Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Երաժշտությունը հոգեկան վայելք է, որ պետք է մատուցեմ մարդկանց սրտերին»

Հովհաննես Չեքիջյանը շարունակում է ամուր կանգնած մնալ բեմահարթակի իր պատվանդանին

Հայ մշակույթի մեծանուն գործիչների փաղանգում շողշողացող մի գերաստղ կա, որն ինչքան անհասանելի է իր բարձրությամբ ու մեծությամբ, այդքան էլ մոտ է մեզ իր մտերմիկ ջերմությամբ ու պայծառությամբ։ Նրա ներկայությամբ մենք հուզվում ու հպարտանում ենք, որ հայ ենք ու աշխարհի աչքերին նայելու հանդգնություն ունենք։ Այդ իրավունքը մեզ է նվիրել Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ Դեռեւս ԽՍՀՄ տարիներից նրա անունը կապվեց ազգային ինքնության, մշակութային արժեքների պահպանման բարդ ու ազգանվեր գործի հետ։ Այսօր էլ մաեստրոն իր անվերջանալի հմայքով ու էներգիայով ամուր կանգնած է հայ խմբավարական արվեստի իր պատվանդանին։
Օրերս օպերային թատրոնում տեղի ունեցավ փառահեղ երեկո՝ նվիրված մաեստրոյի ծննդյան 90—ամյակին։ Այս նշանակալից իրադարձությունը պատեհ առիթ դարձավ խնդրելու բազմազբաղ դիրիժորին՝ մեր ընթերցողի հետ կիսելու իր ստեղծագործական վերելքի ուշագրավ դրվագներն ու այօրվա իրողությունների շուրջ մտորումները։
–Մեծարգո՛ պարոն Չեքիջյան։ Մեր եւ մեր ընթերցողի անունից եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի առթիվ եւ, առիթից օգտվելով շնորհավորում նաեւ Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ։ Հոբելյանական համերգի օրը ասացիք՝ «Թեեւ այս տարիքում եմ, բայց ինձ երեխա եմ զգում»։ Ինչպե՞ս է դա հնարավոր։
–Ով էլ լինի 90 տարեկան, պիտի ասի, որ՝ այո՛, ապրել է։ Բայց նայած, թե ոնց է ապրել։ Իմ 90 տարիները շատ արագ անցան. նոր քաղաքներ, նոր ճանապարհներ, նոր մարդիկ։ Մի կողմից էլ այնպիսի բնավորության տեր եմ, որ գիշերները շատ քիչ եմ քնում, դեռ փոքր հասակից այդպես է։ Նույնիսկ քնած ժամանակ մտածում եմ, թե վաղը ինչ պետք է անեմ։ Չզգացի, թե այդ տարիներն ինչպես անցան։ Զառամյալ ծերունու հասակում եմ, բայց այդպես չեմ զգում բոլորովին։ Ինձ ճանաչողներն ուզում են Չեքիջյանին 100 տարեկան տեսնել։ Ես լավատես եմ, գուցե եւ լինի այդ բանը, բայց առայժմ մնում եմ 90 տարեկան երեխա։ Չեմ կորցրել իմ պատանեկան հումորն ու աշխուժությունը, որով հայտնի եմ ու սիրելի շատերին։ Նրանք, ովքեր ինձ միայն բեմից գիտեն, կարծում են, թե ես այնպիսի բարձունքի հասած մարդ եմ, որ հետս խոսել չի լինի։ Կյանքում ճիշտ հակառակն է։ Իմ մտերիմները կվկայեն՝ հասարակ մարդ եմ։ Շատերն անգամ ասում են, թե ես երեխայի նման պարզ եմ եւ շատ հեշտ է ինձ խաբել։ Շատ անհանդուրժողներ կան, բայց ոչ մեկը մինչ օրս չի ասել, որ ես չար մարդ եմ։ Չար չեմ եղել երբեւէ։ Սուտ խոսել էլ չեմ սիրում։ Ստախոսներին արհամարհում եմ։
–Իսկ երաժշտության մեջ շա՞տ են ստախոսները։
–Ասեմ ձեզ։ Շատ անգամ համերգի եմ գնում, լսում եմ, լսում, համերգն ավարտվում է, իսկ երաժշտությունը դեռեւս չի սկսվել։ Կատարվում են միայն նոտաները։ Իսկական երաժշտությունը պիտի ժողովրդի սրտին հասնի, գրավի հանդիսատեսին։ Մարդիկ ծափահարում են, բայց դրանք քաղաքավարության ծափեր են լինում։ Նոտաները չեն փոխվում, փոխել է պետք կատարման եղանակները։ Օրինակ՝ Բեթհովենի սիմֆոնիաները կարող ենք տարբեր դիրիժորների միջոցով լսել բոլորովին տարբեր մոտեցումներով։
–Բազմագույն է եղել Ձեր ստեղծագործական կյանքը։ Պարգեւների ու կոչումների ցանկն անվերջ կարելի է թվարկել։ Սակայն ո՞րն է եղել արվեստում ունեցած հաջողություններից ամենանվիրականը, ամենանշանակալիցը։
–Երբ ինձ ոչ միայն իբրեւ արվեստի մարդու, այլ որպես քաղաքացու գնահատեցին։ Կուսակցական չեմ եղել կյանքում, բայց ինձ ընտրեցին Սովետական Միության Գերագույն խորհրդի պատգամավոր։ Կարծում եմ, որ դրանից ավելի մեծ գնահատանք չի եղել։ Ես ամբողջ կյանքում աշխատել եմ, որ ինձ նախ եւ առաջ հարգեն որպես մարդու, հետո նոր արվեստագետի։ Արվեստում փառքի հասածներ կան, որոնց հետ խոսել չի լինում։ Ես մեծամիտ չեմ, գիտեմ իմ չափը եւ շփացած չեմ եղել երբեք։ Բայցեւայնպես, չեմ կարող ուրանալ, որ արվեստի ասպարեզում շատ հաջողություններ եւ հպարտանալու առիթներ ունեցել եմ։ Այսքա՜ն ծանրություն, որ իմ ուսերին է։ Հասկանո՞ւմ եք, պատասխանատու կոչումներ տանելը հեշտ չէ, փառքին դիմանալը նույնպես դժվար է։ Փառքին տիրանալը ավելի հեշտ է, քան այն պահելը։ Դրան հասնում ես կամաց—կամաց, կաթիլ—կաթիլ, ընկնելը մեկ քայլ է։ Այս նկատի ունենալով՝ պետք է այնպես անենք, որ մնանք այդ բարձունքին, դժվար է։ Իմ երգչախումբը ուրիշների նման չէ, որ տարիներ հետո խամրի գնա։ Այն արդեն մոտ 60 տարի է հայ արվեստի պատմության մեջ է։ Մենք մեր անելիքն ունենք եւ գիտակցում ենք, որ կատարելությունը սահման չունի։ Ամեն օր նոր հաջողությունների ենք ձգտում։ Սա է ինձ երիտասարդ պահում։ Ինչ վերաբերում է կոչումներից ամենանշանակալիցին, դա Սովետական Միության պետական մրցանակն է, որը ոչ մի դիրիժոր 70 տարի չունեցավ։ Միայն ես էի, որ արժանացա, եւ այն ինձ համար ամենաբարձր կոչումն է։
–Ձեր ստեղծագործական գործունեությամբ տասնամյակներ շարունակ ջանասիրաբար փորձել եք «առաջնագծում» պահել հայկական մշակութային արժեքները, մասնավորապես՝ դասական երաժշտությունը։ Ինչ մակարդակի վրա է այն այսօր, գոհացնու՞մ է Ձեզ սերունդների վերաբերմունքը։
–Մենք ունեցել ենք «լեռնաշղթայի» բարձունքները նվաճող մարդիկ, որոնց տեղն այժմ թափուր է։ Երբ զուգահեռաբար նաեւ օպերային թատրոնի գլխավոր տնօրենն էի, այնտեղ էին Գոհար Գասպարյանը, Միհրան Երկաթը, Նար Հովհաննիսյանը, Արշավիր Կարապետյանը, Գեղամ Գրիգորյանը... Ունենք իհարկե շնորհալի երիտասարդներ, որոնց հետ հույս ենք կապել, բայց «գագաթներն» աննվաճ են։ Դասական երաժշտությունը շատ լավը պետք է լինի, որ ժողովուրդը գնահատի։ Փառք Աստծո, մեզ գնահատում են։ Մեր առջեւ կա խնդիր՝ ավելի լավը լինելու։ Որքան մարդ հասունանում է, այնքան հասկանում է, որ այդ կատարելությունը նրանից փախչում է հեռու։ Մեր փորձասենյակում կա ստեղծագործական առողջ մթնոլորտ։ Ձգտում ենք գոնե մոտենալ այդ կատարելություն ասվածին։
–Իսկ ո՞վ է Ձեզ համար կատարելության չափանիշ։
–Մռավինսկին։ Մեծ դիրիժոր էր։ Էլ չեմ խոսում ֆոն Կարայանի մասին։ Բայց Կոմիտասն է իմ պաշտամունքը։ Սիրում եմ նաեւ Բեռլիոզի, Մոցարտի, Վերդիի գործերը։ Այս կոմպոզիտորներն ունեն իրենց խորհրդավոր աշխարհը։ Թափանցել նրանց մեջ եւ ծանոթանալ՝ մեծ հարստություն է։ Ես կարծում եմ, որ աղքատ է այն մարդու հոգին, ով այդ աշխարհներին ծանոթ չէ։
–Ո՞վ է եղել այսքան տարի Ձեր կողքին բարձունքներ նվաճելիս։
–Ոչ ոք։ Ինձ ոչ ոք չի օգնել։ Ինչ ունեմ այսօր, իմ «քրտինքով» եմ վաստակել։ Թեեւ մուսա է հարկավոր։
–Մուսա՞։
–Այո, առանց մուսա համերգը շատ դժգույն կանցնի։ Նրա հետ անտեսանելի կապ կա, խոսքերով չեմ կարող բացատրել։ Գիտեք, բեմում ուրիշ մարդ եմ։ Ստեղծագործությունները կատարում եմ ըստ այդ օրվա ունկնդրի։ Այլ դահլիճում, այլ ունկնդրի առջեւ նույն երաժշտությունը բոլորովին այլ կերպ եմ մատուցում, նույնությամբ չի լինի։ Ասածս այն է, որ նույն նոտաներն ենք հնչեցնում, բայց եթե հինգ հարյուր անգամ ձայնագրենք, դրանցից ոչ մեկը սինխրոն չի լինի, եթե եղավ, նշանակում է՝ կրկնություն է։ Այդ դեպքում կստացվի, որ ես բեմում այլեւս անելիք չունեմ։ Կթողնեմ կգնամ։ Մուսան շատ բաների հետ է կապված՝ օրվա եղանակի, դահլիճի լուսավորության, աթոռների գույնի։
–Ժամանակի հանճարներից մեկն ասել է՝ երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջեւ։ Իսկ ի՞նչ է երաժշտությունը Ձեր ձեւակերպմամբ։
–Երաժշտությունը հոգեկան վայելք է, որ պետք է մատուցեմ մարդկանց սրտերին։ Այն ընկալելու ընդունակ լինելն է չափից կարեւոր։ Ես այն դիրիժորներից եմ, ով միայն բեմի վրա կատարվածով չի բավարարվում։ Փորձում եմ լսել 20—րդ շարքում նստած ունկնդրի ականջով։ Ինչ անում եմ բեմում, հանդիսատեսի համար եմ անում, եւ նա երբեք իմ մտքից դուրս չի գալիս։ Ես ջանում եմ, որ ունկնդրիս սրտերը ջերմանան։ Հենց այնպես բեմ չեմ ելնի, հենց այնպես ոչինչ չեմ կատարի։ Մարդ կա՝ երաժշտություն չի սիրում, չես հասկանում ինչ մարդ է։
–Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, եկող տարվա անելիքներից պատմեք մի փոքր։
–Հույս ունենք, որ պետք է նորից գնանք Փարիզ, բայց դեռ ծրագրվում է։ Կարծում եմ՝ կայցելենք Չեխիա, Վրաստան։ Աշխատում ենք այս մի քանի ուղղություններով։
–Հայաստանում այսօր տեղի ունեցող մշակութային իրադարձությունները Ձեզ հետաքրքրո՞ւմ են։ Ի՞նչ մակարդակ է։
–Շատ բաներ չեն հետաքրքրում։ Այսօրվա երաժշտական կատարումները հիմնականում ռաբիս են։ Դրանք մեզ պատիվ չեն բերում։ Ունեցել ենք Նարեկացի, բայց ուրախանում ենք «ավլեմ–թափեմ փոշի» երաժշտությամբ։ Մենք մոռանում ենք, որ երաժշտական բարձունքներ նվաճող ազգ ենք։ 1961 թվականին, երբ ես նոր էի եկել Հայաստան, որ պատուհանը բաց էր, այնտեղից հնչում էր Բաքվի երաժշտություն։ Մեր ժողովուրդն այդ երաժշտությունն էր սիրում։ Սակայն հետո հասկացավ, որ դա իրենը չէ։ Հիմա այդպիսի երաժշտություն լսողների թիվը շատ է նվազել։ Իսկ թե որքանով ռաբիսը կշարունակի խեղաթյուրել մեր մշակույթը՝ չգիտեմ։ Այդ երաժշտության մեջ տեսնում եմ օտար ազգի հնչյուններ։ Մեր երիտասարդությունը պետք է հասկանա, որն է մերը եւ որի հետեւից պետք է գնա։
–Եթե չլինեիք դիրիժոր, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, մաեստրո։
–Շատ մեծ ցանկություն ունեի դառնալ նավապետ, մեծ նավի նավավար։ Ցավոք, այն մնաց որպես երազանք։ Այդ տարիներին հնարավոր չէր դրան հասնել։ Իմ ծննդավայրում այդպիսի կրթություն ստանալը վիճակվում էր միայն թուրքերին, որքան էլ ուզենայի, չէի կարող։
–Ինչու՞ նավապետ։
—Չգիտեմ, հավանաբար՝ բնազդաբար։
–Միգուցե ծո՞վն էր Ձեր տարերքը։
–Այո, նրա ալիքների հետ պայքարը։
–Հիմա ունե՞ք անկատար երազանքներ։
–Իհարկե, բազում։ Ինչպես Վահան Տերյանն էր ասում՝ «ափսոսում եմ չարածներիս համար»։
–Նավավար, դիրիժոր։ Բոլորովին տարբեր նախասիրություններ են։ Ի վերջո, ինչպե՞ս հասկացաք, որ Ձեր ուղին երաժշտությունն է։
–Փոքր էի՝ 5 տարեկան։ Հայրս ինձ տարավ դաշնամուրի դասընթացների։ 14 տարեկանում, երբ արդեն երգչախմբում երգում էի, մի օր դիրիժորը չեկավ եւ ինձ ասացին՝ Հովհաննես, դու չափ տուր։ Երբ սկսեցի ձեռքերս շարժել, տեսա, որ մարդիկ հետեւում են։ Այդժամ հասկացա, որ դժվար գործ է, բայց իմ գործն է, պետք է անեմ։
–Ի՞նչ զավեշտալի դեպքեր կհիշեք Ձեր գործունեությունից։
–Ես մի օդաչու ընկեր ունեի, նա չէր վախենում անսարքությունից, վախենում էր միայն, որ ուղեւորների մեջ մի գիժ կպատահի։ Հետեւապես, մեր կյանքում էլ նման բան կա։ Բեմում զավեշտալի դեպքեր շատ են եղել։ Հիշում եմ՝ մի անգամ չղջիկ մտավ երգչախմբի կանանց մազերի մեջ։ Եղել է դեպք, երբ համերգի ընթացքում մկան հետեւից կատու է վազել։ Շատ է պատահել, երբ երգչախմբի անդամները լուսարձակների տակ չեն դիմացել, մեկ—երկու հոգի ընկել է։ Նման իրավիճակներում ոչ մի անգամ չեմ դադարեցրել համերգը, թեեւ դժվար էր, բայց ճիշտը չկանգնելն է։
Մի ժամանակ կենտկոմի հրամանով գնում էինք շրջանները սպասարկելու։ Առաջին անգամ ուղարկեցին մի գյուղ, անունը չեմ նշում։ Ինձ մտահոգում է՝ կտեղավորվե՞նք բոլորս, ռոյալ կա՞, թե՞ չկա։ Հասանք։ Ղեկավարությունը կանգնած մեզ է սպասում՝ վեց հոգով։ Նրանցից մեկը մոտեցավ, բաժնի վարիչ ներկայացավ։ Անմիջապես հարցրի՝ ռոյալ կա՞, լրջախոհ դեմքով ասաց՝ հետներդ չե՞ք բերել։ Քիչ անց կրկին մոտեցա։ Այս անգամ հարցրի՝ դաշնամուր կա՞։ Ինչ ասի, որ լավ լինի, թե բա՝ «ընկեր Չեքիջյան, զուռնան կա, կլարնետը կա, դաշնամուրն էլ թող պակաս լինի»։ Ծիծաղում եմ։ Հետո մեզ համար իհարկե դաշնամուր բերեցին։
Մի ուրիշ դեպք պատմեմ։ Գրասենյակ է գալիս երիտասարդ լրագրող, հարցազրույց պետք է անենք։ Երկու բառից հասկացա, որ երաժշտության հետ կապ չունի բոլորովին։ Քաղաքավարությունից ելնելով՝ խոսեցի։ Ամբողջ զրույցի ընթացքում մի երեք անգամ ինձ Տիգրան անվանեց։ Չդիմացա, ասացի՝ աղջիկ ջան, իմ անունը Հովհաննես է, Դուք ո՞ւմ մոտ եք եկել։ Պնդեց, թե՝ «ոչ Դուք Տիգրանն եք, եւ ես դա Ձեզ կապացուցեմ»։ Վերցրեց քաղաքային հեռախոսն ու զանգեց տեղեկատվական բյուրո։ Հարցնում է՝ «Պուշկինի 60 հասցեի Չեքիջյանի անունն ինչ է», լսափողից այն կողմ պատասխանում են՝ Տիգրան։ Ինքնագոհ շրջվեց ու ասում է՝ «տեսաք, որ Տիգրանն եք»։ Ժամանակին ինձ մոտ եկողները ուսումնասիրում էին իմ անցած ուղին, ակնածանք կար, հիմա երիտասարդներից շատերի համար մեկ է։ Այդ աղջիկն այդպես էլ չհասկացավ՝ ես դիրիժոր եմ, թե ռեժիսոր։
Հարցազրույցը՝
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆԻ

28-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO