Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Աջակցություն նախկին զինծառայողներին

Կառավարությունը գումար է հատկացրել բնակարաններ ձեռք բերելու համար

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած եւ առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բնակարան ձեռք բերելու նպատակով պետական մասնակցության չափով աջակցություն ցուցաբերելու համար։
2018թ. դեկտեմբերի 1—ի դրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված եւ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որից 326—ը՝ Երեւանում։ Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով եւ միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր։

Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2019թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշմամբ կատարվել է տնտեսական բովանդակությունից կախված ծախսերի դասակարգում ըստ երեք հիմնական խմբերի՝ սուբսիդիաներ, դրամաշնորհներ եւ գնումներ։ «Կարեւորելով պետական մասնակցության կառավարման արդյունավետության բարձրացման հարցը՝ առաջարկել ենք նաեւ որոշակի լուծումներ, որոնք, մեր կարծիքով, բարձրացնելով հրապարակայնության աստիճանը պետական մասնակցության կառավարման, հնարավոր կդարձնեն ունենալ ավելի արդյունավետ համակարգ, եւ ենթադրվում է, որ այն կդառնա հանրային հսկողության առարկա»,–նշել է Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ այդմ, մասնավորապես սահմանվել է, որ սուբսիդիան՝ պետության անունից եւ/կամ պետության հանձնարարությամբ օրենքով սահմանված գնով անմիջական շահառուին/վերջնական սպառողին կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման արդյունքում կազմակերպությանը նվազագույն շահավետ գնի եւ սահմանված գնի դրական տարբերության կամ դրա մի մասի փոխհատուցումն է։ Որոշմամբ սահմանվել է նաեւ, որ 2019թ. ընթացքում պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելիս գնման ձեւերը նախապես չեն համաձայնեցվում ՀՀ ֆինանսների նախարարության հետ։

Ճանաչվեց հանրային գերակա շահ

Գործադիրն ընդունել է «Երեւան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը։ Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով։ Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը։
Անդրադառնալով որոշմանը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ կոնկրետ այս տարածքի կառուցապատման հարցը մեր կառավարության ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է, եւ, իհարկե, գաղտնիք չէ, որ որեւէ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելը բավականին տխուր պատմություն եւ վատ համբավ ունի։ Հիմա մենք ստիպված ենք գնալ այսպիսի ծայրահեղ քայլի՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար, բայց պետք է երաշխիքներ ունենանք, բոլոր ջանքերը գործադրենք եւ վստահ լինենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի նույն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ։ Պետք է 100 տոկոսանոց երաշխիքներ եւ վերահսկողություն ունենանք, որպեսզի բնակիչները կամայականությունների զոհ չդառնան»։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ հարցը գտնվելու է մշտական ուշադրության կենտրոնում, եւ տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը եւս համապատասխան երաշխիքներ է ներկայացրել։

Հաստատվել է օդանավակայանների 2018—2022թթ. մաստեր պլանը

ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների 2018—2022թթ. մաստեր պլանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին։
Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել վազքուղու ծածկույթի 2850 մ երկարությամբ եւ 45 մ լայնությամբ հատվածի վերանորոգում։ Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշանային համակարգ։ Գյումրիի Շիրակ օդանավակայանում օդանավերի կայանման պայմանների ապահովման նպատակով նախատեսվում է իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ։ Վերանորոգումից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյրբաս Ա—320 եւ Բոյինգ Բ757—200 տեսակի օդանավերի շահագործման համար։

Արտոնություններ են տրամադրվել

Կառավարության որոշումներով 8 ընկերություններ կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից։ «Կակադ—Միրկետ» ՓԲԸ—ն իրականացնելու է էլեկտրաէներգիայի բազմասակագնային, միկրոպրոցեսորային էլեկտրոնային հաշվիչների հավաքում, պարամետրիզացում, ծրագրավորում եւ ստուգաչափում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 091 000 000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում եւ 2 500 000 000 ՀՀ դրամի ներդրում շրջանառու միջոցներում։ Արդյունքում կստեղծվի 87 նոր աշխատատեղ՝ 153 300 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 12 742 500 000 ՀՀ դրամ, որից 4 158 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում։ «Տեֆֆի» ՓԲԸ—ն ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում իրականացված ներդրումները կազմում են 8 մլն ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել եւս 20 մլն ՀՀ դրամի ներդրում։ Կստեղծվի 120 նոր աշխատատեղ՝ 161 800 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 130 700 000 ՀՀ դրամ, որը կիրացվի բացառապես ՀՀ տարածքում։ «Եվրո Տրակը» ներդրումային ծրագիր է իրականացնելու տրանսպորտի ոլորտում՝ կատարելով 1 950 000 000 ՀՀ դրամի ներդրում։ Կստեղծվի 25 նոր աշխատատեղ՝ 250 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կազմում է 900 000 000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ «Ռ. Զաքարյան» ՍՊԸ–ն գործում է թեթեւ արդյունաբերության բնագավառում եւ ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 030 113 767 ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 58 նոր աշխատատեղ՝ 95 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 214 600 000 ՀՀ դրամ, որից 182 200 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է սիգարետի արտադրության մեջ՝ իրականացնելով 17 255 315 935 ՀՀ դրամի ներդրում։ Նախատեսվում է ստեղծել 188 նոր աշխատատեղ՝ 400 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 331 318 մլն ՀՀ դրամ, որից 66 264 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում։ «Սանտա Մոնիկա» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ինքնակպչուն թաղանթով ժապավենների, ինչպես նաեւ առանց սոսնձի շինարարական ժապավենների արտադրության եւ տեխնոլոգիական մշակման մեջ։ Կիրականացվի 711 356 000 ՀՀ դրամի ներդրում, որի արդյունքում կստեղծվի 3 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 760 585 200 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ «Վելվիո» ընկերությունը ներդրումային ծրագիր է իրականացնելու զբոսաշրջության ոլորտում։ Արդեն իսկ իրականացվել է 9 984 614 ՀՀ դրամի ներդրում՝ նախատիպային սարքավորումների (հեծանիվների եւ GPS—արգելափակոցների) ձեռքբերման եւ Հայաստանում 6 ծրագրավորողից բաղկացած ինժեներական թիմ ունենալու նպատակով։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1 000 000 000 ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 313 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ «Ռոյալ գլաս գրուպը» ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղատնտեսության ոլորտում։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 700 000 000 ՀՀ դրամի ներդրում, նախատեսում է եւս 800 000 000 ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 15—30 նոր աշխատատեղ՝ 100 000—130 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 860 000 000 ՀՀ դրամ, որից 180 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Եղվարդի համալիր» ՍՊԸ—ն կօգտվի ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 8,67 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ մեծ քանակի խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար։ Երեք տարվա ընթացքում կստեղծվի 130 նոր աշխատատեղ՝120 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Գործադիրի որոշմամբ «Հրանտ էներջի» ՍՊԸ—ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն։ Ընկերությունը նախատեսում է հիմնել ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումների արտադրություն՝ իրականացնելով շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 50 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 300 մլն ԱՄՆ դոլարի։ Առաջին տարում կստեղծվի մոտ 50 նոր աշխատատեղ՝ մոտ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000—ի։

Այլ որոշումներ

ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի գործունեությունը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Այն կնպաստի հանրային մասնակցության եւ նախարարությունների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը։ Ըստ այդմ՝ սահմանվում են ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի ստեղծման նպատակները, հասարակական խորհրդի գործառույթները, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամկետները։ Հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ խորհուրդը քննարկելու է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների եւ նպատակների իրականացման վերաբերյալ, ներկայացնելու է առաջարկություններ եւ դիտողություններ։
Արարատ Միրզոյանը, կարեւորելով ընդունված որոշումը, նշել է. «Իսկապես, սա մի հանձնառություն էր, որը մենք ստանձնել ենք «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային ծրագրի շրջանակներում։ Բայց կարծում եմ՝ մենք դրան չպետք է վերաբերվենք որպես հանձնառություն, որը զուտ պետք է կատարվի, որովհետեւ ստանձնել ենք որպես պարտավորություն, այլ իսկապես բավականին կառուցողական դիրքորոշում որդեգրենք այս խորհուրդների նկատմամբ, որովհետեւ այս կառույցները կարեւորագույն օղակ կարող են լինել գործադիր իշխանության մարմիններ եւ հասարակություն երկկողմանի կապի եւ մշտական քննարկումների համար»։
Կառավարության որոշումներով 2019թ. փետրվարի 17—ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, ՀՀ Լոռու մարզի Ձորագետ, ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կանցկացվեն համանքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։
Ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը, մասնավորապես, աշխատավարձի գծով պարտավորությունները մեղմելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում։ Ըստ հիմնավորման՝ 2017թ. լրացուցիչ ֆինանսական միջոցների չտրամադրման արդյունքում 5.6 մլրդ դրամ կրեդիտորական պարտքը տեղափոխվել է 2018 թվական՝ առաջացնելով կրկնակի բեռ տարվա համար։ Որոշման ընդունման արդյունքում կապահովվի կազմակերպության ֆինանսական կայունացումը, որն իր հերթին կազմակերպությանը թույլ կտա ապահովել ոռոգման ջրի մատակարարումը եւ ստանձնած պարտավորությունների կատարումը։
Կառավարության երեկվա նիստի ավարտին բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին զեկույցով։ Նա նշել է, որ 2018թ. գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ. Հայաստանում հաշվառված է 7—9 կովկասյան ընձառյուծ։ 2019թ. կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը նաեւ հնարավորություն կընձեռի զարգացնել եւ հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ 2019թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կազմակերպել ցուցահանդեսներ եւ այլն։

28-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO