձգվի մինչեւ 2019թ. մայիսի 1—ը։
Այլընտրանքային էներգիայի ծրագրի իրագործումը որքանո՞վ է պահանջված Արցախում, եւ այդ ուղղությամբ կառավարությունը ինչպիսի քայլեր է ձեռնարկում, հետաքրքրվեցին լրագրողները։ Այս կապակցությամբ պետական նախարարը մասնավորապես նշեց, որ արեւային էներգիայի կիրառումը առաջին հերթին կարեւորվում է բնապահպանության եւ դրամական միջոցների խնայողության տեսանկյունից, ինչն Արցախի պարագայում շահեկան է։ Հետեւաբար, նոր տարում նախանշված ծրագիրը կյանքի կկոչվի «գործարանային ծավալներով»։ Անդրադառնալով վերաբնակեցման ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, Գրիգորի Մարտիրոսյանն ասաց, որ ծրագիրը վերանայվել է, ու հայեցակարգային մի շարք նոր փոփոխություններ են նախատեսվում՝ ուղղված ռազմավարական նշանակության խնդրի առավել արդյունավետ համակարգմանը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարնը՝
Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ
Ստեփանակերտ

28-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO